ԳԼՈՒԽ 1.
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները`
տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն եւ օգտագործում.
տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.
տոհմային կենդանի` ծագումը փաստաթղթով վավերացված, վերարտադրության համար օգտագործվող եւ սահմանված կարգով գրանցված, որեւէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի.
տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը եւ դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.
բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային եւ մթերատու հատկությունների, ինչպես նաեւ տոհմանյութի գնահատում եւ դասակարգում.
հավաստագիր (վկայական)` տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը եւ այլ որակական ցուցանիշները, ինչպես նաեւ սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ.
նշադրում` տոհմային կենդանու նշադրում հաշվեպիտակի ամրացում, դաջում, խարանում, որոնք ապահովում են տոհմային կենդանու ճշգրիտ զանազանումը եւ հաշվառումը.
տոհմային գրանցում` տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների եւ գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրումը .
տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում եւ տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաեւ տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային ծառայություն մատուցող իրավաբանական եւ ֆիզիկական անձ:
տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների եւ նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.
մաքրացեղ բուծում` միեւնույն ցեղին պատկանող կենդանիների բուծումը այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով.
տրամախաչում` տարբեր ցեղերի պատկանող կենդանիների զուգավորում.
տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների ծագման, անհատական մթերատու հատկանիշների, սերնդի որակի տվյալների գրանցում` «պետական տոհմային գրքում».
գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք` որեւէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների եւ երամակների տվյալների հավաքածու.
գենոֆոնդային փոքրաթիվ ցեղ` գենետիկասելեկցիոն առանձնահատ-կություններով օժտված հազվադեպ հանդիպող եւ անհետացման վտանգի մեջ գտնվող որեւէ ցեղի կենդանիների խումբ:
Հոդված 2. Տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության հիմնական սկզբունքները
Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետեւյալ հիմնական սկզբունքների վրա`
ա) գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների ցեղերի կատարելագործում, արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության ապահովում.
բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի եւ ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու հարստացում:
Հոդված 3. Տոհմային անասնաբուծությունը կարգավորող օրենսդրությունը
Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:
ԳԼՈՒԽ II.
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) իրավասությունն է.
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացման վտանգի մեջ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը.
բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը.
գ) տոհմանյութի արտադրության եւ օգտագործման կարգի սահմանումը.
դ) տոհմանյութի ներկրման եւ արտահանման կարգի հաստատումը.
ե) պետական տոհմային գրքերի, ինչպես նաեւ տոհմային կենդանիների. նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը.
զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմակերպման եւ իրականացման կարգի սահմանումը.
է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը.
ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագոր-ծակցության իրականացումը.
թ) տոհմային կենդանիների բոնիտավորման, ինչպես նաեւ նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների եւ կարգի հաստատումը.
ժ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացում:
Հոդված 5. Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շըր-ջանացման, օգտագործման եւ անհետացման վտանգի մեջ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի եւ տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը եւ իրականացումը.
բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) եւ գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը եւ իրականացումը.
գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու եւ այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների եւ կարգի հաստատումը.
դ) տոհմային անասնաբուծության գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրամադրումը.
ե) տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզիայի պահանջների եւ պայմանների կատարման հսկողության իրականացումը.
զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի եւ տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 6. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները
1. Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգը եւ դրա գործունեության իրականացման համար տրվող լիցենզիայի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը նշելով`
իրավաբանական անձի անվանումը եւ կազմակերպական -իրավական ձեւը, գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
բ) հայտին կցվում են` կանոնադրության պատճեները, պետական գրանցման վկայականի պատճենը, լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, տվյալներ կազմակերպությունում ընդգրկված մասնագետների մասին (այդ թվում, նրանց բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը), առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող փաստաթղթերի պատճեները, տարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխա-քանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտությունների եւ հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:
3. Ֆիզիկական անձ (անհատ ձեռնարկատեր) հանդիսացող հայտատուները լիցենզավորվող մարմին են ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության եւ գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
բ) հայտին կցվում են` հարկ վճարողի հաշվառման համարի պատճենը (անհատ ձեռնարկատերերի համար), լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը, անձի բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը, առկա անասնագլխաքանակի տոհմային ծագումը հաստատող թաստաթղթերի պատճեները, կարածքային անասնաբուժական ծառայության կողմից տեղեկանք` առկա գլխաքանակը սահմանված կարգով ախտորոշիչ հետազոտությունների եւ հակահամաճարակային պատվաստումների ենթարկված լինելու մասին:
4. Լիցենզավորված իրավաբանական անձի կողմից իրականացվող աշխատանքներում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում իրավաբանական անձին տրված լիցենզիան համարվում է կասեցված:
5. Լիցենզավորված գործունեության իրականացման ժամանակ անհրաժեշտ է պահպանել օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված տեխնիկական պահանջներն ու սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:
6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 7. Տոհմային անասնաբուծության զարգացման խթանումը
Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու եւ նրա շարունակական գործընթացն ապահովելու նպատակով պետությունը կիրառում է տնտեսական խթանման միջոցառումներ`Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ III.
ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԴՐԱ ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 8. Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման պայմանները
Ցեղի վերարատադրության նպատակով տոհմային կենդանին օգտագործվում է, եթե օժտված է բարձր տոհմամթերատու հատկություններով, նշադրված է, գրանցված եւ ունի տոհմային վկայական:
Հոդված 9. Տոհմային կենդանիների բոնիտավորումը
Տոհմային կենդանիների բոնիտավորում անց է կացվում ամեն տարի, բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ։
Հոդված 10. Տոհմային կենդանիների գնահատումը
Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու եւ էգ կենդանիները ենթակա են հետազոտման ու գնահատման ըստ սերնդի որակի եւ մթերատվության:
Տոհմային կենդանիների հետազոտումը անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում եւ երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:
Տոհմային կենդանիներին գնահատում եւ հետազոտում են Կառա-վարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ IV.
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 11. Սույն օրենքի պահանջները խախտելը
Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական եւ արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ժամանակ ծագած վեճերի լուծումը
Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական եւ արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջեւ ծագած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա-գրերով այլ բան չի նախատեսված:
ԳԼՈՒԽ V.
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը
Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության Միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: