Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-161-20.10.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք)  ուժը կորցրած ճանաչել 9-րդ հոդվածի 8-րդ մասը:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1. 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.

2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում փրկարար ուժերի  ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2017 թվականի հունվարի 9-ին ուժի մեջ է մտել «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Նշված օրենքով  կարգավորված են փրկարարական ծառայության գործունեությանը վերաբերվող հարցերը՝ մասնավորապես ներքին ծառայության  կազմակերպման, օպերատիվ հերթապահության կազմակերպման եւ իրականացման, սահմանված են ստորաբաժանումների գործողությունները տագնապ հայտարարելու դեպքում, ինչպես նաեւ դրանցում ընդգրկված անձնակազմի իրավասությունները, պատասխանատվությունն ու պարտավորությունները: Կարգավորված են փրկարարական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման հարաբերությունները, ստորաբաժանումների գործունեության կառավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման հետ կապված հարցերը,  սահմանված են հրամանատարների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները, փրկարարական ծառայողների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ծառայողների փոխհարաբերությունները, նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքները, կարգապահական եւ նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման հարցերը: Սահմանված են սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային եւ առողջության պահպանմանն ուղղված պահանջներն ու միջոցառումները:

«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120 հոդվածի համաձայն` ելնելով փրկարարական, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, աղետների հետեւանքների վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության եւ տարածքային պաշտպանության միջոցառումների  տեսակներից ու առանձնահատկություններից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվելու են`

1) ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման  կարգը.

2)քիմիական աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

3) կենսաբանական վարակվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

4) օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների  իրականացման կարգը:

Ելնելով փրկարարական, որոնողափրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, աղետների հետեւանքների վերացման աշխատանքների, քաղաքացիական պաշտպանության եւ տարածքային պաշտպանության միջոցառումների  տեսակներից  ու առանձնահատկություններից՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից սահմանվելու են`

1) հրդեհաշիջման աշխատանքների առանձնահատկությունները, հրդեհաշիջման եւ աշխատանքների իրականացման եւ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ստորաբաժանումների գործունեության կարգը.

2) աղետալի ջրածածկման գոտում որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման կարգը.

3) լեռնափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

4) ջրափրկարարական աշխատանքների կատարման կարգը.

5) հանքախորշերում, թունելներում եւ այլ ստորգետնյա տարածքներում, վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

6) փլատակներում փրկարարական աշխատանքների կատարման կարգը.

7) ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

8) երկաթուղային տրանսպորտի վթարների ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը.

9) սակրավորական աշխատանքների իրականացման կարգը.

10) ստորաբաժանումների եւ մեծ քանակով անձնախմբերի փոխադրման ու այդ ընթացքում ներքին ծառայության իրականացման կարգը.

11) ճամբարային ավանի տեղավորման եւ ճամբարային ավանում ներքին ծառայության իրականացման կարգը.

12)  հրաձգարաններ մեկնելու եւ հրաձգարաններում ներքին ծառայության կարգը:

Նշված իրավական ակտերի ընդունումից հետո ամբողջովին կկարգավորվեն փրկարար ուժերի գործունեության հետ կապված հարաբերությունները:

Միջազգային փրկարարական գործողություններն ավելի հաճախ կիրառվում են որպես տուժած երկրին օգնություն ցուցաբերելու արդյունավետ միջոց՝ հատկապես այն երկրներում, որտեղ աղետների արձագանքման համակարգը զարգացած չէ կամ ունեցած ուժերը բավարար չեն տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: Արտակարգ իրավիճակների դեպքում որոշումների արդյունավետ ընդունումը եւ մասնագիտացված փրկարարական թիմերի արագ արձագանքման կազմակերպումը կարող են աղետից տուժած բնակչության կորուստները հասցնել նվազագույնի: Նման դեպքերում խիստ կարեւորվում է փրկարարական թիմերի կողմից հնարավորինս արագ արձագանքման կազմակերպումը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Հաշվի առնելով 1988 թվականին Սպիտակում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի դասերը՝ միջազգային փրկարարական կառույցները գիտակցեցին, որ անհրաժեշտ է ունենալ արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման համակարգ՝ հստակ նպատակներով, գործառույթներով, դերակատարներով եւ ընթացակարգերով: Այս համակարգը հիմնելու եւ կատարելագործելու հիմնախնդիրը իրականացվեց ՄԱԿ-ի կողմից: Մասնավորապես` ընդունվեցին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Միավորված ազգերի արտակարգ իրավիճակների մարդասիրական աջակցության համակարգման հզորացում» 46/182, 1990 թվականի դեկտեմբերի 21-ի «Միավորված ազգերի աղետների օգնության համակարգողի գրասենյակի հզորացում» 45/221, 1997 թվականի սեպտեմբերի 11-ի «Միավորված ազգերի բարեփոխում, ձեռնարկվող միջոցառումներ եւ առաջարկություններ», 1998-1999 թվականների համար առաջարկված ծրագրի բյուջե» A/52/303, 1998 թվականի հունվարի 9-ի «Միավորված ազգերի թարմացում - բարեփոխումների ծրագիր» A/RES/52/12B, 1998 թվականի հուլիսի 16-ի «Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (ECOSOCC) եզրակացություն» E/1998/L.15, 2002 թվականի դեկտեմբերի 16-ի «Միջազգային քաղաքային որոնողափրկարարական խմբերի արդյունավետության եւ համակարգման ուժեղացում» 57/150 բանաձեւերը:

Արդյունքում հիմնվեց Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբը (INSARAG), որի նպատակը տուժած երկրներին միջազգային փրկարարական օգնության տրամադրումն է, միջազգային որոնողափրկարարական խմբերին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանումը եւ լայնածավալ երկրաշարժերի դեպքում միջազգային օգնության համակարգման եղանակների մշակումն է:

Մինչեւ 2015 թվականը Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ էին ՄԱԿ-ի 194 անդամ երկրներից 33-ը: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը գերազանց հանձնելով ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդա-տվական խմբի (INSARAG) որակավորումը եւ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի 194 անդամ երկրների շարքում դարձավ Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG-ի) 34-րդ անդամը:

Վերոթվարկյալ բանաձեւերով եւ Միջազգային որոնողափրկարարական խորհրդա-տվական խմբի (INSARAG) ուղեցույցով նախատեսված է, որ աղետից տուժած երկրի համապատասխան մարմինների հետ փրկարարական աշխատանքներին մասնակցելու օգնության պահանջը ստանալով, միջազգային որոնողափրկարարական թիմը, միանձնյա որոշմամբ, անմիջապես մեկնի աղետի գոտի:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեվանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1403-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 848-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի համաձայն` աղետից տուժած երկրի համապատասխան մարմինների հետ փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման նպատակահարմարությունը պարզելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավման որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջարկությամբ:

Այսինքն, Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի, այդ թվում` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեվանքների նվազեցման եւ վերացման, փրկարարական աշխատանքներում ընդգրկելու նպատակով արտասահման մեկնելու գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որի ընդունումը պահանջում է երկարատեւ գործընթաց (համապատասխան նախարարական կոմիտեի նիստում քննարկումներ, ՀՀ կառավարության նիստում քննարկում եւ այլն):

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016-12-06 N 02/16.12/20039-16 հանձնարարականով հանձնարարվել է սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 848-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում փոփոխություն կատարելու մասին համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավումն իրականացնել ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, այլ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016-12-06 N02/16.12/20039-16 հանձնարարականի պահանջները, փրկարար ուժերի, այդ թվում` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեվանքների նվազեցման եւ վերացման, փրկարարական աշխատանքներում ընդգրկելու նպատակով արտասահման մեկնելու, այսինքն` տուժած երկրին միջազգային օգնության ցուցաբերման, աղետներին արձագանքման գործընթացն առավել արագ եւ արդյունավետ իրականացնելու ու Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG-ի) չափանիշներին համապատասխանեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի ներգրավումն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ իրականացնելու  նպատակով ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերին արտասահմանյան երկրներում փրկարարական աշխատանքերում ներգրավելը կիրականացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Ներկա իրավիճակը եւ խնդիրները

Ներկայացվող նախագծով առաջարկվող իրավական կարգավորման նպատակն է «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի քննարկվող (փոփոխվող) դրույթներով  իրավական կարգավորման միջոցով լուծել գործնականում առկա խնդիրները:

Սույն նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերը կներգրավվեն ոչ թե Հայաստանի Հանրապետության կառավարության, այլ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն փրկարարական ուժերի գործունեության հետ կապված հարաբերությունները, կվերանան փրկարարական ուժերի գործունեությունը սահմանող իրավական ակտերում եղած հակասությունները:

Կապահովվեն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016-12-06 N02/16.12/20039-16 հանձնարարականի պահանջները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեվանքների նվազեցման եւ վերացման, փրկարարական աշխատանքներում Հայաստանի Հանրապետության փրկարար ուժերի, այդ թվում` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերի ներգրավումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, եւ այդ գործընթացը (միջազգային օգնության ցուցաբերման, աղետներին արձագանքման) կկազմակերպվի եւ կիրականացվի առավել արագ ու արդյունավետ:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

5 հոկտեմբերի  2017  թվականի  N 1205 - Ա

«ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հավանություն տալ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ`  Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 

2017 թ. հոկտեմբերի
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                             պարոն  Արա Բաբլոյանին



Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգա-յին ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում ««Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին  կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ............N  .........- Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
 
 

Հարգանքով`   ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ