Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 5-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.14-րդ հոդվածով.
«Հոդված 47.14. Ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի գտնվելու վայրը հրապարակելը
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ապաստարանում տեղավորված անձի գտնվելու վայրը հայտնելն այն անձին, որն այդ մասին տեղեկանալու իրավասություն չունի այն անձի կողմից, որն այդ մասին տեղեկացել է իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու կապակցությամբ՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 14.1-ին գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 206.15-րդ հոդվածով.
«Հոդված 206.15. Անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելը
1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-8-րդ կետերով նախատեսված պահանջները ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից դիտավորությամբ չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «206.13» թվից հետո լրացնել «, 206.15» թվով:
Հոդված 4. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «44.2,» թվից հետո լրացնել «47.14,» թվով:
Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «172.3» թվից առաջ լրացնել «47.14,» թվով, իսկ «եւ 182» բառերը փոխարինել «,182 եւ 206.15» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո: