ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` 47-րդ կետով.
«47) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկում` ժամանակի եւ տարածության մեջ պարբերաբար ուսումնասիրությունների միջոցով շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների վիճակի եւ դրա վրա ազդեցություն ունեցող գործոնների դիտարկման, վիճակի գնահատման ու կանխատեսման գործընթացե:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ եւ 16-րդ կետերով.
«15) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մշակումը,
16) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը եւ տնօրինումը»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2 կետով.
«6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ եւ 20-րդ կետերով.
«19) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:
20) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը/պլանը եւ դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը»:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: