Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Հիմնական հասկացություններ
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) վարչական մարմիններ`
ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ եւ Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.
բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի եւ համայնքի ղեկավար.
2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաեւ գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետեւանքներ:
2. Սույն օրենքի իմաստով վարչական մարմին է համարվում նաեւ պետական այն մարմինը կամ օրենքով ստեղծված հանձնաժողովը, որին օրենքով ուղղակիորեն վերապահվել է վարչարարություն իրականացնելու լիազորություն:»:
Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 48. Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետեւանքները
1. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» եւ «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որեւէ որոշում չի կայացնում, վարչական ակտը համարվում է ընդունված եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առոչինչ է:
3. Եթե դիմումով հայցվում է որոշակի փաստ հաստատելու կամ արձանագրելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որով սահմանված իրավունքները անձինք կարող են հավաստել սահմանված ձեւի փաստաթղթով, ապա փաստաթուղթը չստացած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթուղթը չունենալու համար:
4. Վարչական մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթուղթն իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա դիմող անձին է տրամադրում վարչական ակտն ընդունելու ժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:
5. Վարչական մարմնի կողմից վարչական ակտը սահմանված ժամկետում չտրամադրելու հետեւանքով առաջացած վնասի հատուցման կարգի հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի VII բաժնի կանոնները:
Հոդված 3. Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) Հայաստանի Հանրապետությունը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում, ինչպես նաեւ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական մարմինների եւ օրենքով ստեղծված հանձնաժողովների դեպքում.
բ) համապատասխան համայնքը` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: