Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1. «կեղտաջրեր» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կեղտաջրեր` արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման արդյունքում աղտոտված ջրեր, ինչպես նաեւ բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրեւային, հալոցքային կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են շրջակա միջավայր.».

2. «թույլատրելի սահմանային արտահոսք» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թույլատրելի սահմանային արտահոսք՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային եւ (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար.».

3. «ոչ մրցակցային ջրամատակարար» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձ՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման կենտրոնացված համակարգով ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ծառայություններ մատուցող առեւտրային կազմակերպություն, որը չունի կամ չի կարող ունենալ մրցակից.».

4. «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը  «արդյունահանման » բառից հետո լրացնել «, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման» բառերով.

5. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«կենցաղային կեղտաջրեր՝ մարդկանց կենսագործունեության հետեւանքով առաջացած կեղտաջրեր.

արտադրական կեղտաջրեր՝ տնտեսական գործունեության արդյունքում առաջացող կեղտաջրեր, բացառությամբ կենցաղային կեղտաջրերի.

բնակավայրերի կեղտաջրեր` կենցաղային կեղտաջրեր կամ դրանց եւ արտադրական ու տարափային (հեղեղային) կեղտաջրերի խառնուրդ.

ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող եւ դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժների), չորացման հորերի եւ համապատասխան ՀՏԿ-ների համակարգ.

ցամաքուրդային (դրենաժային) ջրեր՝  հողերի ցամաքեցման (գրունտային ջրերի մակարդակի իջեցման) արդյունքում ցամաքուրդային ջրահեռացման համակարգ ներթափանցած ջրեր.

տարափային (հեղեղային) ջրեր` բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքներից առաջացող անձրեւային, հալոցքային ջրեր.

ջրահեռացման համակարգ` կենտրոնացված, խմբային կամ անհատական ՀՏԿ-ների համակարգ, որի օգնությամբ իրականացվում է կեղտաջրերի հավաքումը եւ (կամ) փոխադրումը դեպի մաքրման կառուցվածքներ եւ (կամ) դրանց մաքրումը եւ արտանետումը շրջակա միջավայր.

խմբային ջրահեռացման համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հարակից տեղաբաշխված օբյեկտների (բնակավայր, բնակելի, հասարակական եւ արտադրական շենքեր ու սենքեր) խմբից առաջացած կեղտաջրերի ընդունումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում.

ջրահեռացման կենտրոնացված համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս համայնքի տարածքում իրականացնել տնայինտնտեսություններից, հասարակական եւ արտադրական օբյեկտներից առաջացած կեղտաջրերի ընդունումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում.

կեղտաջրերի անհատական (տեղային) մաքրման կառուցվածքներ` ՀՏԿ-ներ, որոնք նախատեսված են հասարակական, արտադրական եւ այլ օբյեկտներում առաջացող կենցաղային, տարափային (հեղեղային) եւ արտադրական կեղտաջրերի ընդունման եւ մաքրման համար՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգի բացակայության կամ դեպի այդ համակարգ կեղտաջրերի ներհոսքի անհնարինության դեպքում.

կեղտաջրերի հեռացում` ՀՏԿ-ների կամ դրանց համալիրների միջոցով արտադրական, կենցաղային, տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի կազմակերպված հեռացման գործընթաց` տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքի սահմաններից դուրս.

կեղտաջրերի մաքրում՝ կեղտաջրերի մշակման տեխնոլոգիական գործընթաց՝ կեղտաջրերից աղտոտող նյութերի խառնուրդների կորզման, հեռացման կամ վնասազերծման նպատակով՝ մեխանիկական, ֆիզիկա-քիմիական կամ կենսաբանական մեթոդների կիրառմամբ.

կեղտաջրերի նախնական մաքրում՝ արտադրական եւ տարափային կեղտաջրերի միավոր ծավալում պարունակվող որակական որեւէ առանձին կամ մի քանի աղտոտող բաղադրիչների արժեքի նվազեցում մինչեւ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին համապատասխանեցումը.

կեղտաջրի նստվածք՝ կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական եւ (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս:»:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ եւ 113-րդ հոդվածներում  «պետական սեփականություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «պետության բացառիկ սեփականություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի ՝

1. 1-ին կետում «սահմանելու» բառից հետո լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի համար» բառերը.

2. 2-րդ կետում «լիցենզավորում» բառից առաջ լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձանց» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 19.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում մոնիտորինգը կարող է իրականացնել նաեւ տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը: Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար:»:

Հոդված 5. Օրենսգրքի 19.2-րդ հոդվածի 1-ին մասը «վերականգնման» բառից հետո լրացնել «, արտադրական կեղտաջուր արտանետողների» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 25.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ջրահեռացման արդյունքում առաջացած ջրային ռեսուրսները այլ նպատակներով կրկնակի (երկրորդային) օգտագործման տալը տնտեսապես խթանելու համար Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման՝ ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) օգտագործումը խթանող նորմեր:

2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության Ջրի Ազգային Ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ:

3. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կիրառվում է արդյունաբերական նպատակով, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է տվյալ արտադրության տեխնոլոգիայում կիրառվող ջրին ներկայացվող պահանջներին»:

Հոդված 7. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «ջրամատակարարման եւ» բառերը փոխարինել «ջրի մատակարարման եւ (կամ)» բառերով, ինչպես նաեւ «խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման» բառերը փոխարինել «խմելու ջրի մատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)» բառերով:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 6.1

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՒՆՆԵՐԸ

Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները

1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են.

1)   արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական եւ որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից հաստատված՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին:

2)  կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը եւ հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի եւ այլ լրացուցիչ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

3)  արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից պետք է իրականացվի դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչեւ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

4)  արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) կեղտաջրերի.

5)  արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի.

6)  արգելվում է տարափային (հեղեղային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով.

7)  արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

Հոդված 62.2. Կեղտաջրերի հեռացումը եւ մաքրումը համայնքներում

1. Համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգերով:

2. Համայնքները, պետական կառավարման լիազոր մարմինները, ջրահեռացման համակարգի կառավարիչը (առկայության դեպքում) իրենց լիազորությունների սահմաններում պարտավոր են ապահովել  համայնքի վարչական սահմաններում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների հասանելիությունը:

3. Համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը եւ կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում ջրահեռացման համակարգերին, մաքրման կառուցվածքներին, մեթոդին, տեխնոլոգիաներին եւ գործընթացներին ներկայացվող պահանջները, եւ դրանց կիրառման ժամանակացանկերն՝ ըստ համայնքների կամ բնակավայրերի սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 62.3. Կեղտաջրի նստվածքի նկատմամբ պահանջները

1. Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը եւ հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 9. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 10. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. ՀՏԿ-ների (այդ թվում՝ ջրահեռացման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների) եւ դրանց օգտագործման պայմանների քանակական եւ որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ դրանց միջոցով կեղտաջրերի տեղափոխման մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնում:»:

Հոդված 11. Օրենսգրքի 78-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների» բառերը փոխարինել «թույլտվության» բառով:

Հոդված 12. Օրենսգրքի 101-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 101. Կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է ոռոգման ջրի որակի ստանդարտների պահանջներին »:

Հոդված 13. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 8-րդ եւ 104-րդ հոդվածի 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 14. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:

2. Oրենքի 2-րդ հոդվածով փոփոխվող 4-րդ եւ 113-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Օրենքի 6-րդ հոդվածով խմբագրվող 25.1 հոդվածի 1-ին մասը ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

4. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակությունը կազմում է 1 տոննա եւ ավելի կամ ծանր մետաղների գումարային քանակությունը տարեկան կազմում է հարյուր կգ եւ ավելի, իսկ մնացած այլ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2030 թվականի հունվարի 1-ից:

5. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.1 հոդվածի 5-րդ մասը ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

6. Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը ուժի մեջ են մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

7. Օրենքի 12-րդ հոդվածով խմբագրվող 101-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի 1-ից:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի կեղտաջրերի հեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ դրանց իրականացման ժամանակացույցը՝ երեք տարվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի եւ այլ լրացուցիչ պահանջները՝ երկու տարվա ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջները՝ երկու տարվա ընթացքում.

5) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է   վարչական պատասխանատվություն Օրենքի 8-րդ հոդվածով լրացվող 62.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար` վեց ամսվա ընթացքում:

9. Սույն օրենքի դրույթները չեն բացառում այլ օրենքներով բնապահպանական վճարների գծով արտոնությունների տրամադրումը: