Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1813-13.11.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան եւ օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցները կառավարության սահմանած կարգով ուղղվում են լիազոր մարմնի` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի), մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ կադրերի պատրաստմանը, խրախուսմանը եւ տեխնիկատեխնոլոգիական վերազինմանը, սույն մասի 2-րդ պարբերությունում նշված դեպքերում պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնմանը:

Սույն մասի 1-ին պարբերությունում նշված միջոցների անբավարարության դեպքում պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց` մտավոր սեփականության պահպանության բնագավառում իրականացված վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են սույն մասի 1-ին պարբերությունում նշված միջոցների հաշվին»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին պետական լիազոր մարմնի կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման պետական լիազոր մարմնի` համակարգի զարգացման միջոցների հաշվին:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: