Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1832-16.11.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 339-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված է անձնական ազատության իրավունքը: Ի տարբերություն 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ առավել հստակ թվարկված են անձնական ազատությունից զրկվելու դեպքերն ու օրենքով սահմանված կարգը: Բացի այդ որպես լրացուցիչ երաշխիք Սահմանադրության 27-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվել է դրույթ, որով ամրագրվել է, որ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաեւ մեղադրանքի մասին: Ամրագրվել է դրույթ, որի համաձայն եթե ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում: Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսվել է ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:»: 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Սահմանադրության մեջ դատական վարույթը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դրույթի նախատեսումը լրացուցիչ երաշխիք է, որով շեշտադրվում եւ ամրագրվում է վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության կարեւորությունը: Հարկ է նշել, որ 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը մեջ նշված դրույթը բացակայում էր:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:»: 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը»: Վերոնշյալից ակնհայտ է, որ ի տարբերություն 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ էականորեն ընդլայնվել են այն շրջանակները, որոնց խախտմամբ կամ խաթարմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումն արգելվում է: Հիշյալ դրույթի նախատեսումը նույնպես լրացուցիչ երաշխիք է անձի հիմնական իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ արդար դատաքննության իրավունքի ապահովման տեսանկյունից:

Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն. «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Օրենքը կարող է սահմանել ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու այլ դեպքեր:»: Ի տարբերություն 2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ ավելացվել է «եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» արտահայտությունը: Սահմանադրության մեջ նշված դրույթի նախատեսումը նպատակ ունի հստակեցնել, թե կոնկրետ որ դեպքերում անձը պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ:

Հարկ է նշել նաեւ, որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի թիվ 245-Ա որոշման հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ, 63-րդ եւ 65-րդ հոդվածներին: Բացի այդ նույն որոշման որոշման հավելվածի 7-րդ կետի համաձայն՝ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 63-րդ եւ 65-րդ հոդվածներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը անհրաժեշտ է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերում՝ վերջիններիս դրույթները համապատասխանեցնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոշարադրյալը` մշակվել են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը: Բացի այդ, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
 


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ եւ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ եւ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  Արա Բաբլոյանին


   Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ  քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների  նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի N 1388  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ