Armenian ARMSCII Armenian
Կ-0621-11.07.2017,11.09.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաեւ տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե`

1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը որոշումն ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումն ստանալուց հրաժարվելու մասին.

2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եւ այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված.

3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, եւ դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը.

4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն` անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) եւ գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո` հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում` անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը եւ ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը եւս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով:

Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նաեւ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին` որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 1-ին: