Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-167-24.10.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21.5-րդ հոդվածի 2-րդ մասում «հանձնված գործերի»  բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «26» թիվը փոխարինել «23» թվով:

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 3.1-րդ մասում «6» թիվը փոխարինել «9»  թվով:

Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՀՕ-136-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվեց Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)` դատարանի նախագահի եւ վեց դատավորի կազմով (այսինքն` երկու դատական կազմ), որն իր իրավասության սահմաններում վերանայում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի  (այսուհետ՝ Վարչական դատարան) կայացրած դատական ակտերը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի ստեղծման պահին Վարչական դատարանը գործում էր դատարանի նախագահի եւ 16 դատավորի կազմով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ ՀՕ-246-Ն օրենքով վարչական գործերի քանակական աճին համապատասխան Վարչական դատարանի դատավորի թիվը ավելացավ եւս 10-ով, այնինչ Վերաքննիչ դատարանի դատավորների թվակազմի փոփոխություն տեղի չունեցավ:

Նման պայմաններում Վարչական դատարանի դատավորների թվի եւս տասով համալրումը հանգեցրեց ավարտված գործերի քանակի ավելացմանը, ըստ այդմ, ավելացավ նաեւ դրանց վերաքննության կարգով բողոքարկումների քանակը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրեց Վերաքննիչ դատարանի դատավորների գերծանրաբեռնվածությանը, մասնավորապես, 2017 թվականի հուլիս ամսին դատական կազմին հանձնված գործերով դատաքննություն է նշանակվում  2019 թվականի հունվար ամսին:

Վերը նշվածի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար բավական է միայն պարզ համեմատական անցկացնել Վերաքննիչ դատարանի տարեկան գործունեության արդյունքների միջեւ: Այսպես.

2011թ.` 1496 գործ (որից` 2010թ.-ից փոխանցված` 91 գործ), ավարտվել է 1264  գործ,

2012թ.` 1820 գործ (որից` 2011թ.-ից փոխանցված` 232 գործ), ավարտվել է 1495 գործ

2013թ.` 2343 գործ (որից` 2012թ.-ից փոխանցված` 325 գործ), ավարտվել է 1866 գործ,

2014թ.` 2314 գործ (որից` 2013թ.-ից փոխանցված` 477 գործ), ավարտվել է 1816  գործ,

2015թ.` 2321 գործ (որից` 2014թ.-ից փոխանցված` 496 գործ), ավարտվել է 1796  գործ,

2016թ.` 2773  գործ (որից` 2015թ.-ից փոխանցված` 525 գործ), ավարտվել է 1626 գործ,

2017թ. հունիս ամիսը ներառյալ` 3149 գործ (որից` 2016թ.-ից փոխանցված` 1147 գործ), ավարտվել է` 1166 գործ, անավարտ` 1983 գործ:

Վերոգրյալ վիճակագրական տվյալների հիման վրա անհրաժեշտ է փաստել, որ Վերաքննիչ դատարանի դատական կազմերի ծանրաբեռնվածությունը կարող է խաթարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ հոդվածով եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության սկզբունքը:

Միաժամանակ, Վարչական եւ Վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածության հարցը քննարկելիս ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 09.01.2015 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» թիվ  ՀՕ-250-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով կատարվեց էական լրացում, օրենսգրքի առանձին` 29.1-ին գլխով կարգավորվեց անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական եւ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջները բռնագանձելու հայցադիմում ներկայացնելու եւ դրանք քննելու առանձնահատկությունները, որի նպատակն էր, ի թիվս այլնի, Վարչական դատարանի դատավորների ծանրաբեռնվածության նվազումը:

Այդպիսով, անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա մինչեւ երկու հարյուր հազար դրամ կազմող դրամական պահանջները ենթակա էին հարկադիր կատարման: Սակայն, հարկ է նշել, որ 09.01.2015 թվականի փոփոխություններով հանրային իրավական դրամական պահանջի չափը երկու հարյուր հազար դրամ սահմանելը պայմանական էր՝ նպատակ ունենալով դատարանի կողմից անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա պահանջների քննություն սահմանել բացառիկ դեպքերում:

Մինչդեռ, իրավակիրառ պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ ներկայումս սակավաթիվ են ոչ թե երկու հարյուր հազար, այլ հինգ հարյուր հազար դրամը գերազանցող պահանջները:

Հարկ է նշել, որ 2015 թվականին Վարչական դատարանում ստացվել է դրամական պահանջներ կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ 2282 գործ, որը կազմել է տվյալ ժամանակահատվածում Վարչական դատարանում ստացված գործերի 25%-ը: Ընդ որում, 2282 գործից 1902-ով ներկայացված դրամական պահանջը գերազանցել է 200.000 ՀՀ դրամը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին»,  ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր).

1)  նախատեսվում է ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով, այսինքն` մեկ դատական կազմով:

2) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն:

3) ամրագրվել է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը:

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծերի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վարչական եւ Վերաքննիչ դատարանների դատավորների ծանրաբեռնվածությունը:
 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն  կատարելու մասին»  եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ», ««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու  մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կնախատեսվի ծախսերի ավելացում՝ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավորի եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների վարձատրության  տարբերության եռապատիկի չափով: