Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-132-23.09.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 17-րդ կետով.

«17) Գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով  (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս   վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար:

Սույն կետով նշված վնասի չափը գնահատում է լիազոր մարմինը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) եւ անկանխատեսելի պատահարների հետեւանքով զգալի կորուստներ են կրում գյուղատնտեսությունում տնտեսվարողները:ՀՀ կառավարության տվյալներով Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի եւ բազմամյա տնկարկների տարածքներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում հողօգտագործողների հետագա գործունեության ու սոցիալական վիճակի վրա:

Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որի պատճառով դժվարանում է դրա իրացումը, զգալիորեն նվազում` հողօգտագործողների եկամուտները:

2016 թվականին կարկտահարության հետեւանքով վնասվել են հանրապետության 9 մարզի 150 համայնքի (որոշ համայնքներ կարկտահարվել են 2-ից 3 անգամ) գյուղատնտեսական մշակաբույսերի շուրջ 23.1 հազար հա մշակվող տարածություններ, բերքի կորուստը կազմել է շուրջ 278.6 հազար տոննա:

Հայաստանի Հանրապետության շատ համայնքներում գյուղացին վաստակում է բացառապես  հողագործությամբ: Իսկ հողօգտագործման պարագայում գյուղացու ծախսերը (պարարտանյութ, վար, ցանք, բուժումներ, բերքահավաք) կազմում են  ակնկալվող բերքից ստացվող գումարի 50-ից 60 տոկոսը, եթե բնական աղետի հետեւանքով  վնասվում է բերքի առնվազն  40 տոկոսը, ապա բերքից ստացվող գումարը հազիվ է ծածկում  հողօգտագործողի ծախսերը:Գործող «Հողի հարկի մասին»  ՀՀ օրենքը չի նախատեսում բնակլիմայական աղետի հետեւանքով հողօգտագործողի վնաս կրելու համար հողի հարկից ազատելու դրույթ, հետեւապես ստացվում է, որ բնակլիմայական աղետի հասցված վնասի դեպքում հողօգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, հողից եկամուտ չստանալով հողի հարկ են վճարում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հողի հարկի մասին»   ՀՀ օրենքը ուժը կկորցնի եւ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի նոր հարկային օրենսգիրքը, որը նույնպես բնակլիմայական աղետի հետեւանքով հողօգտագործողի վնաս կրելու դեպքում հարկային արտոնություն չի նախատեսում:
 
Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով, որով գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով  (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) առնվազն 40 % վնասվելու դեպքում  գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:

Ակնկալվող արդյունքները

Օրենքի ընդունման արդյունքում արդարացված կլինի հողօգտագործողին վնաս կրելու տարվա համար  ազատել հողի հարկից, քանի որ բնակլիմայական աղետների հետեւանքով հասցված վնասի դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող   անձանձ  օրենքի ուժով  ազատելով վնասը կրելու տարվա համար հողի հարկ վճարելու պարտականությունից պետությունը  ֆինանասական  աջակցություն կցուցաբերի գյուղացուն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան.

ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում  «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝  ),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 

Կանխավ շնորհակալ ենք։
 
 
Ազգային ժողովի պատգամավորներ`  Նաիրա Զոհրաբյան                                                                           
Միքայել Մելքումյան
Վահե Էնֆիաջյան
Վարդեւան Գրիգորյան