Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-178-07.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են վերակազմավորվել հասարակական կազմակերպության: Վերակազմավորված իրավաբանական անձանց միության իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ գույքը իրավահաջորդ հասարակական կազմակերպությանն են անցնում առանց փոխանցման ակտի: Սահմանված ժամկետում չվերակազմավորված  իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին եւ վերագրանցվել:

Իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացի ուսումնասիրությունից պարզվել է, որ վերագրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական անձի վերակազմավորման համար պահանջվող փաստաթղթեր:

Խնդիրը, մասնավորապես, վերաբերում է վերակազմավորվելիս պահանջվող փաստաթղթերի ցանկին: Այսպես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` «վերակազմավորման դեպքում` (...) վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է` (...) առանձին կազմակերպական-իրավական ձեւ ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր, (...) փոխանցման ակտը»:

Վերոնշյալ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «...եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա, ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը եւ տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ` իրավաբանական անձի անվանումը եւ պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է»:  Հետեւաբար, վերակազմավորման արդյունքում ստեղծված հասարակական կազմակերպության հիմնադիր բոլոր իրավաբանական անձիք սույն պարագայում, բացի հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին ընդհանուր ժողովի որոշումից, պարտավոր են ներկայացնել նաեւ իրենց առանձին որոշումները:

Ինչպես պարզ է դառնում վերոնշյալ եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ եւ 65-րդ հոդվածների վերլուծությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջվում է ներկայացնել փոխանցման ակտ առ այն, որ վերակազմակերպվող կազմակերպությունը հանդիսանում է իրավաբանական անձանց միության իրավահաջորդը: Վերջինիս փոխանցվում են իրավանախորդին պատկանող եւ փոխանցման ակտում նշված ակտիվներն ու պասիվները, այլ իրավունքներն ու արտավորությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` փոխանցման ակտը  հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները(մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը: Եթե հաշվի առնենք, որ օրենքը փոխանցման ակտ հաստատելու վերաբերյալ որեւէ նորմ չի պարունակում, իսկ  այդպիսի դրույթներ, որպես կանոն, իրավաբանական անձանց միությունների կանոնադրություններով նույնպես չեն նախատեսվում, ապա կարող ենք եզրահանգել, որ ակտը ներկայացնելու պահանջը գործնականում կարող է իրականացվել միայն իրավաբանական անձանց միության բոլոր հիմնադիրների կողմից հաստատվելու դեպքում: Հարկ է նկատել, որ մի շարք իրավաբանական անձանց միություններ ունեն բազմաթիվ հիմնադիրներ, հետեւաբար օրենսդրական պարտադիր փոփոխությունների (փոխանցման ակտի հաստատման եւ հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին առանձին որոշումների ընդունման) պատճառով իրավաբանական անձանց միությունների գրանցման գործընթացը զգալիորեն բարդանում է:

Մասնավորապես, վերագրանցման դեպքում ներկայումս պահանջվում է իրավաբանական անձանց միության անդամների կողմից նոր հիմնադիր ժողով հրավիրել ու հասարակական կազմակերպություն հիմադրել, միաժամանակ առանձին որոշմամբ իրավաբանական անձանց միությունը դադարեցնել, այնինչ իրավաբանական անձանց միության ընդհանուր ժողովը ընդամենը կարող է որոշում կայացնել  իրավաբանական անձանց միությունը որպես հասարակական կազմակերպություն վերագրանցելու մասին եւ հաստատել կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համապատասխանեցնելով այն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի պահանջներին:

Բացի այդ, բազմաթիվ իրավաբանական անձանց միություններ իրենց հիմնադիրներ հանդիսացող ընկերությունների մասով խնդիր ունեն, քանի որ հիմնադիր ընկերություններից շատերն արդեն գոյություն չունեն: Նոր օրենսդրական կարգավորումների պարագայում ենթադրվում է, որ հիմնադիրները եւս պետք է որոշեն իրավաբանական անձանց միության գործունեությունը դադարեցնեն, թե` ոչ, այնինչ շատ իրավաբանական անձանց միությունների գործող կանոնադրությամբ վերջինս տարին մեկ անգամ հրավիրվող ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունն է:

Հաշվի առնելով վերոգրյալը, սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը` սահմանելով, որ վերակազմավորված իրավաբանական անձանց միության իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ գույքը իրավահաջորդ հասարակական կազմակերպությանն են անցնում առանց փոխանցման ակտի, ինչպես նաեւ համապատասխան լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 64-րդ եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածներում: Միաժամանակ առաջարկվում է մեկ տարով երկարաձգել իրավաբանական անձանց միությունների վերագրանցման գործընթացը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի    1-ին մասով` Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողն է Հրայր Թովմասյանը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`