Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1692-27.10.2017-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀO-13-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «օրենքով» բառից հետո լրացնել «, այլ օրենքներով» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) կայազորային մեկուսարանների եւ կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաեւ այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «տարածքային» բառից առաջ լրացնել «կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից,» բառերը,

2. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1. 1-ին մասում «օրենքով» բառից հետո լրացնել «եւ այլ օրենքներով» բառերը,

2. 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով,

3. ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասեր.

«4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնը զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:

5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության եւ առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) իրականացում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն.

4) իրականացում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաեւ այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 11.1. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին եւ օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:

3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ձեռնարկվել է պաշտպանության միջոց՝ ծառայության վայրը փոփոխելու ձեւով, պաշտպանության միջոցի ձեռնարկման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «զինվորական» բառը փոխարինել «ռազմական» բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 18. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
 


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է ռազմական ոստիկանության գործառույթները հստակեցնելու, «Ռազմական ոստիկանության մասին մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված այլ օրենքների («ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենք) հիման վրա ռազմական ոստիկանության իրավասությունները, ռազմական ոստիկանության ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջներ սահմանելու, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանն առնչվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Օրենքի նախագծի ներկայացումը նախատեսվել է նաեւ ՀՀ կառավարության 2016թ. մարտի 10-ի թիվ 245-Ա որոշմամբ հաստատված ցանկի 53-րդ կետով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենքում կարգավորումներ սահմանված չեն կարգապահական մեկուսարաններում եւ կարգապահական վաշտերում ռազմական ոստիկանության գործառույթների վերաբերյալ, միաժամանակ հստակեցված չեն ռազմական ոստիկանության համակարգում պաշտոն զբաղեցնող ծառայողների գործառնական պարտականությունները, մասնագիտական գործունեությանը եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջները, ինչն էական խնդիրներ է առաջացնում ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկության, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածության եւ պաշտպանության պատշաճ ապահովման գործընթացում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ռազմական ոստիկանության գործունեության թափանցիկությունը, հստակ ամրագրելու ռազմական ոստիկանության իրավասությունները եւ ռազմական ոստիկանության ծառայողների գործունեությանը ներկայացվող պահանջները, օրենքի դրույթները ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով ռազմական ոստիկանության գործունեության իրավական հիմքերի շարքում ներառվում են նաեւ այն նորմատիվ իրավական ակտերի պահանջները, որոնց համաձայն ռազմական ոստիկանությունն իրականացնում է իր գործառույթները (ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» եւ <ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք> ՀՀ օրենքներ, ՀՀ պաշտպանության նախարարի 07.08.2012թ. թիվ 836-Ն հրաման), նախագծով սահմանվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ եւ 98.11-րդ հոդվածների հիման վրա պաշտպանության միջոց կիրառված զինծառայողների անվտանգության ապահովման, ինչպես նաեւ կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին նշանակված զորամասեր տեղափոխելու գործընթացում ռազմական ոստիկանության կողմից ներկայումս իրականացվող պրակտիկան, սահմանվում է ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը, որոնք ներառելու են ռազմական ոստիկանության ծառայողների իրավունքների ու պարտականությունների նկարագիրը եւ տվյալ պաշտոնում ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները, ռազմական ոստիկանության ծառայողի պարտադիր ատեստավորումը: Նախատեսվում է նաեւ ՀՀ ոստիկանության պետին պաշտոնի նշանակման եւ պաշտոնից ազատման հետ կապված օրենքի դրույթները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի պահանջներին` նախատեսելով, որ այդ դրույթներն ուժի մեջ են մտնում ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՊՆ իրավաբանական վարչության եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցմանը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ռազմական ոստիկանության խնդիրների եւ դրանցից բխող գործառույթների հստակ սահմանումը, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորվածությունն ու պաշտպանությունը, խթան կհանդիսանա պաշտպանության համակարգում բարեվարքության ամրապնդման, զինվորական կառավարման էթիկայի բարելավման եւ թափանցիկության ապահովման համար:

7. Այլ տեղեկություններ չկան:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի  ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ




Հարգելի պարոն Բաբլոյան
 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության սահմանադրական  օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների  նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումները, օրենքների փոփոխվող հոդվածների եւ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարու-թյան եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի  -ի  N  - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության  նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
 

Հարգանքով`  ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ