Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-183-16.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը եւ անձնական ազատությունը»,

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության եւ անձնական ազատության իրավունք:»,

3) 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով , եւ անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:»,

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6.Անձի խուզարկությունը եւ քննումը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը կամ անձնական ազատությունը սահմանափակող այլ դատավարական գործողություններ կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում եւ կարգով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ պարբերության 1-ին կետում «անձնական» բառը փոխարինել «մասնավոր» բառով,

2) 3-րդ պարբերությունում «ազգային անվտանգության եւ» բառերը փոխարինել «պետական անվտանգության կամ» բառերով, իսկ «կարգի» բառից հետո լրացնել «, բարոյականության, անչափահասների կամ արդարադատության շահերի» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:»:

Հոդված 4. Օրենսգրքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» բառերը,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Անձը, ում վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել տեղեկություններ կամ տրամադրել նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող է օգտագործվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:»:

Հոդված 5.  Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 59-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում,  61-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում, 63-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում, 65-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում, 73-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում, 75-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում, 77-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում, 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում, 81-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում, 82-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 83-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում, 84-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում, 85-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում, 87-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում եւ 3141 -րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերում «օրինական» բառերը փոխարինել «իրավաչափ» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 63-րդ հոդվածում 2-րդ մասում՝

1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) ձերբակալվելուց հետո իրեն հասկանալի լեզվով հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ ստանալ իր իրավունքների, ինչպես նաեւ իրեն ազատությունից զրկելու պատճառների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.»,

2) 9-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով իր ընտրած անձին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաեւ զինվորական մասի հրամանատարությանը, հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղյակ պահելու արգելանքի տակ պահելու իր տեղի եւ հիմքերի մասին։»:

Հոդված 7. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 1-ին եւ 2-րդ կետերում «անմիջապես» բառերը փոխարինել «անհապաղ» բառերով,

2) 9-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«արգելանքի վերցնելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով իր ընտրած անձին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաեւ զինվորական մասի հրամանատարությանը, տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի եւ հիմքերի մասին։»:

Հոդված 8. Օրենսգրքի 86-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 6-րդ կետում «կարգադրություններին» բառից առաջ լրացնել «իրավաչափ» բառը,

2) 5-րդ մասում՝

ա)2-րդ կետում «տալուց» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.» բառերը,

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հրաժարվել նյութեր եւ տեղեկություններ ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել  ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների.»:

Հոդված 9. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 170-րդ հոդվածի վերնագրում եւ բովանդակության մեջ, 228-րդ հոդվածի 4-րդ մասում «անձնական» բառերը փոխարինել «մասնավոր» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսեւորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների եւ ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ:»:

Հոդված 11. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «որը» բառից հետո լրացնել «հիմնավոր կերպով» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 129-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-8-րդ մասերով.

«3. Մինչեւ ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն ունի հետեւյալ իրավունքները`

1) իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառը.

2) պահպանել լռություն.

3) ստանալ իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում.

4) ստանալ իր իրավունքների եւ պարտականությունների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում.

5) իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին.

6) հրավիրել փաստաբան.

7) իր պահանջով ենթարկվել բժշկական հետազոտման:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմին կամ քննիչի մոտ բերելու պահից:

5. Մինչեւ ձերբակալվածի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձն ունի հետեւյալ պարտականությունները`

1) ենթարկվել  վարույթն իրականացնող մարմնի իրավաչափ կարգադրություններին.

2) չխոչընդոտել անձնական խուզարկությանը.

3) ենթարկվել բժշկական ստուգման եւ մատնադրոշմման, ինչպես նաեւ լուսանկարվել եւ փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`

1) արգելանքի վերցնող անձը պարտավոր է արգելանքի վերցնելուց հետո անհապաղ արգելանքի վերցված անձին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառները, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված նրա իրավունքները եւ պարտականությունները.

2) վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է արգելանքի վերցված անձին վարույթն իրականացնող մարմին բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների եւ պարտականությունների ցանկը, ազատությունից զրկելու պատճառների մասին գրավոր ծանուցում եւ պարզաբանում, ապահովել արգելանքի վերցված անձի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը եւ փաստաբան հրավիրելը, արգելանքի վերցված անձի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական հետազոտումը, չարգելել փաստաբանի տեսակցությունը արգելանքի վերցված անձի հետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

7. Վարույթն իրականացնող  մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ կազմվում է արձանագրություն` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները: Արձանագրությունը ստորագրվում է վարույթն իրականացնող մարմնի եւ արգելանքի վերցված անձի կողմից: Վերջինս իրավունք ունի պահանջել դրա մեջ մտցնելու իր դիտողությունները:»:

Հոդված 13. Օրենսգրքի 130-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով.

«4. Մինչեւ կասկածյալի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձի նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերի դրույթները:»:

Հոդված 14. Օրենսգրքի 1311 -րդ հոդվածի 1-ին մասը «որի պատճենը» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«այն կազմելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում  ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին:»:

Հոդված 15. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում «ազատման» բառից առաջ լրացնել «անհապաղ» բառը:

Հոդված 16. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Կալանավորումը եւ դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է եւ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա կանչվել եւ նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաեւ ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, գրավոր տեղեկացնում է իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին,եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաեւ այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը եւ սկսում է հարցաքննությունը:»:

Հոդված 18. Օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջեւ կատարվում է առերեսում, ճանաչում են իրար եւ ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ:Առերեսման կանչված անձը գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին,եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Վկան եւ տուժողը նախազգուշացվում են ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:»:

Հոդված 19. Օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, նա նախապես նախազգուշացվում է ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաեւ գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:»:

Հոդված 20. Օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, նա նախապես նախազգուշացվում է ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաեւ գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:»:

Հոդված 21. Օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին եւ 282-րդ հոդվածի 2-րդ մասերում «սահմանադրական» բառերը փոխարինել «հիմնական» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 289-րդ հոդվածում «ստուգումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն Օրենսգրքի 289.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 289.1- 289.5-րդ հոդվածներով.

«Հոդված 289.1. Ձերբակալման  բողոքարկման ընթացակարգը

1. Ձերբակալումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Ձերբակալման բողոքարկումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:

2. Ձերբակալման դեմ բողոք կարող են ներկայացնել արգելանքի վերցված անձը, կասկածյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ պաշտպանը:

3. Ձերբակալման դեմ բողոք կարող է ներկայացվել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից 60 ժամվա ընթացքում, իսկ եթե տվյալ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել, ապա ազատ արձակվելու պահից 10-օրյա ժամկետում:

Հոդված 289.2. Ձերբակալման դեմ բողոքի բովանդակությունը

1. Ձերբակալման դեմ բողոքը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.

3) բողոքը դատարանին ներկայացնելու տարին, ամիսը, օրը.

4) առկայության դեպքում` գործի վարույթի համարը.

5) առկայության դեպքում՝ ձերբակալման որոշումը կամ արձանագրությունը.

6) բողոքի փաստարկները եւ պահանջը.

7) սույն օրենսգրքի 289.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը հիմնավորող փաստեր.

8) բողոքին կցվող նյութերի ցանկը։

Հոդված 289.3. Ձերբակալման դեմ բողոքը վերադարձնելը

1. Եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 289.2-րդ հոդվածի պահանջներին եւ դատարանը գտնում է, որ  առկա սխալները կարող են շտկվել, ապա դատարանը վերադարձնում է բողոքը այն ներկայացրած անձին` նրան հնարավորություն ընձեռելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկելու այդ սխալները եւ կրկին ներկայացնել բողոքը: Եթե բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դատարանը բողոքը ներկայացրած անձին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այդ ցանկը: Բողոքում առկա սխալները սահմանված ժամկետում վերացնելու եւ այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում բողոքը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։

Հոդված 289.4. Ձերբակալման դեմ բողոքի քննության կարգը

1. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում է այն ստանալուց հետո հինգերորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Դատարանի կողմից բողոքը քննվում է միանձնյա, դռնփակ դատական նիստում:

2. Եթե մինչեւ ձերբակալման դեմ բողոքը ներկայացնելը դատարան է  ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, ապա ձերբակալման դեմ բողոքը պետք է ներկայացվի դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին պատշաճ ձեւով ծանուցվելուց հետո մինչեւ դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում:

3. Բողոքի քննումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 289.1-րդ եւ 289.2-րդ հոդվածներով սահմանված որեւէ պահանջ, բացառությամբ սույն օրենսգրքի 289.3-րդ հոդվածի։

4. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննարկում է՝

1) անհապաղ, եթե բողոքում առերեւույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ կամ նա ենթարկվել է խոշտանգման.

2) տվյալ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում՝ դրա քննարկման հետ միաժամանակ:

5. Ձերբակալման դեմ բողոքի քննությունն իրականացվում է բողոքը ներկայացրած անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։

6. Դատական նիստին մասնակցող անձինք ունեն բացատրություններ տալու իրավունք: Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը բողոքարկվող ակտը կայացրած քրեական հետապնդման մարմնից կարող է պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութեր կամ ներկայանալ դատական նիստին:

7. Ձերբակալման դեմ բողոքի քննության մասնակցության իրավունք ունեն բողոքարկվող ակտը կայացրած (կատարած)՝ քրեական հետապնդման մարմինը եւ հսկող դատախազը։ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում քրեական հետապնդման մարմնի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է:

Հոդված 289.5. Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշումները

1. Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում դատարանը որոշմամբ բավարարում կամ մերժում է բողոքը:

2. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը եւ

1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց կամ

2) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

3. Անձն անհապաղ ազատ է արձակվում, եթե՝

1) առկա է  մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգ եւ չի հիմնավորվել այդ վտանգը չեզոքացնելու հնարավորությունը.

2) անձին ձերբակալելիս ակնհայտ բացակայել է հանցանք կատարած լինելու  հիմնավոր կասկածանքը, իսկ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում հիմնավոր կասկածանքն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած:

4. Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում կայացված որոշման պատճենն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակտը կայացրած (կատարած) մարմնին, քննիչին եւ հսկող դատախազին:»:

5. Սույն հոդվածով դատարանի կայացրած որոշումների դեմ բողոքները դատախազի, ձերբակալված անձի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն, որոշում կայացրած դատարանի, ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով:»:

Հոդված 24. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու նրա իրավունքը, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.»:

Հոդված 25. Օրենսգրքի 477-րդ հոդվածում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:

Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված է անձնական ազատության իրավունքը: Ի տարբերություն 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ առավել հստակ թվարկված են անձնական ազատությունից զրկվելու դեպքերն ու օրենքով սահմանված կարգը: Բացի այդ որպես լրացուցիչ երաշխիք Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվել է դրույթ, որով ամրագրվել է, որ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաեւ մեղադրանքի մասին: Ամրագրվել է դրույթ, որի համաձայն եթե ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում: Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվել է ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:»: 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Սահմանադրության մեջ դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դրույթի նախատեսումը լրացուցիչ երաշխիք է, որով շեշտադրվում եւ ամրագրվում է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության կարեւորությունը: Հարկ է նշել, որ 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը մեջ նշված դրույթը բացակայում էր:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:»: 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»: Վերոնշյալից ակնհայտ է, որ ի տարբերություն 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ էականորեն ընդլայնվել են այն շրջանակները, որոնց խախտմամբ կամ խաթարմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն արգելվում է: Հիշյալ դրույթի նախատեսումը նույնպես լրացուցիչ երաշխիք է անձի հիմնական իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից:

Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն. «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:»: Ի տարբերություն 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ավելացվել է «եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» արտահայտությունը: Սահմանադրության մեջ նշված դրույթի նախատեսումը նպատակ ունի հստակեցնել, թե կոնկրետ որ դեպքերում անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:

Հարկ է նշել նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ, 63-րդ եւ 65-րդ հոդվածներին: Բացի այդ նույն որոշման որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ եւ 65-րդ հոդվածներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը անհրաժեշտ է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերում՝ վերջիններիս դրույթները համապատասխանեցնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոշարադրյալը` մշակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը: Բացի այդ, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
 


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ եւ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ եւ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  Արա Բաբլոյանին


  Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների  նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1388  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ