Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետը «ներկայացուցիչ`» բառից հետո լրացնել «բացահայտելով փոխկապակցվածությանն առնչվող հանգամանքները`» բառերով:
Հոդված 2. Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի «է)» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«է) տեղեկություններ այլ իրավաբանական անձի մասին, որում նշված անձն զբաղեցնում է ղեկավար (խորհրդի նախագահ կամ անդամ, տնօրեն, գլխավոր տնօրեն կամ վարչության, տնօրինության անդամ եւ այլն) կամ այլ պաշտոն, այդ պաշտոնում նրա իրավունքներն ու պարտականությունները, եթե տեղեկությունների տրամադրումով չեն խախտվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները, ինչպես նաեւ տեղեկություններ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով այդ իրավաբանական անձի հետ փոխկապակցվածության մասին.»:
Հոդված 3. Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի եւ տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնները չեն կարող համատեղվել:» :
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ:
Նախագծի մշակման համար հիմք է ընդունվել նաեւ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» 2017 թվականի զեկույցի «Փոքր ներդրողների պաշտպանություն» ցուցիչով առավել բարձր վարկանիշ ունեցող մի շարք երկրների փորձը, մասնավորապես՝ Նոր ԶԵլանդիայի, Սինգապուրի, Ղազախստանի, Մալայզիայի, Հոնգկոնգի, Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Կանադայի, Իսրայելի:
Նպատակը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների եւ զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության եւ շահերի բախման դեպքերը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագիծը համապատասխանում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը:
Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել կորպորատիվ կառավարման միջազգային պրակտիկայում ընդունված առավել արդիական սկզբունքներին:
Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը, մասնավորապես` այլ հավասար պայմաններում ապահովելով «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչով առաջընթաց` 53-ից 32-րդ տեղ:
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Առկա չեն:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք
1 | Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը |
Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում | |
2 | Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին | |
3 | Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
---- |
1 | Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը |
Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում | |
2 | Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին | |
3 | Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
---- |
1 | Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
Նախագիծը տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կայքում եւ www.e-draft.am կայքում: | |
2 | Հասարակության մասնակցությունը նախագծմանը եւ/կամ քննարկումներին |
Նախագծի մշակումը նախատեսված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ բաժնի պահանջի կատարմամբ, որը քննարկվել է գործարար համայնքի ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումներում: | |
4 | Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
--- |
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վերը նշված օրենքի նախագծի ընդունումը այլ օրենքներում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնի:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽUԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱUԻՆ
Վերը նշված օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա)» կետում կատարել լրացում` սահմանելով ընկերության փոխկապակցված անձանց կողմից փոխկապակցվածությանն առնչվող գործարքի բոլոր էական հանգամանքները բացահայտելու պահանջ: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող «գործարքի բոլոր էական հանգամանքները, որոնք առնչվում են փոխկապակցվածությանը» ձեւակերպումը խնդրահարույց է` հետեւյալ հիմնավորմամբ.
Նախագծով առաջարկվող կարգավորումից միանշանակ պարզ չէ, թե ինչ փոխկապակցվածության մասին տեղեկություններ պետք է տրամադրվեն ընկերության գործադիր մարմնին, քանի որ բաժնետիրական ընկերության հետ փոխկապակցված անձանց շրջանակը որոշված է օրենքով, եւ հենց փոխկապացված անձինք պետք է տեղեկություն տրամադրեն գործարքի կնքման հարցում իրենց շահագրգռվածության մասին: Եթե տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նաեւ այլ անձանց, այդ թվում` գործարքի (ընդ որում, ոչ թե կոնկրետ գործարքի, այլ ցանկացած հնարավոր գործարքի) մյուս կողմի հետ փոխկապակցվածության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն, ապա նպատակահարմար է նորմը ձեւակերպել այնպես, որ միանշանակ պարզ լինի, որ խոսքը վերաբերում է նաեւ բաժնետիրական ընկերության հետ փոխկապակցված անձանց այլ անձանց հետ փոխկապակցվածությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ ընկերության հետ փոխկապակցված անձինք պետք է տրամադրեն գործարքի մասին այնպիսի տեղեկատվություն, որն անպայմանորեն վերաբերում է ընկերության հետ նրանց փոխկապակցվածությանը:
Բացի այդ, հարկ է նշել, որ Նախագծով օգտագործվող «գործարքի բոլոր էական հանգամանքներ» ձեւակերպումը խնդրահարույց է նաեւ իրավական որոշակիության տեսանկյունից, քանի որ պարզ չէ, թե գործարքի որ հանգամանքները կարող են էական համարվել շահագրգռվածության հանգամանքը կամ փոխկապակցվածության շղթան բացահայտելու տեսանկյունից: Նման տեղեկատվության շրջանակը որոշելու իրավունքը, ըստ էության, թողնվում է փոխկապակցված անձանց, իսկ դրա ողջամտությունը գնահատելու իրավունքը` ընկերության գործադիր մարմնին, ինչը Նախագծով հետապնդվող նպատակների համատեքստում կարող է խնդրահարույց լինել: Ավելին, «գործարքի էական հանգամանք» ձեւակերպումը Օրենքի իմաստով իրավական արժեւորման չի ենթարկվում եւ դրա բովանդակությունը բացահայտված չէ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն օգտագործում է «էական պայմաններ» եզրույթը, եւ Օրենսգրքի իմաստով էական են համարվում այն պայմանները, որոնք անհրաժեշտ են գործարքը կնքված համարելու համար: Մինչդեռ, Նախագծի իմաստով «գործարքի էական հանգամանքները» չեն կարող սահմանափակվել միայն գործարքի էական պայմաններով եւ պետք է ներառեն նաեւ գործարքին առնչվող ցանկացած տեղեկատվություն, որը բացահայտում է գործարքի կողմերի միջեւ առկա փոխկապակցվածությունը: Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը (այդ թվում՝ Նախագծով առաջարկվող փոփոխությունների հաշվառմամբ) չի կարող բավարար համարվել ընկերության հետ փոխկապակցված անձանց ռեեստր վարելու եւ փոխկապակցվածության շղթայի ամբողջական պատկերը տեսնելու համար: Ուստի գտնում ենք, որ Օրենքի 63-րդ հոդվածով անհրաժեշտ է սահմանել փոխկապակցվածությանը վերաբերող գործարքի էական հանգամանքների մոտավոր ոչ սպառիչ շրջանակ, որը կարող է կողմնորոշիչ լինել նորմի մեկնաբանման համար: Մասնավորապես, նման տեղեկատվություն կարող է համարվել այն իրավաբանական անձանց մասին տեղեկատվությունը, որոնք փոխկապակցված են ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ: Ընդ որում, Օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նպատակի իրացման համար անհրաժեշտ է, որպեսզի ընկերության հետ փոխկապակցված անձինք տրամադրեն ոչ թե կոնկրետ գործարքի կնքման վերաբերյալ այլ անձանց հետ փոխկապակցվածության մասին տեղեկատվություն, այլ ընդհանրապես տեղեկատվություն ցանկացած այլ իրավաբանական անձի, ինչպես նաեւ իրենց հետ փոխկապակցված այն անձի հետ իրենց փոխկապակցվածության վերաբերյալ, որի արդյունքում հնարավոր կլինի վարել ընկերության հետ փոխկապակցված անձանց ռեեստր եւ յուրաքանչյուր կնքվող գործարքով որոշել անձի՝ ընկերության գործարքներում շահագրգռվածության հանգամանքը: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել կարգավորումներ նաեւ այն դեպքերի համար, երբ փոխկապակցվածության վերաբերյալ տվյալներում տեղի են ունենում փոփոխություններ, որպեսզի ընկերության հետ փոխկապակցված անձինք պարտավորություն ունենան այդ փոփոխությունների մասին իրազեկել ընկերության գործադիր մարմնին:
2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի «է» կետը շարադրել նոր խմբագրությամբ` սահմանելով, որ ընկերության խորհրդի անդամների ռեեստրը պետք է տվյալներ պարունակի այլ իրավաբանական անձի մասին, որում նշված անձը զբաղեցնում է ղեկավար (խորհրդի նախագահ կամ անդամ, տնօրեն, գլխավոր տնօրեն կամ վարչության, տնօրինության անդամ) կամ այլ հիմնական պաշտոն, ինչպես նաեւ այդ պաշտոնում նրա իրավասություններն ու պարտականությունները: Նախագծով հետապնդվող նպատակի, մասնավորապես, ընկերության խորհրդի անդամների շահագրգռվածության եւ շահերի բախման դեպքերի բացահայտումն առավել արդյունավետ իրացնելու նպատակով առաջարկում ենք Օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանել, որ ընկերության խորհրդի անդամների ռեեստրը բացի «է» կետով թվարկված տեղեկություններից, պետք է տեղեկություններ պարունակի նաեւ այն իրավաբանական անձանց մասին, որոնցում տվյալ խորհրդի անդամը ոչ միայն զբաղեցնում է որոշակի պաշտոն, այլ նաեւ այլ կերպ, այդ թվում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով, փոխկապակցված է այդ իրավաբանական անձի հետ: Բացի այդ, պարզաբանման կարիք ունի «հիմնական պաշտոն» եզրույթը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման եզրույթ նախատեսված չէ:
3. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 86-րդ հոդվածով սահմանված խորհրդի առավելագույն անդամների թիվը 500-ից դարձնել 50 այն դեպքերի համար, երբ խորհրդի նախագահի եւ տնօրենի պաշտոնները կարող են համատեղվել: Առաջարկվող փոփոխությունը Օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի հետ համակարգային կապի մեջ ուսումնասիրելու արդյունքում ստացվում է, որ Նախագծով առաջարկվող Օրենքի 86-րդ հոդվածի համապատասխան կարգավորումը միշտ չէ, որ կարող է գործել, քանի որ Օրենքի 83-րդ հոդածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն խորհուրդը պետք է ստեղծվի 50 եւ ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում: Ստացվում է, որ Օրենքի 86-րդ հոդվածի՝ Նախագծով առաջարկվող կարգավորումը կգործի այն ժամանակ, երբ մինչեւ 50 բաժնետեր ունեցող ընկերությունում կձեւավորվի խորհուրդ:
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի ծրագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` անհրաժեշտ է սահմանափակել բաց բաժնետիրական ընկերությունում գործադիր տնօրենի եւ խորհրդի նախագահի պաշտոնում նույն անձի միաժամանակյա նշանակումը, իսկ Նախագծով առաջարկվող կարգավորումը չի լուծում Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի ծրագրով առաջադրված խնդիրը, քանի որ բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի թիվը եւս կարող է 50-ից պակաս լինել:
Միաժամանակ, Օրենքը երեք դեպքում է որոշակի գործողությունների կատարումը պայմանավորում մինչեւ 500 բաժնետեր ունենալու հանգամանքի հետ:
Մասնավորապես դրանք են՝
1) Մինչեւ 500 բաժնետեր ունեցող ընկերությունում շահագրգռվածության առկայությամբ գործարք կնքելու մասին որոշումը ընդունում է խորհուրդը (Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մաս),
2) Մինչեւ 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում խորհրդի ընտրությունները կարող են իրականացվել գումարային (կումուլյատիվ) քվեարկությամբ, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ (Օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ մաս),
3) Մինչեւ 500 բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում խորհրդի նախագահի եւ տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնները կարող են համատեղվել (Օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մաս):
Վերը նշվածը ենթադրում է, որ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է համակարգային կապի մեջ դիտարկել Օրենքի այլ կարգավորումների հետ՝ Օրենքի ընդհանուր տրամաբանությունից չշեղվելու նպատակով: Ուստի, Հայաստանի գործարար միաջավայրի բարելավման 2017 թվականի ծրագրի պահանջների կատարումն ապահովելու համար գտնում ենք, որ Նախագծով անհրաժեշտ է ուղղակիորեն սահմանել, որ բաց բաժնետիրական ընկերությունում խորհրդի նախագահի եւ տնօրենի պաշտոնները չեն կարող համատեղվել:
4. Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ Նախագծին կից ներկայացված հիմնավորմանը, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 13 արձանագրային որոշման հավելվածի պահանջներին: Այսպես, հիշյալ որոշման համաձայն` նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորմանն առավել խիստ բովանդակային պահանջներ են առաջադրվում, մասնավորապես օրենքների պարագայում` հաշվի առնելով դրանցով կարգավորվող հասարակական հարաբերությունների բնույթը եւ այդ ակտերի տեղն իրավական ակտերի համակարգում: Նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման մեջ պետք է ներկայացվեն կարգավորման ենթակա հարաբերությունների ոլորտում գործնականում առկա խնդիրները, հնարավոր օրենսդրական բացերը, նախագծով առաջարկվող իրավական կարգավորումների բովանդակությունը, այն խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է նախագծով առաջարկվող իրավական կարգավորումը, նախագծի կարգավորման առարկայի վերաբերյալ առկա միջազգային փորձը եւ դրա ընտրության հիմնավորումը, եթե դա նշանակություն ունի նախագծով առաջարկվող կարգավորումների ներկայացման տեսանկյունից: Մինչդեռ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ ներկայացված չեն առաջարկվող կարգավորումների էությունն ու կարգավորման հնարավոր այլընտրանքային մոտեցումները, ինչպես նաեւ առկա այլընտրանքներից հենց Նախագծով առաջարկվող կարգավորումն ընտրելու հիմնավորումը, բացակայում են ուսումնասիրված միջազգային փորձի վերաբերյալ տվյալները, ինչն էական է համեմատության օբյեկտիվ եւ համոզիչ բազա ապահովելու եւ հաջողված փորձ ունեցող երկրների օրինակներով առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը գնահատելու տեսանկյունից:
Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ Նախագծի ընդունման հիմնավորումն ունի լրամշակման կարիք:
5. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոններին: Մասնավորապես, Նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի դրույթները: Բացի այդ, Նախագծում առկա է երկու 3-րդ հոդված:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է շահագրգռվածության առկայությամբ գործարքներ կնքելուց առաջ բացահայտել փոխկապակցվածությանն առնչվող բոլոր էական հանգամանքները, ընդլայնել ընկերության խորհրդի անդամների` այլ աշխատանքային գործունեության մասին ընկերությանը տրամադրվող տեղեկությունների ցանկը, սահմանափակել 50 եւ ավել բաժնետեր ունեցող ընկերություններում խորհրդի նախագահի եւ տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնները համատեղելու հնարավորությունը։
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Նախագծով նախատեսվում է՝
. շահագրգռվածության առկայությամբ գործարքներ կնքելուց առաջ բացահայտել փոխկապակցվածությանն առնչվող բոլոր էական հանգամանքները,
. ընդլայնել ընկերության խորհրդի անդամների` այլ աշխատանքային գործունեության մասին ընկերությանը տրամադրվող տեղեկությունների ցանկը,
. սահմանափակել 50 եւ ավել բաժնետեր ունեցող ընկերություններում խորհրդի նախագահի եւ տնօրենի (գլխավոր տնօրենի) պաշտոնները համատեղելու հնարավորությունը։
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը:
Նախագծի ընդունման դեպքում հնարավոր է բարելավել «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքը, մասնավորապես` այլ հավասար պայմաններում ապահովելով «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցիչով առաջընթաց` 53-ից 32-րդ տեղ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Ուսումնասիրելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Բաժնետիրական ընկերությունների մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
23 նոյեմբերի 2017 թվականի N 1486 - Ա
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ.
Երեւան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1486-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը։
Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ