Սույն օրենքը սահմանում է անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, օգտագործման, անհետացմանը վտանգված ցեղերի պահպանումը կարգավորող հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Տոհմային անասնաբուծություն - սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն եւ օգտագործում:
2. Տոհմանյութ - տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ:
3. Տոհմային կենդանի - ծագումը փաստաթղթով վավերացված, վերարտադրության համար օգտագործվող եւ սահմանված կարգով գրանցված, որեւէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի:
4. Տոհմային արժեք - տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը եւ դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա:
5. Բոնիտավորում - հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային եւ մթերատու հատկությունների, ինչպես նաեւ տոհմանյութի գնահատում եւ դասակարգում:
6. Հավաստագիր (վկայական) - տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը եւ այլ որակական ցուցանիշները, ինչպես նաեւ սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ:
7. Նշադրում - տոհմային կենդանու նշադրում, հաշվեպիտակի ամրացում, դաջում, որոնք թույլ են տալիս տոհմային կենդանու ճշգրիտ զանազանումը եւ հաշվառումը:
8. Տոհմային գրանցում - տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների եւ գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրումը :
9. Տոհմային անասնաբուծությամբ զբաղվող կազմակերպություն - սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում եւ տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաեւ տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային ծառայություն մատուցող իրավաբանական անձ:
10.Տոհմային կենդանիների մթերատվություն - տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների եւ նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն:
11.Մաքրացեղ բուծում - միեւնույն ցեղին պատկանող կենդանիների բուծումը այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով:
12. Տրամախաչում - տարբեր ցեղերի պատկանող կենդանիների զուգավորում:
13.Տոհմային կենդանիների պետական գրանցում - տոհմային կենդանիների ծագման, անհատական մթերատու հատկանիշների, սերնդի որակի տվյալների գրանցում` «պետական տոհմային գրքում»:
14. Գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք - որեւէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների եւ երամակների տվյալների հավաքածու:
15. Գենոֆոնդային փոքրաթիվ ցեղ - գենետիկասելեկցիոն առանձ-նահատկություններով օժտված հազվադեպ հանդիպող եւ անհետացման վտանգի մեջ գտնվող որեւէ ցեղի կենդանիների խումբ:
Հոդված 2. Տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության հիմնական սկզբունքները
Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետեւյալ հիմնական սկզբունքների վրա.
ա) գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների ցեղերի կատարելագործում, արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության ապահովում,
բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի եւ ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու հարստացում:
Հոդված 3. Տոհմային անասնաբուծությունը կարգավորող օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:
ԳԼՈՒԽ II.
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը տոհմային անասնաբուծության բնագավառում
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է.
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացմանը վտանգված ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը,
բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը,
գ) տոհմանյութի արտադրության եւ օգտագործման կարգի սահմանումը,
դ) պետական տոհմային գրքերի եւ տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը,
ե) տոհմանյութի ներկրման եւ արտահանման կարգի հաստատումը,
զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմա-կերպման եւ իրականացման կարգի սահմանումը,
է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը,
ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագոր-ծակցության իրականացումը,
թ) տոհմային անասնաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձանց նկատմամբ հարկային եւ վարկային քաղաքականության մշակումը եւ իրականացումը,
ժ) տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաեւ նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների եւ կարգի հաստատումը,
ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունները
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շըր-ջանացման, օգտագործման եւ անհետացմանը վտանգված ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի եւ տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը եւ իրականացումը,
բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) եւ գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը եւ իրականացումը,
գ) տոհմային կենդանիների, տոհմանյութի նշադրման կարգի հաստատումը,
դ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու եւ այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների եւ կարգի հաստատումը,
ե) տոհմային անասնաբուծության գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրամադրումը,
զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի եւ տոհմային գրքերի վարման կազմակերպումը,
է) տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների կատարման հսկողության կազմակերպումը,
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված այլ իրավասություններ:
Հոդված 6. Տոհմային անասնաբուծության բնագավառի օրենսդրական պահանջների կատարման վերահսկողությունը
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության բնագավառի օրենսդրական պահանջների կատարման վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7. Տոհմային անասնաբուծության զարգացման խթանումը
Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու եւ նրա շարունակական գործընթացը ապահովելու նպատակով պետությունը կիրառում է տնտեսական խթանման միջոցառումներ (վարկային, դրամաշնորհային, բյուջետային եւ այլն):
ԳԼՈՒԽ III.
ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ՆՐԱ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 8. Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման պայմանները
Ցեղի վերարատադրության նպատակով տոհմային կենդանին օգտա-գործվում է, եթե օժտված է բարձր տոհմամթերատու հատկություններով, նշադրված է, գրանցված եւ ունի տոհմային վկայական:
Հոդված 9. Տոհմային կենդանիների բոնիտավորումը
Տոհմային կենդանիների բոնիտավորում անց է կացվում ամեն տարի, բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ։
Հոդված 10. Տոհմային կենդանիների գնահատումը
Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու եւ էգ կենդանիները ենթակա են հետազոտման ու գնահատման ըստ սերնդի որակի եւ մթերատվության:
ա) Տոհմային կենդանիների հետազոտումը անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում եւ երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:
բ) Տոհմային կենդանիներին գնահատում եւ հետազոտում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ IV.
Հոդված 11. Սույն օրենքի պահանջները խախտելը
Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելը պատասխանատվություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական եւ արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ժամանակ ծագած վեճերի լուծումը
Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական եւ արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջեւ ծագած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
ԳԼՈՒԽ V.
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը
Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապե-տության Միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10 - րդ օրը:
Տեղեկանք-հիմնավորում
«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունելու անհրաժեշտության մասին
Վերջին` տարիներին ստեղծված սոցիալ տնտեսական պայ-մանների եւ սելեկցիոն տոհմային աշխատանքների անբավարար կազմակերպման հետեւանքով հանրապետությունում բուծվող գյուղա-տնտեսական կենդանիները կորցրել են իրենց տոհմային արժա-նիքները եւ նվազել է նրանց մթերատվությունը:
Հատկապես տուժել է տոհմային անասնաբուծությունը: Գյուղատնտեսության մեջ իրականացված սեփականաշնորհման ժամանակ լուծարվեցին բոլոր տոհմային տնտեսությունները, մասնատվեց կենդանիների գլխաքանակը, որը հետագայում կրճատվեց: Միայն վերջին տարիներին հանրապետությունում ձեւավորվեցին համեմատաբար խոշոր ֆերմերային տոհմային տնտեսություններ:
Ներկայումս հանրապետությունում գործում են տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիա ունեցող, ոչ մեծ գլխաքանակով 7 տավարաբուծական եւ 1 խոզաբուծական տնտե-սություններ, որոնք դեռեւս էականորեն չեն ազդում տոհմաբուծության զարգացման վրա:
Միաժամանակ տոհմային անասնաբուծության հետագա զարգացման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան իրավական ակտեր, որոնց միջոցով հնարավոր կլինի կանոնակարգել կենդանիների եւ տոհմանյութի բոնիտավորումն (համալիր գնա-հատումը) ու հետագա օգտագործումը, տոհմանյութի հավաս-տագրումը, արտահանումն ու ներկրումը, պետական տոհմային գրքերի եւ տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարումը եւ իրականացնել տոհմային անասնա-բուծության զարգացմանը նպաստող հարկային ու վարկային քաղաքականություն:
Սույն օրենքի ընդունումը իրավական դաշտ կստեղծի հանրապետությունում տոհմային անասնաբուծության զարգացման համար, կխթանվի տոհմաբուծությունը, կլավանան հանրապետութ-յունում բուծվող գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների տոհմամթերատու հատկանիշները եւ արդյունքում կավելանա անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները: