Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-040-22.07.2003-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿ»-ՈՒՄ ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է «Հայխնայբանկ»-ում ավանդադրված խնայողական ավանդների վերականգնման եւ մարման հետ կապված հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 1.   Սույն օրենքի գործողությունը տարածվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հայաստանյան մասնաճյուղի բաժանմունքներում մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ը ավանդադրված խնայողական ավանդների (այսուհետ՝ նաեւ խնայողությունների) վրա։

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքի հոդված 1-ով սահմանված խնայողությունների ընդհանուր գումարը համարվում է Հայաստանի Հանրապետության պետական ներքին պարտք, որի մարումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականությամբ։

ՀՈԴՎԱԾ 3. Խնայողությունների վերականգնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի հայաստանյան մասնաճյուղի բաժանմունքներում խնայողական ավանդների վերականգնման եւ մարման ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր)։

Ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հաստատվում է համապատասխան օրենքի ընդունմամբ։

ՀՈԴՎԱԾ 4. Ծրագիրը մշակվում է ելնելով հետեւյալ հիմնական սկզբունքներից`

1) ավանդների մարման առաջին հերթում 70 տարին լրացած ավանդատուների ընդգրկումը.

2) ավանդատու հանդիսացող զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամների, Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների, 1-ին կարգի հաշմանդամների եւ փախստականների համար ավանդների մարման ժամկետային արտոնությունների սահմանումը.

3) ավանդների մարումը ընտանեկան նպաստ ստացող անձանց թվաքանակի կրճատմանն ուղղորդումը.

4) ավանդատու հանդիսացող անձի մահվան դեպքում թաղման ծախսերի փոխհատուցման նպատակով նրա ավանդի մասնակի մարումը:

ՀՈԴՎԱԾ 5. Ծրագրով սահմանվում են.

1) խնայողությունների վերականգնման սկզբունքները, մեխամիզմները եւ մեթոդիկան,

2) վերականգնման եւ մարման ենթակա խնայողությունների ընդհանուր գումարը, դրա մարման տարեկան համամասնությունները, ինչպես նաեւ մարման սկզբնական ու վերջնական ժամկետները.

3) խնայողությունների մարման հաջորդականությունը, առաջնայնությունները, արտոնությունները եւ ժամկետները` ըստ բնակչության առանձին կատեգորիաների,

4) խնայողությունների մարման աղբյուրները,

5) Ծրագրի իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների իրավունքներն ու պարտականությունները.

6) սույն օրենքի պահանջների եւ Ծրագրի կատարման համար անհրաժեշտ այլ դրույթներ։

ՀՈԴՎԱԾ 6. Խնայողությունների գծով պետական ներքին պարտքի յուրաքանչյուր տարում մարման ենթակա գումարը համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսային մասում արտացոլվում է առանձին տողով` որպես պաշտպանված հոդված։

ՀՈԴՎԱԾ 7. 1992 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ավանդադրված խնայողությունների մարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ ավանդների ներդրման պայմանագրերում սահմանված կարգով։

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։