Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-139-03.10.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու եւ դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ» բառերը փոխարինել «պետական եւ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը, այդ թվում՝ տեղեկությունները դասում է պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) առաջին նախադասությունում «ինչպես նաեւ այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները» բառերը փոխարինել «ինչպես նաեւ այդ նպատակով հատուկ լիազորված Հայաստանի Հանրապետության ֆինանսների բնագավառը կառավարող պետական մարմնի ներկայացուցիչները, իսկ հաշվեքննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչները» բառերով.

2) 2-րդ նախադասությունում «Եթե վերահսկողության» բառերից հետո լրացնել «կամ հաշվեքննության» բառերը:

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է, իսկ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը սահմանում է, որ Հանրապետության նախագահն իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու եւ դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ, իսկ նույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում, ինչպես նաեւ միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություններ:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է՝ Հանրապետության նախագահի լիազորությունը Կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով: Հետեւապես, Հանրապետության նախագահի կողմից միջազգային պայմանագրերի կնքման կարգը կարող է սահմանվել բացառապես օրենքով:

Հարկ է նկատել նաեւ, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից պետական բյուջեի եւ համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական եւ համայնքային սեփականության օգտագործման օրինականության եւ արդյունավետության նկատմամբ հաշվեքննության իրականացմամբ: Այնինչ, «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն իրականացնելու իրավասությունը:

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

1. հանվել է Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններն ամրագրող դրույթները.

2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերահսկողության իրականացումը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության իրականացմամբ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում ««Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանարապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքում փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1144-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ