Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-125-05.09.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերիի 6-ի ՀՕ-112-Ն օրենքի 6-րդ հոդվածի՝

1. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է(են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

Սույն հոդվածում նշված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը կարող է(են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը չի(չեն) կարող ճանաչվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի(չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ քսաներորդը:

2. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

Առեւտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որի առեւտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 մլն. դրամի շեմը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներ  միասին կարող են ճանաչվել գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք միասին զբաղեցնում են շուկայի մեկ երկրորդը, իսկ երեք ընկերությունները միասին՝ շուկայի երկու երրորդը:

Օրենքի փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ վերջինիս ներկա ձեւակերպումը թույլ է տալիս պնդել, որ եթե շուկայում առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտն ունի 49 տոկոս մասնաբաժին, երկրորդը՝ 1 տոկոս, իսկ երրորդ եւ մնացած ընկերությունները 0.99 տոկոս, ապա առաջին երկու ընկերությունները կարող են համարվել գերիշխող դիրք ունեցող, իսկ երրորդն ու մնացածները՝ ոչ: Այնինչ ակնհայտ է, որ նախ՝ 1 տոկոս շուկայական մասնաբաժին ունեցող ընկերությունը չի կարող համեմատվել 49 տոկոս մասնաբաժին ունեցողի հետ եւ դիտվել որպես գերիշխող դիրք ունեցող եւ երկրորդ՝ այդ ընկերությունն իր չափերով համադրելի է մնացած փոքրերի հետ եւ ճանաչվելով գերիշխող դիրք ունեցող՝ կհայտնվի անբարենպաստ պայմաններում, կորցնելով առեւտրային ճկունությունն ու որպես հետեւանք՝ իրացման շուկաները: Նույնը վերաբերում է նաեւ երեք տնտեսվարողներին միասին գերիշխող դիրք ունենալու պայմաններին:

Ուսումնասիրելով միջազգային փորձը, կարող ենք փաստել, որ վերը նշված խնդիրներն իրենց լուծումներն են գտել տարբեր երկրների հակամենաշնորհային օրենսդրություններում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է սահմանափակում մտցնել շուկայում առաջատար երկու կամ երեք ընկերություններին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու սահմանումներում՝ շուկայում իրացման ծավալներով երկրորդ եւ երրորդ տնտեսվարողների համար: Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային օրենսդրությամբ մի քանի տնտեսվարողներին միասին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու համար հիմք է ընդունվում նրանց շուկայական մասնաբաժինը, երկարատեւ ժամանակահատվածում շուկայական մասնաբաժինների անփոփոխ լինելը, շուկա մուտք գործեկու արգելքները, ապրանքների անփոխարինելի լինելը: Ընդ որում, երեք տնտեսվարող միասին կհամարվեն գերիշխող, եթե նրանց գումարային շուկայական մասնաբաժինն ավել է 50 տոկոսից, իսկ հինգ տնտեսվարողի դեպքում՝ 75 տոկոսից, եթե միայն նրանցից յուրաքանչյուրի շուկայական մասնաբաժինը 8 տոկոսից պակաս չէ: Ըստ այդմ, հաշվի առնելով ՀՀ տարբեր ապրանքային շուկաներում տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինների բաշխվածությունը, ՀՀ հակամենաշնորհային օրենքում փոփոխությունը պետք է ուղղված լինի նրան, որ երկու տնտեսվարող սուբյեկտի հնարավոր լինի համարել գերիշխող, եթե նրանց շուկայական մասնաբաժինը կգերազանցի շուկայի ընդհանուր ծավալի մեկ երկրորդը, իսկ երեքի դեպքում՝  երկու երրորդը, եթե միայն նրանցից յուրաքանչյուր շուկայական մասնաբաժինը շուկայի մեկ քսաներորդից ավելի է: Այս փոփոխությունը կբացառի արդեն հիշատակված շուկայական կառուցվածքի դեպքում փոքր շուկայական մասնաբաժին ունեցող տնտեսվարողին գերիշխող դիրք ունեցող ճանաչելու հիմքերը:

ՀՀ հակամենաշնորհային օրենսդրությամբ սահմանվում են նաեւ առեւտրային ցանցի՝ գերիշխող դիրք ունենալու սահմանը. այն է՝ չորս կամ ավել առեւտրային օբյեկտների համախումբ:

Ակնհայտ է, որ ոչ միշտ է, որ  առեւտրի ոլորտում չորս առեւտրային կետերի համախումբը վկայում է գերիշխող դիրքի առկայության մասին: Չորս առեւտրային կետերի համախումբ կարող է լինել ինչպես խոշոր սուպերմարկետների ցանցը, այնպես էլ մանր կրպակների համախումբը: Ըստ այդմ՝ առեւտրային ցանցին գերիշխող ճանաչելու համար անհրաժեշտ է սահմանել իրացման շրջանառության նվազագույն շեմ, որը լավագույնս կբնութագրի ցանցի՝ շուկայական իշխանության առկայությունը եւ կբացառի փոքր կրպակների համախմբին գերիշխող դիրք ունենալու ճանաչելու հիմքերը: Առեւտրի տարբեր ոլորտներում իրականացված ոսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ շեմը իրացման տարեկան շրջանառության 500 մլն դրամն է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 

Ազգային ժողովի պատգամավորներ՝                                

Միքայել Մելքումյան

Նաիրա Զոհրաբյան

Վահե Էնֆիաջյան