ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմունքները, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը եւ փոխհարաբերությունները:
Հոդված 2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության օրենսդրության խնդիրները
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրներն են`
1) քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն կրթության իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը,
2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի գործառության եւ զարգացման համար իրավական հիմքերի ստեղծումը,
3) բարձրագույն եւ հետբուհական կրթության որակի ապահովումը,
4) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի կողմից ուսանողների, հասարակության եւ ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված գիտակրթական գործառության աջակցության ապահովումը,
5) բարձրագույն ուսումնական հաստատություններում ակադեմիական ազատությունների, այդ թվում ինքնավարության խթանումը եւ զարգացումը,
6) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ աշխատողների համար հավասար հնարավորությունների ապահովումը,
7) միջազգային գիտակրթական համագործակցության ամրապնդումը եւ զարգացումը:
8) միջազգային գիտակրթական համակարգի հետ ինտեգրումը
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը եւ քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում
1 .Պետական քաղաքականությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքով եւ միջազգային իրավական նորմերով սահմանած սկզբունքների վրա՝
1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հավասար մատչելիություն՝ ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների,
2) կրթության անընդհատություն, հաջորդայնություն եւ շարունակականություն,
3) մրցութայնություն, թափանցիկություն եւ հրապարակայնություն,
4) պետական աջակցություն մասնագետների պատրաստմանը՝ գիտության գերակա ուղղություններում, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում,
5) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի օպտիմալացում` մասնագետների պետական եւ հասարակության սոցիալական պահանջարկի հիման վրա,
6) Սփյուռքի համար մասնագետների պատրաստում եւ որակավորման բարձրացում, համատեղ հետազոտությունների իրականացում:
2. Պետությունն ապահովում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության զարգացման առաջնայնությունը հետեւյալ միջոցներով՝
1) Հայաստանի Հանրապետությունում կրթության զարգացման երկարաժամկետ պետական ծրագրի իրականացում,
2) պետական բյուջեի միջոցների հաշվին բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ֆինանսավորում, որը ապահովում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակը եւ կայուն զարգացումը, բավարարում անձի, հասարակության եւ պետության կրթական ծառայությունների պահանջը,
3) բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող, ինչպես նաեւ կրթական այդ ոլորտների զարգացման համար ներդրումներ կատարող, կազմակերպություններին հարկային արտոնությունների տրամադրում,
4) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սովորողներին պետական օժանդակության տրամադրում, այդ թվում կրթաթոշակների, հանրակացարաններում տեղերի, նպաստների եւ այլնի տրամարդում
5) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտահետազոտական ստորաբաժանումների ստեղծում, գիտության եւ կրթության ինտեգրացման ապահովում,
6) միջազգային, այդ թվում՝ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ընդգրկում եւ ԱՊՀ մասնակից պետություններում միասնական (ընդհանուր) կրթական տարածքի զարգացման աջակցություն,
7) Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման եւ գնահատման միջազգային չափանիշների (կրեդիտային համակարգի) ներդրում:
3. Պետությունը քաղաքացիներին երաշխավորում է բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու հնարավորություն։
4. Պետությունը քաղաքացիներին երաշխավորում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու ձեւի, համապատասխան ուսումնական հաստատության եւ մասնագիտության ընտրության ազատություն:
Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) ուսանող՝ սահմանված կարգով բարձրագույն ուսումնական հաստատություն բարձրագույն մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսուցման համար ընդունված անձը,
2) ասպիրանտ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, ասպիրանտուրայում սովորող եւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստող անձը,
3) դոկտորանտ՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկ տորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պատրաստման համար դոկտորանտուրա ընդունված անձը,
4) հայցորդ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, ասպիրանտուրա եւ (կամ) դոկտորանտուրա ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությանը, գիտահետազոտական կազմակերպությանը կցված եւ առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստող անձը, կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստող անձը,
5) հավատարմագրում՝ որակի արտաքին վերլուծության գործընթաց, որը իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների առանձին մասնագիտությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման եւ բարելավման նպատակով,
6) որակ՝ որոշակի սահմանված չափանիշներին բավարարելու նպատակով անընդհատ իրականացվող գործընթաց,
7) որակի գնահատում՝ դասավանդման եւ ուսուցման կազմակերպման եւ դրանց արդյունքների վերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված նպատակներին եւ /կամ/ պետության կրթական չափորոշիչներին համապատասխան,
8) որակի ապահովում՝ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից մասնագիտությունների դասավանդման եւ ուսուցման ծրագրավորված եւ սիստեմատիկ վերլուծության գործընթաց, որի նպատակն է բացահայտելու կրթական չափորոշիչներին ուսումնագիտական գործընթացի արդյունքների համապատասխանության ապահովումը,
9) որակի բարելավում՝ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից հաստատված ծրագրի հիման վրա կրթական ծրագրերի եւ դրանց իրականացման գործընթացների որակի անընդհատ մոնիտորինգի եւ որակի աճի ապահովում,
10) չափանիշներ՝ բարձրագույն ուսումնական հաստատության առանձին մասնագիտությունների եւ բարձրագույն ուսումնական հաստատության լիցենզավորման եւ հավատարմագրման համար սահմանված չափորոշիչներ,
11) որակի աուդիտ՝ բարձրագույն ուսումնական հաստատության որակի ապահովման եւ բարելավման համակարգի ուսումնասիրություն՝ ինքնավերլուծության եւ արտաքին վերլուծության միջոցով,
12) ինքնավերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսումնական պլանների, անձնակազմի եւ կառուցվածքի արդյունավետության եւ որակի ուսումնասիրություն, որը հիմնված է սահմանված չափորոշիչների վրա եւ իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
13) կրեդիտային համակարգ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ ուսանողների կողմից ուսուցման արդյունքների հաշվարկման եւ համեմատության միասնական կրթական համակարգ։
Հոդված 5. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ակադեմիական ազատությունները
1. Ակադեմիական ազատության ինստիտուցիոնալ ձեւն ինքնավարությունն է, որի կարեւորագույն բաղադրիչներն են ինքնակառավարումը եւ կոլեգիալությունը:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անձի, հասարակության եւ պետության առջեւ: ՀՀ գործող օրենսդրությամբ եւ իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը իրենց իրավասության սահմաններում իրականացնում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները) եւ կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:
3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների եւ սովորողների ատեստավորման ձեւերի, կարգի, պարբերականության եւ գնահատման համակարգի ընտրության մեջ:
4. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական եւ գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների համար թեմաներ ընտրելու եւ դրանք իրենց կողմից ընտրված մեթոդներով կատարելու:
5. Ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով՝ իրենց հայեցողությամբ, ըստ հակումների եւ պահանջմունքների՝ ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը եւ ուսուցման ձեւը, սահմանված կարգով տեղափոխվել այլ բարձրագույն ուսումնական հաստատություն (այդ թվում նաեւ՝ օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությունը, բուհի կանոնադրության համապատասխան լիիրավ մասնակցել բուհի կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:
ԳԼՈՒԽ II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 6. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգը
Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝
1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական եւ լրացուցիչ կրթական ծրագրերը,
2) բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ համապատասխան հետբուհական ու լրացուցիչ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունները՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձեւերից,
3) գիտական, նախագծային, ուսումնափորձնական, արտադրական, կլինիկական, բժշկապրոֆիլակտիկ, դեղագործական, մշակութային-լուսավորչական եւ այլ կազմակերպությունները, հասարակական միավորումները, ստեղծագործական եւ մասնագիտական միությունները, գիտական եւ մեթոդական խորհուրդները եւ այլն, որոնք իրականացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բարձրագույն եւ հետբուհական ու համապատասխան լրացուցիչ մասնագիտական կրթության գործառություն,
4) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկները եւ կազմակերպությունները:
Հոդված 7. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները եւ կրթական ծրագրերը
1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝
1) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակը,
2) Եվրոպական եւ ԱՊՀ անդամ պետությունների միասնական (ընդհանուր) կրթական տարածքում ներգրավման պայմանները,
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության օբյեկտիվ գնահատման համար հիմքը,
4) օտարերկրյա պետությունների՝ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վերաբերյալ փաստաթղթերի համարժեքության ճանաչումն ու հաստատումը:
2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝
1) ընդհանուր պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ,
2) պահանջներ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, այդ թվում՝ ուսումնական եւ արտադրական պրակտիկաների եւ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ,
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետները,
4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:
3. Պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը եւ հաստատում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հետեւյալ հիմնական կրթական ծրագրերով`
1) բարձրագույն մասնագիտական
ա/ բակալավրի,
բ/ դիպլոմավորված մասնագետի,
գ/ մագիստրոսի,
դ/ ինտերնի:
2) հետբուհական մասնագիտական
ա/ ասպիրանտի,
բ/ կլինիկական օրդինատորի:
5. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակվում են բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթության իրականացնող կազմակերպության կողմից:
6. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, մասնագիտացումների, դրանց իրականացման ձեւերի եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը հաստատում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:
7. Բարձրագույն ուսումնական հաստատության եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները եւ առարկայական դասընթացները թույլատրում են համապատասխան կրթական աստիճաններում մուտքը կրթական ծրագիր եւ ելքը ծրագրից, ապահովելով կրթական կրեդիտների եւ որակավորման աստիճանների շնորհումը:
Հոդված 8. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության աստիճանները, ժամկետները եւ ձեւերը
1. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ եւ /կամ/ ընդհատումներով՝ ըստ աստիճանների:
2. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան համակարգը: Բարձրագույն մասնագիտական կրթության առաջին եւ երկրորդ աստիճանում, որը հաստատվում է ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած անձին
ա/ «բակալավրի» որակավորման աստիճանի շնորհմամբ,
բ/ «մագիստրոսի» («դիպլոմավորված մասնագետի») որակավորման աստիճանի շնորհմամբ:
3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են հետբուհական մասնագիտական կրթության հետեւյալ աստիճանները՝ հետբուհական մասնագիտական կրթություն, որը հաստատվում է «մագիստրոսի» /«ինտեռնի»/ որակավորում ստացած եւ ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած անձին
ա/ «հետազոտողի» որակավորման աստիճանի շնորհմամբ,
բ/ «կլինիկական օրդինատորի» որակավորման աստիճանի շնորհմամբ:
4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի յուրացման ժամկետներն են՝
«բակալավրի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարի,
«դիպլոմավորված մասնագետի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարի,
«մագիստրոսի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի,
«ինտերնի » որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարի,
«հետազոտողի » որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 2 տարի,
«կլինիկական օրդինատորի» որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 2 տարի:
5. Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն ստացած մասնագիտությանը համապատասխան շարունակել ուսումնառությունը բարձրագույն մասնագիտական կրթության հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:
6. Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն:
7. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը ուսանողների կողմից կարող են յուրացվել տարբեր ձեւերով՝ կախված բարձրագույն ուսումնական հաստատության գիտամանկավարժական կազմի կողմից ուսանողների հետ անցկացվող պարտադիր պարապմունքների ծավալից՝ առկա (ստացիոնար), հեռակա եւ էքստեռնատի (դրսեկության) ձեւով:
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու տարբեր ձեւերի զուգակցումը թույլատրելի է:
Մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա կամ էքստեռնատի (դրսեկության) ձեւով, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Դրսեկության /էքստեռնատի/ ձեւով ուսուցման կարգը հաստատում է կրթության կառավարման պետական լիազորված մարմինը:
Հոդված 9. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը
1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում են համապատասխան կրթության ավարտական փաստաթուղթ՝
բակալավրի դիպլոմ,
բարձրագույն մասնագիտական կրթությամբ մասնագետի դիպլոմ,
մագիստրոսի դիպլոմ,
ինտերնի դիպլոմ,
հետազոտողի դիպլոմ,
կլինիկական օրդինատորի դիպլոմ:
2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի յուրացումը չավարտած անձանց տրվում են բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից սահմանված նմուշի ակադեմիական տեղեկանք:
3. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական, դիպլոմ):
Հոդված 10. Բարձրագույն ուսումնական հաստատությունը, նրա խնդիրները, իրավասությունը եւ կառուցվածքը
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առեւտրային կազմակերպություն է:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝
1) անձի աշխարհայացքային, հոգեւոր եւ բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն եւ (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով,
2) գիտությունների եւ արվեստների զարգացումը գիտամանկավարժական աշխատողների եւ ուսանողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը հետազոտական, մասնագիտական գործունեությունում եւ կրթական գործընթացում,
3) բարձրագույն կրթությամբ եւ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը, որակավորման բարձրացումը, վերաորակավորումը եւ վերապատրաստումը,
4) կրթության որակի ապահովումը եւ այդ ուղղությամբ գործունեության անընդհատությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը,
5) ուսանողների քաղաքացիական դիրքորոշման, կյանքի եւ աշխատանքի ունակության ձեւավորումը ժամանակակից քաղաքակրթության եւ ժողովրդավարության պայմաններում,
6) հասարակության բարոյական, մշակութային եւ գիտական արժեքների պահպանումը եւ բազմապատկումը,
7) գիտելիքների տարածումը բնակչության շրջանում, նրա կրթական եւ մշակութային մակարդակի բարձրացումը:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝
1) ըստ կրթական ծրագրերի՝ ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը, կրթության որակի ապահովման եւ բարելավման համապատասխան համակարգի ներդրումը,
2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի եւ պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի կազմակերպումը,
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության օրինակելի ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության հրատարակման եւ ուսումնացուցադրական ձեռնարկների արտադրության կազմակերպումը,
4) իր աշխատողների ընտրությունը եւ տեղաբաշխումն ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների, մասնագետների որակավորման բարձրացման եւ վերաորակավորման միջոցառումների եւ գործընթացների կազմակերպումը,
5) հանրապետական եւ միջազգային գիտակրթական եւ հետազոտական ծրագրերին մասնակցությունը եւ իրականացումը, գիտության առաջնային ուղղություններով հետազոտությունների կատարումը,
6) ուսանողական գիտական ընկերության աշխատանքի կազմակերպումը, հետազոտական ծրագրերում ուսանողների մասնակցության ապահովումը,
7) վճարովի կրթական ծառայությունների եւ վճարովի ուսուցման իրականացումը,
8) ֆինանսական գործունեության իրականացումը եւ իր ֆինանսական միջոցների տնօրինումը,
9) սոցիալ-կենցաղային ծրագրերի իրականացումը, ուսանողների եւ աշխատողների հանգստի եւ ժամանցի, սպորտային եւ առողջապահական միջոցառումների կազմակերպումը:
4. Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձեւավորման հարցում:
Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը եւ գործառույթները սահմանվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության կրթական ծրագրեր, ինչպես նաեւ լրացուցիչ կրթության կրթական ծրագրեր:
5. Հեռահար (տարածական) կրթական տեխնոլոգիաների կիրարկմամբ լրիվ ծավալով կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղերում նույն տեխնոլոգիաներով ուսումնական գործընթաց կազմակերպելու (բացառությամբ պարապմունքների առանձին տեսակների) եւ մասնաճյուղերի ուսանողների՝ ատեստավորման բոլոր տեսակներն իրականացնելու դեպքում մասնաճյուղերի վրա է տարածվում տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության ատեստավորումը եւ պետական հավատարմագրումը (դրանց առկայության դեպքում) ըստ իրականացվող կրթական ծրագրերի:
Բարձրագույն ուսումնական հաստատության հերթական ատեստավորման դեպքում հաշվի է առնվում մասնաճյուղերի ուսանողների պատրաստման որակի, մակարդակի եւ բովանդակության համապատասխանումը պետական կրթական չափանիշների պահանջներին:
Հոդված 11. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակները եւ անվանումները
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգերում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետեւյալ տեսակները՝
ա/ համալսարան,
բ/ ակադեմիա,
գ/ ինստիտուտ,
դ/ կոնսերվատորիա։
2. Բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը, կազմակերպաիրավական ձեւը, կարգավիճակը պետք է արտացոլվի նրա անվանման մեջ:
Բարձրագույն ուսումնական հաստատության անվանումը սահմանվում է նրա ստեղծման եւ պարտադիր կերպով փոխվում է նրա կարգավիճակի փոփոխման ժամանակ:
Հոդված 12. Բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը եւ վերակազմակերպումը, լուծարումը
Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 13. Բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելությունը
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությունն անցկացվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձանց դիմումներով, մրցութային հիմունքներով: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը սահմանվում է ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Հոդված 14 Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստումը իրականացնում են բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ հետբուհական կրթության համապատասխան կազմակերպությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 15. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը
1. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, բարձրագույն ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան՝ ինքնակառավարման հիման վրա միանձնյա ղեկավարման եւ կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան: Բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի կազմում ընդգրկվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի առնվազն մեկ ներկայացուցիչ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը (այսուհետ՝ գիտական խորհուրդ) ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմին է, որը ընտրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան գաղտնի /փակ/ քվեարկությամբ եւ լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական եւ գիտահետազոտական գործունեության կազմակերպման, ծրագրավորման եւ կառավարման հիմնահարցերը:
Գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են. ի պաշտոնե՝ ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները եւ բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները իր կանոնադրության համաձայն:
Գիտական խորհրդի լիազորությունները, ընտրությունների եւ գործունեության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաեւ խորհրդակցական, վերահսկողություն իրականացնող եւ (կամ) այլ մարմինների (հոգաբարձուների խորհուրդ եւ այլն) :
4. Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:
Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Ռեկտորը իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի քան երկու հնգամյա ժամկետ անընդմեջ:
5. Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը՝ ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձեւավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության համապատասխան:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի կողմից ընտրված վերահսկողական մարմինը, որի ձեւավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
7. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության գիտական խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ` 5 տարի ժամկետով:
Մասնաճյուղի տնօրենը իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու 5-ամյա ժամկետ անընդմեջ:
8. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով եւ նրանց հետ կնքվում է կոնտրակտ մինչեւ ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) պաշտոնավարման ժամկետի ավարտը:
9. Ֆակուլտետի դեկանի պաշտոնը ընտրովի է՝ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով: Ֆակուլտետի դեկանը (ուսումնական ստորաբաժանման ղեկավարը) իր պաշտոնը կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու 5-ամյա ժամկետ անընդմեջ:
10. Ռեկտորի, մասնաճյուղի տնօրենի, պրոռեկտորի եւ ֆակուլտետի դեկանի պաշտոնների թեկնածուներին ներկայացվող պահանջները եւ չափանիշները, թեկնածուների առաջադրման, ընտրությունների կազմակերպման եւ պաշտոններում նշանակման կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
11. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը ամբողջությամբ կամ պետական բարձրագույն ուսումնական հաստատության որեւէ մասնագիտությունը հավատարմագրումից զրկվելու դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ռեկտորը եւ շրջանավարտների պատրաստման որակի համար պատասխանատու պրոռեկտորներն ազատվում են իրենց պաշտոններից: Նման դեպքում ռեկտորի ընտրություններ չեն անցկացվում եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը նշանակում է նոր ռեկտոր, որը կարող է պաշտոնավարել ոչ ավել քան երկու տարի: Այդ ժամանակահատվածում կազմակերպվում է ուսումնական հաստատության նոր խորհրդի ընտրություն եւ ռեկտորի ընտրություններ:
12. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչեւ խորհրդի ձեւավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրի կողմից նշանակվում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի քան մեկ տարի ժամկետով:
Հոդված 16. Հասարակական կազմակերպությունները եւ միավորումները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում
1. Հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունները եւ միավորումները՝ բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, սպորտային եւ շրջանավարտների կազմակերպությունների եւ միությունների, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում, որոնց գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
ԳԼՈՒԽ III
ՈԻՍՈԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Հոդված17. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները(ասպիրանտները)
1. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը (ասպիրանտը) բարձրագույն կրթության սուբյեկտ է:
Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողին (ասպիրանտին) տրվում են ուսանողական (ասպիրանտական) տոմս եւ ստուգման գրքույկ:
2. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը (ասպիրանտը) իրավունք ունի՝
1) ընտրել ֆակուլտատիվ (ոչ պարտադիր) եւ պարտադիր կերպով ընտրովի դասընթացներ, որոնք ներառված են մասնագիտության ուսումնական պլանում եւ առաջարկվում են համապատասխան ֆակուլտետի եւ ամբիոնի կողմից,
2) մասնակցել իր կրթության բովանդակության ձեւավորմանը (ուսումնական դասընթացների եւ մասնագիտացման ընտրությանը)՝ պայմանով, որ պահպանվեն բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները,
3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնել ցանկացած այլ ուսումնական դասընթաց, որը դասավանդվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ իր կանոնադրությամբ սահմանված կարգով,
4) ՀՀ օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմնաված կարգով մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի լուծմանը, բարձրագույն ուսումնական հաստատության, ինչպես նաեւ ստորաբաժանումների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին,
5) օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, բուժական եւ բարձրագույն ուսումնական հաստատության այլ ստորաբաժանումների ծառայություններից,
6) բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով, մասնակցել գիտահետազոտական աշխատանքներին,
7) ներկայացնել իր աշխատանքները տպագրության, այդ թվում նաեւ՝ բարձրագույն ուսումնական հաստատության պարբերականներում,
8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները,
9) օգտվել ուսման տարեկան վարձի՝ մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքով եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով
10) ՀՀ գործող օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալ սահմանված չափի այդ թվում անվանական, ինչպես նաեւ իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ,
11) ծանոթանալ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը եւ այլ նորմատիվ փաստատթղթերին,
12) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով բժշկական ցուցումների հիման վրա եւ այլ բացառիկ դեպքերում ստանալ ակադեմիական արձակուրդ ոչ ավել քան մեկ ուսումնական տարի ժամկետով,
13) ուսուցման առկա ձեւով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս քան երկու անգամ գնալ արձակուրդ՝ ոչ պակաս քան յոթ շաբաթ ընդհանուր տեւողությամբ,
14) բարձրագույն ուսումնական հաստատությունում հանրակացարանի առկայության եւ բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով ստանալ հանրակացարանում համապատասխան տեղ: Հանրակացարանում ապրելու, կոմունալ եւ կենցաղային վարձի չափը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կողմից;
15) փոխադրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն;
16) ուսման առաջադիմության եւ գիտահետազոտական աշխատանքներին մասնակցության համար ստանալ բարոյական եւ (կամ) նյութական խրախուսանք՝ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:
3. Նախկին ուսանողը իրավունք ունի բարձրագույն ուսումնական հաստատությունում վերականգնվելու ուսուցման վճարովի համակարգում՝ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով:
4. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը պարտավոր է պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով սահմանված պահանջները:
5. Ուսանողի կողմից բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման համար նրա նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը:
Կարգապահական տույժը, այդ թվում՝ հեռացումը, կիրառվում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողի նկատմամբ՝ նրանից գրավոր բացատրություն ստանալուց հետո՝ ոչ շուտ քան խախտումը հայտնաբերելուց 1 ամիս հետո եւ ոչ ուշ քան դրա կատարումից 6 ամիս անց: Չի թույլատրվում ուսանողներին (մագիստրանտներին) հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակ:
Հոդված 18. Դոկտորանտները, ասպիրանտները եւ հայցորդները
1. Ասպիրանտների, դոկտորանտների եւ հայցորդների ընդունելության եւ ուսուցման կարգը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։
2. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, դոկտորանտները եւ հայցորդները բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտամանկավարժական աշխատողների եւ գիտական կազմակերպությունների գիտաշխատողների հետ հավասար օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաեւ գործուղումների (արշավների մասնակցելու) իրավունքից:
Հոդված 19. Բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատողները
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սահմանվում են պրոֆեսորադասախոսական, գիտական, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ պաշտոններ:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում պրոֆեսորադասախոսական բոլոր աշխատողները պաշտոնները զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության կողմից սահմանված բաց մրցութի կարգի եւ չափորոշիչների հիման վրա՝ հինգ տարի ժամկետով: Հնգամյա ժամկետը լրանալուց հետո անց է կացվում նոր բաց մրցույթ:
3. Պրոֆեսորադասախոսական պաշտոններին եւ տարակարգերին ներկայացվող որակական եւ քանակական չափանիշները, պրոֆեսորադասախոսական կազմի ձեւավորման սկզբունքները եւ հնարավոր դեպքերը (թափուր պաշտոնների տեղակալում, բացառիկ կարգով պաշտոնում նշանակում, հատուկ տարակարգերով պաշտոնների զբաղեցում), սահմանափակումները, մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգը սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանբ:
4. Պրոֆեսորադասախոսական աշխատողները ոչ պակաս, քան 5 տարին մեկ վերապատրաստվում են, որի կազմակերպման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
5. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողը իրավունք ունի՝
1) բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրել եւ ընտրվել բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան պաշտոններում եւ կառավարման համապատասխան մարմիններում,
2) մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը եւ լուծմանը,
3) օգտվել գրադարանների, տեղեկատվական ֆոնդերի, ուսումնական եւ գիտական ստորաբաժանումների, ինչպես նաեւ սոցիալ-կենցաղային, բուժական եւ բարձրագույն ուսումնական հաստատության այլ կառուցվածքային ստորաբաժանումների ծառայություններից՝ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը եւ (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան,
4) ընտրել դասավանդման այնպիսի մեթոդներ եւ միջոցներ, որոնք առավելագույնս համապատասխանում են իրենց անհատական առանձնահատկություններին եւ ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակը,
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել բարձրագույն ուսումնական հաստատության, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները եւ կարգադրությունները:
6. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողները պարտավոր են՝
1) ապահովել կրթական եւ գիտական գործընթացների արդյունավետությունը,
2) պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով սահմանաված պահանջները,
3) ուսանողների մեջ ձեւավորել մասնագիտական որակներ՝ ընտրած մասնագիտությամբ, քաղաքացիական դիրքորոշում, կյանքի եւ աշխատանքի ունակություն՝ ժամանակակից քաղաքակրթության եւ ժողովրդավարության պայմաններում,
4) ուսանողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն եւ ստեղծագործական ունակություններ,
5) անընդհատ զբաղվել իրենց որակավորման բարձրացմամբ:
7. Բարձրագույն ուսումնական հաստատության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ եւ այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության ներքին կարգապահության կանոններով:
Հոդված 20. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների եւ գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչման եւ համարժեքության հաստատման կարգը սահմանվում է այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ կնքած միջկառավարական համաձայնագրերով:
Նշված փաստաթղթերի ճանաչման եւ համարժեքության հաստատման որոշումն ընդունում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը եւ այդ որոշումը ամրագրում է համապատասխան վկայականով:
ԳԼՈՒԽ IV
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 21. Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում
1. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝
1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը եւ լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
2) բարձրագույն ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության հաստատումը,
3) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգի սահմանումը,
4) բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման եւ հավատարմագրման կարգերի հաստատումը,
5) ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի եւ հայցորդության կարգերի հաստատումը:
2. Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի իրավասությունն է՝
1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի օրինակելի կանոնադրության հաստատումը,
2) բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկի հաստատումը, փոփոխությունների եւ լրացումների կատարումը,
3) բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի հաստատումը,
4) ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների եւ հայցորդների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպություններում պետական պատվերի ձեւավորումը ,
5) ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի եւ հայցորդության կարգերի մշակումը,
6) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կազմակերպումը,
7) ուսանողների մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրվելու կարգի հաստատումը;
8) սովորողների գիտելիքների գնահատման միասնական համակարգի գործունեության կազմակերպումը,
9) մասնագետների պատրաստմանը, աշխատողների եւ գիտամանկավարժական աշխատողների եւ որակավորման բարձրացմանը, վերաորակավորմանը եւ վերապատրաստմանը, գիտության զարգացմանն ուղղված պետբյուջետային ֆինանսավորման ծավալի որոշման ուղղությամբ գործադիր իշխանության մարմինների աշխատանքներին, ինչպես նաեւ նորմատիվների եւ համապատասխան կրթական հաստատությունների ֆինանսավորման կարգի մշակմանը մասնակցելը,
10) բարձրագույն ուսումնական հաստատությունների, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ճյուղային եւ տարածքային կառույցների գործունեության համակարգումը՝ մասնագետների պատրաստման ծավալների եւ կառուցվածքի սահմանման ուղղությամբ, այդ բնագավառում միջճյուղային եւ միջտարածքային համագործակցության կազմակերպումը,
11) իրականացնում է ՀՀ օրենքներով եւ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 22. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովումը եւ դրա նկատմամբ պետական վերահսկողությունը
1. Բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգում որակի ապահովման եւ բարելավման գործընթացների իրականացման սկզբունքներն են՝ անընդհատությունը, թափանցիկությունը, վստահությունը եւ հրապարակայնությունը:
2. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովումը եւ բարելավումը բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականցնող կազմակերպությունների պարտականությունն է:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման եւ բարելավման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման եւ բարելավման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը իրավունք ունի իր նախաձեռնությամբ եւ հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների ազատ ընտրությամբ իրականացնել բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության, ինչպես նաեւ առանձին մասնագիտությունների որակի գնահատում եւ /կամ/ հավատարմագրում:
Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման եւ բարելավման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակել որակի գնահատման եւ /կամ/ հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում եւ /կամ/ հավատարմագրում իրականացնող կազմակերպության կողմից տրված եզրակացությունները, ինչպես նաեւ առնվազն տարեկան մեկ անգամ պարբերական մամուլում հրապարակել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության որակի գնահատման ընթացիք արդյունքները:
3. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետբյուջետային միջոցների ռացիոնալ օգտագործմանը:
4. Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վե րահսկողությունն իրականացում է պետական կառավարման լիազորված մարմինը լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացների կազմակերպմամբ՝ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության եւ գիտելիքների ստուգման կենտրոնի միջոցով: Լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացները իրականացվում են Հայաստանի Հանրապետության «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին» օրենքներով եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգերով եւ չափանիշներով:
ԳԼՈՒԽ V
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 23. Սեփականության հարաբերությունները բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում
1. Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) բարձրագույն ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցվելի) իրավունքով տրամադրում է (են) շենքեր, շինություններ, գույքային համալիրներ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական, սոցիալական, մշակութային եւ այլ նշանակության անհրաժեշտ գույք:
2. Բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի իրեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձեւով փոխանցված դրամական միջոցների, գույքի եւ սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության արդյունք հանդիսացող՝ մտավոր եւ ստեղծագործական աշխատանքի արդյունքների, ինչպես նաեւ սեփական գործունեությունից ստացված եկամուտների եւ այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:
Հոդված 24. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
2. Պետական բյուջեի միջոցների հաշվին բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից՝ մասնագետների պատրաստման, աշխատողների որակավորման բարձրացման եւ վերաորակավորման վերաբերյալ պետական առաջադրանքներին (ստուգիչ թվերին) համապատասխան՝ ելնելով սահմանված պետական ֆինանսավորման նորմատիվներից:
Հոդված 25. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի վարձատրությունը
1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած եւ աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձեւը եւ համակարգը, լրավճարների, հավելումների, պարգեւատրումների եւ նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաեւ բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը (առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափերը սահմանելու):
2. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով (կոնտրակտով) նախատեսված գործառնական պարտականությունների եւ աշխատանքների կատարման համար:
3. Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունը ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն ձեւավորում է աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:
ԳԼՈՒԽ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 26. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԳԼՈՒԽ VII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ուժի մեջ է մտնում սույն օրենքի հրապարակման պահից մեկ տարի անց:
Հոդված 28. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը ուժի մեջ է մտնում սույն օրենքի հրապարակման պահից մեկ տարի անց:
Հոդված 29.
Սկսած 2005-2006 ուսումնական տարվանից բուհերում կրթությունն իրականացվում է միայն երկաստիճան՝ բակալավր-մագիստրոս համակարգով: Մինչ այդ շնորհված «դիպլոմավորված մասնագետի» կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:
ՑԱՆԿ
ՀՀ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է հաստատել հետեւյալ իրավական ակտերը.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
ա) Պետական կրթական չափորոշիչների ձեւավորման կարգ,
բ) Հեռակա կամ էքստեռնատի (դրսեկության) ձեւով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չթույլատրվող մասնագիտությունների ցանկ,
գ) Բարձրագույն ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրություն։
2. Կրթության կառավարման պետական լիազորված մարմնի կողմից
ա) Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, մասնագիտացումների, դրանց իրականացման ձեւերի եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկ,
բ) Դրսեկության /էքստեռնատի/ ձեւով ուսուցման կարգ,
գ) Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգ,
դ) Ասպիրանտների, դոկտորանտների եւ հայցորդների ընդունելության եւ ուսուցման կարգ,
ե) Պրոֆեսորադասախոսական աշխատողների վերապատրաստման կարգ,
զ) Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի օրինակելի կանոնադրություն,
է) Ուսանողների մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրվելու կարգ,
ը) Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման եւ բարելավման կարգ։