Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1673-13.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 29.1-ին գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ 29.1 ԱՆԲՈՂՈՔԱՐԿԵԼԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 216.1. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը

1. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (այսուհետ` բռնագանձման վերաբերյալ գործեր) հարուցվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:

2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարչական դատարան կարող է ներկայացվել`

1) եռամսյա ժամկետում` վարչական ակտն անբողոքարկելի դառնալու պահից.

2) երկամսյա ժամկետում` հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով կատարողական վարույթը կարճելու պահից.

3. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշմամբ վերանում է տվյալ վարչական ակտի անբողոքարկելի լինելը:

Հոդված 216.2. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումին ներկայացվող պահանջները

1. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, նաեւ ներառում է տեղեկություններ`

1) վարչական ակտն ուժի մեջ մտնելու եւ անբողոքարկելի դառնալու մասին.

2) հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու` օրենքով սահմանված որեւէ սահմանափակման առկայության մասին.

3) մինչեւ հայցադիմում ներկայացնելը հանրային իրավական դրամական պահանջի բավարարված չափի եւ վճարման կատարման ժամկետի մասին.

2.  Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 74-րդ հոդվածին համապատասխան: Հայցադիմումին կցվում են նաեւ բռնագանձման պահանջով վարչական դատարան դիմելու համար հիմք հանդիսացած վարչական ակտը, վարչական ակտի ուժի մեջ մտնելը հավաստող ապացույցները, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում` հանրային իրավական դրամական պահանջով կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշումը:

3. Բռնագանձման վերաբերյալ գործերով հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված հիմքերի, վերադարձվում է նաեւ սույն օրենսգրքի 216.2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում:

Հոդված 216.3. Բռնագանձման վերաբերյալ գործի քննությունը

1. Բռնագանձման վերաբերյալ գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով` բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի:

2. Գրավոր ընթացակարգով գործի քննությունն իրականացվում եւ վճիռ է կայացվում հայցադիմումը վարույթ ընդունելու պահից մեկամսյա ժամկետում, որի հրապարակման վայրի եւ ժամանակի մասին նշվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:

3. Վարչական դատարանը բռնագանձման վերաբերյալ գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի եւ կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ կողմերին ծանուցում է սույն հոդվածի 5-րդ, իսկ պատասխանողին նաեւ 4-րդ մասով նախատեսված իրավունքների եւ դրանց իրականացման ժամկետների մասին:

4. Բռնագանձման վերաբերյալ գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում պատասխանողը իրավունք ունի ներկայացնել հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց, եթե հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը:

5. Գրավոր ընթացակարգով գործը քննելիս կողմը կարող է ապացույցներ ներկայացնել եւ միջնորդություններ անել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում, իսկ այդ ժամկետի ավարտից հետո` եթե հիմնավորում է այդ ժամկետում ապացույցներ ներկայացնելու կամ միջնորդություններ անելու անհնարինությունը:

6.  Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով` սույն հոդվածի 4-րդ մասի առանձնահատկությունների հաշվառմամբ:
7. Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, ինչպես նաեւ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու անհրաժեշտության այլ դեպքերում  վարչական դատարանը կայացնում է բռնագանձման վերաբերյալ գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին որոշում` նշելով նախնական դատական նիստի անցկացման վայրը եւ ժամանակը:

8. Հակընդդեմ հայցը վարույթ ընդունվելու, ինչպես նաեւ պատասխանողի կողմից վարչական ակտի իրավաչափության դեմ առարկելու դեպքում վարչական մարմինը կրում է վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների ապացուցման բեռը եւ պարտավոր է մինչ այդ ներկայացրած չլինելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել վարչական վարույթի նյութերը:

9. Բռնագանձման վերաբերյալ գործի քննության ընթացքում դատարանը պարզում է վարչական ակտն առոչինչ լինելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու, անբողոքարկելի դառնալու, հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու` օրենքով սահմանված որեւէ սահմանափակման առկայության, ինչպես նաեւ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված պարտավորությունը ամբողջությամբ կամ մասամբ կատարված չլինելու հանգամանքները, իսկ հակընդդեմ հայցը վարույթ ընդունվելու կամ վարչական ակտի իրավաչափության դեմ առարկություն ներկայացվելու դեպքում նաեւ` վարչական ակտի իրավաչափությունը:

Հոդված 216.4. Բռնագանձման վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտերը

1.  Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումի քննության արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետեւյալ դատական ակտերից մեկը.

1) հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու մասին` ամբողջությամբ կամ մասնակիորեն բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

2) հայցը մասնակիորեն բավարարելու մասին` վարչական ակտը ճանաչելով մասնակիորեն անվավեր կամ առ ոչինչ` մասնակիորեն բռնագանձելով հանրային իրավական դրամական պահանջով նախատեսված գումարը.

3) հայցն ամբողջությամբ մերժելու մասին` վարչական ակտը ճանաչելով ամբողջությամբ անվավեր կամ առ ոչինչ:»:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ներկայացված հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումները քննվում են Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի` մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ 29.1-ին գլխով սահմանված կարգով:
 

Տեղեկանք նախագծերի փաթեթում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ