Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-155-17.10.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
 «Նոտարին տրամադրվում է նաեւ սույն մասով նախատեսված կնիքի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ ՝ էլեկտրոնային կնիք):».

2) 2-րդ պարբերությունում «ինչպես նաեւ դրանց կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա» բառերով:
 
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «նոտարը» բառից հետո լրացնել  «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացնելու դեպքերի»  բառերով:
 
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն`
 
«Նոտարը էլեկտրոնային եղանակով վավերացված գործարքների հետեւանքով պատճառված վնասի համար կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն, եթե խասխտումը թույլ է  տրվել դիտավորությամբ:»:
 
Հոդված 4. Օրենքի 36.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում «ճզմիչ կնիքը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը եւ էլեկտրոնային կնիքը» բառերը:
 
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության  «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում՝ վավեր էլեկտրոնային ստորագրության առկայությամբ:» բառերը:
 
Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
 «Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի վավերացման դեպքում էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակին վերաբերող առանձնահատկությունները նախատեսված են «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
 
Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին նախադասության «ներկայությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի»  բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-րդ մաս.
 
«6.1. Սույն հոդվածի 3-5.1-րդ մասերով, ինչպես նաեւ 52-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում գործարքը ենթակա չէ էլեկտրոնային եղանակով վավերացման: Նոտարը չի կրում գույքային պատասխանատվություն սույն հոդվածում նախատեսված դեպքերում եւ սահմանված կարգով կնքված գործարքի էլեկտրոնային եղանակով վավերացման համար, եթե կողմը չի ապացուցում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ սույն մասով սահմանված սահմանափակման մասին:»
 
Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4.  Նոտարը կարող է էլեկտրոնային եղանակով վավերացնել Էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Նոտարի կողմից Ֆինանսական համակարգի ոլորտում կնքվող էլեկտրոնային պայմանագրերի էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացման կարգը,  անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձեւերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի  եւ Կենտրոնական բանկի խորհրդի  համատեղ որոշմամբ, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա այլ պայմանագրերի վավերացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակման կարգը, տիպային ձեւերը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»:

Հոդված 9. Օրենքի 82.1-ին հոդվածի՝

1) 1-ին մասում «վավերացրած» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով,» բառերը,

2) 2-րդ մասում «կատարվելու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, կամ եթե նման համաձայնություն ի սկզբանե նախատեսված է եղել նոտարի կողմից վավերացվող գործարքում» բառերը,

3) 3-րդ մասում «միջոցով» բառից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի » բառերը,

4) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում կատարողական մակագրությունը կատարվում է, եթե՝

1) պարտապանը սույն օրենքի 82.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում նոտարին չի ներկայացնում պարտավորությունը կատարելու վերաբերյալ  ապացույց կամ.

2) պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգի առկայության եւ այդ համակարգին նոտարի հասանելիության դեպքում, նոտարը ստուգել է, որ այդ պարտավորության կատարումը տեղի չի ունեցել:

Չկատարված պարտավորության վերաբերյալ կատարողական մակագրությունը տրվում է չկատարված պարտավորության  մասով»:

Հոդված 10. Օրենսգրքի 82.2-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 1-ին կետում «հանդիպական պարտավորությունը» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերի դեպքում՝ ներկայացվում է պարտապանի պարտավորության չափի, այդ պարտավորության չափի հաշվարկի վերաբերյալ տեղեկանք եւ նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացված փաստաթղթերը» բառերը,

2)  1-ին մասի 3-րդ կետում «պատշաճ կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով» բառերով,

3)  6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«6. Կատարողական մակագրության թերթը տրվում է դիմում ներկայացնելուց հետո: Սույն օրենքի 82.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված  դեպքում կատարողական մակագրության թերթը տրվում է երկշաբաթյա ժամկետը լրանալուց, իսկ պարտավորությունների վերաբերյալ էլեկտրոնային համակարգով նոտարի կողմից պարտավորության չկատարման փաստը ստուգելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, :»:

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:
 
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի  եւ արդարադատության նախարարի սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված համատեղ որոշումն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
 
3. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված պայմանագրերի վրա: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) կարգավորվում են  Հայաստանի Հանրապետությունում նոտարների գործունեության իրավական հիմքերը, նոտարական գործողությունների իրականացման կարգը եւ այլ հարաբերություններ: «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-190-Ն օրենքով ներդրվեց նոտարի կողմից կատարողական մակագրության թերթ տրամադրելու ինստիտուտը, որի արդյունքում նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների շարքում ավելացվեց կատարողական մակագրության թերթ տալը (Օրենքի 36-րդ հոդված 1-ին մաս 21-րդ կետ): Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքում  կայացվող որոշման, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատման կամ վավերացման հետ միաժամանակ, որպես նոտարական ակտ առանձնացվեց նաեւ կատարողական մակագրության թերթը (Օրենքի 36.1-րդ հոդված):

Արդյունքում, Օրենքի 18.1-րդ գլխով կարգավորվում է կատարողական մակագրությանն առընչվող հարաբերությունները` Հայաստանի Հանրապետության նոտարներին իրավունք վերապահելով պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու կամ սեփականության իրավունքը փոխանցելու՝ պարտատիրոջ պահանջը կատարելու համար իր վավերացրած գործարքի վերաբերյալ կատարել կատարողական մակագրություն: Հստակ սահմանվեցին կատարողական մակագրության թերթ տալու պայմանները, կատարողական մակագրությամբ բռնագանձման կարգը եւ դրանից բխող այլ հարաբերություններ(Օրենքի 82.1-րդ, 82.2-րդ եւ 82.3-րդ հոդվածներ):

Բացի այդ, առկա կարգավորումների շրջանակներում կատարողական մակագրության թերթը տրվում է հետեւյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե՝

1) ներկայացվում են նոտարական կարգով վավերացված փաստաթղթեր, որոնք հաստատում են պարտատիրոջ հանդեպ պարտապանի անվիճելի պարտավորությունը, եւ բացակայում է պարտատիրոջ հանդիպական պարտավորությունը.

2) առկա են սույն օրենքի 82.1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հիմքերը.

3) պարտատերը ներկայացնում է պարտքը բռնագանձելու կամ չկատարված պարտականությունը կատարելու համար նոտարին կատարողական մակագրություն տալու համար դիմելու մասին պարտապանին պատշաճ կարգով ծանուցելու վերաբերյալ ապացույց:

Նշված կարգավորումների արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով  անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել կատարողական մակագրության թերթի ինստիտուտը, որի արդյունքում հնարավորինս կթեթեւանա դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաեւ գործարքի կողմին հնարավորություն կտրվի ավելի կարճ ժամկետում, ավելի քիչ ծախսատարությամբ հասնել պարտավորության կատարմանը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոշարադրյալը անհրաժեշտ է նշել, որ առաջարկվող նախագծի ընդունման նպատակն է ընդլայնել նոտարական գործողությունների՝ ժամանակակից տեղեկատվական համակարգերի միջոցով իրականացման ապահովումը:
Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային եւ վարկային կազմակերպությունների միջեւ` նոտարին տրամադրելով Էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: Վերջիններիս ներդնումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը (այսուհետ՝ էլեկտրոնային պայմանագրեր): Կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձեւերը եւ դրանց էլեկտրոնային վավերացման կարգը:

Նշված կարգավորումների արդյունքում պարտատիրոջը հնարավորություն է տրվում էլեկտրոնային եղանակով վավերացված էլեկտրոնային պայմանագրից բխող դրամական պարտավորությունը կատարված չլինելու դեպքում բանկային հաշվի քաղվածքի առկայությամբ  ստանալ կատարողական մակագրության թերթ:

Այսպիսի կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը   կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ եւ արագ կատարմանը եւ քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: Բացի այդ կնվազեցվի նաեւ դատարանների ծանրաբեռնվածությունը:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի՝

1.էլեկտրոնային եղանակով տիպային պայմանագրերի վավերացումը,

2.նոտարների համար էլեկտրոնային կնիքի եւ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծումը,

3. էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա պայմանագրերի տիպային ձեւերի եւ դրանց էլեկտրոնային վավերացման կարգի սահմանումը,

4. նոտարի կողմից տրվող կատարողական մակագրության թերթի ինստիտուտի ընդլայնումը,

5. նոտարական գործողությունների ճիշտ եւ արագ կատարումը,

6. քաղաքացիների սպասարկման որակի բարելավում,

7. դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:   

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ  


«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։  
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                      պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի  -ի  N  - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 
Հարգանքով`   
 ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ