Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1862-16.11.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 5-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 31.2-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 31.2. ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.2. Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերը

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով  սույն գլխի առանձնահատկությունները:

2. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումի պարագայում դատարանը սույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով նշված որոշումներից մեկը կայացնում է հայցադիմումը ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում:

3. Անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վերաբերյալ գործերով ծանուցագիրը հայցվորին, պատասխանողին եւ ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին ուղարկվում է դատական նիստը նշանակվելուց հետո անհապաղ: Հրապարակային ծանուցումը չի կարող օգտագործվել որպես ծանուցման եղանակ:

4. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցադիմումը դատարանը քննում եւ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 48 ժամվա ընթացքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: