Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-983-23.10.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց, նրանց ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի անվտանգության երաշխիքները եւ պետական պաշտպանության միջոցները ձեռնարկելու հիմքերն ու պայմանները, սոցիալական աջակցության միջոցները, դրանք կիրառելու հիմքերն ու կարգը եւ կարգավորում են պետական պաշտպանության միջոցների ֆինանսավորման ու նյութատեխնիկական ապահովման, պետական պաշտպանության միջոցները ձեռնարկելու եւ իրականացնելու հետ կապված իրավահարաբերությունները:

Հոդված 2. Օրենքով սահմանված երաշխիքները

1. Սույն օրենքը երաշխավորում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց, նրանց ընտանիքի անդամի, մերձավոր ազգականիկամ  մերձավորի կյանքի, առողջության եւ գույքի անվտանգության, ինչպես նաեւ իրավունքների եւ օրինական շահերի պետական պաշտպանությունը (այսուհետ` պետական պաշտպանություն):

2. Պետական պաշտպանությունը տրամադրվում է, եթե   չպաշտպանվելու դեպքում` բռնության կամ այլ ծանր հետեւանքների   իրական կամ հավանական սպառնալիքների ներգործության կամ այլ պատճառներով, քրեական դատավարությանը մասնակցող աանձինք կարող են խուսափել արդարադատության հետ համագործակցելուց:

Հոդված 3. Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակն է կանխել քրեական դատավարությանը անօրինական միջամտությունները, սահմանել այդ միջամտությունների համար պատասխանատվության հիմքերը, ինչպես նաեւ ապահովել պետական պաշտպանության ներքո գտնվող քրեական դատավարության մասնակիցների  կողմից իրենց դատավարական իրավունքների եւ պարտականությունների անարգել իրականացումը:

Հոդված 4. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության ապահովումը

Պետական պաշտպանությունն  ապահովվում է իրավասու մարմինների կողմից` պաշտպանվող անձանց նկատմամբ սույն օրենքով նախատեսված  կազմակերպական եւ  իրավական բնույթի պաշտպանության միջոցների ու սոցիալական աջակցության միջոցների  իրականացմամբ (այսուհետ՝ պետական պաշտպանության միջոցներ), որոնք ձեռնարկվում են նշված անձանց կյանքի, առողջության եւ գույքի անվտանգության, ինչպես նաեւ իրավունքների եւ օրինական շահերի հանդեպ ոտնձգության իրական կամ հավանական սպառնալիքի առկայության դեպքում:

Հոդված 5. Պետական պաշտպանության մասին օրենսդրությունը

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքից,  սույն օրենքից եւ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 6. Պետական պաշտպանության սկզբունքները

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքով եւ այլ օրենքներով նախատեսված պետական պաշտպանության միջոցների կիրառմամբ՝  օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելու, պետական պաշտպանությունը ապահովող մարմինների եւ պաշտպանվող անձանց փոխադարձ պատասխանատվության սկզբունքների հիման վրա:

2. Պետական պաշտպանության միջոցները չպետք է նվաստացնեն պաշտպանվող անձին կամ ոտնահարեն այլոց բնակարանային, աշխատանքային, քաղաքացիական,  սոցիալական  եւ այլ իրավունքները:

Հոդված 7. Պետական պաշտպանության ենթակա անձինք

1. Սույն օրենքի իմաստով պաշտպանվող անձ է քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր  ֆիզիկական անձ, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամը, մերձավոր ազգականը կամ մերձավորը, որի վերաբերյալ  իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով որոշում է կայացվել նրան որպես պաշտպանվող անձ ճանաչելու եւ նրա նկատմամբ պետական պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին:

2. Պետական պաշտպանության է ենթակա այն անձը, ով`

ա)  կարող է հաղորդել կամ համաձայնվել է հաղորդել կամ հաղորդել է կատարված կամ նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տվյալներ, որոնք նշանակություն ունեն այդ հանցագործությունը բացահայտելու, դրա կատարողին հայտնաբերելու համար,

բ) սույն հոդվածի 2-րդ մասի ա) կետում նշված անձի հետ իր հարաբերության կամ առնչության պատճառով կարող է պետական պաշտպանության կամ սույն օրենքով նախատեսված այլ աջակցության կարիք ունենալ:

Հոդված 8. Միջազգային համագործակցությունը պետական պաշտպանության ապահովման ուղղությամբ

1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով պետական պաշտպանության շահերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածով մինչդատական կամ դատական  վարույթներում գտնվող գործերով միջազգային համագործակցության ու իրավական փոխօգնության համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները կարող են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն աջակցություն հայցել այլ պետությունների համապատասխան իրավասու մարմիններից եւ համագործակցել նրանց հետ` պաշտպանվող անձանց անվտանգությունը պատշաճ կերպով իրականացնելու համար:

Դատական  վարույթն ավարտվելուց հետո պետական պաշտպանության առնչությամբ միջազգային պայմանագրերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջոցով, բացառությամբ դատավճիռների կատարման ընթացքում պետական պաշտպանության վեարաբերյալ հարցումների, որոնցով հաղորդակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության  օրենսգրքի 475-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն ուղարկում, ստանում եւ ի կատար են ածում աջակցության ցուցաբերման մասին խնդրանքներ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն   իրենց իրավասության շրջանակում կարող են`

ա) ցանկացած օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմինների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել  Հայաստանի Հանրապետության եւ տվյալ պետության միջեւ պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության հարցերով համագործակցության վերաբերյալ,

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման կամ այլ իրավասու մարմնի հետ ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք անհրաժեշտ կամ բավարար են պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության միջոցները սահմանելու եւ իրականացնելու համար,

գ)  ընդունել որոշումներ, որոնք անհրաժեշտ կամ բավարար են պետական պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության միջոցը սահմանելու եւ իրականացնելու համար:

Հոդված 9. Պետական պաշտպանության միջոց ձեռնարկելու պարտականությունը

1. Սույն օրենքի 15-րդ հոդվածում նշված հիմքերի  եւ պայմանների առկայության դեպքում, սույն  օրենքի 13-րդ հոդվածում նախատեսված իրավասու մարմինները պարտավոր են սույն օրենքով նախատեսված կարգով իրենց իրավասության շրջանակում ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով նախատեսված պետական պաշտպանության միջոցները` նշված անձանց կյանքի, առողջության, գույքի անվտանգության, իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական պաշտպանության միջոց ձեռնարկելու պարտականությունը տարածվում է մինչդատական վարույթի, դատական վարույթի, հետդատական ընթացքի վրա:

Հոդված 10. Պետական պաշտպանության ձեւերը

Պաշտպանվող անձն օրենքով սահմանված կարգով ապահովվում է՝

1) իր կյանքի եւ առողջության անվտանգության պաշտպանության, իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաեւ գույքի պահպանման նպատակով պետական իրավասու մարմնի կողմից ձեռնարկվող եւ իրականացվող պետական պաշտպանության միջոցներով,

2) իրավական պաշտպանության միջոցներով,

3) օրենքով նախատեսված սոցիալական աջակցության միջոցներով:

Հոդված 11. Հսկողությունը պետական պաշտպանության ապահովման ժամանակ

1. Հետաքննության եւ նախաքննության ընթացքում պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրան ենթակա դատախազները, իսկ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանը:

2. Պետական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ կիրառվող օրենքի կամ այլ իրավական ակտի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի ղեկավարը:

ԳԼՈՒԽ  2 .

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ: ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 12. Պետական պաշտպանություն ապահովող մարմինները

1. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պետական պաշտպանությունն ապահովում են այն մարմինները, որոնք`

1) կայացնում են պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշումներ,

2) իրականացնում են պաշտպանության միջոցներ,

3) իրականացնում են սոցիալական աջակցության միջոցներ:

Հոդված 13. Պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշումներ կայացնող  մարմինները

1. Պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշումը կայացնում է դատախազը, հետաքննության մարմնի ղեկավարը կամ քննիչը, դատարանը (դատավորը), ում վարույթում  գտնվում է հանցագործության կամ հավանական սպառնալիքի մասին դիմումը (հաղորդումը) կամ քրեական գործը, եթե Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 981 -րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված պետական պաշտպանության միջոցներն իրականացվում են միայն ծանր կամ առանձնապես ծանր  հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի որոշմամբ  (մինչդատական վարույթում գտնվող գործերով) կամ դատարանի (դատավորի) որոշմամբ` դատարանի վարույթում գտնվող գործերով:

3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 981 -րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված պետական պաշտպանության միջոցներն իրականացվում են միայն դատարանի  (դատավորի) որոշմամբ ` դատական փուլում:

4. Քրեական վարույթն իրականացնող դատավորի, դատախազի (մեղադրողի), քրեական գործի նախաքննությունը եւ հետաքննությունը կատարող քննիչի, հետաքննիչի, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի պետական պաշտպանությունն իրականացնելու մասին որոշումը` նրանց գրավոր համաձայնությամբ, կայացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Հոդված 14. Պաշտպանության միջոցներ իրականացնող մարմինները

1. Պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշմամբ պաշտպանության միջոցների իրականացումը դրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների ինչպես նաեւ  այլ իրավասու պետական մարմնի վրա, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կարող է դրվել պաշտպանության առանձին միջոցների իրականացումը:

2. Զինծառայության մեջ գտնվող պաշտպանվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի պաշտպանության միջոցներն իրականացնում են նաեւ համապատասխան զինվորական ստորաբաժանման հրամանատարը կամ համապատասխան զինվորական հաստատության պետը, կամ վերադաս հրամանատարությունը:

3. Ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձեւով պատիժը կրող պաշտպանվող անձանց պաշտպանության միջոցներն իրականացնում են նաեւ  ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմերը:

4. Պետական կառավարման տարածքային մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակում պարտավոր են համագործակցել այն մարմինների հետ, որոնք որոշում են կայացնում պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին եւ որոնք իրականացնում են օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները:

Հոդված 15. Պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու հիմքերը եւ պայմանները

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմինը, պետական պաշտպանություն հայցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի կամ հայտարարության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ` պաշտպանության  ենթակա անձի համաձայնությամբ,  քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ նրա կյանքին, առողջությանը, գույքին, իրավունքներին եւ  օրինական շահերին իրական կամ հավանական սպառնալիքի մասին պարզված տվյալների առկայության դեպքում, չխախտելով պաշտպանության կողմի իրավունքները, ձեռնարկում  է պետական պաշտպանության միջոցներ, որի մասին կայացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատճառաբանված որոշում:

2. Պետական պաշտպանության միջոցը (միջոցները) ձեռնարկվում եւ իրականացվում է (են) հաշվի առնելով`

ա) այն արարքի բնույթը եւ ծանրության աստիճանը, որին վերաբերում է պաշտպանվող անձի ցուցմունքը կամ նրա կողմից տրամադրվելիք ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութը,

բ) ցուցմունքի կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութի բնույթը եւ կարեւորությունը,

գ) պաշտպանվող անձի նկատմամբ իրական կամ հավանական սպառնալիքի բնույթը,

դ) պաշտպանության  ծրագրում ներառելու համար դիտարկվող մեկ  այլ անձի հետ տվյալ պաշտպանվող անձի հարաբերությունների բնույթը,

ե) պաշտպանվող անձի հոգեբանական, հոգեբուժական կամ այլ գնահատման կամ զննության արդյունքները, որն անցկացվել է պաշտպանության ծրագրում նրա պիտանիությունը որոշելու եւ   նրան այդ ծրագրում ներառելու համար,

զ) պաշտպանվող անձին Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` պաշտպանության այլ հիմնական եղանակներով պաշտպանելու ոչ բավարար լինելու հանգամանքը,

է) պաշտպանվող անձին պաշտպանության ծրագրում ներառելու հանրության համար  վտանգավորության աստիճանը` կապված նրա կողմից   բռնությամբ կամ բռնության սպառնալիքով կատարված հանցագործությունների հետ,

ը) այլ հանգամանքներ, որոնք կարող են էապես անդրադառնալ ձեռնարկվող եւ իրականացվող պետական պաշտպանության արդյունավետության վրա:

Հոդված 16. Պետական պաշտպանություն ձեռնարկելու եւ իրականացնելու առանձնահատկությունները

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված որոշմամբ սահմանվում է նույն օրենսգրքի 981-րդ հոդվածում նախատեսված պաշտպանության կոնկրետ միջոցը (միջոցները), որոշվում են անձինք, որոնց հանդեպ ձեռնարկվում եւ իրականացվում են դրանք, ինչպես նաեւ իրականացման ժամանակահատվածը:

2. Ընտրված պաշտպանության միջոցի (միջոցների) փոփոխությունը կամ լրացումը կատարվում է (են) պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու համար սահմանված կարգով:

3. Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու մասին որոշումը այն կայացնելու օրը ուղարկվում է պաշտպանության միջոցներ իրականացնող մարմին` կատարելու համար:

4. Պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

5. Պաշտպանության միջոցներ իրականացնող մարմինը որոշում է դրանք իրականացնելու եղանակները, պաշտպանվող անձին տալիս է ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նրա պաշտպանության համար: Ցուցումների փոփոխությունը պաշտպանվող անձի միջնորդությամբ կարող է կատարվել միայն պաշտպանության միջոցներ իրականացնող մարմնի համաձայնությամբ:

6. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  9810 -րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պաշտպանության միջոցը ձեռնարկելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նախատեսված իրավասու մարմինը կարող է հանձնարարել սույն օրենքի 14-րդ հոդվածում նախատեսված իրավասու մարմնին նոր գրառումներ կատարելու եղանակով փոխարինել պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը` համարժեք նույն տեսակի փաստաթղթերով: Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման մեջ նշված լինելու դեպքում պաշտպանության միջոցն իրականացնող իրավասու մարմինը համապատասխան գրանցամատյաններում գրառումները կատարում է դրանց իրավաբանական ուժ հաղորդելու եղանակով: Այդ գրառումների իրավաբանական ուժը հավասարազոր է նախկինում կատարված օրինական գրառումներին:

7. Անձը, ում ինքնության պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 991 -րդ հոդվածի եւ սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն չի դադարեցվել, չպետք է որեւէ նպատակով բացահայտի իր նախկին ինքնությունը: Օրինական է այդ անձի`իր նոր ինքնությունն որպես իր միակ ինքնությունը ներկայացնելը եւ դա պնդելը:

Սույն օրենքի 13, 14, 17 հոդվածներում նշված իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց արգելվում է որեւէ այլ մարմնի կամ  պաշտոնատար անձի բնականոն գործունեությունից բխող հարցումների հիման վրա տրամադրել որեւէ փաստաթուղթ կամ բացահայտել կամ հայտնել պաշտպանության միջոցին վերաբերող կամ պաշտպանության միջոցի կապակցությամբ իր պարտականությունների կատարմանը վերաբերող  որեւէ հանգամանք, բացառարությամբ այն դեպքերի երբ`

ա/ սույն օրենքի 13 հոդվածում նշված իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը, ելնելով արդարադատության շահերից, կայացնում է տվյալների կամ հանգամանքների ամբողջությամբ կամ մասամբ բացահայտելու մասին որոշում,

բ/ երբ վարույթը վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով ձեռնարկվող կամ իրականացվող պետական պաշտպանության կամ սոցիալական աջակցության դեմ ուղղված հանցագործությանը:

Սույն օրենքի 13 հոդվածում նշված իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը, այլ իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պաշտպանվող անձին ծանր հանցագործություն կատարելու համար ձերբակալելու կամ մեղադրանք առաջադրելու մասին ծանուցվելու դեպքում իրավունք ունի հարցում կատարողին հաղորդել տեղեկություններ պաշտպանվող անձի նոր ինքնության կամ գտնվելու նոր վայրի մասին կամ տրամադրել այդ անձի մատնահետքերը կամ այլ տեղեկություններ, որոնք կարեւորում է տվյալ իրավիճակում, այլ կերպ համագործակցել այդ մարմնի կամ պաշտոնատար անձի հետ:

8. Սույն օրենքի 13-րդ հոդվածում նախատեսված իրավասու մարմինը, պաշտպանվող անձի պաշտպանությունը դադարելուց հետո, կարող է ձեռնարկել, իսկ  պաշտպանվող անձի պահանջով պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ անձի նախկին ինքնությունը վերականգնելու համար:

9. Անհրաժեշտության դեպքում, պաշտպանության միջոցներ իրականացնող մարմինը, սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, պաշտպանվող անձի հետ կնքում է, իսկ  պաշտպանվող անձի պահանջով պարտավոր է կնքել պաշտպանության միջոցների իրականացման պայմանների, կողմերի փոխադարձ պարտավորությունների ու փոխադարձ պատասխանատվության մասին գրավոր պայմանագիր:

10. Անկախ պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելուց, պաշտպանվող  անձի անվտանգության սպառնալիքի մասին դիմումում (հաղորդման մեջ) հանցանք կատարելու վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է ընդունում նաեւ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, կամ հանցագործության մասին դիմումը (հաղորդումը) ըստ ենթակայության հանձնելու մասին:

Հոդված 17. Սոցիալական աջակցության միջոցներ իրականացնող մարմինները

Սոցիալական աջակցության միջոցներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված  մարմինները:

Հոդված 18. Պետական պաշտպանությունը դադարեցնելու մասին  որոշումն ուժի մեջ մտնելը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 991-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված` պաշտպանվող անձի պաշտպանության միջոցների իրականացումը դադարեցնելու մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված իրավասու մարմնի որոշումն ուժի մեջ է մտնում`

ա) այդ որոշումն ընդունող մարմնի կողմից պաշտպանվող անձին այդ որոշման մասին գրավոր ծանուցելու օրվանից,

բ) եթե պաշտպանվող անձի գտնվելու վայրը հայտնի չէ եւ այդ որոշումն ընդունող մարմնի կողմից ձեռնարկվել են ողջամիտ միջոցներ պաշտպանվող անձին հայտնաբերելու եւ այդ որոշման մասին ծանուցելու համար, սակայն ծանուցելն այլեւս հնարավոր չէ` ծանուցելուն ուղղված գործողություններ կատարելու օրվանից երեսուներորդ օրը:

ԳԼՈՒԽ  3.

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ԱՊԱՀՈՎՈՒՄԸ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 19. Պետական պաշտպանության միջոցների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումը

1. Սույն օրենքով նախատեսված պետական պաշտպանության միջոցների ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության ապահովման պետական ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պետական պաշտպանության ապահովման հետ կապված ծախսերը կամ դրանց մի մասը, իր ցանկությամբ, կարող է կատարել պաշտպանվող անձը, ինչի մասին նա պետական պաշտպանության միջոց գործադրող մարմնին   գրավոր տեղեկացնում է:

Հոդված 20. Սոցիալական աջակցության երաշխիքները

1.Պաշտպանվող անձի համար, բացառությամբ նրանց, ում սոցիալական աջակցության հարցերը կարգավորվում է այլ օրենքով, պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխավորվում է սոցիալական ապահովություն` նրանց կյանքին, առողջությանը, գույքին հասցված վնասի դեպքերում, որը կապված է քրեական դատավարությանը նրանց մասնակցության հետ:

Հոդված 21. Սոցիալական աջակցության միջոցներ իրականացնելու հիմքերը

Սոցիալական աջակցության միջոցներ իրականացնելու հիմքերն են քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ պաշտպանվող անձին մարմնական վնասվածք կամ նրա առողջությանը այլ վնաս հասցնելը, նրա զոհվելը, նրան գույքային վնաս հասցնելը:

Հոդված 22. Սոցիալական աջակցության միջոցները

1. Պաշտպանվող անձին քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ այնպիսի մարմնական վնաս կամ նրա առողջությանը այլ վնաս հասցնելու դեպքում, որը չի հանգեցնում հաշմանդամության, նրան պետական պաշտպանության մասին որոշում ընդունող մարմնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին վճարվում է միանվագ նպաստ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված չափով:

2. Պաշտպանվող անձին քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ այնպիսի մարմնական վնաս կամ նրա առողջությանը այլ վնաս հասցնելու դեպքում, որը հանգեցնում է հաշմանդամության, նրան պետական պաշտպանության մասին որոշում ընդունող մարմնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին վճարվում է միանվագ նպաստ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված չափով, եւ նշանակվում է հաշմանդամության թոշակ՝ Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ պաշտպանվող անձի զոհվելու դեպքում զոհվածի ընտանիքի անդամներին եւ  նրա խնամքի տակ գտնվող անձանց պետական պաշտպանության մասին որոշում ընդունող իրավասու մարմնի որոշմամբ Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին վճարվում է միանվագ նպաստ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշված չափով եւ նշանակվում է թոշակ` կերակրողին կորցնելու կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Միաժամանակ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող տարբեր միանվագ նպաստների իրավունք ունեցող պաշտպանվող անձանց մարմնական վնաս հասցնելու դեպքում նշանակվում է միանվագ նպաստներից մեկը՝ նրանց ընտրությամբ:

5. Քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ պաշտպանվող անձի զոհվելու դեպքում զոհվածի ընտանիքի անդամներին եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց` եթե նրանք միաժամանակ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան վճարվող տարբեր միանվագ նպաստների իրավունք, նրանց ընտրությամբ նշանակվում է միանվագ նպաստներից մեկը:

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերում նշված միանվագ նպաստների վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ պաշտպանվող անձին հասցված գույքային վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ ֆինանսական աղբյուրների հաշվին, հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով այդ միջոցները գանձելով պաշտպանվող անձին գույքային վնաս հասցնելու մեջ մեղավոր անձից:

8. Պաշտպանվող անձի պետական պաշտպանության նպատակով աշխատանքի (ծառայության) այլ վայր տեղափոխվելու առնչությամբ առաջացած  հարկադիր պարապուրդի ժամկետը հաշվվում է որպես աշխատանքային ստաժ, եւ այդ ժամկետի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվում է փոխհատուցում, որը չի կարող ցածր լինել վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ անձի աշխատավարձից: Անվտանգության նպատակով տեղափոխված նոր աշխատանքի (ծառայության) վայրում ցածր աշխատավարձի դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցվում է   աշխատավարձերի տարբերությունը: Փոխհատուցումը կատարվում է  օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Սոցիալական աջակցության միջոցների իրականացման կարգը

1. Սոցիալական աջակցության միջոցների իրականացման կարգը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշում ընդունող իրավասու մարմինը, ստանալով դիմում (հաղորդում) քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ պաշտպանվող անձին մարմնական վնաս կամ նրա առողջությանը այլ վնաս հասցնելու մասին, պարտավոր է ստուգել այդ դիմումը (հայտարարությունը) եւ երեք օրվա ընթացքում պատճառաբանված որոշում կայացնել սոցիալական աջակցության միջոցներ իրականացնելու կամ դրանց իրականացնելը մերժելու մասին:

3. Պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշում ընդունող իրավասու մարմինը, ստանալով դիմում (հաղորդում) պաշտպանվող անձի զոհվելու  մասին եւ պարզելով, որ զոհվելը առաջացել է նրա` քրեական դատավարությանը մասնակցելու կապակցությամբ, պարտավոր է երեք օրվա ընթացքում պատճառաբանված որոշում կայացնել զոհվածի ընտանիքի անդամների եւ նրա խնամքի տակ գտնվող անձանց նկատմամբ սոցիալական աջակցության միջոցներ իրականացնելու կամ դրանց իրականացումը մերժելու մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում նշված որոշումն ուղարկվում է սոցիալական աջակցության միջոցներ իրականացնող մարմնին` կատարելու համար, ինչպես նաեւ այն անձին, որի նկատմամբ կայացվել է նշված որոշումը կամ նրա իրավահաջորդին:

5. Սոցիալական աջակցության միջոցներ իրականացնելու կամ դրանց իրականացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել պետական պաշտպանություն ձեռնարկելու մասին որոշում ընդունող իրավասու մարմնի վերադաս մարմին, դատախազին կամ դատարան: Բողոքը ենթակա է քննարկման այն տալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

6. Սոցիալական աջակցության միջոցներ իրականացնող մարմինը, ստանալով սոցիալական աջակցության միջոցներ իրականացնելու մասին որոշումը, պարտավոր է կատարել այն տասը օրվա ընթացքում:

ԳԼՈՒԽ  4.

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ  ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Պետական պաշտպանությունը ապահովող մարմինների պարտականությունները

1. Պետական պաշտպանությունն ապահովող մարմինները պարտավոր են`

1) անմիջապես արձագանքել իրենց հայտնի դարձած յուրաքանչյուր այնպիսի դեպքի, որը պահանջում է պաշտպանության միջոցների կամ սոցիալական աջակցության միջոցների կիրառում,

2) իրականացնել անհրաժեշտ բոլոր պաշտպանության միջոցները եւ սոցիալական աջակցության միջոցները ,

3) ժամանակին իրազեկել պաշտպանվող անձանց` նրանց նկատմամբ սույն օրենքով նախատեսված պաշտպանության միջոցները եւ սոցիալական աջակցության միջոցները ձեռնարկելու, փոփոխելու, լրացնելու կամ իրականացումը դադարեցնելու մասին, ինչպես նաեւ պետական պաշտպանության ապահովման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որոշումներ ընդունելու մասին,

4) բացատրել պաշտպանվող անձին իր իրավունքները եւ պարտականությունները` իր նկատմամբ պետական պաշտպանություն իրականացնելու մասին որոշումը հայտնելիս:

2. Պետական պաշտպանությունն իրականացվում է  պաշտպանվող անձի գտնվելու վայրի, ինքնության մասին եւ պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու ու իրականացնելու վերաբերյալ այլ տեղեկությունների գաղտնիության  պահպանմամբ: Այդ տեղեկությունների գաղտնիության պահպանման խախտումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատասխանատվության հիմք է:

Սույն օրենքի 13-րդ, 14-րդ, 17-րդ հոդվածներում նշված մարմինների պաշտոնատար անձանց կողմից պետական պաշտպանություն ձեռնարկելու եւ իրականացնելու մասին տեղեկությունների պաշտպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Պետական պաշտպանությունը ապահովող մարմինների իրավունքները

1.Պետական պաշտպանություն իրականացնելու մասին որոշում ընդունող մարմիններն իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն`

1) պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից պահանջելու եւ նրանցից ստանալու տեղեկություններ այն անձանց անվտանգության սպառնալիքների մասին դիմումների ու հայտարարությունների վերաբերյալ, որոնց նկատմամբ որոշում է ընդունվել պետական պաշտպանություն իրականացնելու մասին,

2) կատարելու դատավարական գործողություններ կամ անհրաժեշտ հանձնարարություններ տալ պաշտպանության միջոցներ իրականացնող մարմիններին եւ սոցիալական աջակցություն իրականացնող մարմիններին` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց պետական պաշտպանությունը իրականացնելու համար,

3) անհրաժեշտության դեպքում պահանջելու պաշտպանության միջոցներ իրականացնող մարմիններից եւ սոցիալական աջակցության միջոցներ իրականացնող մարմիններից` իրականացնել պետական պաշտպանության լրացուցիչ միջոցներ,

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցնել պաշտպանության միջոցները եւ սոցիալական աջակցության միջոցները:

2. Պետական պաշտպանություն իրականացնող մարմիններն իրավունք ունեն`

1) առաջարկել պետական պաշտպանություն իրականացնելու մասին որոշում ընդունող իրավասու մարմնին` ընտրել, իսկ անհրաժեշտության դեպքում փոփոխել, լրացնել կամ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 981-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության միջոցները, որոշել ընտրված միջոցն իրականացնելու եղանակները,

2) պահանջել պաշտպանվող անձանցից նրանց նկատմամբ պաշտպանության միջոցների իրականացման պայմանների պահպանում, նշված միջոցների իրականացման հետ կապված օրինական կարգադրությունների կատարում,

3) օրենքով սահմանված կարգով իրականացնել  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,

4) թույլատրել պաշտպանվող անձի պաշտպանության միջոցի ղեկավարմանն ու իրականացմանը ներգրավված ցանկացած անձի` իր պարտականությունների կատարման ընթացքում իր համար սահմանելու նոր ինքնություն կամ օգտագործելու կեղծանուն եւ ունենալու կեղծանունը հիմնավորող փաստաթղթեր:

3. Սոցիալական աջակցության միջոցներ իրականացնող մարմիններն իրավունք ունեն`

1) պահանջել պետական պաշտպանություն իրականացնելու մասին որոշում ընդունող իրավասու մարմնից եւ պաշտպանվող անձանցից լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սոցիալական աջակցության միջոցներ իրականացնելու համար.

2) դիմել պետական պաշտպանությունն իրականացնելու մասին որոշում ընդունող մարմիններին սոցիալական աջակցության միջոցների վերացման մասին միջնորդությամբ այն դեպքում, եթե պարզված են նշված միջոցների կիրառումը բացառող հանգամանքներ:

ԳԼՈՒԽ 5.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 26. Պաշտոնատար անձանց, պաշտպանվող անձի կամ այլ անձանց պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

1. Պաշտպանվող անձի նկատմամբ պետական պաշտպանության միջոցներ չձեռնարկելու կամ չիրականացնելու, կամ ոչ պատշաճ կերպով ձեռնարկելու կամ իրականացնելու մեջ մեղավոր անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Պետական պաշտպանության միջոցներ ձեռնարկելու եւ իրականացնելու մասին տեղեկությունների հրապարակումը այն անձանց կողմից, որոնց դրանք վստահվել են չհրապարակելու պայմանով, կամ հայտնի են դարձել` կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ, առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Պաշտպանվող անձի կողմից իր նկատմամբ գործադրված եւ իրականացված պետական պաշտպանության միջոցների մասին տեղեկություններ հրապարակելը, ինչպես նաեւ պետական պաշտպանության նպատակով իրեն հանձնված գույքն իր մեղքով  վնասելը կամ ոչնչացնելն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:  

ԳԼՈՒԽ  6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: