Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետ.
«12) հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գինը վճարելու կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում, եթե պարտապանն ունի այլ գույք, իսկ եթե պարտապանն այլ գույք չունի, ապա հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում քսաներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում: Տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաեւ պարտապանին պատկանող այլ գույք:»:
Հոդված 3. Օրենքի 35.1-րդ հոդվածում.
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշման մասին պարտապանին եւ պահանջատիրոջը պատշաճ ծանուցելուց հետո տասնօրյա ժամկետում` աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ եւ 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները:».
2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենքի 35.2-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք բանկային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Աճուրդում հաղթած մասնակիցը լոտի գնման գինը մուծելու դեպքում հաշվանցում է նաեւ նախօրոք որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը` ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Հաղթողի կողմից գնման գինը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում եւ մնում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում: Ծառայությունը ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:?:
Հոդված 5. Օրենքի 35.3-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 3-րդ կետում «գնման գինը» բառերից հետո լրացնել «կամ չի ներկայացրել եկամտային հարկի վճարումը հավաստող փաստաթուղթ:» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասեր.
«3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվելու դեպքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում գնած գույքի նկատմամբ դատարանի վճռի հիման վրա վերականգնվում են պարտապանի սեփականության իրավունքը, իրացման հետեւանքով գույքի նկատմամբ դադարած այլ իրավունքները եւ արգելանքները, իսկ պահանջատերը, հարկադիր կատարողը եւ պարտապանը լոտի վաճառքից ստացված գումարները իրենց ստացած չափով վերադարձնում են գնորդին:
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու դեպքում հարկադիր կատարողը տասնօրյա ժամկետում իրականացնում է օրենքով նախատեսված լոտի գնահատմանն ուղղված գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջատերերի պահանջները բավարարվել են կամ պարտապանն ունի իրացման գործընթացում գտնվող այլ գույք:»:
Հոդված 6. Օրենքի 35.4-րդ հոդվածում.
1) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում, եթե պարտապանն ունի այլ գույք, իսկ եթե պարտապանն այլ գույք չունի, ապա հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում քսաներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում: Տասներորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաեւ պարտապանին պատկանող այլ գույք:».
2) 6-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գույքը (լոտը) պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելուց, իսկ գույքի (լոտի) հանձնման կապացությամբ հարկեր վճարելու պարտականություն առաջանելու դեպքում նաեւ դրա կատարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: