Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-187-20.11.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի «խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «խախտման առաջին դեպքի համար՝ երկու միլիոն դրամ, խախտման երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն դրամ, իսկ խախտման երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ» բառերով:

Հոդված 2.

1. Օրենքի 15-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի «բ» կետը «խախտում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված խախտումների» բառերով,

2) 1-ին մասը «գ» կետից հետո լրացնել նոր՝ «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչը չորրորդ անգամ խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

1. Առկա խնդիրները

Վերջին շրջանում մամուլում եւ սոցիլական ցանցերում գնալով ավելի հաճախակի են դառնում վիճակախաղի կազմակերպիչների կողմից՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների կազմակերպիչների կողմից՝ 21 տարեկանը չլրացած անձանց վիճակախաղին կամ շահումով խաղերին, հատկապես՝ ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցելու իրավունք ընձեռելու վերաբերյալ հրապարակումները: Նման հրապարակումները փաստում են, որ գործող օրենսդրության առկա կարգավորումների խախտման արդյունքում ոչ միայն կարող է խեղվել անչափահաս քաղաքացու հոգեբանությունը, այլեւ շատ դեպքերում կործանարար ազդեցություն ունենալ առանձին անչափահաս քաղաքացիների ու նրանց ընտանիքների համար: Նման դեպքերի նկատելի աճին նպաստել է նաեւ լիզենցավորված այդ գործունեությունն իրականացնող ընկերությունների կողմից իրենց ցանցերի լայն տարածումը Հայաստանի Հանրապետությունում, համացանցային տիրույթում շահումով խաղերի կազմակերպման ծավալների աճող միտումները, ինչպես նաեւ սահմանված տուգանքների անհամապատասխանությունը պատճառված վնասին, թույլ վարչական վերահսկողությունը եւ այլն:  «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը նման իրավախախտման յուրաքանչյուր դեպքի համար նախատեսում է տուգանքի կիրառում՝ 100.000 դրամի չափով, իսկ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքը՝ յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով:

2. Առաջարկվող կարգավորումները

Փաթեթով առաջարկվում է հիշյալ իրավախախտումների առաջին դեպքի համար սահմանել երկու միլիոն, երկրորդ դեպքի համար՝ հինգ միլիոն, երրորդ դեպքի համար՝ տասը միլիոն դրամ տուգանք, իսկ չորրորդ անգամ այդպիսի իրավախախտումներ թույլ տալու դեպքում կազմակերպչի լիցենզիայի գործողությունը դադարեցվում է:

3. Ակնկալվող արդյունքները

Փաթեթի ընդունման արդյունքում նախ՝ կիրառվող տուգանքի չափը կհամապատասխանի գերշահույթով աշխատող կազմակերպությունների շահույթին, երկրորդ՝ տուգանքների մեծ չափերը եւ նշված իրավախախտումը չորրորդ անգամ կատարելու դեպքում լիցենզիայից զրկվելը վիճակախաղի կազմակերպիչների համար կունենան զսպիչ նշանակություն, ինչը կհանգեցնի վիճակախաղերի դեպքում՝ 18, իսկ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կամ խաղատների դեպքում 21 տարեկանը չլրացած անձանց՝ վիճակախաղերին կամ շահումով խաղերին, ինտերնետ շահումով խաղերին կամ խաղատներին մասնակցության դեպքերի հնարավորինս նվազմանը: Էական է այն հանգամանքը, որ վերոնշյալ շուկայում առկա է իրական կոշտ մրցակցություն, եւ նման տուգանքների սահմանման պարագայում այն կհանգեցնի  շուկայի մասնակիցների կողմից միմյանց գործունեության փոխադարձ վերահսկողության, ինչը կարող է միայն օգտակար լինել խնդրի լուծման տեսանկյունից: 
     
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)

Հոդված 13. Տուգանքը

1. Տուգանքը կիրառվում եւ գանձվում է լիազոր մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը` յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար (ինտերնետ շահումով խաղերի դեպքում՝ յուրաքանչյուր խաղի)` երկու հարյուր հազար դրամի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով կամ 2.1-ին մասի «ա» կետով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.

բ1) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կամ 2.1-ին մասի «ժ» կետերի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ.

գ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված պահանջը` երեք հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կամ 2.1-ին մասի «զ» կամ «զ2» կետերով սահմանված պահանջը` երկու հարյուր հազար դրամի չափով.

ե) սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը` հարյուր հազար հայկական դրամի չափով.

զ) խախտել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերով պահանջը` հինգ հարյուր հազար դրամի չափով.

է) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կամ 2.1-ին մասի «ե» կետերով պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ.

ը) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.

թ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել եւ այդ մասին լիազոր մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան` հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

(13-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, լրաց., փոփ. 28.09.16 ՀՕ-149-Ն)

Հոդված 15. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`

ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 10-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

ե) կազմակերպչի դիմումի համաձայն:

2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
 

15.11.2017 թ.

                            ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                            ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

          Մեծարգո  պարոն նախագահ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ “Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում ““Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին” եւ ““Վիճակախաղերի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին”  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող` Սամվել Ֆարմանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանք:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝