Armenian ARMSCII Armenian
Կ-173-02.11.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) «կեղտաջրեր» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կեղտաջրեր` արտադրական կամ կենցաղային նպատակներով ջրային ռեսուրսների օգտագործման հետեւանքով աղտոտված ջրեր, ինչպես նաեւ բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտների տարածքներից արտահոսող՝ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին չհամապատասխանող անձրեւային, հալոցքային կամ դրենաժային ջրեր, որոնք արտահոսում են ջրային ռեսուրս.».

2) «թույլատրելի սահմանային արտահոսք» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«թույլատրելի սահմանային արտահոսք՝ արտահոսքի այն նորմավորված մեծությունը, որը սահմանվում է ջրերի կետային եւ (կամ) ցրված աղտոտման աղբյուրի համար.».

3) «ոչ մրցակցային ջրամատակարար» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

4) «ոչ մրցակցային ջրամատակարար՝ ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձ՝ խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման կենտրոնացված համակարգով ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) կամ ոռոգման ծառայություններ մատուցող առեւտրային կազմակերպություն, որը չունի կամ չի կարող ունենալ մրցակից.».  «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը  «արդյունահանման » բառից հետո լրացնել «, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«կենցաղային կեղտաջրեր՝ մարդկանց կենսագործունեության հետեւանքով առաջացած կեղտաջրեր.

արտադրական կեղտաջրեր՝ տնտեսական գործունեության հետեւանքով առաջացող կեղտաջրեր, բացառությամբ կենցաղային կեղտաջրերի.

բնակավայրերի կեղտաջրեր` կենցաղային կեղտաջրեր կամ դրանց եւ արտադրական ու տարափային (հեղեղային) կեղտաջրերի խառնուրդ.

ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող եւ դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժների), չորացման հորերի եւ համապատասխան ՀՏԿ-ների համակարգ.

ցամաքուրդային (դրենաժային) ջրեր՝  հողերի ցամաքեցման (գրունտային ջրերի մակարդակի իջեցման) հետեւանքով ցամաքուրդային ջրահեռացման համակարգ ներթափանցած ջրեր.

տարափային (հեղեղային) ջրեր` բնակավայրերի, տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքներից առաջացող անձրեւային, հալոցքային ջրեր.

ջրահեռացման խմբային համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հարակից տեղաբաշխված օբյեկտների (բնակավայրի, բնակելի, հասարակական եւ արտադրական շենքերի) խմբից առաջացած կեղտաջրերի  հավաքումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում եւ արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

ջրահեռացման կենտրոնացված համակարգ՝ ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս համայնքի տարածքում  իրականացնել  տնային տնտեսություններից,  հասարակական  եւ  արտադրական  օբյեկտներից  առաջացած կեղտաջրերի հավաքումը, տեղափոխումը կեղտաջրի հեռացման միեւնույն համակարգով եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում եւ (կամ) մաքրումը միասնական մաքրման կառուցվածքներում եւ արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

ջրահեռացման անհատական (տեղային) համակարգ` ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել հասարակական, արտադրական եւ այլ օբյեկտներում առաջացող կենցաղային, տարափային (հեղեղային) եւ արտադրական կեղտաջրերի հավաքումը եւ մաքրումը եւ արտահոսքը (արտանետումը) ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման կամ այլ ՀՏԿ-ների համակարգ.

ջրահեռացման համակարգ` կենտրոնացված, խմբային կամ անհատական  ՀՏԿ-ների համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել կեղտաջրերի հավաքումը եւ (կամ) տեղափոխումը դեպի մաքրման կառուցվածքներ եւ (կամ) դրանց մաքրումը եւ արտանետումը ջրային ռեսուրս կամ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման.

կեղտաջրերի հեռացում` ՀՏԿ-ների կամ դրանց համալիրների միջոցով արտադրական, կենցաղային, տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) կեղտաջրերի կազմակերպված հեռացման գործընթաց` տնտեսական կամ այլ գործունեության օբյեկտի տարածքի սահմաններից դուրս.

կեղտաջրերի մաքրում՝ կեղտաջրերի մշակման տեխնոլոգիական գործընթաց՝ կեղտաջրերից աղտոտող նյութերի խառնուրդների կորզման, հեռացման կամ վնասազերծման նպատակով՝ մեխանիկական, ֆիզիկաքիմիական կամ կենսաբանական մեթոդների կիրառմամբ.

կեղտաջրերի նախնական մաքրում՝ արտադրական եւ տարափային կեղտաջրերի միավոր ծավալում պարունակվող որակական որեւէ առանձին կամ մի քանի աղտոտող բաղադրիչների արժեքի նվազեցում մինչեւ թույլատրելի սահմանային արտահոսքի պահանջներին համապատասխանեցումը.

կեղտաջրի նստվածք՝ կեղտաջրերի մաքրման գործընթացում կեղտաջրից անջատված օրգանական եւ (կամ) հանքային ծագման պինդ նյութերի խառնուրդամաս:»:

Հոդված 2. Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում  եւ 113-րդ հոդվածում  «պետական սեփականություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «պետության բացառիկ սեփականություն» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «սահմանելու» բառից հետո լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձի համար» բառերով.

2) 2-րդ կետը «լիցենզավորում» բառից առաջ լրացնել «ոչ մրցակցային ծառայություն մատուցող անձանց» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 19.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում մոնիտորինգը կարող է իրականացնել նաեւ տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը: Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար:»:

Հոդված 5. Օրենսգրքի 25.1-ին հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու եւ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկման արտոնություններ:

Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:

2. Կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումը կարող է իրականացվել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությամբ՝ ըստ ջրօգտագործման նպատակին համապատասխանող ջրին ներկայացվող պահանջների:»:

Հոդված 6. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «ջրամատակարարման եւ» բառերը փոխարինել «ջրի մատակարարման եւ (կամ)» բառերով, իսկ «խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման» բառերը՝ «խմելու ջրի մատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)» բառերով:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.

«Գ Լ ՈՒ Խ  6.1

ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 62.1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները

1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են՝

1) արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական եւ որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր եւ անհատական պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաեւ անհատական պահանջների տրամադրման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը.

2) կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը եւ հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի եւ այլ լրացուցիչ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

3) արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում արտադրական կեղտաջուր արտանետողները պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչեւ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.

4) արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի.

5) արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի.

6) արգելվում է տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով.

7) արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ:

Հոդված 62.2. Կեղտաջրերի հեռացումը եւ մաքրումը համայնքներում

1. Համայնքները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխանող բնակավայրերի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգերով:

2. Համայնքները, պետական կառավարման լիազոր մարմինները,  ջրահեռացման համակարգի կառավարիչը (առկայության դեպքում) իրենց լիազորությունների սահմաններում պարտավոր են ապահովել  համայնքի վարչական սահմաններում ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների հասանելիությունը:

 3. Համայնքների բնակավայրերի կեղտաջրերի հեռացմանը եւ կեղտաջրերի մաքրմանը ներկայացվող տեխնիկական պահանջները, այդ թվում՝ ջրահեռացման համակարգերին, մաքրման կառուցվածքներին, մեթոդին, տեխնոլոգիաներին եւ գործընթացներին ներկայացվող պահանջները, եւ դրանց կիրառման ժամանակացանկերը՝ ըստ համայնքների կամ բնակավայրերի, սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 62.3. Կեղտաջրի նստվածքի նկատմամբ պահանջները

1. Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը եւ հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 8. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՏԿ-ների (այդ թվում՝ ջրահեռացման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների) եւ դրանց օգտագործման պայմանների քանակական եւ որակական տվյալները մուտքագրվում են Ջրային համակարգերի կառավարման մարմնում, իսկ դրանց միջոցով կեղտաջրերի տեղափոխման մոնիտորինգի տվյալները՝ Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնում:»:

Հոդված 10. Օրենսգրքի 78-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «եւ ջրային համակարգի օգտագործման թույլտվությունների» բառերը փոխարինել «թույլտվության» բառով:

Հոդված 11. Օրենսգրքի 101-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կեղտաջրերով գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը թույլատրվում է, եթե կեղտաջրի որակը համապատասխանում է ոռոգման ջրի որակի ստանդարտների պահանջներին:»:

Հոդված 12. Օրենսգրքի 103-րդ հոդվածի 8-րդ եւ 104-րդ հոդվածի 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում  2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Օրենսգրքի՝ սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում նույն մասերով սահմանված ժամկետներում:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվող 4-րդ հոդվածի 1-ին մասը եւ 113-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախնական մաքրում իրականացնելու պահանջն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ արտադրական այն կեղտաջուր արտանետողների նկատմամբ, որոնց արտանետումներում կախված նյութերի կամ թթվածնի կենսաբանական պահանջի տարեկան քանակը կազմում է մեկ տոննա եւ ավելի, կամ ծանր մետաղների գումարային քանակը տարեկան կազմում է 100 կգ եւ ավելի, իսկ մնացած այլ արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ՝ 2030 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 7-րդ հոդվածով լրացվող 62.1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի  7-րդ հոդվածով լրացվող 62.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները՝ երկու տարվա ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ դրանց իրականացման ժամանակացույցը՝ երեք տարվա ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի եւ այլ լրացուցիչ պահանջները՝ երկու տարվա ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաեւ անհատական պահանջների տրամադրման կարգը եւ պայմանները՝ երկու տարվա ընթացքում.

5) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն  սույն օրենքի  7-րդ հոդվածով լրացվող 62.1-ին հոդվածի 1-ին մասի 4-7-րդ կետերով սահմանված պահանջների խախտման համար` վեց ամսվա ընթացքում.

6) սույն օրենքի 5-րդ հոդվածով փոփոխվող Օրենսգրքի 25.1-ին հոդվածով նախատեսված հարկային արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով՝ վեց ամսվա ընթացքում.

7) սույն օրենքի դրույթները չեն բացառում այլ օրենքներով բնապահպանական վճարների գծով արտոնությունների տրամադրումը: