Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-162-23.10.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 25-ի ՀՕ-193-Ն օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման եւ լուծարման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Ազատ տնտեսական գոտիների ստեղծման նպատակը

Ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման եւ ներմուծման փոխարինման միջոցով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով:

Հոդված 3.  Ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը

1. Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսական գոտիների ոլորտում հարաբերությունները կարգավորվում են 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ) տնտեսական գոտիների եւ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» համաձայնագրով (այսուհետ` Համաձայնագիր) եւ այլ միջազգային պայմանագրերով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) իրավունքի մաս կազմող` մաքսային իրավահարաբերությունները կարգավորող ակտերով եւ ազատ տնտեսական գոտիների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, մաքսային եւ հարկային հարաբերությունները կարգավորող օրենքներից եւ այլ իրավական ակտերից:

Հոդված 4.  Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացություններն են`

1) ազատ տնտեսական գոտի` սույն օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) կողմից սահմանած Հայաստանի Հանրապետության տարածքի մաս, որտեղ ձեռնարկատիրական եւ այլ գործունեությունն իրականացվում է սույն օրենքով, Համաձայնագրով եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան, ինչպես նաեւ կարող է կիրառվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը.

2) ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ (այսուհետ` կազմակերպիչ)` բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով կառավարության կողմից ստեղծած (հիմնադրած) կամ կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ, որն ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը եւ ծառայությունների մատուցումը.

3) ազատ տնտեսական գոտու շահագործող (այսուհետ` շահագործող)` Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված սույն օրենքին համապատասխան բացառապես ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպություն կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր.

4) հայտատու` Հայաստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում գրանցվելու համար հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպություն կամ հաշվառված անհատ ձեռնարկատեր.

5) լիազոր մարմին` կառավարության տնտեսական քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմին.

6) հանձնաժողով` ազատ տնտեսական գոտիների հարցերով մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով, որի լիազորությունների շրջանակը եւ կազմը սահմանվում է սույն օրենքով, իսկ ձեւավորման եւ գործունեության կարգը` կառավարության կողմից.

7) ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստր (այսուհետ` շահագործողների ռեեստր)` Հայաստանի Հանրապետության տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ցանկ, որը կազմում եւ վարում է լիազոր մարմինը սույն օրենքի պահանջներին համապատասխան:

8) ազատ տնտեսական գոտու գործարկում` ազատ տնտեսական գոտու շահագործման սկիզբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

9) հաշվետվություն՝ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպչի կողմից ազատ տնտեսական գոտում կատարված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի, մատուցվող ծառայությունների, ներգրավված շահագործողների, ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնող շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ  կազմակերպչի ներդրումային ծրագրի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին այլ տեղեկատվություն։

10) սկզբնական ներդրումային հայտարարագիր (այսուհետ` սկզբնական հայտարարագիր)՝ շահագործողի կողմից կառավարության կողմից սահմանված ձեւով եւ կարգով ներկայացվող պաշտոնական հայտարարություն, որը կազմվում է գործարար ծրագրի հիման վրա եւ պարունակում է տեղեկատվություն շահագործման ընթացքում հայտարարվող ներդրումների, աշխատատեղերի եւ արտադրության ծավալների վերաբերյալ՝ բաշխված ըստ տարիների։

11) հերթական ներդրումային հայտարարագրերի (այսուհետ` հերթական հայտարարագիր)՝ շահագործողի կողմից կառավարության կողմից սահմանված ձեւով եւ կարգով ներկայացվող պաշտոնական հայտարարություն, որը պարունակում է տեղեկատվություն շահագործման տվյալ տարում փաստացի իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի եւ արտադրության ծավալների վերաբերյալ։

Հոդված 5.  Ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագրի կնքումը, կազմակերպչի ընտրությունը

1. Ազատ տնտեսական գոտին ստեղծվում է կառավարության որոշմամբ:

2. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշումը պետք է ներառի`

1)  ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակը.

2) տարածքի նկարագիրը եւ սահմանագիծը, ազատ տնտեսական գոտուն եւ դրա սահմանագծին ներկայացվող պահանջները: Սահմանագծին ներկայացվող պահանջները սահմանվում են` կախված տվյալ ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակից եւ դրանում իրականացվող գործունեության առանձնահատկություններից՝ սույն օրենքի հոդված 6-ին համապատասխան.

3) գործառնական տեսակը եւ  շահագործողների կողմից իրականացվելիք գործունեության տեսակները` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի.

4) ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետը.

5) ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետները.

6) ազատ տնտեսական գոտու ստեղծման ներդրումային ծրագիրը.

7) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման տարածքը?

8) կազմակերպչի անհատական տվյալները կազմակերպիչը նախապես հայտնի լինելու դեպքում.

9) հաշվետվության ձեւը:

3. Կազմակերպչի ընտրության չափանիշները եւ կարգը, ինչպես նաեւ հաշվետվության ներկայացման կարգը սահմանում է կառավարությունը:

4. Կառավարության անունից լիազոր մարմինը կնքում է համապատասխան պայմանագիր կազմակերպչի հետ:

5. Լիազոր մարմնի եւ կազմակերպչի միջեւ կնքվող պայմանագիրը ենթակա է հրապարակման լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:

6. Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետը խախտելու դեպքում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշումը ուժը կորցրած է ճանաչվում:

7. Կառավարությունը ընդունում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետները փոփոխելու մասին որոշում՝ ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետները հետաձգելու Կազմակերպչի դիմումի եւ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հոդված 6.  Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջները

1. Ազատ տնտեսական գոտուն ներկայացվող պահանջների շրջանակը ներառում է .

1) բեռնափոխադրումների համար նախատեսված տրանսպորտային միջոցների, այդ թվում` երկաթուղային տրանսպորտային միջոցների ներսբերման հնարավորությամբ, ավտոկայանատեղով եւ փակուղով ապահովվածություն,

2) կառավարության հաստատած սահմանագծին ներկայացվող տեխնիկական պահանջներին համապատասխան սահմանով սահմանազատվածություն,

3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հսկողություն եւ մաքսային ձեւակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններով ու տեխնիկական միջոցներով ապահովվածություն,

4) տարածքի անվտանգության, առաջնային բուժօգնության եւ հակահրդեհային համակարգերով ապահովվածություն,

5) ունենա անխափան ջրամատակարարման եւ ջրահեռացման, էներգամատակարարման, գազամատակարարման, աղբահանության եւ կապի միջոցների` առնվազն հեռախոսային կապի եւ ինտերնետի, ապահովում .

6) սանիտարահիգիենիկ նորմերի պահանջների պահպանման համապատասխան միջոցներով ապահովվածություն,

7) կարանտինային սպասարկման տարածքի առկայություն,

8) ապրանքների պահպանության համար նյութատեխնիկական սարքավորումներով, ինչպես նաեւ բեռնման, բեռնաթափման եւ տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումներով եւ այլ միջոցներով ապահովվածություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների այն կետերը, որոնք ենթակա են պարտադիր կատարման, սահմանվում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` կախված տվյալ ազատ տնտեսական գոտուն ՀՀ կառավարության կողմից վերապահված գործունեության տեսակներից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերի կատարումը պարտադիր է ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը:

Հոդված 7.  Ազատ տնտեսական գոտու շահագործումը

1.  Ազատ տնտեսական գոտու շահագործումն իրականացվում է տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառված  շահագործողների կողմից:

2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնք գործարար ծրագրի վերաբերյալ Հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա կառավարության կողմից ստացել են տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն, որից հետո կնքել են պայմանագիր տվյալ ազատ տնտեսական գոտու Կազմակերպչի հետ եւ դրա վերաբերյալ տեղեկացրել են Լիազոր մարմնին: Շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշումը ներառում է տվյալ ազատ տնտեսական գոտում շահագործողի կողմից իրականացվող գործունեության տեսակները, տվյալ ազատ տնտեսական գոտու անվանումը (տվյալ ազատ տնտեսական գոտին մի քանի մասերից բաղկացած լինելու դեպքում` տվյալ ազատ տնտեսական գոտում շահագործողի գործունեության իրականացման վայրը), տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում գտնվելու ժամկետները:

3. Շահագործողների ռեեստրում ներառված շահագործողները ստանում են վկայական, որի ձեւը սահմանվում է Լիազոր մարմնի կողմից:

4. Հայտատուի` տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի տրամադրման, երկարաձգման եւ դադարեցման կարգը սահմանում է կառավարությունը:

5. Հայտի գնահատման անցողիկ միավորը սահմանում է կառավարությունը: Անցողիկ միավորը կարող է վերանայվել ոչ շուտ, քան վեց ամիս նախորդ անցողիկ միավորի հաստատումից հետո:

6. Շահագործողի գործարար ծրագիրը պարտադիր ներառում է սկզբնական հայտարարագիր:

7. Lիազոր մարմինը հետեւում է գործարար ծրագրի կատարմանը` սկզբնական եւ հերթական հայտարարագրերի վերլուծության միջոցով:

8. Հերթական հայտարարագիրը շահագործողի կողմից ներկայացվում է Lիազոր մարմին տարեկան կտրվածքով վկայականի գործողության ժամանակահատվածում` յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Շահագործողների ռեեստրից շահագործողը հանվում է հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում.

1)   հանձնաժողովի եզրակացության հիման վրա`

ա. կազմակերպչի եւ շահագործողի միջեւ պայմանագրի լուծման դեպքում.

բ.  ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում.

գ. վկայականով սահմանված ժամկետը լրանալու դեպքում, եթե շահագործողի կողմից ժամկետը երկարաձգելու դիմում չի ներկայացվում.

2) կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա`

ա. հերթական հայտարարագրում կեղծ կամ ոչ ճշգրիտ կամ աղավաղված տվյալներ ներկայացնելու, դրանք լիազոր մարմնի կողմից հայտնաբերվելու եւ շահագործողին դրա վերաբերյալ ծանուցելու օրվանից 10-օրյա ժամկետում շահագործողի կողմից ճշգրիտ հայտարարագիրը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում.

բ. տվյալ ժամանակաշրջանի համար հերթական հայտարարագրերի թվային ցուցանիշների հանրագումարի սկզբնական հայտարարագրի թվային ցուցանիշներից առնվազն 20% բացասական շեղման դեպքում: Շահագործողը հանվում է շահագործողների ռեեստրից` լիազոր մարմնին հերթական հայտարարագրի ներկայացումից հետո 3-ամսյա ժամկետում շահագործողի կողմից շեղումը չվերացնելու եւ շեղումը վերացնելու մասին տեղեկատվություն չներկայացնելու դեպքերում:

10. Շահագործողների ռեեստրից հանվելու դեպքում կազմակերպչի եւ շահագործողի միջեւ կնքված պայմանագիրը համարվում է լուծված:

11. Ազատ տնտեսական գոտում կարող են գործունեություն իրականացնել շահագործողները, ինչպես նաեւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներից տարբերվող գործունեության տեսակներ, այդ թվում մանրածախ առեւտուր, կարող են իրականացնել շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը: Ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված գործունեության տեսակներ կարող են իրականացնել նաեւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շահագործողների համար նախատեսված արտոնությունների կիրառման:

12. Ազատ տնտեսական գոտու տարածքում արգելվում է ազատ տնտեսական գոտու շահագործողների եւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ այնպիսի գործարքների իրականացում, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների հանձնում շահագործողից շահագործող չհանդիսացող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը:

Հոդված 8.  Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմինը`

1) կառավարության անունից կնքում, փոփոխում կամ լուծում է ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը կազմակերպչի հետ.

2) վարում է շահագործողների ռեեստրը,

3) իրականացնում է ազատ տնտեսական գոտում կազմակերպչի եւ շահագործողի գործունեության վերլուծություն` չխոչընդոտելով նրանց գործունեությունը, այդ թվում` իրականացնում է վերլուծություն  կազմակերպչի` կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ, շահագործողի սկզբնական հայտարարագրի կատարման նկատմամբ.

4) հետեւում է ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի հաշվետվությունների եւ շահագործողների հերթական հայտարարագրերի  ներկայացմանը.

5) համագործակցում է այլ մարմինների հետ շահագործողի գործարար ծրագրով ներկայացված պարտավորությունների եւ հայտարարագրերի հավաստիությունը ուսումնասիրելու, ազատ տնտեսական գոտու կազմակերպչի պարտավորությունների եւ շահագործողների հայտարարագրերի կատարման մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքագրելու հարցում.

6) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 9. Հանձնաժողովի կազմը եւ լիազորությունները

1. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի ղեկավարը, լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ լիազոր մարմնի ներկայացուցիչները, արդարադատության բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, ֆինանսների բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող պետական կառավարման մարմնի, հարկային եւ մաքսային  մարմնի եւ այլ պետական մարմինների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է վարչապետի որոշմամբ։

2. Հանձնաժողովը`

1) ուսումնասիրում եւ գնահատում է հայտերը եւ հանձնաժողովի նախագահի միջոցով կառավարությանն է ներկայացնում եզրակացություններ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտերի վերաբերյալ.

2) Հանձնաժողովի նախագահի միջոցով կառավարությանը ներկայացնում է եզրակացություն ազատ տնտեսական գոտու գործարկման, ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետները փոփոխելու, ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետները հետաձգելու կամ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կառավարության որոշումը ուժը կորցրած ճանաչելու, շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու վերաբերյալ.

3) կազմում է եզրակացություն շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու վերաբերյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերում.

4) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 10. Կազմակերպչի գործառույթները

1. Կազմակերպիչը`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում, օգտագործում է ազատ տնտեսական գոտու ինժեներական կառույցները եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ ապահովում է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

2) պայմանագիր է կնքում տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու հավանություն ստացած հայտատուների  հետ.

3) վարձակալության է հանձնում կամ վաճառում է շահագործման ենթակա ազատ տնտեսական գոտու տարածքը եւ ենթակառուցվածքը.

4) ապահովում է ազատ տնտեսական գոտուն սույն օրենքով ներկայացվող պահանջների կատարումը.

5) ապահովում է ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու համար սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան կնքած պայմանագրային պարտավորությունների կատարումը.

6) ազատ տնտեսական գոտու նախորդ տարվա գործունեության վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություններ լիազոր մարմնին ` կառավարության սահմանած կարգով.

7) իրականացնում է միջոցառումներ` ուղղված ազատ տնտեսական գոտու միջազգային ճանաչմանը եւ նրանում շահագործողների ներգրավմանը.

8) իրականացնում է օրենսդրությամբ եւ պայմանագրով իր համար սահմանված այլ գործառույթներ:

Հոդված 11. Շահագործողի գործառույթները

1. Շահագործողը`

1) ապահովում է ազատ տնտեսական գոտու շահագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունների, գործարար ծրագրի եւ սկզբնական հայտարարագրի կատարումը, ինչպես նաեւ հերթական հայտարարագրերի ներկայացումը Լիազոր մարմին սույն օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան.

2) իրականացնում է ազատ տնտեսական գոտու տարածքի կառուցապատումն նախապես հաստատված նախագծի համապատասխան` համաձայնեցնելով կազմակերպչի հետ.

3) պահպանում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.

4) օգտվում է ազատ տնտեսական գոտիների մասին օրենսդրությամբ իրենց գործունեության համար նախատեսված արտոնություններից.

5) իրականացնում է օրենսդրությամբ եւ պայմանագրով իր համար սահմանված այլ գործառույթները:

Հոդված 12. Ազատ տնտեսական գոտում հարկային, մաքսային եւ արժութային կարգավորումները, ազատ տնտեսական գոտում գործող արտոնությունները

1. Ազատ տնտեսական գոտու  տարածքում գործում է ձեռնարկատիրական եւ այլ գործունեության իրականացման առանձնահատուկ (հատուկ իրավական) ռեժիմ, ինչը կայանում է շահագործողներին` օրենսդրությամբ սահմանվող հարկման հատուկ ռեժիմի տրամադրման, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու տարածքում ձեռնարկատիրական եւ այլ գործունեության իրականացման համար ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում ընդհանուր սահմանված պայմաններից տարբերվող՝ առավել բարենպաստ պայմանների ստեղծման մեջ` հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ:

2. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կարող է կիրառվել ազատ տնտեսական գոտու տարածքում կամ դրա տարածքի մի մասում:

3. Այն ապրանքները, որոնք ներմուծվել են ազատ տնտեսական գոտու տարածք, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, եւ ձեւակերպվել են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով, համարվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս գտնվող ապրանքներ՝ մաքսատուրքերի, հարկերի, ինչպես նաեւ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակներով:

4. Ազատ տնտեսական գոտու տարածքում կարող են տեղակայվել եւ օգտագործվել «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքներ, ինչպես նաեւ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով չձեւակերպված՝ ԵԱՏՄ ապրանքներ եւ այլ մաքսային ընթացակարգերով ձեւակերպված օտարերկրյա ապրանքներ:

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ապրանքների ձեւակերպման պայմաններն, ապրանքների նկատմամբ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման ժամկետն, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների հետ կապված գործողությունները, մաքսային գործառնությունների իրականացման առանձնահատկությունները ազատ տնտեսական գոտու տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակումը, մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների առաջացումն ու դադարեցումը եւ դրանց վճարման ժամկետը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող (ձեւակերպված) ապրանքների համար, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման առանձնահատկությունները «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը եզրափակելիս, ապրանքների մաքսային արժեքը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը որոշելը, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացումը «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքներում սահմանվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով:

6. Ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների, ինչպես նաեւ շահագործողների եւ քաղաքացիաիրավական հարաբերությունների այլ սուբյեկտների միջեւ իրականացվող գործարքների արժութային կարգավորումն իրականացվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 13. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները

1. Կառավարության որոշմամբ սահմանված այն ազատ տնտեսական գոտում, որի սահմանագիծը մասնակի կամ ամբողջությամբ համընկնում է ԵԱՏՄ մաքսային սահմանագծի հետ, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով եւ կառավարության որոշմամբ սահմանված առանձնահատկություններով։

2. Կառավարության որոշմամբ սահմանվում են այն դեպքերը, երբ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտում, «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված եւ(կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ այլ գործառնությունների հետ մեկտեղ թույլատրվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների վերամշակման գործառնությունների ժամանակ ապրանքների սպառումից տարբերվող սպառում։

3. Սույն հոդված 2-րդ մասով նախատեսված դեպքերում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի եզրափակման կարգը սահմանում է կառավարությունը։

4. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերը եւ սույն օրենքի 6-րդ հոդվածը չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտում։

5. ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 455-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի իմաստով ներմուծման մաքսատուրերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետ չի առաջանում «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված օտարերկրյա ապրանքների եւ(կամ) «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների նկատմամբ, եթե այդ ապրանքների կորուստը տեղի է ունեցել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ազատ տնտեսական գոտու տարածքում։

6. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքների եւ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաեւ այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 14. Ազատ տնտեսական գոտում սահմանափակումները

1. Ազատ տնտեսական գոտում չի թույլատրվում հետեւյալ գործունեության տեսակների իրականացումը`

1) ռադիոակտիվ նյութերի արտադրություն եւ առեւտուր.

2) զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի արտադրություն ու առեւտուր.

3) առանց Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ներմուծում, պահպանում, արտադրություն եւ առեւտուր:

2. Ազատ տնտեսական գոտու այն տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, հսկիչ անցագրային ռեժիմի ապահովումը, ներառյալ այդ տարածք անձանց մուտքի կարգի սահմանումը, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 15. Ազատ տնտեսական գոտում պետության կողմից ծառայությունների մատուցումը եւ վերահսկողության իրականացումը

1. Ազատ տնտեսական գոտում պետության կողմից մատուցվող ծառայություններն իրականացվում են կառավարության սահմանած` պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով:

2. Պետական ծառայություններ մատուցող եւ վերահսկողություն իրականացնող համապատասխան պետական մարմիններն կարող են ունենալ ստորաբաժանումներ ազատ տնտեսական գոտու տարածքում:

Հոդված 16. Ազատ տնտեսական գոտու լուծարումը

1. Ազատ տնտեսական գոտին լուծարվում է`

1) սահմանված ժամկետի լրանալուց, եթե կառավարության կողմից ժամկետը երկարաձգելու մասին որոշում չի կայացվում կազմակերպչի` սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտի հիման վրա.

2) վաղաժամկետ`

ա. կառավարության որոշմամբ. ազատ տնտեսական գոտու գործարկումից հետո մեկ տարվա ընթացքում շահագործող չլինելու դեպքում.

բ. կառավարության եւ կազմակերպչի միջեւ կնքված պայմանագրի լուծման դեպքում.

գ. կազմակերպչի ցանկությամբ:

3) Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) եւ գ) ենթակետերով սահմանված դեպքերում կազմակերպիչը նախապես փոխհատուցում է լուծարման հետեւանքով շահագործողների կողմից կրած վնասները:

Հոդված 17. Ազատ տնտեսական գոտում վեճերի լուծումը

 1. Ազատ տնտեսական գոտու գործունեության հետ կապված վեճերի լուծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Շահագործողների համաձայնությամբ նրանց միջեւ վեճերի լուծումը կարող է իրականացվել նաեւ միջազգային արբիտրաժի միջոցով:

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 19. Անցումային դրույթները

1. Սույն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի, 7-րդ հոդվածի 3-րդ մասերի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների եւ շահագործողների, շահագործողի կարգավիճակ ստանալու համար հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունների կամ հաշվառված անհատ ձեռնարկատերի վրա:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ազատ տնտեսական գոտիների շահագործման թույլտվություն ստացած հայտատուները թույլտվության գործողության մնացած ժամկետի համար ներկայացնում է սկզբնական հայտարարագիր, որից հետո ներկայացնում է հերթական հայտարարագրեր սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան։

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածի դրույթները ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
 

1. Անհրաժեշտությունը

ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների գործունեության կարգավորում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2011 թվականի մայիսի 25-ին: Ներկայումս Հայաստանում գործում է երկու ազատ տնտեսական գոտի, նախատեսված է ստեղծել եւս մեկը:  Արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող:

Օրենքի փոփոխությունը պայմանավորված է առ այսօր ի հայտ եկած խնդիրների լուծման (մասնավորապես ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվությունների տրամադրման, լիազոր մարմնի կողմից կազմակերպչի եւ շահագործողների պայմանագրային պարտավորությունների կարգավորման, ազատ տնտեսական գոտու շահագործողների եւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերությունների, ազատ տնտեսական գոտու գործարկման հետ կապված խնդիրների), ինչպես նաեւ 2010թ. հունիսի 18-ի «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ) տնտեսական գոտիների եւ ազատ մաքսային գոտի մաքսային ընթացակարգի հարցերով» համաձայնագրի եւ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ազատ տնտեսական գոտիների ստեղծման եւ գործարկման շնորհիվ ներդրումների ներգրավման խրախուսում, այդ հատվածում ստեղծված արդյունքի արտահանման խթանում, նոր աշխատատեղերի ստեղծում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի փոփոխությամբ հստակեցվում են լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի եւ շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող պահանջները, ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը, ազատ տնտեսական գոտու սահմանումը եւ ազատ տնտեսական գոտում մաքսային կարգավորումները համապատասխանեցվում են 2010թ. հունիսի 18-ի մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ) տնտեսական գոտիների եւ ազատ մաքսային գոտի մաքսային ընթացակարգի հարցերով համաձայնագրին, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին համապատասխան սահմանվում են «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի առանձնահատկությունները որոշ ազատ տնտեսական գոտիներում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

 ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն:

6. Ակնկալվող արդյունքը

ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման, շահագործման եւ լուծարման ընթացակարգերի հստակեցում:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽUԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱUԻՆ

««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի եւ շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիներին ներկայացվող պահանջները եւ ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առնչությամբ

««Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հստակեցվում են լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի եւ շահագործողների պարտավորությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են ազատ տնտեսական գոտու ծառայությունների  շուկայի հետ, սակայն Նախագծի ընդունմամբ նշված շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

Նախագծով կարգավորվում են ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվությունների տրամադրման, լիազոր մարմնի կողմից կազմակերպչի եւ շահագործողների պայմանագրային պարտավորությունների կատարման, ազատ տնտեսական գոտու շահագործողների եւ շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերությունների, ազատ տնտեսական գոտու գործարկման հետ կապված խնդիրները:

Հաշվի առնելով վերոնշյալը` Նախագծի ընդունումը կհանգեցնի ներդրումների ներգրավմանը, ազատ տնտեսական գոտում ստեղծված արդյունքի արտահանման խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
              պարոն   ԱՐԱ  ԲԱԲԼՈՅԱՆԻՆ




Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1174-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
 
Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ



 28 սեպտեմբերի 2017 թվականի  N 1174-Ա


«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հոկտեմբերի
           Երեւան