Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
1. | Վտանգավոր թափոնների վերամշակում | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
2. | Վտանգավոր թափոնների վնասազերծում | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
3. | Վտանգավոր թափոնների պահպանում | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
4. | Վտանգավոր թափոնների փոխադրում | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
5. | Վտանգավոր թափոնների տեղադրում | ՀՀԿ | Բ | - | Փ | - | Ո | Հ | Վ |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈւՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ
Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է լիցենզավորման ոլորտում առկա տնտեսական գործունեությունը խաթարող որոշ նորմերի ազատականացման եւ առավել արդարացի դարձնելու մեջ։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետն իսկզբանե խմբագրվել է այնպես, ինչպես գործող օրենքն է: Այսինքն, Օրենքի սկզբանական բովանդակության իմաստով՝ քննարկվող գործունեությունը դիտարկվել է որպես մեկ ամբողջություն, եւ դրա ցանկացած բաղադրիչի համար լիցենզիա ձեռք բերելու նպատակով տնտեսվարող սուբյեկտը հարկադրված է եղել ներկայացնելու նաեւ մյուս բաղադրիչներին վերաբյալ փաստաթղթերը, բավարարել այդ բոլոր բաղադրիչներին վերաբերող պահանջները:
2007 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում (22.02.2007, ՀՕ-116) քննարկվող դրույթը խմբագրվել է հետեւյալ կերպ.
1. | վտանգավոր թափոնների` -վերամշակում -վնասազերծում -պահպանում -փոխադրում եւտեղադրում |
ՀՀԿ | Բ | Ա | Փ | - | Փ | Հ | Վ. |
Փաստորեն, նշված օրենսդրական փոփոխության արդյունքում գործունեության բաղադրիչները տարանջատվել են, եւ արդյունքում տնտեսվարող սուբյեկտի համար ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ գործունեության բաղադրիչներից որեւէ մեկը նախաձեռնելու դեպքում, գործարարը պարտավորված է եղել ներկայացնել միայն տվյալ բաղադրիչին ներկայացվող պահանջները:
2010 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններով (08.12.2010, ՀՕ-227) կրկին անցում կատարվեց սկզբնական խմբագրությանը: Այսպիսով, փոփոխության արդյունքում տնտեսվարող սուբյեկտը կրկին հարկադրված է քննարկվող գործունեության որեւէ բաղադրիչով զբաղվելու նպատակով ապահովել նաեւ մյուս բաղադրիչներին ներկայացվող պահանջները:
Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը մտադիր է իրականացնելու միայն վտանգավոր թափոնների փոխադրում, վերջինս հարկադրված է լիցենզիա խնդրարկելիս ապահվել նաեւ վտանգավոր թափոնների վերամշակմանը, վնասազերծմանը, պահպանմանն ու տեղադրմանը ներկայացվող փաստաթղթերը եւ պահանջները։ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 2 «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետի կիրառության վերաբերյալ պաշտոնական պարզաբանման համաձայն՝ «Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության բոլոր թվարկված տեսակներից յուրաքանչյուրով զբաղվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի ստացում, անկախ այն հանգամանքից՝ դրանք միավորված են մեկ միասնական լիցենզիայում, թե ոչ»:
Առկա օրենսդրական կարգավորումը հակասում է Օրենքի տրամաբանությանը: Օրենսդրի կողմից գործունեության առանձին տեսակներով զբաղվելու համար լիցենզիա նախատեսելը, ինչպես նաեւ դրանց ներկայացվող կոնկրետ պահանջները եւ փաստաթղթերը ինքնանպատակ չեն, այլ ուղղված են անձանց առողջության պաշտպանությանը, զարգացող շուկայական հարաբերությունների կարգավորմանը, հսկողության իրականացմանը եւ այլն։ Տվյալ պարագայում միայն, օրինակ, փոխադրման գործունեություն նախաձեռնող տնտեսվարող սուբյեկտի համար լրացուցիչ պարտավորություն նախատեսելը (այն է ապահովել վտանգավոր թափոնների վերամշակմանը, տեղադրմանը, պահպանմանը վերաբերող պահանջներ եւ փաստաթղթեր) որեւէ կերպ չի ընդգրկվում Օրենքի նպատակների եւ տրամաբանության շրջանակներում։ Լիցենզավորող մարմինն օժտված է նախնական հսկողության (իրականացվում է լիցենզիա տրամադրելիս Օրենքի նպատակներից բխող փաստաթղթեր եւ տեղեկություններ պահանջելու եւ դրանք ուսումնասիրելու միջոցով) եւ հետագա վերահսկողության իրավասությամբ (իրականացվում է լիցենզավորված գործունեության նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջների եւ պայմանների պահպանման հետագա ստուգման միջոցով):
Վերը նշված լիազորությունները հնարավորություն են տալիս ապահովելու Օրենքի նպատակի իրագործումը: Այլ կերպ ասած՝ լիազորված մարմինն օժտված է համապատասխան լիազորությամբ, որը հնարավորություն է տալիս վերահսկելու վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման, տեղադրման լիցենզիա ստացած սուբյեկտի կողմից գործունեության նկատմամբ սահմանված համապատասխան պահանջների եւ պայմանների պահպանումը եւ միայն համապատասխան բաղադրիչի իրականցումը:
Հետեւաբար, նախատեսված լրացուցիչ պարտավորությունը չի կրում հիմնավորված բնույթ։
Գործող կարգավորումը հակասում է նաեւ Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական գործունեության ազատության իրավունքին (59-րդ հոդված): Տնտեսական գործունեության ազատության իրավունքի նախատեսումը նպատակ է հետապնդում հնարավորինս նպաստավոր պայմաններ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար։ Ընդ որում, նշված իրավունքին համապատասխանում է պետության պարտականությունը՝ ապահովելու իրավաբանորեն երաշխավորված հնարավորություն` ազատորեն օգտագործելու սեփական ունակություններն ու գույքը՝ օրենքով չարգելված տնտեսական գործունեություն իրականացնելու համար:
Փաստորեն, այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը մտադրվում է իրականացնելու օրենքով չարգելված կոնկրետ գործունեություն, պետությունը պարտավոր է համապատասխան երաշխիքներ եւ խթաններ ստեղծել նշված գործունեության իրականացման համար՝ ձեռնպահ մնալով դրան որեւէ կերպ խոչընդոտելուց:
Առկա իրավակարգավորման պարագայում ոչ միայն բացակայում են համապատասխան երաշխիքներ, այլ նաեւ լրացուցիչ խոչընդոտներ ու ավելորդ բեռ է ստեղծվում տնտեսվարող սուբյեկտի համար խնդրո առարկա տնտեսական գործունեություն նախաձեռնելիս. վերջինս պարտավորված է ապահովել որոշակի պահանջներ, որոնք կապված չեն իր կողմից նախաձեռնվող գործունեության հետ, չեն բխում դրանից։
Առկա խնդիրների առաջարկվող լուծումներըգ Առաջարկվող փաթեթով տարանջատվում է վտանգավոր թափոնների բլոկում յուրաքանչյուր գործունեությանը համապատասխանող լիցենզիան, ինչպես նաեւ կրճատմանը համամասնորեն բաժանվում է պետական տուրքի գումարը։
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ
22 սեպտեմբերի 2017թ.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Փաթեթին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը եւ տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են օրենքների հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները եւ լրացումները:
Նախագծի հիմնական զեկուցողն է Էդմոն Մարուքյանը։
Խնդրում եմ օրենքների նախագծերի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր՝ 30 թերթ:
Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ