ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Դատախազությունը
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ՝ դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ):
2. Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորությունները իրականացնում է դատախազների միջոցով:
Հոդված 2. Դատախազության մասին օրենսդրությունը
1. Դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:
2. Դատախազության կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է սույն օրենքով եւ այլ օրենքներով:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) դատախազ՝ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երեւան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, զինվորական դատախազի տեղակալները, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազները, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարների տեղակալները, Երեւան քաղաքի դատախազի տեղակալները, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազների տեղակալները, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներն ու դատախազները, Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներն ու դատախազները.
2) դատախազություն՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Երեւան քաղաքի դատախազությունը, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունները, մարզերի դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները.
3) դատախազության կառուցվածքային ստորաբաժանում՝ գլխավոր դատախազության եւ զինվորական կենտրոնական դատախազության կազմում գործող վարչություն եւ բաժին.
4) դատախազական ակտ՝ որոշում, հրաման, կարգադրություն, միջնորդագիր, հանձնարարական, ցուցում:
Հոդված 4. Դատախազության լիազորությունները
1. Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ դատախազությունը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝
1) հարուցում է քրեական հետապնդում.
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.
4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները եւ որոշումները.
5) հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
2. Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ դատախազությունը օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
ԳԼՈՒԽ 2.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. Դատախազության գործունեության հրապարակայնությունը
1. Դատախազությունը հանրությանը տեղեկացնում է իր իրականացրած գործունեության մասին այնքանով, որքանով դա չի խախտում մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները եւ օրինական շահերը ինչպես նաեւ պետական եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը:
2. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (այսուհետ՝ Ազգային ժողով) է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ՝ նախորդ տարվա ընթացքում դատախազության իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաղորդումը Ազգային ժողով ներկայացվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության կայքէջում:
4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացվում են առանձին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների եւ վիճակագրական տվյալների ներկայացման մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:
Հոդված 6. Դատախազի ինքնուրույնությունը եւ նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը, դատախազի օրինական պահանջների կատարման պարտադիր լինելը
1. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների եւ ներքին համոզմունքի վրա եւ պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար:
2. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է եւ առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն:
3. Դատախազի օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային ծառայողների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց կողմից:
4. Հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) կողմից դատախազի օրինական պահանջները չկատարելու դեպքում, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի, վերադաս դատախազը տվյալ հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ տվյալ հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) վերադասին: Կարգապահական վարույթ հարուցելու վերադաս դատախազի միջնորդությունը ողջամիտ ժամկետում ենթակա է պարտադիր քննության հանրային ծառայողի (պաշտոնատար անձի) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից: Միջնորդության քննարկման արդյունքների մասին համապատասխան իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը տեղեկացնում է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմած դատախազին:
5. Դատախազի օրինական պահանջները չկատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
6. Սույն հոդվածի իմաստով հանրային ծառայող է հանդիսանում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված որեւէ պաշտոն զբաղեցնող անձը:
Հոդված 7. Դատախազի ապաքաղաքականացվածությունը
1. Դատախազը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող): Դատախազը չի կարող մասնակցել նախընտրական, ինչպես նաեւ հանրաքվեի նախապատրաստելիս իրականացվող քարոզչությանը:
3. Դատախազը իրավունք չունի կազմակերպելու այնպիսի հավաքներ, որոնք կարող են կասկածի տակ դնել նրա քաղաքական չեզոքությունը։ Հավաքներին մասնակցելիս դատախազը չպետք է կրի ծառայողական համազգեստ:
ԳԼՈՒԽ 3.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 8. Դատախազության համակարգը
1. Դատախազությունը կազմված է՝
1) գլխավոր դատախազությունից.
2) Երեւան քաղաքի դատախազությունից.
3) Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից.
4) Երեւան քաղաքի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների դատախազությունից.
5) Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից.
6) Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունից.
7) Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից.
8) Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունից.
9) Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից.
10) Արարատի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Արտաշատ.
11) Արմավիրի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Արմավիր.
12) Արագածոտնի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Աշտարակ.
13) Գեղարքունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Գավառ.
14) Լոռու մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Վանաձոր.
15) Կոտայքի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Հրազդան.
16) Շիրակի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Գյումրի.
17) Սյունիքի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Կապան.
18) Վայոց ձորի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Եղեգնաձոր.
19) Տավուշի մարզի դատախազությունից, կենտրոնը՝ քաղաք Իջեւան.
20) Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազությունից (այսուհետ՝ զինվորական դատախազություն):
Հոդված 9. Գլխավոր դատախազը
1. Գլխավոր դատախազը ղեկավարում եւ վերահսկում է դատախազության գործունեությունը ու պատասխանատու է դատախազության բնականոն գործունեության ապահովման համար:
2. Գլխավոր դատախազը՝
1) դատախազության կոլեգիայի առաջարկությամբ սահմանում է դատախազության լիազորությունների իրականացման ուղղությունները.
2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջեւ.
3) հաստատում է գլխավոր դատախազության եւ զինվորական դատախազության կառուցվածքը.
4) սահմանում է դատախազությունների լիազորությունների իրականացման շրջանակը.
5) սահմանում է օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում դատախազության հաստիքների քանակը եւ հաստիքացուցակը.
6) հաստատում է «Հայաստանի Հանրապետության դատախազության կանոնակարգը».
7) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր.
8) իրականացնում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ՝ դատախազության աշխատակազմ) հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.
9) հաստատում եւ փոփոխում է դատախազության աշխատակազմի կանոնադրությունը եւ դատախազության աշխատակազմի կառուցվածքը.
10) հաստատում եւ փոփոխում է հայեցողական պաշտոնների, դատախազության աշխատակազմում դատախազական ծառայողների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը, հաստիքների քանակը եւ հաստիքացուցակը.
11) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ, սահմանում դրանց գործունեության կարգը.
12) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
3. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված լիազորությունները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
4. Գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով գլխավոր դատախազի տեղակալներից մեկը փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրաման ընդունելու անհնարինության դեպքում, ինչպես նաեւ գլխավոր դատախազի պաշտոնը օրենքով սահմանված կարգով թափուր մնալու դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի՝ դատախազության համակարգում առավել երկար փորձառություն ունեցող տեղակալը:
Հոդված 10. Գլխավոր դատախազի տեղակալը
1. Գլխավոր դատախազի տեղակալը՝
1) համակարգում է գլխավոր դատախազի կողմից դատախազության համակարգում իրեն հանձնարարված ոլորտի (այսուհետ՝ իր համակարգման ոլորտ) աշխատանքները.
2) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր.
3) միջնորդություններ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նրանց առաջխաղացման վերաբերյալ.
4) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Գլխավոր դատախազի տեղակալն իր համակարգման ոլորտի սահմաններում իրականացնում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված բոլոր լիազորությունները:
Հոդված 11. Գլխավոր դատախազությունը
1. Գլխավոր դատախազությունը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալներից եւ կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներից, գլխավոր դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
2. Գլխավոր դատախազության ավագ դատախազները եւ դատախազները գործում են գլխավոր դատախազի անմիջական ենթակայությամբ:
3. Գլխավոր դատախազության նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
Հոդված 12. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը եւ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը
1. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կազմված է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարից, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներից եւ դատախազներից, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում՝ նաեւ տեղակալից (տեղակալներից):
2. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ (տեղակալներ): Գլխավոր դատախազության վարչությունը կարող է ունենալ նաեւ բաժիններ:
3. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ ստորաբաժանում) ղեկավարը՝
1) ղեկավարում, կազմակերպում եւ համակարգում է իր ղեկավարած ստորաբաժանման գործունեությունը.
2) ապահովում է գլխավոր դատախազի հրամանների, հանձնարարականների, ինչպես նաեւ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարականների կատարումը.
3) առաջարկություն է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի, կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազների եւ դատախազների (այսուհետ՝ ստորաբաժանման դատախազներ) միջեւ աշխատանքի բաժանում կատարելու վերաբերյալ.
4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ իր ղեկավարած ստորաբաժանման դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց առաջխաղացման վերաբերյալ.
5) առաջարկներ է ներկայացնում դատախազության աշխատակազմի ղեկավարին իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
6) վերահսկողություն է իրականացնում ստորաբաժանման աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման եւ ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին եւ պատշաճ կատարման նկատմամբ.
7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը իր ղեկավարած ստորաբաժանման գործունեության համար պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի եւ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի առջեւ:
5. Գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարն իր իրավասության շրջանակներում՝
1) կարող է Երեւան քաղաքի դատախազից, Երեւան քաղաքի վարչական շրջաների եւ մարզերի դատախազներից պահանջել գործեր եւ նյութեր, դրանց հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն.
2) գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին առաջարկություններ ներկայացնել Երեւան քաղաքի, Երեւան քաղաքի վարչական շրջանների եւ մարզերի դատախազությունների կողմից դատախազության լիազորությունների կազմակերպման եւ իրականացման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
6. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է անձամբ կամ ստորաբաժանման դատախազների միջոցով:
7. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ օրենքով սահմանված կարգով դիմում է գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին:
8. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները եւ կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներն իրականացնում են սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները:
Հոդված 13. Երեւան քաղաքի դատախազությունը
1. Երեւան քաղաքի դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը Երեւան քաղաքում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Երեւան քաղաքի դատախազությունը կազմված է Երեւան քաղաքի դատախազից, Երեւան քաղաքի դատախազի տեղակալներից, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Երեւան քաղաքի դատախազության նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
Հոդված 14. Երեւան քաղաքի դատախազը
1. Երեւան քաղաքի դատախազը՝
1) ղեկավարում եւ կազմակերպում է Երեւան քաղաքի դատախազության գործունեությունը.
2) իրականացնում է Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների գործունեության ընդհանուր ղեկավարում.
3) կատարում է իր տեղակալների, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազների եւ դատախազների (այսուհետ՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազներ) միջեւ աշխատանքի բաժանում.
4) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազներին, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց առաջխաղացման վերաբերյալ.
5) վերահսկողություն է իրականացնում Երեւան քաղաքի դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման եւ ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին եւ պատշաճ կատարման նկատմամբ.
6) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.
7) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 15. Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազությունը
1. Երեւան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը Երեւան քաղաքի վարչական շրջանում (վարչական շրջաններում), բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Երեւան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը կազմված է Երեւան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազից, Երեւան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազի տեղակալից, Երեւան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Երեւան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանում (վարչական շրջաններից որեւիցե մեկում):
Հոդված 16. Մարզի դատախազությունը
1. Մարզի դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը մարզում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Մարզի դատախազությունը կազմված է մարզի դատախազից, մարզի դատախազի տեղակալներից, մարզի դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Մարզի դատախազության նստավայրը գտնվում է մարզկենտրոնում: Գլխավոր դատախազի որոշմամբ մարզի դատախազությունը կարող է ունենալ նաեւ այլ նստավայրեր:
Հոդված 17. Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազը եւ մարզի դատախազը
1. Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազը՝
1) ղեկավարում եւ կազմակերպում է Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազության գործունեությունը.
2) կատարում է իր տեղակալի, Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազության ավագ դատախազների եւ դատախազների (այսուհետ՝ Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազության դատախազներ) միջեւ աշխատանքի բաժանում.
3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին, Երեւան քաղաքի դատախազին՝ Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց առաջխաղացման վերաբերյալ.
4) վերահսկողություն է իրականացնում Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման եւ ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին եւ պատշաճ կատարման նկատմամբ.
5) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները
6) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Մարզի դատախազը՝
1) ղեկավարում եւ կազմակերպում է մարզի դատախազության գործունեությունը.
2) կատարում է իր տեղակալների, մարզի դատախազության ավագ դատախազների եւ դատախազների (այսուհետ՝ մարզի դատախազության դատախազներ) միջեւ աշխատանքի բաժանում.
3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ մարզի դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց առաջխաղացման վերաբերյալ.
4) վերահսկողություն է իրականացնում մարզի դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման եւ ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին եւ պատշաճ կատարման նկատմամբ.
5) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.
6) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
Հոդված 18. Զինվորական դատախազությունը
1. Զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը զինված ուժերում եւ այլ զորքերում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Զինվորական դատախազությունը կազմված է զինվորական կենտրոնական դատախազությունից եւ կայազորների զինվորական դատախազություններից՝ ըստ զինված ուժերի կայազորների տեղաբաշխման:
3. Զինվորական կենտրոնական դատախազությունը կազմված է զինվորական դատախազի տեղակալներից, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներից եւ դատախազներից (այսուհետ՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներ):
4. Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը սույն օրենքով նախատեսված ենթակայության կանոնների պահպանմամբ իրականացնում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորությունները եւ պատասխանատվություն է կրում գլխավոր դատախազի, զինվորական դատախազի եւ նրա՝ ոլորտը համակարգող տեղակալի առջեւ:
5. Զինվորական կենտրոնական դատախազության նստավայրը գտնվում է Երեւան քաղաքում:
Հոդված 19. Զինվորական դատախազը
1. Զինվորական դատախազը՝
1) ղեկավարում, կազմակերպում եւ համակարգում է զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը.
2) կատարում է զինվորական կենտրոնական դատախազության դատախազների միջեւ աշխատանքի բաժանում.
3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին՝ զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, կայազորների զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց առաջխաղացման վերաբերյալ.
4) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.
5) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին եւ անհատական իրավական ակտեր.
6) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
2. Զինվորական դատախազն ի պաշտոնե գլխավոր դատախազի տեղակալն է:
Հոդված 20. Կայազորի զինվորական դատախազությունը
1. Կայազորի զինվորական դատախազությունը ապահովում է Սահմանադրության Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված լիազորությունների իրականացումը զինվորական կայազորում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Կայազորի զինվորական դատախազությունը կազմված է կայազորի զինվորական դատախազից, կայազորի զինվորական դատախազի տեղակալից, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազներից եւ դատախազներից:
3. Կայազորի զինվորական դատախազության նստավայրը որոշում է զինվորական դատախազը՝ ըստ կայազորի տեղաբաշխման:
Հոդված 21. Կայազորի զինվորական դատախազը
1. Կայազորի զինվորական դատախազը՝
1) ղեկավարում եւ կազմակերպում է կայազորի զինվորական դատախազության գործունեությունը.
2) կատարում է իր տեղակալի, կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազների եւ դատախազների (այսուհետ՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներ) միջեւ աշխատանքի բաժանում.
3) առաջարկներ է ներկայացնում գլխավոր դատախազին կամ զինվորական դատախազին՝ կայազորի զինվորական դատախազության դատախազներին խրախուսելու կամ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց առաջխաղացման վերաբերյալ.
4) վերահսկողություն է իրականացնում կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման եւ ամրապնդման, նրանց կողմից պարտականությունների ժամանակին եւ պատշաճ կատարման նկատմամբ.
5) իրականացնում է սույն օրենքի 5-րդ գլխով սահմանված լիազորությունները.
6) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 4.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Հոդված 22. Դատախազության կոլեգիա
1. Դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու, դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ուղղությունները որոշելու համար դատախազությունում գլխավոր դատախազի նախագահությամբ գործում է կոլեգիա:
2. Դատախազության կոլեգիան կազմված է գլխավոր դատախազից, գլխավոր դատախազի տեղակալներից, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից եւ Երեւան քաղաքի դատախազից: Կոլեգիայի նիստին առանց ձայնի իրավունքի կարող են մասնակցել Գլխավոր դատախազի կողմից հրավիրված այլ դատախազներ:
3. Դատախազության կոլեգիայի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որը վարում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ գլխավոր դատախազի տեղակալներից մեկը: Դատախազության կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են կոլեգիայի անդամների կեսից ավելին:
4. Դատախազության կոլեգիայի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է չընդունված:
5. Դատախազության կոլեգիայի որոշումները կենսագործվում են գլխավոր դատախազի հրամաններով:
6. Դատախազության կոլեգիայի գործունեության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 23. Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի եւ որակավորման հանձնաժողովները
1. Գլխավոր դատախազին առընթեր գործում են էթիկայի եւ որակավորման հանձնաժողովներ:
2. Էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական եւ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երեւան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազների եւ կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված երեք դատախազ: Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
3. Որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Որակավորման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի 1 տեղակալ, 4 դատախազ եւ 3 իրավաբան գիտնական: Որակավորման հանձնաժողովը ղեկավարում է գլխավոր դատախազի տեղակալը:
4. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովի անդամներն անկախ են: Նրանց գործունեության առնչությամբ որեւէ միջամտություն արգելվում է:
5. Յուրաքանչյուր դատախազ կարող է լինել սույն հոդվածով սահմանված միայն մեկ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովների անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով:
6. Հանձնաժողովներում նոր անդամների նշանակումները սույն հոդվածով սահմանված կարգով կատարվում են գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան հաջորդող օրը:
7. Սույն հոդվածով սահմանված հանձնաժողովների գործունեության, ինչպես նաեւ դատախազ անդամների ընտրության կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
ԳԼՈՒԽ 5.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Հոդված 24. Քրեական հետապնդում հարուցելը
1. Քրեական հետապնդման հարուցման կարգն ու հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Հոդված 25. Հսկողությունը մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ
1. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն (այսուհետ՝ հսկողություն), որպես կանոն, իրականացնում է վերադաս դատախազի կողմից նման հանձնարարություն ստացած դատախազը կամ հսկողությունը ստանձնում է անձամբ վերադաս դատախազը: Ի սկզբանե հսկողություն իրականացնող վերադաս դատախազը կարող է տվյալ քրեական գործով հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:
2. Հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է եւ գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության եւ համաձայնության:
3. Հսկողություն իրականացնող դատախազը կամ նրա անմիջական վերադասը կարող է դիմել մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան մարմնին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ: Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը եւ արդյունքների մասին տեղեկացնել համապատասխան միջնորդությամբ դիմած դատախազին:
4. Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Հոդված 26. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում
1. Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը կամ վերադաս դատախազի հանձնարարությամբ այլ դատախազ:
2. Վերադաս դատախազն իրավունք ունի մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը ներգրավել նաեւ այլ դատախազների: Եթե տվյալ քրեական գործով հսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազը, ապա մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ այլ դատախազ:
3. Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:
Հոդված 27. Դատարանների վճիռների, դատավճիռների եւ որոշումների բողոքարկումը
1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որն իր կարծիքով հիմնավոր չէ կամ ապօրինի է:
2. Դատարանների քրեական գործերով օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած մեղադրող դատախազը կամ վերադաս դատախազը:
3. Դատարանների քաղաքացիական կամ վարչական գործով պետական շահերին վերաբերող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը կարող է բողոքարկել դատական քննությանը մասնակցած դատախազը կամ վերադաս դատախազը:
4. Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական հայցի մասով դատախազի կողմից կարող է բողոքարկվել, եթե այն վերաբերում է պետական շահերին:
5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք կարող են բերել միայն գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները:
6. Պետական շահերին վերաբերող քաղաքացիական կամ վարչական այն գործով, որում դատախազությունը մասնակցություն չի ունեցել, օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ չմտած դատական ակտը կարող է բողոքարկել միայն այն դեպքում, եթե նշված գործով ներգրավված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ի պատասխան դատախազության հարցմանը հայտնել է, որ չի բողոքարկելու համապատասխան դատական ակտը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը դատախազության՝ սույն մասով նախատեսված հարցմանը պարտավոր է պատասխանել հարցումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:
7. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ՝ այլ դատախազ:
8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):
9. Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը:
10. Դատախազն իրավունք ունի դատարանում անարգել ծանոթանալու գործի նյութերին եւ անվճար ստանալու գործի նյութերի պատճենը:
Հոդված 28. Պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը
1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:
2. Սույն հոդվածի իմաստով պատիժ են համարվում քրեական օրենքով սահմանված պատժի տեսակները:
3. Սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դեպքերում ազատությունից զրկումը:
4. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի՝
1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման վայրերը, ինչպես նաեւ դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ.
2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, պրոբացիայի շահառուի անձնական գործին.
3) ստուգելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաեւ պատիժները եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրենքով սահմանված կարգին, հիմքերին ու պայմաններին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետեւանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը եւ այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընունած մարմնին կամ ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում ակտն ընդունած մարմնի համապատասխան վերադաս մարմնին կամ պաշտոնատար անձին, իսկ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ նաեւ իրավասու հանրապետական գործադիր մարմնի ղեկավարին.
4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.
5) անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաեւ այդ վայրերի պատժախցերում ապօրինի պահվող անձանց.
6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման կասկածի կամ պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրենքով սահմանված կարգի ու պայմանների խախտման դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորությունները դատախազն իրականացնում է նաեւ պրոբացիայի ծառայության կողմից ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների (այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետեւանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարման) կիրառման օրինականության նկատմամբ:
6. Դատախազը օրենքով սահմանված կարգով մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետեւանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:
Հոդված 29. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը
1. Դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների, պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
2. Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետեւյալ բացառիկ դեպքերում, երբ՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին՝ դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ.
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որեւէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:
3. Եթե դատախազը գտնում է, որ առկա են բավարար հիմքեր պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար, ապա իրավունք ունի մինչեւ հայց հարուցելը նախազգուշացնելու պետական շահերին վնաս հասցրած անձին վնասը կամովին հատուցելու մասին:
4. Սույն հոդվածի իմաստով հայց հարուցելու իրավասությունն ընդգրկում է այն բոլոր իրավունքների ու պարտականությունների շրջանակը, որոնք դատավարական օրենքով վերապահված են հայցվորին: Որպես պատասխանող դատախազը կարող է հանդես գալ միայն իր կողմից հարուցված պետական շահերի պաշտպանության հայցի քննության շրջանակներում ներկայացված հակընդդեմ հայցերով:
5. Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում դատախազը համապատասխան հայց հարուցելու նպատակով իրավունք ունի՝
1) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, բացառությամբ դատարանների, պետական (պետական բաժնեմասով) կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու հայց հարուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ.
2) անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային).
3) պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված իրավական ակտերը, փաստաթղթերը եւ այլ տեղեկությունները համապատասխան մարմինները պարտավոր են դատախազին տրամադրել ողջամիտ ժամկետում:
7. Եթե սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված մարմինները եւ կազմակերպությունները պետության գույքային շահերի պաշտպանության հայց են ներկայացնում դատարան կամ նրանց դեմ պետության գույքային շահերին առնչվող հայց է ներկայացվում, որոնցով հայցագնի չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը, ապա այդ մարմինները եւ կազմակերպությունները հայցի եւ գործով կայացված դատական ակտի (բացառությամբ միջանկյալ դատական ակտի) մասին տեղեկատվություն են ներկայացնում գլխավոր դատախազություն՝ հայցադիմումը ներկայացնելուց (ստանալուց) կամ դատական ակտը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:
Հոդված 30. Դատախազական ակտերը
1. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով դատախազն ընդունում է որոշում, արձակում հրաման կամ կարգադրություն, ներկայացնում միջնորդագիր, տալիս հանձնարարական, ինչպես նաեւ ընդունում է օրենքով նախատեսված այլ ակտեր:
2. Սույն օրենքով սահմանված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաեւ դատավարական օրենսգրքերով նախատեսված դեպքերում եւ կարգով դատախազն ընդունում է համապատասխան որոշումներ:
3. Հրամանը դատախազության գործունեության կազմակերպման, դատախազության լիազորությունների իրականացման քաղաքականության, դատախազության համակարգում առանձին հիմնարար հարցերի կարգավորման սույն օրենքով նախատեսված դեպքերում դատախազության կազմավորման եւ գործունեության կարգը սահմանող իրավական ակտ է, որն ընդունվում է գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից:
4. Կարգադրությունը դատախազության համակարգում կազմակերպական, արարողակարգային եւ նման այլ հարցերի կարգավորմանն ուղղված ներքին իրավական ակտ է, որն ընդունվում է վերադաս դատախազների կողմից:
5. Հանցագործության պատճառների եւ նպաստող պայմանների, ինչպես նաեւ պետական շահերի խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտման պատճառների եւ նպաստող պայմանների վերացման նպատակով դատախազը կարող է միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին, որը պարտավոր է դրա քննարկման արդյունքների եւ ձեռնարկած միջոցառումների մասին մեկամսյա ժամկետում գրավոր հայտնել միջնորդագիրը ներկայացրած դատախազին:
6. Հանձնարարականը իրենց իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված հրահանգ է կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալ որեւէ գործողություն կատարելուց:
ԳԼՈՒԽ 6.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 31. Դատախազությունում ենթակայությունը
1. Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության եւ միասնականության ապահովման սկզբունքի վրա:
2. Գլխավոր դատախազը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ:
3. Գլխավոր դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ՝ իր համակարգման ոլորտում:
4. Գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր դատախազների նկատմամբ:
5. Զինվորական դատախազը վերադաս է զինվորական դատախազի տեղակալների, զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազորների զինվորական դատախազությունների բոլոր դատախազների նկատմամբ: Զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը վերադաս է տվյալ ստորաբաժանման բոլոր դատախազների նկատմամբ:
6. Զինվորական դատախազի տեղակալը վերադաս է բոլոր դատախազների նկատմամբ՝ իր համակարգման ոլորտում:
7. Երեւան քաղաքի դատախազը վերադաս է Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազների, Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների բոլոր դատախազների նկատմամբ:
8. Մարզի դատախազը վերադաս է մարզի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:
9. Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազը վերադաս է Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:
10. Կայազորի զինվորական դատախազը վերադաս է կայազորի զինվորական դատախազության բոլոր դատախազների նկատմամբ:
Հոդված 32. Վերադաս եւ ստորադաս դատախազների փոխհարաբերությունները
1. Վերադաս դատախազը ստորադաս դատախազին կարող է հանձնարարական տալ: Վերադաս դատախազի հանձնարարականը պարտադիր է ստորադաս դատախազի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ստորադաս դատախազը գտնում է, որ նման հանձնարարականն անօրինական է կամ անհիմն: Այդ դեպքում ստորադաս դատախազը, առանց վերադաս դատախազի հանձնարարականը կատարելու, գրավոր առարկություն է ներկայացնում հանձնարարական տված դատախազի վերադասին, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականը տրվել է գլխավոր դատախազի կողմից:
2. Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի կողմից տրված հանձնարարականը համարել է անօրինական կամ անհիմն եւ դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարական տված դատախազի վերադասին ու վերջինիս կողմից հանձնարարականը համարվել է օրինական եւ հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից եւ գործը տեղափոխել իր կամ մեկ այլ դատախազի վարույթ:
3. Ստորադաս դատախազը պարտավոր է՝
1) վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն, իր վարույթում գտնվող գործեր եւ նյութեր,
2) կատարել վերադաս դատախազի բոլոր օրինական եւ հիմնավոր հանձնարարականները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքի,
3) ապահովել դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսոված իրավասության շրջանակում օրենքով իրենց վրա դրված լիազորությունների կատարումը:
4. Անմիջական վերադաս դատախազը՝
1) հետեւում է դատախազի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարման օրինականությանը, խախտում հայտնաբերելիս հանձնարարական է տալիս ստորադաս դատախազին, անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին,
2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաեւ դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջեւ.
3) իրականացնում է դատախազության՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավասության շրջանակում օրենքով վերադաս դատախազին եւ իրեն վերապահված այլ լիազորություններ:
5. Վերադաս դատախազը կոնկրետ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը կարող է հանձնարարել մի քանի դատախազների եւ նշանակել դատախազական խմբի ղեկավար: Դատախազական խմբի ղեկավարը կազմակերպում եւ համակարգում է դատախազական խմբի աշխատանքը:
6. Վերադաս դատախազն իրավասու է վերացնել կամ փոփոխել ստորադաս դատախազի անհիմն կամ անօրինական ակտերը, գործողությունը (անգործությունը)՝
1) դատախազի ակտերի կամ դատախազի գործողությունների (անգործության) դեմ օրենքով սահմանված կարգով իրավասու անձանց կողմից բերված բողոքները կամ առարկությունները լուծելիս կամ,
2) իր նախաձեռնությամբ ստորադաս դատախազի ակտերի օրինականությունը ստուգելիս:
7. Անմիջական վերադաս դատախազն իրավասու է իր որոշմամբ ստորադաս դատախազի վարույթից գործը տեղափոխել մեկ այլ դատախազի կամ իր վարույթ՝
1) օրենքով սահմանված կարգով ստորադաս դատախազին վարույթից հեռացնելու դեպքում կամ,
2) ստորադաս դատախազի նկատմամբ հայտնած բացարկը կամ ինքնաբացարկը բավարարելու դեպքում կամ,
3) ստորադաս դատախազի արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ,
4) ստորադաս դատախազի լիազորությունները օրենքով սահմանված կարգով դադարեցնելու կամ կասեցնելու դեպքում կամ,
5) ստորադաս դատախազի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կամ հիվանդության կամ իր լիազորությունների պատշաճ իրականացումն անհնարին դարձնող նմանատիպ այլ դեպքերում:
8. Վերադաս դատախազը ստորադաս դատախազին պատճառաբանված որոշմամբ կարող է հեռացնել վարույթից՝
1) ստորադաս դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կամ,
2) տվյալ գործով իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին իրազեկված լինելու պայմաններում ինքնաբացարկի միջնորդություն չներկայացնելու դեպքում:
9. Սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքերում վարույթից հեռացված դատախազի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կարող է հարուցվել կարգապահական վարույթ:
ԳԼՈՒԽ 7.
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 33. Դատախազ նշանակվելու համար ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Դատախազ կարող է նշանակվել 25-ից մինչեւ 65 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով,
2) տիրապետում է հայերենին,
3) ում նկատմամբ չի տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները,
4) ավարտել է համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում, եթե սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքերում չի ազատվում արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից,
5) ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երկու տարվա փորձառություն:
Հոդված 34. Դատախազ նշանակվելու սահմանափակումները
1. Դատախազ չի կարող նշանակվել այն անձը՝
1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչեւ դատվածությունը չի մարվել կամ հանվել.
3) ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ում նկատմամբ դիտավորյալ հանցագործության համար հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
6) ով ունի նաեւ այլ պետության քաղաքացիություն.
7) ով նախկինում դատախազի կամ դատավորի կամ քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքում, եթե կարգապահական տույժի կիրառումից չի անցել մեկ տարի:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:
Հոդված 35. Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները եւ գլխավոր դատախազի ընտրությունը
1. Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։
2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
3. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով ճանաչվելու եւ նրա կողմից գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրման եւ ընտրության կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:
4. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
5. Գլխավոր դատախազը պետք է համապատասխանի սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին, եւ չպետք է առկա լինի սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված որեւէ սահմանափակում:
6. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում եւ պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո՝ նախորդ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը, իսկ եթե ընտրվելու պահին գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է, ապա գլխավոր դատախազն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը մասնակցելուն հաջորդող օրվանից:
Հոդված 36. Գլխավոր դատախազի տեղակալին ներկայացվող պահանջները եւ նրա նշանակման կարգը
1. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
2. Գլխավոր դատախազի տեղակալը պետք է համապատասխանի սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ն եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին, եւ չպետք է առկա լինի սույն օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված որեւէ սահմանափակում:
3. Եթե գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն զբաղեցնում է դատախազի պաշտոն, ապա վերջինս Գլխավոր դատախազի կողմից խորհրդակցելով դատախազության կոլեգիայի հետ կարող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ՝ առանց սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվող մրցույթի: Սույն մասով գլխավոր դատախազի տեղակալ չնշանակելու դեպքում, գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուներն (թեկնածուն) ընտրվում են որակավորման հանձնաժողովի կողմից՝ սահմանած կարգով անցկացվող մրցույթի միջոցով՝ գաղտնի քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն վեց ձայնով ընդունված որոշմամբ: Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը: Գլխավոր դատախազը գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուներից մեկին նշանակում է գլխավոր դատախազի տեղակալ:
4. Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաեւ իրավունք ունի ներկայացնելու երաշխավորագրեր, ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:
5. Որակավորման հանձնաժողովը՝ գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոն առաջանալու դեպքում դրան հաջորդող յոթնօրյա ժամկետում առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատախազության կայքէջում հրապարակում է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտների ընդունման ժամկետը, վայրը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մրցույթն անցկացնելու վայրը, օրը եւ ժամը: Տվյալ պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման ժամկետը ոչ պակաս, քան մեկ շաբաթ, եւ ոչ ավելի, քան մեկ ամիս է:
6. Հայտների ընդունման մերժման վրա տարածվում են սույն օրենքի 38-րդ հոդվածի 6-7-րդ մասերով սահմանված նորմերը:
7. Մրցույթը անցկացվում է Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուի հետ անցկացվող հարցազրույցի միջոցով հետեւյալ փուլերով՝
1) յուրաքանչյուր թեկնածուի փաստաթղթերի եւ մասնագիտական փորձառության ուսումնասիրություն: Թեկնածուն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ, իսկ որակավորման հանձնաժողովի անդամները կարող են հարցեր տալ թեկնածուին՝ նրա մասնագիտական փորձառությունը, աշխատանքային ձեռքբերումները, գիտական հետաքրքրությունները, տվյալ պաշտոնում նրա մոտիվացիան, ակնկալիքները եւ այդ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները եւ արժանիքները գնահատելու համար.
2) դատախազի վարքագծի կանոններին եւ ղեկավարման ու կառավարչական հմտություններին վերաբերող իրավիճակի ներկայացմամբ թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն եւ դիրքորոշման ներկայացում՝ դատախազի վարքագծի կանոնների եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման եւ կառավարչական հմտությունների տիրապետման, ինչպես նաեւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ պաշտոնեական եւ արտապաշտոնեական հարաբերություններում, վերլուծական կարողություններ եւ այլն),
3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումներ եւ այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:
8. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
9. Գլխավոր դատախազի կողմից սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում գլխավոր դատախազի տեղակալ չնշանակելու կամ որակավորման հանձնաժողովի՝ սույն հոդվածի 3-րդ մասով ընտրված թեկնածուների թվից գլխավոր դատախազի տեղակալ չնշանակելու դեպքերում, ինչպես նաեւ եթե մրցույթի արդյունքներով որակավորման հանձնաժողովը չի ընտրում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու, ապա սույն հոդվածով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ:
10. Մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:
Հոդված 37. Դատախազությունում պաշտոնների դասակարգումը
1. Դատախազությունում պաշտոնները դասակարգվում են հետեւյալ աստիճանակարգությամբ՝
1) գլխավոր դատախազ.
2) գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ.
3) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, Երեւան քաղաքի դատախազ, զինվորական դատախազի տեղակալ.
4) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազ, մարզի դատախազ, կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ.
5) գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներ եւ դատախազներ, Երեւան քաղաքի վարչական շրջանների տեղակալներ, մարզերի դատախազների տեղակալներ, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազներ, կայազորների զինվորական դատախազների տեղակալներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ.
6) Երեւան քաղաքի դատախազության դատախազներ, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ եւ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ:
Հոդված 38. Դատախազների թեկնածությունների ցուցակի կազմումը
1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրվում է բաց եւ փակ մրցույթի միջոցով: Բաց մրցույթը անցկացվում է դատախազության որակավորման հանձնաժողովի կողմից տարին մեկ անգամ՝ որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Դատախազների թեկնածությունների ցուցակում լրացումներ կատարելու համար գլխավոր դատախազի հանձնարարությամբ տարվա ընթացքում կարող է անցկացվել հավակնորդների փակ մրցույթ: Բաց եւ փակ մրցույթների կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:
2. Որակավորման հանձնաժողովը դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի ժամկետի, վայրի, անհրաժեշտ փաստաթղթերի մասին առնվազն մեկ ամիս առաջ հրապարակում է հայտարարություն՝ 3000 տպաքանակ ունեցող մամուլում եւ Հայաստանի Հանրապետության դատախազության կայքէջում:
3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձը պարտավոր է ներկայացնել՝
1) դիմում որակավորման հանձնաժողովի նախագահի անունով.
2) անձը հաստատող փաստաթուղթ.
3) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության եւ դիպլոմների ճանաչելիության մասին)
4) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդ է).
6) դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին կառավարության կողմից սահմանված կարգով տրված փաստաթուղթ.
7) իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում նաեւ գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ:
4. Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաեւ երաշխավորագրեր:
5. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, եւ դրանք ենթակա են վերադարձման որակավորման հանձնաժողովի կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Որակավորման հանձնաժողովի՝ հայտի ընդունումը մերժելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել մերժումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը թերի լինելու դեպքում, այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում 3-օրյա ժամկետում: Թերությունները կարող են վերացվել հայտների ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:
6. Որակավորման հանձնաժողովի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման եւ դատախազների թեկնածությունների ցուցակի կազմման՝ սույն օրենքով նախատեսված ընթացակարգը: Որակավորման հանձնաժողովի՝ հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հայտատուի հայտը ենթակա է քննարկման որակավորման հանձնաժողովի կողմից, իսկ եթե մրցույթի անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու մասնակցել այդ մրցույթին, իսկ եթե մրցույթը ավարտվել է, ապա արտահերթ մրցույթին:
7. Որակավորման հանձնաժողովը ստուգում է հայտատուի մասնագիտական պատրաստվածությունը, գործնական հմտությունները, իր կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական որակները եւ արժանիքները (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ եւ այլն), ինչպես նաեւ նրա կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին: Այն դեպքերում, երբ հայտատուն իրավաբանական գիտությունների թեկնածու է կամ իրավաբանական գիտությունների դոկտոր եւ ունի գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ, ապա որակավորման հանձնաժողովը ստուգում է միայն հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքով նախատեսված պահանջներին, նրա անձնական որակները եւ արժանիքները՝ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար (ինքնատիրապետում, վարվեցողություն, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, վերլուծական կարողություններ, համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ դիրքորոշման ներկայացում):
8. Այն հայտատուների թեկնածությունները, որոնց վերաբերյալ որակավորման հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ներկայացվում են գլխավոր դատախազին: Գլխավոր դատախազն իրավունք ունի ներկայացված հայտատուներին ընդգրկել դատախազների թեկնածությունների ցուցակում: Ցուցակում հայտատուին չընդգրկելու վերաբերյալ Գլխավոր դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հայտատուի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով:
9. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը արդարադատության ակադեմիայում անցնում է ուսումնառության ծրագիր, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված անձանց եւ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավաբան գիտնականների:
10. Անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց, եթե՝
1) վերջին 5 տարվա ընթացքում ունի դատավորի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոնում կամ փաստաբանի առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ կամ,
2) վերջին 10 տարվա ընթացքում ունի դատախազի առնվազն 4 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ, եթե վերջինս պաշտոնից ազատվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-6-րդ, 9-րդ կետերով, եւ 63-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ,
3) իրավաբանական գիտությունների դոկտոր է եւ ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 3 տարվա ստաժ.
4) իրավաբանական գիտությունների թեկնածու է եւ ունի իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա ստաժ:
11. Որակավորման հանձնաժողովը Արդարադատության ակադեմիայում սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է քննության առնել հայտատուին միաժամանակ դատախազների թեկնածությունների եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու հարցը:
Հոդված 39. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները
1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են՝
1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ,
2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ,
3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:
2. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակները ձեւավորվում են որակավորման հանձնաժողովի կողմից գլխավոր դատախազի հրամանով՝
1) դատախազների հերթական ատեստավորման ժամանակ.
2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազը առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով՝ դատախազին առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ՝ ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի՝ ոլորտը համակարգող տեղակալի կողմից տրված համապատասխան գնահատագիր: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում.
3) սույն օրենքի 38-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով, երբ որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում Արդարադատության ակադեմիայում սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձին միաժամանակ դատախազների թեկնածությունների եւ սույն հոդվածով սահմանված ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկելու վերաբերյալ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դատախազության առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը, կամ վերջին 5 տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն 3 տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 4 տարի դատախազ աշխատած անձն, ով չունի կարգապահական տույժ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դատախազության առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը, կամ վերջին 5 տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն 2 տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատախազ աշխատած անձն, ով չունի կարգապահական տույժ:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դատախազության առաջխաղացման ցուցակում կարող են ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը, կամ վերջին 5 տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն 1 տարի աշխատած անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի դատախազ աշխատած անձն, ով չունի կարգապահական տույժ:
Հոդված 40. Դատախազների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը
1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի հրամանով հանվում է ցուցակից, եթե՝
1) նա նշանակվել է դատախազի պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) լրացել է նրա 65 տարին.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.
7) ի հայտ են եկել սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկը.
8) արդարադատության ակադեմիայում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձաշրջանը.
9) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.
10) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից.
11) նա դատախազների թեկնածությունների ցուցակ ընդգրկվելու օրվանից յոթ տարի անընդմեջ չի նշանակվել դատախազի պաշտոնում.
12) նա մահացել է:
2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է գլխավոր դատախազին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:
Հոդված 41. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակից դատախազներին հանելու հիմքերը
1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձը գլխավոր դատախազի հրամանով հանվում է ցուցակից, եթե՝
1) նա նշանակվել է դատախազի առաջխաղացման ցուցակում ընդգրկված համապատասխան պաշտոնում.
2) նա դիմում է այդ մասին.
3) լրացել է նրա 65 տարին.
4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
5) սույն օրենքով սահմանված կարգով ազատվել է պաշտոնից.
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած.
7) ի հայտ են եկել սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկը.
8) եթե նա հանվել է դատախազների թեկնածությունների ցուցակից, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքի.
9) առանց հարգելի պատճառի չի անցել պարտադիր վերապատրաստման ծրագիրը.
10) նա մահացել է:
2. Անձին ցուցակից հանելն արգելք չէ նրան օրենքով սահմանված կարգով ցուցակում կրկին ընդգրկելու համար, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 7-րդ կետերով սահմանված հիմքերով ցուցակից հանելու դեպքերի:
Հոդված 42. Դատախազին պաշտոնի նշանակելու կարգը
1. Դատախազության սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից՝ տվյալ պաշտոնում նշանակվելու համար որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում:
2. Դատախազության սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը համապատասխանաբար սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց թվից:
3. Դատախազության սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտել են համապատասխան ուսումնառությունը արդարադատության ակադեմիայում կամ սույն օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել արդարադատության ակադեմիայում ուսումնառությունից:
4. Սույն օրենքով սահմանված կարգով դատախազին սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված աստիճանակարգության համապատասխան՝ նույն աստիճանի մեկ այլ պաշտոնում նշանակում կատարելու դեպքում դատախազը կրկին չի ընդգրկվում դատախազների թեկնածությունների կամ ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակներում:
Հոդված 43. Դատախազի երդումը
1. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնելիսԱզգային ժողովում պատգամավորների ներկայությամբ տալիս է հետեւյալ երդումը.
«Ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ, անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:
2. Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված հետեւյալ երդմամբ.
«Պաշտոնեական լիազորություններս իրականացնելիս, երդվում եմ, անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը:»:
3. Դատախազի երդում տալու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 44. Դատախազության դասային աստիճանները
1. Դատախազությունում սահմանվում են հետեւյալ դասային աստիճանները.
1) արդարադատության պետական խորհրդական.
2) արդարադատության առաջին դասի պետական խորհրդական.
3) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական.
4) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.
5) արդարադատության առաջին դասի խորհրդական.
6) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
7) արդարադատության երրորդ դասի խորհրդական.
8) առաջին դասի խորհրդական.
9) երկրորդ դասի խորհրդական.
10) երրորդ դասի խորհրդական:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված դասային աստիճանները բարձրագույն դասային աստիճաններ են, որոնք շնորհում է Հանրապետության Նախագահը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-10-րդ կետերով սահմանված դասային աստիճանները շնորհում է գլխավոր դատախազը:
4. Դատախազության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:
Հոդված 45. Դատախազության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:
2. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը:
3. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
5. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
6. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
7. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) եւ միայն զինվորական կամ այլ հատուկ կոչում (ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության, քրեակատարողական, մաքսային, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության համապատասխան կոչում, դասային աստիճան, դատավորներին նախկինում շնորհված որակավորման դաս) ունեցող անձանց դատախազի պաշտոնում նշանակելիս նրանց զինվորական կամ այլ հատուկ կոչումը համապատասխանեցվում է դատախազի համապատասխան դասային աստիճանին: Զինվորական կամ այլ հատուկ կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 46. Դատախազության դասային աստիճանների շնորհման կարգը եւ ժամկետները
1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է եւ շնորհվում է դատախազությունում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս, բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի: Դատախազության մյուս պաշտոններում նշանակվելիս դատախազին շնորհվում է սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը:
2. Եթե սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է դատախազության տվյալ պաշտոնին նշանակվելու համար սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան:
3. Դատախազներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում պաշտոնավարման սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ տասը օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
4. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանների շնորհման համար սահմանվում են պաշտոնավարման հետեւյալ ժամկետները.
1) երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 2 տարի.
2) երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
3) առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 3 տարի.
4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 4 տարի.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար՝ 5 տարի:
5. Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում:
6. Դատախազության նախորդ դասային աստիճանը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից, իսկ սույն օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից:
7. Դատախազի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝
1) սույն օրենքի 50-րդ հոդվածի 7-8-րդ մասերով սահմանված կարգով հետաձգվել է նրա ատեստավորումը՝ մինչեւ նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը.
2) նրա նկատմամբ սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված կարգով որակավորման հանձնաժողովը ընդունել է լրացուցիչ վերապատրաստում անցնելու որոշում՝ մինչեւ վերապատրաստման ավարտը.
3) նա ունի կարգապահական տույժ՝ մինչեւ կարգապահական տույժի սույն օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելը.
4) նրա նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով հարուցվել է կարգապահական վարույթ՝ մինչեւ վարույթի արդյունքներով համապատասխան որոշում ընդունել.
5) նրա լիազորությունները սույն օրենքով սահմանված կարգով կասեցվել են՝ մինչեւ կասեցման հանգամանքների վերանալը:
8. Հերթական դասային աստիճանի շնորհման հետաձգման սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո տասը օրվա ընթացքում դատախազին շնորհվում է հերթական դասային աստիճանը:
9. Դատախազին սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում դասային աստիճանին շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
ԳԼՈՒԽ 8.
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 47. Դատախազի իրավունքները
1. Դատախազն իրավունք ունի՝
1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին եւ այլ փաստաթղթերին, ինչպես նաեւ ներկայացնելու պարզաբանումներ.
2) պաշտոնեական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ստանալու անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր.
3) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր եւ ընդունելու որոշումներ.
4) ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն, հավելավճարներ եւ այլ վճարներ.
5) իրավական պաշտպանության, սոցիալական պաշտպանության եւ ապահովության.
6) օրենքով սահմանված կարգով ծառայողական առաջխաղացման եւ դասային աստիճանի բարձրացման,
7) վերապատրաստվելու սահմանված կարգերով եւ դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
8) առաջարկություններ ներկայացնելու դատախազության գործունեության կատարելագործման վերաբերյալ:
2. Դատախազն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
Հոդված 48. Դատախազի պարտականությունները
1. Դատախազը պարտավոր է՝
1) տիրապետելու զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) կատարել Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները.
3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում եւ գործնական հմտություններ.
4) իր լիազորություններն իրականացնելիս ապահովել մարդու եւ քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
5) պահպանել աշխատանքային կարգապահությունը, ինչպես նաեւ դատախազի վարքագծի կանոնները
6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
7) սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում անցնել ատեստավորում եւ վերապատրաստում.
8) պահպանել սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները եւ անհամատեղելիության պահանջները:
2. Դատախազն ունի նաեւ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 49. Դատախազի նկատմամբ կիրառվող սահմանափակումները եւ անհամատեղելիության պահանջները
1. Դատախազը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն՝ առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
2.Դատախազը չի կարող համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր եւ ամուսնու քույր) հետ, եթե նրանց պաշտոնավարումը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության հետ:
3. Դատախազն իրավունք չունի լինելու տնտեսական ընկերությունների մասնակից կամ վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, դատախազը ներգրավվում է նաեւ այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:
4. Դատախազն իրավունք չունի՝
1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.
2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.
3) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց.
4) հոնորար ստանալու պաշտոնեական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար, բացառությամբ գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից բխող հրապարակումների կամ ելույթների.
5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.
6) պաշտոնեական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
5. Դատախազի կողմից իրականացվող գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքը չպետք է խոչընդոտի իր պարտականությունների իրականացմանը:
Հոդված 50. Դատախազի ատեստավորումը
1. Դատախազների ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին դատախազների մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու, ինչպես նաեւ ծառայողական առաջխաղացման նպատակով:
2. Դատախազները երեք տարին մեկ անցնում են ատեստավորում: Դատախազի պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը անցնում է ատեստավորումը պաշտոնի նշանակվելուց երեք տարի հետո:
3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
4. Դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանով՝ իր պատճառաբանված որոշմամբ կամ դատախազի ցանկությամբ:
5. Ատեստավորումն անցկացվում է դատախազի անմիջական մասնակցությամբ:
6. Ատեստավորման ենթակա չեն՝
1) գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները.
2) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, Երեւան քաղաքի դատախազը, զինվորական դատախազի տեղակալը, Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազը, մարզի դատախազը, կայազորի զինվորական դատախազը, գլխավոր դատախազության ավագ դատախազը.
3) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները, եթե նրանք ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
7. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող դատախազները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ դատախազները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: դատախազի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
9. Ատեստավորման ենթակա դատախազները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական վերադաս դատախազը ներկայացնում է դատախազի գնահատագիրը:
11. Գնահատագիրը պետք է բովանդակի տվյալներ դատախազի մասին, նրա գործնական, անձնական հատկանիշների եւ պաշտոնեական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դատախազի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անգամ անմիջական վերադաս դատախազին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:
12. Դատախազն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր գնահատագրին: Իր գնահատագրի վերաբերյալ դատախազը կարող է գրավոր անհամաձայնություն հայտնել անմիջական վերադաս դատախազին կամ վերադաս դատախազին, ինչպես նաեւ Որակավորման հանձնաժողովին:
13. Սույն հոդվածով սահմանված կարգով գնահատագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դատախազի ատեստավորման արդյունքում կայացրած որոշման վրա:
14. Որակավորման հանձնաժողովն ատեստավորման արդյունքներով ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ սույն օրենքով սահմանված կարգով ներառելով դատախազների ծառայողական առաջխաղացման համապատասխան ցուցակում.
3) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ լրացուցիչ վերապատրաստում անցնելու պայմանով.
4) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով արտահերթ դասային աստիճան շնորհելու մասին.
5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով ավելի ցածր պաշտոնի փոխադրելու մասին.
6) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ միջնորդելով պաշտոնից ազատելու մասին:
15. Սույն հոդվածի 14-րդ մասով կայացված որոշման մասին որակավորման հանձնաժողովն ատեստավորման օրը հայտնում է դատախազին: Դատախազն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման որոշմանը, ինչպես նաեւ եռօրյա ժամկետում բողոքարկելու այն գլխավոր դատախազին:
16. Որակավորման հանձնաժողովի որոշումը եւ ատեստավորման արդյունքները որակավորման հանձնաժողովի նախագահն ատեստավորման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ներկայացնում է գլխավոր դատախազին:
17. Գլխավոր դատախազն որակավորման հանձնաժողովի սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով կայացված որոշման եւ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
18. Գլխավոր դատախազն որակավորման հանձնաժողովի սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման եւ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է համապատասխան վերապատրաստումն անցնելուց հետո ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
19. Գլխավոր դատախազն որակավորման հանձնաժողովի սույն հոդվածի 14-րդ մասի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետով կայացված որոշման եւ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան միջնորդությունները բավարարելու կամ մերժելու մասին որոշում է ընդունում ոչ ուշ, քան որակավորման հանձնաժողովի որոշումն ու ատեստավորման արդյունքները ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
20. Որակավորման հանձնաժողովի սույն հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշումը Արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ուղարկվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
21. Դատախազի կողմից ատեստավորման որոշման բողոքարկելու դեպքում Գլխավոր դատախազը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ՝ բողոքը ստանալու պահից 5-օրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը բավարարելու որոշում կայացնելու դեպքում դատախազը ատեստավորում է անցնում որոշման կայացման պահից 3-օրյա ժամկետում: Գլխավոր դատախազի կողմից բողոքը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
22. Դատախազների ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 51. Դատախազի վերապատրաստումը եւ մասնակցությունը կրթական այլ ծրագրերին
1. Բոլոր դատախազները, բացառությամբ գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս քան, երկու տարին մեկ անգամ անցնել վերապատրաստում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի:
2. Վերապատրաստումը եւ լրացուցիչ վերապատրաստումը իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Վերապատրաստման ենթակա, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով լրացուցիչ վերապատրաստման ենթակա դատախազների ցուցակը հաստատվում է գլխավոր դատախազի հրամանով եւ Արդարադատության ակադեմիայի ռեկտորին է ուղարկվում Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Դատախազները պարտավոր են անցնել լրացուցիչ վերապատրաստում՝
1) «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքում.
2) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով կայացված որոշման դեպքում:
5. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստում անցնելու ընթացքում պահպանվում է դատախազի պաշտոնը եւ դրա համար սահմանված աշխատավարձը:
6. Դատախազն իրավունք ունի մասնակցելու կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին կամ օրերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի ոլորտը համակարգող տեղակալը: Համապատասխան թույլտվություն ստացած դատախազի՝ այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատախազի բացակայությունը համարվում է հարգելի՝ աշխատավարձի պահպանմամբ:
ԳԼՈՒԽ 9.
ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 52. Խրախուսանքի տեսակները եւ հիմքերը
1.Երկարամյա ծառայության (պաշտոնավարման) կամ պաշտոնեական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար դատախազի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) դրամական պարգեւատրում.
3) հուշանվերով, մեդալով կամ կրծքանշանով պարգեւատրում.
4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում՝ 10 օրով.
5) «Դատախազության պատվավոր աշխատող» կոչման շնորհում եւ համապատասխան կրծքանշանով պարգեւատրում.
6) արտահերթ դասային աստիճանի շնորհում.
7) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած դասային աստիճանի համար սույն օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը:
2. Կարգապահական տույժ ունեցող դատախազի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել միայն նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքը դատախազի նկատմամբ կարող է կիրառվել պաշտոնավարման ամբողջ ընթացքում մեկ անգամ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակները կիրառում է գլխավոր դատախազը:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 6-7-րդ կետերով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է նման դասային աստիճան շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խրախուսման տեսակը կիրառում է տվյալ տեսակի կարգապահական տույժը նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
7. Դատախազության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել գլխավոր դատախազի սահմանած կարգով:
8. Դատախազի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել եթե նրա նկատմամբ ընդունվել է սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 5-6-րդ կետերով սահմանված որոշումը կամ նա համարվում է կարգապահական տույժ ունեցող, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի:
9. Խրախուսման ներկայացնելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 53. Կարգապահական պատասխանատվության հիմքերը
1. Դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.
2) դատախազի վարքագծի կանոնները խախտելը.
3) աշխատանքային ներքին կարգապահական կանոնների պարբերաբար խախտելը.
4) սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը:
Հոդված 54. Կարգապահական տույժերը
1. Դատախազի նկատմամբ կարող են նշանակվել հետեւյալ կարգապահական տույժերը՝
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.
4) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պաշտոնից ազատում:
2. Կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը եւ մեղավորության աստիճանին:
3. Մեկ կարգապահական խախտման համար դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ: Մեկ կարգապահական վարույթի շրջանակներում, անգամ եթե նույն դատախազը կատարել է մի քանի կարգապահական խախտում, դատախազի նկատմամբ կարող է նշանակվել միայն մեկ կարգապահական տույժ:
4. Կարգապահական տույժի ենթարկված դատախազը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվությունից:
5. Պաշտոնից ազատում կարգապահական տույժը կարող է նշնակվել դատախազի կողմից այնպիսի արարք կատարելու դեպքում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ անհամատեղելի է դատախազի պաշտոնի հետ:
Հոդված 55. Կարգապահական տույժ նշանակելու իրավասությունը
1. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերը նշանակում է գլխավոր դատախազը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Գլխավոր դատախազը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող դատախազների նկատմամբ կարգապահական տույժ նշանակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացության հիման վրա՝ եզրակացությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում:
2. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժը գլխավոր դատախազի տեղակալների եւ դատախազների նկատմամբ գլխավոր դատախազը նշանակում է Էթիկայի հանձնաժողովի համապատասխան դրական եզրակացության հիման վրա:
3. Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների նկատմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ: Սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը գլխավոր դատախազի նկատմամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Հոդված 56. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը եւ ժամկետները
1. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվում է գլխավոր դատախազի կողմից՝
1) իր նախաձեռնությամբ կամ.
2) սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատախազների միջնորդությունների հիման վրա, կամ.
3) ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումների, զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա.
4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով գլխավոր դատախազին դիմելու մասին դատարանի սանկցիայի հիման վրա:
2. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով բարձրաստիճան պաշտոնատար անձ համարվող դատախազին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդում կամ միջնորդություն ստանալու դեպքում գլխավոր դատախազը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ էթիկայի հանձնաժողովը 3-օրյա ժամկետում հաղորդումը կամ միջնորդությունը ուղարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եթե բարձրաստիճան պաշտոնատար անձ համարվող դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնողը գլխավոր դատախազն է, ապա նա 3-օրյա ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացնում տեղեկատվություն դատախազի կողմից սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու փաստի մասին:
3. Կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդություն գլխավոր դատախազին ներկայացնելու իրավունք ունեն՝
1) գլխավոր դատախազի տեղակալը՝ իր համակարգման ոլորտում գտնվող դատախազների կողմից կատարված կարգապահական խախտումների համար.
2) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը՝ տվյալ ստորաբաժանման դատախազների կողմից կատարված կարգապահական խախտումների համար, ինչպես նաեւ սույն օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում.
3) զինվորական դատախազը՝ զինվորական կենտրոնական դատախազության եւ կայազորների զինվորական դատախազության դատախազների կողմից կատարված կարգապահական խախտումների համար.
4) Երեւան քաղաքի դատախազը՝ Երեւան քաղաքի դատախազության դատախազների, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազների եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից կատարված կարգապահական խախտումների համար.
5) Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազը՝ տվյալ վարչական շրջանի դատախազության դատախազների կողմից կատարված կարգապահական խախտումների համար.
6) մարզի դատախազը՝ տվյալ մարզի դատախազության դատախազների կողմից կատարված կարգապահական խախտումների համար.
7) կայազորի զինվորական դատախազը՝ կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից կատարված կարգապահական խախտումների համար:
4. Էթիկայի հանձնաժողովին հասցեագրված՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հաղորդումների հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունի նաեւ էթիկայի հանձնաժողովը նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Նիստի անցկացման կարգի վրա տարածվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասով նախատեսված նորմերը:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված միջնորդությունները, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաղորդումներն ու հրապարակումներն ինքնին կարգապահական վարույթ հարուցելու հիմք չեն:
6. Կարգապահական վարույթը հարուցելու եւ իրականացնելու, այդ թվում՝ սույն հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերով սահմանված իրավունքների եւ պարտականությունների իրականացման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
7. Իր կամ էթիկայի հանձնաժողովի՝ կարգապահական վարույթ հարուցելու որոշման հիման վրա գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում ստեղծում է դատախազներից կազմված կարգապահական վարույթ իրականացնող հանձնախումբ կամ դրա իրականացումը հանձնարարում է մեկ դատախազի:
8. Կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական խախտում հայտնաբերելու օրվանից՝ 30-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ քան այն կատարելու օրվանից 12 ամսվա ընթացքում:
9. Կարգապահական վարույթի տեւողությունը չի կարող գերազանցել 21 օրը սկսած կարգապահական վարույթ հարուցելու օրվանից, բացառությամբ կարգապահական ստուգումների, դատախազի հարգելի պատճառով բացակայության, հիվանդության, գործուղման դեպքերի: Այս դեպքում կարգապահական վարույթի տեւողությունը վարույթ հարուցած անձի կողմից կարող է երկարաձգվել կարգապահական ստուգումների, հիվանդության, գործուղման կամ դատախազի հարգելի պատճառով բացակայության ժամանակահատվածով:
10. Կարգապահական վարույթի հարուցման եւ կարգապահական տույժի նշանակման որոշումների մասին դատախազին հաղորդվում է համապատասխանաբար կարգապահական վարույթ հարուցելու եւ կարգապահական տույժ նշանակելու որոշումները կայացնելու օրվանից ոչ ուշ, քան քան 3-օրյա ժամկետում:
11. Առերեւույթ կարգապահական խախտման մեջ կասկածվող դատախազն իրավունք ունի՝
1) ծանոթանալու իր իրավունքներին եւ պարտականություններին.
2) իմանալ, թե ինչ կարգապահական խախտում է իրեն վերագրվում, պարզաբանում տալ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի առնչությամբ.
3) միջնորդություններ ներկայացնելու կարգապահական վարույթի ընթացքում առանձին գործողություններ կատարելու համար, ինչպես նաեւ ներկայացնելու նյութեր, իր պարզաբանումները հիմնավորող փաստական տվյալներ՝ կարգապահական վարույթի նյութերին կցելու համար.
4) բացարկ հայտնել կարգապահական վարույթ իրականացնող անձին, եթե կան հիմքեր ենթադրելու, որ կարգապահական վարույթ իրականացնող անձը ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է կարգապահական վարույթի ելքով: Բացարկը լուծում է Գլխավոր դատախազը.
5) ծանոթանալու կարգապահական վարույթի նյութերին, բացառությամբ՝ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների, եթե չունի դրանց առնչվելու թույլտվություն, ինչպես նաեւ կարգապահական վարույթի ընթացքի, նյութերի վերաբերյալ ներկայացնելու առաջարկություններ, դիտողություններ եւ միջնորդություններ.
6) օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
12. Դատախազը պարտավոր է կարգապահական վարույթն իրականացնողի պահանջով ներկայացնել կարգապահական վարույթի իրականացման համար անհրաժեշտ իր մոտ եղած փաստաթղթեր, առարկաներ եւ նյութեր:
13. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հաղորդումը պետք է պարունակի՝
1) այն ներկայացնող անձի անուն, ազգանուն, ծանուցման հասցե եւ այն դատախազի վերաբերյալ տվյալներ, որի դեմ կարգապահական վարույթ կարող է հարուցվել,
2) կարգապահական խախտումներ համարվող արարքների եւ դրանց կատարման տեղի ու ժամանակի նկարագրություն,
3) հնարավորության դեպքում ներկայացվող տվյալները հիմնավորող նյութեր,
4) հաղորդումը ներկայացրած անձի կամ մարմնի ստորագրություն:
14. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում կարգապահական վարույթ իրականացնողը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ պահանջել հաղորդումը ներկայացրած անձից կամ մարմնից:
15. Սույն հոդվածի 13-րդ մասով սահմանված պահանջներին չհամապատասխանող հաղորդումը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերադարձվում է հաղորդումը ներկայացրած անձին կամ մարմնին:
16. Դատախազը իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:
Հոդված 57. Էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգը
1. Կարգապահական վարույթի ավարտից հետո 7-օրյա ժամկետում գլխավոր դատախազը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը (սույն հոդվածում այսուհետ՝ հարց), որը կարող է ներառել նաեւ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն, ներկայացնում է Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
2. Էթիկայի հանձնաժողովի այն դատախազ անդամը, ում վերաբերյալ հարցը ներկայացվել է Էթիկայի հանձնաժողովի քննարկմանը, չի մասնակցում այդ քննարկմանը: Եթե այդ անդամը Էթիկայի հանձնաժողովի նախագահն է, ապա Էթիկայի հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի անդամներից ընտրում է Էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր նախագահ:
3. Էթիկայի հանձնաժողովը հարցը քննում է դրա համար հրավիրված նիստում եւ գաղտնի քվեարկությամբ որոշում է կարգապահական խախտման փաստի առկայությունը, կատարված կարգապահական խախտման մեջ դատախազի մեղավորության հարցը, իսկ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում՝ նաեւ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու հնարավորության հարցը:
4. Էթիկայի հանձնաժողովի նիստը էթիկայի հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տարիքով ավագ անդամի կողմից հրավիրվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարցը ներկայացնելուց հետո՝ 7-օրյա ժամկետում: Նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում են առնվազն հինգ անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նիստը վարում է տարիքով ավագ անդամը:
5. Էթիկայի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարգապահական վարույթի արդյունքներով ձեռք բերված տվյալները գնահատում է իր ներքին համոզմամբ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ:
6. Սույն հոդվածով սահմանված կարգով հարցի քննարկման արդյունքում Էթիկայի հանձնաժողովը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝
1) կարգապահական խախտման փաստի բացակայության մասին.
2) կարգապահական խախտման առկայության եւ դատախազի մեղավորության մասին.
3) կարգապահական խախտման առկայության եւ դատախազի մեղավորության բացակայության մասին:
7. Կարգապահական խախտման առկայության եւ դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու դեպքում Էթիկայի հանձնաժողովը սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժ նշանակելու միջնորդություն ներկայացրած լինելու դեպքում որոշում է կայացնում նաեւ բացասական կամ դրական եզրակացություն տալ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ:
8. Սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված որոշում կայացնելու դեպքում, ինչպես նաեւ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը եռօրյա ժամկետում նշանակում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան կարգապահական տույժի տեսակներից մեկը:
9. Կարգապահական խախտման առկայության եւ դատախազի մեղավորության մասին որոշում կայացնելու եւ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ նշանակելու վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու դեպքում գլխավոր դատախազը կարող է նշանակել «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տեսակը:
10. Դատախազը կարող է դիմել Էթիկայի հանձնաժողովին դատախազի վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ ստանալու խնդրանքով:
Հոդված 58. Կարգապահական տույժը հանելը եւ մարելը
1. Սույն օրենքով սահմանված կարգով նշանակված կարգապահական տույժը համարվում է մարված, եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել:
2. «Պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժեր նշանակվելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն անցնելուց հետո անձի նախկին կարգավիճակը չի վերականգնվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:
3. Կարգապահական տույժն այն նշանակող անձի որոշմամբ կարող է հանվել, բացառությամբ «պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի, մինչեւ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ 6 ամիսը լրանալը, սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում:
4. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի նշանակման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար նախկին պաշտոնում կամ դրան համարժեք այլ պաշտոնում, կամ նախկին դասային աստիճանի վերականգնումը կարող է իրականացվել դատախազների հերթական ատեստավորման, իսկ գլխավոր դատախազի որոշմամբ նաեւ արտահերթ ատեստավորման արդյունքների հիման վրա:
ԳԼՈՒԽ 10.
ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ, ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 59. Դատախազին գործուղելը
1. Դատախազը, առանց իր համաձայնության, իր զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու պայմանով կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղվել գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազության կառուցվածքային այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն՝ վերջինիս կազմում դատախազների ժամանակավոր բացակայության կամ թափուր հաստիքների պատճառով: Դատախազը ենթակա չէ գործուղման, եթե բժշկի եզրակացության համաձայն դա կարող է վատթարացնել նրա կամ նրա հետ համատեղ ապրող ընտանիքի անդամի առողջական վիճակը:
2. Դատախազի գործուղումը կատարվում է գլխավոր դատախազի հրամանով: Զինվորական դատախազության դատախազին կարող է գործուղել նաեւ զինվորական դատախազը:
3. Գործուղումը կարող է երկարաձգվել դատախազի գրավոր համաձայնությամբ:
4. Գործուղված դատախազի աշխատավարձը չի կարող լինել ավելի պակաս, քան իր պաշտոնում ստացած աշխատավարձը: Եթե թափուր հաստիքի վրա գործուղվելիս դատախազի տվյալ պաշտոնի աշխատավարձը բարձր է իր պաշտոնում ստացած աշխատավարձից, ապա գործուղված դատախազը ստանում է ավելի բարձր աշխատավարձը:
5. Դատախազը գործուղման ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, առանց իր համաձայնության կրկին չի կարող գործուղվել:
Հոդված 60. Դատախազին ցածր պաշտոնի փոխադրելը
1. Դատախազին չի կարելի իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Դատախազին իր զբաղեցրած պաշտոնից ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է՝
1) դատախազի դիմումի հիման վրա.
2) երբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժ.
3) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 5-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 50-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշմամբ:
Հոդված 61. Դատախազի լիազորությունները կասեցնելը
1. Դատախազի լիազորությունները կասեցվում են դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում՝ մինչեւ համապատասխան վերջնական որոշման ընդունումը:
2. Դատախազի լիազորությունները կարող են կասեցվել դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում՝ մինչեւ տվյալ վարույթով վերջնական որոշման ընդունումը:
3. Դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով:
4. Դատախազի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:
Հոդված 62. Դատախազին պաշտոնից ազատելը
1. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք են՝
1) անձնական դիմումը.
2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը՝ 65 տարին լրանալը.
3) դատախազի մահը.
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,
5) հաստիքի կրճատումը.
6) դատախազության կառուցվածքային այլ ստորաբաժանում կամ այլ դատախազություն փոխադրվելուց հրաժարվելը, դատախազության կառուցվածքային այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա պաշտոն է զբաղեցրել.
7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելը կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
8) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկի ի հայտ գալը.
9) սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժի նշանակումը.
10) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտը, որով ապացուցված է, որ նա այդ պաշտոնում նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ.
11) սույն օրենքի 50-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով սահմանված միջնորդության հիման վրա սույն օրենքի 50-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով կայացված որոշումը.
12) նրա նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.
13) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով:
2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ նաեւ ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում դատախազներն ընդգրկվում են դատախազների ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից 3 ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:
4. Դատախազների ռեզերվում ընդգրկվելու եւ ռեզերվից հանելու կարգը սահմանում է Գլխավոր դատախազը:
Հոդված 63. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը
1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝
1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը՝ 65 տարին լրանալը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը.
4) նրա մահը.
5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկի ի հայտ գալը.
6) նրա նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.
7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով
8) հրաժարականի դիմում ներկայացնելը Ազգային ժողով: Հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:
3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝
1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տեւական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը.
2) կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի կանոնների խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը.
4) խախտել է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները եւ անհամատեղելիության պահանջները.
5) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
ԳԼՈՒԽ 11.
ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 64. Դատախազների վարձատրությունը
1. Դատախազների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 65. Դատախազների կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունը
1. Դատախազի կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաեւ դատախազի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով մահանալու (զոհվելու) դեպքում դատախազի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Դատախազին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ գլխավոր դատախազի սահմանած կարգով եւ չափով՝ աշխատավարձի ֆոնդի սահմաններում:
Հոդված 66. Դատախազի այլ սոցիալական երաշխիքները
1. Պետությունը դատախազների համար երաշխավորում է՝
1) պաշտոնեական պարտականությունների կատարման համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
2) ամենամյա վճարովի արձակուրդ.
3) պաշտոնեական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
4) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանած չափերով եւ կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:
2. Անհրաժեշտության դեպքում դատախազին այլ վայր գործուղելիս՝ ապահովվում է բնակելի տարածությամբ, իսկ այն ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում՝ օրենսդրությամբ սահմանած կարգով եւ չափերով:
3. Դատախազին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը՝ պայմանավորված պարտականությունների կատարմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցում է պետությունը:
4. Դատախազները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելիս հաշմանդամ դառնալու (բացառությամբ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու), առողջությանը վնաս պատճառելու դեպքերից:
5. Պետությունն ապահովում է դատախազի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու նրա բուժումը: Դատախազի առողջական վիճակի հետազոտումն ու բուժումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում նշված բժշկական հաստատություններում:
6. Ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, հաշվարկման, վճարման կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը եւ կարգը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 67. Դատախազի արձակուրդը
1. Դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր տեւողությամբ:
2. Դատախազին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը:
3. Արձակուրդ տրամադրվում է գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի ոլորտը համակարգող տեղակալի հրամանով: Դատախազներին արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
4. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք:
5. Դատախազները ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տեւողությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
6. Ամենամյա արձակուրդի վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
7. Դատախազին արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատախազների նկատմամբ սույն օրենքի դրույթներին համապատասխան:
Հոդված 68. Դատախազի համազգեստը, վկայականը եւ կնիքը, դատախազության խորհրդանիշը
1. Դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ:
2. Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշը եւ համազգեստի տրամադրման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Համազգեստի եւ տարբերանշանների կրման կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
3. Դատախազներին տրվում են գլխավոր դատախազի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաեւ գլխավոր դատախազությունում գրանցված եւ համարակալված կնիքներ: Գլխավոր դատախազությունում գրանցված եւ համարակալված կնիքներ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
Հոդված 69. Դատախազի իրավական պաշտպանությունը
1. Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է եւ ենթարկվում է միայն օրենքին:
2. Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Դատախազի պաշտոնեական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա եւ նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
4. Գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին չի թույլատրվում իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկել առանց էթիկայի հանձնաժողովի համաձայնության, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա ազատությունից զրկելու դեպքերի կամ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Եթե քննարկվում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, ապա վերջինս էթիկայի հանձնաժողովի կողմից նշված հարցի քննարկմանը չի մասնակցում:
5. Գլխավոր դատախազի տեղակալի կամ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը, իսկ գլխավոր դատախազի նկատմամբ՝ գլխավոր դատախազի տեղակալը:
Հոդված 70. Դատախազի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները
1. Դատախազն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատախազներին ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է կառավարության լիազորած մարմինը:
2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու եւ կրելու կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով:
3. Դատախազը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատախազի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում դատախազի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դատախազի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
ԳԼՈՒԽ 12.
ԴԱՏԱԽԱԶԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 71 . Դատախազի վարքագծի կանոնները
1. Դատախազի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենքով, իսկ սույն օրենքով սահմանված վարքագծի կանոններից բխող պահանջները սահմանվում են գլխավոր դատախազի հրամանով:
2. Դատախազի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատախազների համար: Անմիջական վերադաս դատախազը պարտավոր է նաեւ պահանջել, որ ապահովիի վարքագծի կանոնների պահպանումը ստորադաս դատախազների կողմից:
3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար պարտադիր են սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-9-րդ կետերով, սահմանված կանոնները:
4. Դատախազն իր վարքագծով, գործունեությամբ մասնագիտական եւ բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը:
Հոդված 72. Դատախազի վարքագծի ընդհանուր կանոնները
1. Դատախազը պարտավոր է՝
1) ցանկացած պայմաններում ու իրավիճակում իր գործունեությամբ, գործնական, մասնագիտական եւ բարոյական հատկանիշներով զերծ մնալ դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դատախազության նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ դատախազության անկողմնակալության, անաչառության եւ անկախության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսեւորելուց, այդ թվում՝ հօգուտ որեւէ անձի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անձնական երաշխավորություն տալուց,
2) ցանկացած պայմաններում ու իրավիճակում խուսափել դատախազի կոչմանը անհարիր այնպիսի գործնական, մասնագիտական կամ բարոյական կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որոնք կարող են արատավորել դատախազի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը եւ արժանապատվությունը,
3) բարձր պահել դատախազության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ եւ գործունեությամբ հարգանք ու վստահություն ներշնչել դատախազության եւ իր անձի նկատմամբ.
4) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ձեռնպահ մնալ որեւէ վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել, ինչպես նաեւ չդրսեւորել հովանավորչություն որեւէ կուսակցության նկատմամբ.
5) չանդամակցել այնպիսի մասնագիտական կամ հասարակական կազմակերպությունների, որոնց գործունեությունը կապված է էթնիկական, ազգային, դավանանքի կամ ֆիզիկական արատների խտրականության հետ.
6) լինել ինքնուրույն եւ անաչառ, անկախ լինել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների եւ այլ պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի եւ այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից եւ այլ միջամտությունից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից.
7) զերծ մնալ դատախազական ակտերը եւ իր գործընկերների գործողությունները, մասնագիտական եւ անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,
8) իր համար ընդունել այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն իր հավասարակշռվածության ու անաչառության հասարակական ընկալումը,
9) լինել օրինապահ, արդարամիտ, համբերատար, կարգապահ, զուսպ, կշռադատված, բարեկիրթ, սկզբունքային, անկողմնակալ ու հաստատակամ, ուրիշի կարծիքը լսող, հարգող եւ այլակարծությունը հանդուրժող, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված գործողություններ իրականացնելիս դրսեւորել ծայրահեղ ողջամտություն ու բարեկրթություն.
10) լինել անհանդուրժողական գործընկերների վարքագծի կանոնների թույլ տված խախտումների եւ ոչ բարոյական վարքագծի նկատմամբ,
11) համապատասխան մարմիններին անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին, առողջությանը եւ շրջակա միջավայրի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, միջոցներ ձեռնարկել դրանց ժամանակին կանխարգելման եւ հետեւանքները վերացնելու նպատակով, պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, աջակցել դրանց իրականացմանը.
12) իրեն տրամադրված ծառայողական հրազենը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել:
Հոդված 73. Դատախազի վարքագծի կանոնները պաշտոնեական հարաբերություններում
1. Պաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝
1) գործել Սահմանադրությանը, սահմանադրական օրենքներին, օրենքներին համապատասխան,
2) պահպանել աստիճանակարգված ենթակայության սկզբունքը, ինչը չի խոչընդոտում, որպեսզի վերադաս կամ անմիջական վերադաս դատախազը զերծ մնան ստորադաս դատախազի նկատմամբ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որը կարող է արատավորել դատախազի պատիվն ու արժանապատվությունը, վարկաբեկել նրա հեղինակությունը.
3) լինել անկախ եւ անաչառ.
4) դրսեւորել անհրաժեշտ հետեւողականություն՝ օրենքով նախատեսված սահմանափակումները պահպանելիս.
5) ունենալ ինքնուրույն համոզմունք եւ դատախազական ակտերը կայացնել ինքնուրույն, ինչը չի խոչընդոտում իրավական հարցերի շուրջ դատախազ գործընկերներից խորհուրդ ստանալը.
6) բարեխղճորեն կատարել իր պաշտոնեական պարտականությունները, առաջնահերթության կարգով կատարել իր լիազորությունները՝ օրենքով դատախազին թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ,
7) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը ու արհեստավարժությունը, միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր մասնագիտական գիտելիքների հարստացման, հմտությունների եւ անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում մասնագիտական աջակցություն ցույց տալ գործընկերներին.
8) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներով, միջոցներ ձեռնարկել օրինականությունն ամրապնդելու, իրավախախտումների պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները բացահայտելու եւ վերացնելու համար,
9) դատական նիստերին մասնակցել պատշաճ համազգեստով, ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զգացմունքներում՝ կայուն, խուսափել դատախազի կոչմանը անհարիր այնպիսի վարքագիծ դրսեւորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը,
10) իր պարտականություններն իրականացնելիս դրսեւորել անաչառություն, զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսեւորելուց կամ նման տպավորություն ստեղծելուց, գործել այնպես, որպեսզի նրա անաչառության եւ անկողմնակալության նկատմամբ անհարկի կասկած չհարուցվի, չառաջնորդվել ենթադրություններով, հույզերով, անձնական վերաբերմունքով եւ այլ կողմնակի ազդեցությամբ, ինչը չի խոչընդոտում դատախազին ազատորեն արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ.
11) ողջամտության սահմաններում իրեն դրսեւորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի վարույթից կամ գործի քննությունից հեռացման (ինքնաբացարկի) անհրաժեշտություն առաջացնող դեպքերը,
12) այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկատվությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,
13) համբերատար, արժանապատիվ, հարգալից եւ բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, գործընկերների եւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատախազը շփվում է ի պաշտոնե.
14) պաշտոնեական պարտականությունների իրականացման ընթացում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտմանն ու անաչառ քննադատությանը վերաբերվել ըմբռնումով եւ, միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար.
15) գործընկերների հետ հարաբերություններում նպաստել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորմանը, նրանց նկատմամբ լինել հարգալից, հավասարակշռված, հարգել նրանց կարծիքը, պատրաստակամություն դրսեւորել օգնելու եւ աջակցելու իր գործընկերներին, անիրավաչափորեն չմիջամտել գործընկերների պաշտոնեական լիազորությունների իրականացմանը, ինչը չի խոչընդոտում դատախազին ազատորեն արտահայտելու իր կարծիքը ծառայողական հարցերին առնչվող լուծումների վերաբերյալ:
Հոդված 74. Դատախազի վարքագծի կանոնները արտապաշտոնեական հարաբերություններում
1. Արտապաշտոնեական հարաբերություններում դատախազը պարտավոր է՝
1) չօգտագործել դատախազի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի,
2) թույլ չտալ շահերի բախում, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունները որեւէ կերպ ազդեն ի պաշտոնե իր լիազորությունների պատշաճ իրականացման վրա.
3) խուսափել իր կամ դատախազությանը հեղինակությունը վարկաբեկող, պատիվն ու արժանապատվությունն արատավորող, անաչառության վրա ազդող, որոշակի անձանցից նյութական եւ այլ կախվածության մեջ դնող կապերից.
4) զերծ մնալ գործի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հետ անհարկի շփումներից, ցանկացած պայմաններում ու իրավիճակում լինել զուսպ, զգացմունքներում՝ կայուն, խուսափել դատախազի կոչմանը անհարիր այնպիսի վարքագիծ դրսեւորելուց կամ խոսքեր արտահայտելուց, որոնք կարող են արատավորել դատախազի ու դատախազության հեղինակությունն ու բարի համբավը:
ԳԼՈՒԽ 13.
ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 75. Դատախազական ծառայությունը
1. Դատախազական ծառայությունը Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով իրականացվող մաuնագիտական գործունեություն է։
2. Դատախազական ծառայությունը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված պետական ծառայության հատուկ տեuակ է, որն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկում։
Հոդված 76. Դատախազական ծառայությունը կարգավորող իրավական ակտերը
1. Դատախազական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դատախազական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով, ինչպեu նաեւ այլ oրենքներով, դրանց համապատասխան՝ գլխավոր դատախազի կողմից ընդունված այլ իրավական ակտերով։
ԳԼՈՒԽ 14.
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 77. Դատախազության ֆինանսավորումը
1. Դատախազության ֆինանսավորումն իրականացվում է դատախազության աշխատակազմի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Դատախազության աշխատակազմի ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում առանձին տողով՝ որպես Հայաստանի Հանրապետության դատախազություն:
2. Դատախազության բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում՝ պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով:
3. Կառավարությունը Ազգային ժողով եւ գլխավոր դատախազություն է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
4. Դատախազության բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատախազության պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով դատախազության համար նախատեսված բյուջեի երկու տոկոսին:
5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են գլխավոր դատախազի որոշմամբ:
ԳԼՈՒԽ 15.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 78. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքը:
Հոդված 79. Անցումային դրույթներ
1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված ժամկետի հաշվարկը սկսում է հոսել սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված դատախազները շարունակում են պաշտոնավարել համապատասխանաբար իրենց պաշտոններում:
3. Դատախազներին մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները պահպանվում են՝ համապատասխանեցնելով դատախազի տվյալ պաշտոնին սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ստորին սահմանի դասային աստիճանին, բացառությամբ եթե տվյալ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանը սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված ստորին սահմանի դասային աստիճանից բարձր է: Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:
4. Դատախազների ատեստավորումը եւ վերապատրաստումը անցկացվում է սույն օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով նախորդ ատեստավորման եւ վերապատրաստման անցկացման ժամկետները:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից դադարում են Էթիկայի եւ որակավորման հանձնաժողովների անդամների լիազորությունները:
6. Էթիկայի եւ որակավորման հանձնաժողովների նոր անդամները նշանակվում են, իսկ դատախազության կոլեգիայի կազմը համապատասխանեցվում է սույն օրենքի պահանջներին՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ներկա իրավիճակը, առկա խնդիրները
2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Սահմանադրությամբ հստակորեն տարանջատվեցին եւ առանձին գլուխներում իրենց ամրագրումը ստացան դատական իշխանության եւ դատախազության՝ որպես պետական միասնական համակարգի վերաբերյալ դրույթները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ գլխում ամրագրվեցին 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ դատախազության վերաբերյալ ամրագրված նորմերից տարբերվող նոր իրավակարգավորումներ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատախազության մասին գործող օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը: Ուստի ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ համարեց, որպեսզի հատվածական փոփոխություններին փոխարինի նոր խմբագրությամբ Դատախազության մասին ՀՀ օրենքը՝ ներառելով ոչ միայն Սահմանադրական նորմերին համապատասխանեցնելու, այլ նաեւ դատաիրավական բարեփոխումների արդի փուլում առաջնային համարվող դատախազության գործունեության համատեքստում մի շարք ուղղությունների նորովի կարգավորումներ:
Հարկ է նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» թիվ ՆՀ-170-Ա հրամանագրի 1-ին հավելվածով հաստատված Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված եւ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկի 9-րդ կետի համաձայն՝ մինչեւ 2017 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ մշակվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հետեւյալը.
2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ՀՀ Նախագահը Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարգավորում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման կարգը:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս նշելու, որ այն երկրներում, որոնց սահմանադրությունների համաձայն՝ Գլխավոր դատախազը նշանակվում է Պառլամենտի կողմից (Խորվաթիայում, Սերբիայում՝ կառավարության առաջարկությամբ եւ պառլամենտի իրավասու հանձնաժողովի համաձայնությամբ, Մոլդովայում՝ խորհրդարանի նախագահի առաջարկությամբ, Մակեդոնիայում՝ կառավարության, Հունգարիայում՝ նախագահի առաջարկությամբ) գլխավոր դատախազի տեղակալները՝
1) նշանակվում/ընտրվում եւ ազատվում են Դատախազության խորհրդի կողմից (Խորվաթիա, որտեղ խորհրդի անդամները եւս ընտրվում են պառլամենտի կողմից, Մակեդոնիա, Մոնտենեգրո).
2) նշանակվում եւ ազատվում են խորհրդարանի կողմից՝ դատախազության խորհրդի առաջարկությամբ (Սերբիա).
3) նշանակվում եւ ազատվում են Գլխավոր դատախազի կողմից անմիջականորեն կամ դատախազության խորհրդի համաձայնությամբ (Հունգարիա, Վրաստան, Մոլդովա՝ բարձրագույն խորհրդի համաձայնությամբ):
Վենետիկի հանձնաժողովի «Դատախազների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների եւ զեկույցների ժողովածուի» (2015 թվականի հունիսի 5) 3.1.2.-րդ կետում առաջարկվում է, որ վերադաս դատախազների նշանակումն ու ազատումն իրականացվի դատախազական խորհուրդների կողմից կամ նրանց ակտիվ մասնակցությամբ, օրինակ՝ վերադաս դատախազներին կարող է նշանակել գլխավոր դատախազը, իսկ դատախազական խորհուրդն իրավունք ունի մերժել գլխավոր դատախազի այդ որոշումը, եթե առկա են հիմնավոր պատճառներ: Հանձնաժողովը ողջունում է այն կարգավորումը, որի համաձայն՝ վերադաս դատախազները նշանակվում են դատախազական խորհուրդների կամ կոլեգիաների կողմից: Հանձնաժողովը ողջունում է այն հանգամանքը, որ դատախազական խորհուրդներում ընդգրկվեն որակավորված մասնագետներ:
Այսպիսի խորհուրդներ կան մի շարք երկրներում՝ Լեհաստան, Սլովենիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Մոլդովա, Խորվաթիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա եւ այլն:
Վերը նշված երկրներում, բացի խորհուրդներից գործում են նաեւ կոլեգիաներ կամ ժողովներ, ընդ որում՝ կոլեգիան բաղկացած է լինում բոլոր վերադաս դատախազներից (Մոլդովա, Սերբիա), մասնավորապես, Գլխավոր դատախազը, տեղակալները, ստորաբաժանման ղեկավարները, տարածքները ղեկավարող դատախազները:
Բարձրագույն խորհուրդները ունեն լայն լիազորություններ, օրինակ՝ Մոլդովայում խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որի կազմում են Գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը եւ մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահը, 3 անդամ պառլամենտի կողմից, 6 անդամ դատախազության կոլեգիայի կողմից, որից 2-ը՝ կենտրոնական մարմնից, 4-ը մարզերի, համայնքներից: Վերջինիս նախագահը ընտրվում է դատախազ անդամներից: Բարձրագույն խորհուրդը ունի 3 հանձնաժողով՝ կարգապահական, խրախուսման եւ որակավորման: Սերբիան նույնիսկ առանձին օրենք ունի նվիրված՝ դատախազության պետական խորհրդի կարգավիճակին, լիազորություններին եւ այլն: Պետական խորհուրդը 11 անդամից է բաղկացած՝ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, Ազգային ժողովի իրավասու հանձնաժողովի նախագահ, եւ Ազգային ժողովի կողմից ընտրվող՝ 6 դատախազներ ու իրավաբան-գիտնականներ կամ 15 տարվա ստաժ ունեցող իրավաբաններ: Խորհրդի նախագահը՝ գլխավոր դատախազն է, իսկ փոխնախագահը՝ ընտրվում է անդամ դատախազներից:
Նշված խորհուրդների լիազորություններն են՝ ներկայացնել գլխավոր դատախազի թեկնածուներ, նշանակել գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար, ներկայացնել Ազգային ժողովին տեղակալների թեկնածուներ, ընդունել էթիկայի կանոնագիրքը, առաջարկել վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական պատրաստման ծրագրեր, նշանակել եւ ազատել կարգապահական հանձնաժողովի անդամներին, տալ եզրակացություններ, կարծիքներ դատախազության վերաբերյալ օրենքների նախագծերի վերաբերյալ, բյուջետային միջոցների տնօրինման վերաբերյալ եւ այլն:Այսինքն՝ նշված խորհուրդներին է վերապահված դատախազության գործունեության հիմնարար հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունները, իսկ կոլեգիաները՝ հրավիրվում եւ անցկացվում են քրեական քաղաքականության մշակման ուղղությունների, որոշակի գործերի քննարկման համար:
Նախագծով առաջարկվում է հետեւյալ կարգավորումը.
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուներն (թեկնածուն) ընտրվում են որակավորման հանձնաժողովի կողմից՝ սահմանված կարգով անցկացվող մրցույթի միջոցով՝ գաղտնի քվեարկությամբ, որակավորման հանձնաժողովի անդամների առնվազն վեց ձայնով ընդունված որոշմամբ: Այս կարգավորման համար սահմանված է մեկ բացառությունը՝ այն դեպքերի համար, երբ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն զբաղեցնում է դատախազի պաշտոն: Այս պարագայում գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվում Գլխավոր դատախազի կողմից խորհրդակցելով դատախազության կոլեգիայի հետ:
Մրցույթն անցկացվելու է երեք փուլերով: Հարկ է նշել նաեւ, որ մրցույթի կազմակերպման կարգը սահմանվում է գլխավոր դատախազի հրամանով
2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Գլխավոր դատախազին պաշտոնի նշանակման համար պահանջներ չէին սահմանվում: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով նման պահանջներ սահմանված են միայն Գլխավոր դատախազի տեղակալների համար:
Այսպես, Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:
Միեւնույն ժամանակ Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել նաեւ լրացուցիչ պահանջներ:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին:
Միեւնույն ժամանակ 33-րդ հոդվածի համաձայն՝ Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝
1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) ով դատապարտվել է հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3) ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.
4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.
5) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:
Նախագծով վերը նշված պահանջները նախատեսվել են որպես լրացուցիչ պահանջներ եւ սահմանվել է, որ դրանք տարածվում են նաեւ Գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների վրա:
Օրենքի նախագծով սահմանվել է, որ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով օժտված այն անձը, ով առնվազն յոթ տարի՝
1) աշխատել է որպես դատավոր, դատախազ, քննիչ կամ զբաղեցրել է այլ պաշտոն, որի համար անհրաժեշտ են քրեական եւ քրեադատավարական իրավունքի խորը գիտելիքներ, կամ
2) որպես փաստաբան զբաղվել է փաստաբանական գործունեությամբ քրեական գործերով, կամ
3) բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանել է քրեական կամ քրեադատավարական իրավունք եւ ունի առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Միեւնույն ժամանակ սահմանվել է, որ Գլխավոր դատախազի տեղակալը պետք է համապատասխանի սույն օրենքի՝ դատախազի պաշտոնում նշանակվելու համար սահմանված պահանջներին:
Օրենքի նախագծով սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան կարգավորումներ: Այսպես՝
« Հոդված 35. Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները եւ գլխավոր դատախազի ընտրությունը
1. Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։
2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
3. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով ճանաչվելու եւ նրա կողմից գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրման եւ ընտրության կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով:
4. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ բարձրագույն կրթությամբ իրավաբանը, ով առնվազն տասը տարի՝
1) աշխատել է որպես դատավոր, դատախազ, քննիչ կամ զբաղեցրել է այլ պաշտոն, որի համար անհրաժեշտ են քրեական եւ քրեադատավարական իրավունքի խորը գիտելիքներ, կամ
2) որպես փաստաբան զբաղվել է փաստաբանական գործունեությամբ քրեական կործերով, կամ
3) բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանել է քրեական կամ քրեադատավարական իրավունք եւ ունի առնվազն իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
5. Գլխավոր դատախազը պետք է համապատասխանի սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված պահանջներին:
6. Գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում եւ պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո՝ նախորդ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտման օրը, իսկ եթե ընտրվելու պահին գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է, ապա գլխավոր դատախազն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը մասնակցելուն հաջորդող օրվանից:»:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 177-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ՝
1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, կամ
2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին, կամ
3) դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:
Պաշտոնավարման ժամկետի ընթացքում գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝
1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տեւական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը.
2) իր պարտականությունները չի կատարում պատշաճ.
3) դրսեւորել է դատախազության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ, կամ
4) առկա են լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:
Նման հիմքերի առկայության դեպքում Հանրապետության Նախագահն իրավունք ունի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու Ազգային ժողով:»:
Նախագծով նշված հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, նաեւ փոփոխության ենթարկելով պաշտոնանկության հիմքերը:
Այսպես.
«Հոդված 63. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը
1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝
1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը՝ 65 տարին լրանալը.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը.
4) նրա մահը.
5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որեւէ մեկի ի հայտ գալը.
6) նրա նկատմամբ կայացված դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.
7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով
8) հրաժարականի դիմում ներկայացնելը Ազգային ժողով: Հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում:
3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝
1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տեւական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը.
2) իր լիազորություններն իրականացնելիս պարբերաբար խախտել է օրենքը.
3) կատարել է դատախազի վարքագծի կանոնների խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ հանգեցրել դատախազին ոչ վայել վարքագծի դրսեւորման.
4) խախտել է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները եւ անհամատեղելիության պահանջները.
5) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:»:
«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-5-րդ մասերի համաձայն՝ դատախազին չի թույլատրվում բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի:
Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալները:
Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում բաց է մնում այն հարցը, թե ով է քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի նկատմամբ, կամ Գլխավոր դատախազին բերման ենթարկելու հնարավորություն սահմանվելու է, թե ոչ, քանզի վերը նշված իրավակարգավորումներից բխում է, որ Գլխավոր դատախազը բերման չի ենթարկվում, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվում, քանի որ սահմանված չեն համապատասխան իրավակարգավորումներ: Անձեռնմխելիության հետ որոշակի աղերսներ ունեցող այս դրույթների իրավակարգավորումները, այնուհանդերձ, անհրաժեշտ են:
Վենետիկի հանձնաժողովը վերը նշված փաստաթղթի 3.3.1.-րդ կետում նշում է, որ անձեռնմխելիությունը չպետք է անսահմանափակ լինի, մասնավորապես՝ գլխավոր դատախազը եւ մյուս դատախազների օգտվելը պատգամավորին հավասար անձեռնմխելիությունից ծայրահեղություն է։ Միեւնույն ժամանակ, սակայն, նշում է, որ ցանկալի է պաշտպանել դատախազին այլ մարմինների կողմից իր հանդեպ կամայական կամ խախտումներով իրականացվող գործընթացներից, օրինակ ոստիկանության կամայական միջամտությունից։ Նախընտրելի է, որ դատախազի նկատմամբ քրեական գործ/հետապնդում հարուցելու իրավասության նկատմամբ սահմանափակումը ենթակա լինի դատական հսկողության։ Իր պարտականությունների կատարման ընթացքում հանցագործություն կատարելու կամ իր կարգավիճակին անհամապատասխան վարքագիծ դրսեւորելու դեպքերում դատախազի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական քննությունը կարող է իրականացնել ավելի բարձր պաշտոն զբաղեցնող դատախազը։ Փաստաթղթում քննադատվում է այն նորմը, որի համաձայն դատախազին չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ հարցաքննել, ինչպես նաեւ նրա բնակարանները չի կարելի խուզարկել, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հայտնաբերվում է հանցանքի կատարման վայրում: Առաջարկվում է բացառությունը տարածել բոլոր այն դեպքերում, երբ կա նման գործողություն իրականացնելու դատական ակտ:
Այսինքն, Վենետիկի հանձնաժողովը չնայած չի ընդունում պատգամավորական անձեռնմխելությամբ նաեւ Գլխավոր դատախազին օժտելը, սակայն, դրա հետ աղերս ունեցող տարրեր պարունակող դրույթների սահմանումը, այնուամենայնիվ, ողջունվում է:
Միջազգային փորձի տեսանկյունից թերեւս պետք է արձանագրել, որ կան երկրներ, որոնց Սահմանադրություններում դեռ ամրագրված են Գլխավոր դատախազի համար անձեռնմխելիության նորմեր, օրինակ՝ Սերբիայի Սահմանադրության 162 հոդվածը , Մոնտենեգրոյի Սահմանադրության 137-րդ հոդված , Ղազախստանի Սահմանադրության 83 հոդված եւ այլն: Մի շարք երկրներում Գլխավոր դատախազի համար անձեռնմխելիության նորմեր սահմանվում են դատախազության մասին համապատասխան օրենքով, օրինակ՝ Լատվիայում , Հունգարիայում , Լիտվիայում ,Մակեդոնիայում եւ այլն:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ օրենքի նախագծում ամրագրվել է, որ գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին չի թույլատրվում իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկել առանց էթիկայի հանձնաժողովի համաձայնության, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա ազատությունից զրկելու դեպքերի կամ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Եթե քննարկվում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, ապա վերջինս էթիկայի հանձնաժողովի կողմից նշված հարցի քննարկմանը չի մասնակցում: Գլխավոր դատախազի տեղակալի կամ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը, իսկ գլխավոր դատախազի նկատմամբ՝ գլխավոր դատախազի տեղակալը:
2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ 103-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:
Վերը նշված նորմերի համադրումից բխում է, որ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նշված լիազորության իրականացման համար սահմանվել է «բացառիկ դեպքերում» եզրույթը:
Նշված լիազորության իրականացման կարգը սահմանվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով:
Հարկ է ընդգծել, որ այս հոդվածում արդեն իսկ սահմանված է հետեւյալ ձեւակերպումը՝ «Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝», իսկ «միայն եթե» եզրույթն արդեն իսկ նշանակում է, որ ոչ բոլոր դեպքերում է, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան: Նշվածի համատեքստում կարելի է նշել, որ «միայն, եթե» եզրույթը փոխարինելով «հետեւյալ բացառիկ դեպքերում» եզրույթով ապահովվում է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանեցումը՝ պահպանելով գործող խմբագրությամբ ամրագրված արդեն իսկ սահմանափակ հիմքերը, երբ դատախազությունը հարուցում է պետական շահերի պաշտպանության հայց:
Հարկ է նշել, որ գործող կարգավորումների առավել սահմանափակումը կվտանգի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության պատշաճ իրականացմանը ընթացքը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ պետական շահերի եւ պետության համար: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ քրեական ոլորտից դուրս դատախազության պարտականությունների, գործառույթների վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված նորմեր եւ կանոններ չկան, այդ գործառույթները պայմանավորված են ներպետական իրավական եւ պատմական ավանդույթներով:
Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 21-ին «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս» վերտառությամբ թիվ 3 կարծիքում, ԵԽ նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» թիվ (2000)19 հանձնարարականը, 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ընդունված թիվ 11 «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս» հանձնարարականում թեեւ չեն սահմանվում դատախազության համար կոնկրետ լիազորություններ քրեաիրավական ոլորտից դուրս եւ կախված իրավական համակարգերի տարբերություններից անդամ պետություններում այդ լիազորությունները կարող են տարբեր լինել, սակայն սահմանում են այդ լիազորությունների իրականացման համար մի շարք ուղղորդող սկզբունքներ՝ քաղաքացիական եւ վարչական իրավունքի ոլորտներում:
Մի շարք երկրների փորձը, մասնավորապես, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Բուլղարիա, Հունգարիա, Իռլանդիա, Էստոնիա, Դանիա, Ֆինլանդիա, Վրաստան, Շվեդիա, Շվեյցարիա եւ Միացյալ Թագավորություն եւ այլն, ցույց է տալիս, որ դատախազությունը քրեական ոլորտից դուրս օժտված է տարբեր լիազորություններով, որոնք ընդհանուր առմամբ հանգում են հետեւյալին՝ դատախազը կարող է հարուցել վարույթ՝ ամուսնությունը անվավեր/վավեր ճանաչելու համար, մահացած երեխայի անունից, հայրությունը չեղյալ ճանաչելու վարույթ, եթե որպես հայր ճանաչված անձն իրականում մահացած երեխայի հայրը չէ, անձի անունից, որը ճանաչվել է որպես երեխայի հայր, եւ որն ի վիճակի չէ վարույթ հարուցելու իր հայրությունը չեղյալ հայտարարելու համար, անչափահասների որդեգրությունն անվավեր ճանաչելու, ալիմենտի պահանջով, երեխայի խնամքի հարցով, ծնողական իրավունքից զրկելու համար, եթե անձը ցանկացած պատճառով ի վիճակի չէ պաշտպանելու սեփական իրավունքները, հիմնադրամը լուծարելու համար, եթե հիմնադրամը չի իրականացնում իր ստեղծման նպատակները, կամ եթե հիմնադրամի գրանցումը ենթակա է մերժման օրենքի փոփոխության հիմքով, եթե հիմնադրամի գործունեության օրինականությունն այլ կերպ հնարավոր չէ ապահովել, հանրային հիմնադրամների ստեղծման օրինականությունն ապահովելու նպատակով, եթե մահացած անձի կամ լուծարված իրավաբանական անձի զրպարտության դեպքում խախտվում է հանրային շահը, ցանկացած պայմանագրի պայման, որը ենթադրվում է, որ անարդար է, կարող է վիճարկվել դատախազության կողմից, պայմանագին առոչինչ ճանաչելու հայց հարուցել, եթե այդ պայմանագիրը վնասում է հանրային շահին, եթե հասարակական կազմակերպության, բացառությամբ կուսակցությունների, գործունեության օրինականությունն այլ կերպ հնարավոր չէ ապահովել, եթե կրոնական իրավաբանական անձը, կուսակցությունը խախտում են օրենքը, վարույթ է հարուցում քաղաքացիության վկայականով հաստատված փաստերը դատարանում վիճարկելու, կազմակերպության գրանցումը չեղյալ ճանաչելու համար, վարույթ է հարուցում շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքում՝ արգելելով այդպիսի գործունեությունը կամ վնասի հատուցում պահանջելով, վարույթ է հարուցում ցանկացած կողմի հանդեպ, որն իր ապօրինի գործունեությամբ զգալի վնաս է հասցնում սպառողների մեծ խմբի, նույնիսկ եթե վնաս կրող սպառողի անհատականությունը հնարավոր չէ պարզել, ցանկացած անձի դեմ վարույթ է հարուցում, որը խախտել է կենդանիների պաշտպանության օրենսդրությունը, ապրանքային նշանի գրանցման եւ գրանցումը չեղյալ հայտարարելու մասին որոշումների բողոքարկում, արտոնագրի տրամադրման կամ վերացման մասին որոշումը փոխելու համար խնդրանքով դիմում է համապատասխան մարմին, եթե դրանք առեւտրային նպատակով շահագործելը հակասում է հանրային կարգին կամ բարոյականությանը, հինգ տարի շարունակ անհայտ կորած անձանց մահացած ճանաչելու համար դիմում է դատարան վարելահողերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով կնքված պայմանագրերի կամ պայմանագրի պայմանի անվավեր ճանաչելու հայց հարուցել եւ այլն:
Վերը նշված բոլոր լիազորությունները սահմանված են օրինակ Հունգարիայի օրենսդրությամբ: Իռլանդիայում Հանրահավաքների եւ ընտրությունների արդյունքների վավերությունը նույնպես կարող է վիճարկել, իսկ Բուլղարիայի Քաղաքացիության մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազն իրավունք ունի դիմելու հպատակեցումը չեղյալ ճանաչելու կամ Բուլղարիայի քաղաքացիությունը դադարեցնելու միջնորդությամբ եւ այլն:
Ինչպես տեսնում ենք, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածի նորմերի իրավակարգավորումները եւ դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված դատախազության պետական շահերի պաշտպանության ոլորտի լիազորությունը, ինչպես արդեն նշեցինք, օրենքով արդեն իսկ սահմանափակվել է բացառապես հայց հարուցելու «հիմքերի առկայության» հանգամանքով, ինչի արդյունքում ՀՀ դատախազությունն իր սահմանադրական լիազորությունն առավելապես իրականացնում է պետական շահերի խախտման մասին համապատասխան տեղեկատվության «առկայության» դեպքում:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծով առաջարկվում է.
Ամրագրվել է, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը իր մեջ ներառում է նաեւ պետության պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների հետ կապված շահերի պաշտպանության հայց հարուցելը: Դատախազը քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու է ոչ միայն պետության գույքային, այլ նաեւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայց:
Նախագծով գործող օրենքում սահմանված իրավակարգավորումներն ինքնին համարվել են բացառիկ դեպքեր, ի նկատի ունենալով, որ արդեն իսկ սահմանված հիմքերը սահմանափակ են, սակայն բացառվել են այն դեպքերը, երբ դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը: Դատախազի կողմից հայը հարցվելու է այն դեպքում, երբ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո:
Ընդլայնվել են դատախազի լիազորությունները բացառիկ դեպքերում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելիս: Մասնավորապես, դատախազը իրավունք ունի անվճար օգտվելու ծառայողական նպատակներով օգտագործվող տեղեկատվական տվյալների բազայից (այդ թվում՝ էլեկտրոնային), ինչպես նաեւ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին անհրաժեշտության դեպքում ներգրավելու համապատասխան մասնագետի կամ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):Սահմանվում է, որ համապատասխան մարմինները պարտավոր են դատախազին տրամադրել պահանջվող իրավական ակտերը, փաստաթղթերը եւ այլ տեղեկությունները ողջամիտ ժամկետում: Հստակեցվել է նաեւ դատախազության իրավասությունը պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելիս:
2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ 103-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ:
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ:
Նշված լիազորության իրականացման կարգը սահմանվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:
Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերում սահմանված է «հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ» եզրույթը առաջարկվում օրենքում հղում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վրա, առանց դատավարական նշանակություն ունեցող իրավակարգավորումները սահմանելու եւ դրանով իսկ բացառելով կրկնությունները տարբեր իրավական ակտերում:
Մասնավորապես, առաջարկվում է հետեւյալ իրավակարգավորումը.
«Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»:
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածում սահմանված՝ արհեստակցական միությանը անդամակցելու իրավունքի սահմանափակումը հանել, քանի որ եթե 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ 28-րդ հոդվածի համաձայն՝ արհեստակցական միություններ ստեղծելու իրավունքը կարող է սահմանափակվել դատախազության մարմինների ծառայողների համար, ապա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի ըստ անձանց կարգավիճակի ուղղակիորեն նման սահմանափակում չի նախատեսում: Ընդ որում, նման դիրքորոշումը բխում է նաեւ միջազգային փաստաթղթերից :
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածում սահմանված է, որ դատախազի պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված երդմամբ:
Առաջարկվում է առաջին անգամ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնող անձի համար եւս սահմանել երդման արարողություն Ազգային ժողովում:
Դատախազության էթիկայի հանձնաժողովում ՀՀ նախագահի կողմից նշանակվող անդամների նշանակման կարգի փոփոխություն: Էթիկայի հանձնաժողովի կազմի մեջ են մտնում գլխավոր դատախազի կողմից նշանակվող գլխավոր դատախազի մեկ տեղակալ, երեք իրավաբան-գիտնական եւ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազի՝ էթիկայի հանձնաժողովի անդամ չհանդիսացող տեղակալների, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Երեւան քաղաքի դատախազի, մարզերի դատախազների, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազների եւ կայազորների զինվորական դատախազների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված երեք դատախազ: Օրենքի ուժով որպես Որակավորման հանձնաժողովի անդամ սահմանվել է նաեւ Արդարադատության ակադեմիայի ռեկտորը:
Նախագիծը մշակվել է ոչ միայն համապատասխանեցնելով Սահմանադրությանը, այլեւ՝ արդի դատաիրավական բարեփոխումների դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նորովի կարգավորումներ սահմանելով: Այսպես՝ բարեփոխվել է դատախազների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով այն կարգավորող նորմերը: Մասնավորապես, հստակեցվել է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ վարույթ հարուցելու կարգը, վարույթի հարուցման հիմքերը, դատախազի, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իրավունքներն ու պարտականությունները: Ի տարբերություն գործող տարբերակի՝ Նախագծում մանրամասնորեն կարգավորվել են կարգապահական պատասխանատվության հիմքերի, կարգապահական տույժերի, դրանք նշանակելու իրավունք ունեցող անձանց շրջանակի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի ու ժամկետների, կարգապահական տույժը հանելու կամ մարելու, ինչպես նաեւ էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի հետ կապված բոլոր հարցերը:
Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նորմերի կատարելագործման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ուսումասիրվել է նաեւ Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոնտենեգրոյի,Մոլդովայի, Մակեդոնիայի փորձը:
Վերանայվել է դատախազների նշանակման, ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները՝ նախատեսելով օբյեկտիվ եւ թափանցիկ ընթացակարգեր: Սահմանվել են դատախազության ծառայողական առաջախաղացման ցուցակներ եւ հստակ չափանիշներ, որոնց բավարարման պարագայում անձը կկարողանա ընդգրկվել վերը նշված ցուցակներում, ինչը բացակայում է գործող օրենքում: Վերանայվել են նաեւ դատախազների նշանակման պահանջները: Դատախազների նշանակման եւ ծառայողական առաջխաղացման վերաբերյալ նորմերի կատարելագործման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ուսումասիրվել է նաեւ Լատվիայի, Լիտվայի Էստոնիայի, Վրաստանի, Մոնտենեգրոյի,Մոլդովայի, Մակեդոնիայի եւ ԱՊՀ մի շարք երկրների փորձը:
Վերանայվել է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակները: Այսպես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ նույն հսկողական գործառույթն իրականացնելիս, մասնավորապես՝ պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի հրամանների, կարգադրությունների եւ որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը ստուգելիս, դատախազը միայն միջնորդում է վերանայել օրենսդրությանը հակասող ակտը եւ այն վերացնլու լիազորություն չունի, ինչը խոչընդոտում է նշված գործառույթի արդյունավետ իրականացմանը: Օրենսդրությանը հակասող ակտը վերանայելու պահանջը, ըստ էության, չի համապատասխանում հսկողական գործունեության բնույթին եւ բովանդակությանը, որի հետեւանքով նման իրավական կարգավորումը տեսականորեն հիմնավորված չէ, իսկ գործնականում՝ անարդյունավետ: Այդ իսկ պատճառով, որպես դատախազական հսկողության օբյեկտ սահմանվել է պատիժը կատարող մարմինների այն իրավական ակտերը, որոնք վերաբերում են պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկման օրենքով սահմանված կարգին եւ պայմաններին, մասնավորապես, պատժի կրման եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման ամբողջ գործընթացը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Այս ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունը բխում է նաեւ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կողմից 2011 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված՝ «Դատախազների եւ քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ» թիվ 6(2011) կարծիքից ու կոչված է ապահովելու այդ կարծիքով արտահայտված նպատակների իրականացումը:
Բարեփոխվել է նաեւ դատախազների խրախուսման ընթացակարգը՝ հստակեցնելով գործող իրավակարգավորումները:
Սահմանվել է միեւնույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ եւ կանխատեսելի հիմքեր: Այսպես, Նախագծով սահմանվել է վերադաս եւ ստորադաս դատախազների փոխհարաբերությունները կանոնակարգող նորմեր, որը կտարածվի ոչ միայն հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի եւ վերադաս դատախազի, այլեւ ՀՀ դատախազության սահմանադրական բոլոր գործառույթների իրականացման ոլորտում ստորադաս եւ վերադաս դատախազների փոխհարաբերությունների վրա: Ավելին, սահմանվել են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում վերադաս դատախազը կարող է վերացնել ստորադաս դատախազի անօրինական եւ չհիմնավորված ակտերը, ինչպես նաեւ անմիջական վերադաս դատախազի պատճառաբանված որոշմամբ դատախազի վարույթից գործը մեկ այլ դատախազի կամ իր վարույթ տեղափոխելու հիմքերը: Նման հիմքերի նախատեսումն էականորեն սահմանափակում է վերադաս դատախազի հայեցողությունը:
Նախագծում սահմանվել է դատախազի կողմից իր լիազորությունների շրջանակներում տրված օրինական պահանջների պարտադիր կատարումը: Գործող օրենսդրության այս բացը տարիներ շարունակ հանգեցրել է գործնական լուրջ խնդիրների, որոնք անհարկի դժվարություններ են առաջացրել դատախազության եւ պետական իշխանության այլ մարմինների հարաբերություններում: Այսուհետ հստակ կապահովվի պետական իշխանության այլ մարմինների կողմից դատախազության՝ որպես պետական սահմանադրական մարմնի օրինական պահանջների իրական կատարումը: Այս մասին ընդհանուր առմամբ նախատեսված է ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետ Կեվին Քարթիի «ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջոցների կարիքների գնահատման» զեկույցի առաջարկությունում եւ «ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության մասին» ծրագրում, որում հիշյալ խնդիրը դիտվել է որպես երկարաժամկետ եւ հեռանկարային:
Նախագծով օրենքում ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը տեղադրվում է դատախազության կայքէջում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կնախատեսվեն արդի դատաիրավական բարեփոխումներով դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նոր կարգավորումներ, ինչպես նաեւ կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ