Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-18110-13.11.2017-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը 84-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4. ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը (բացառությամբ համապատասխան բյուջե գանձված գումարները մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) փոխհատուցվում է մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:

Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ՔԿԱԳ մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: