Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-20110 -05.12.2017-ՏՀ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. հարկային եկամուտներ են`
ա) ավելացված արժեքի հարկը,
բ) ակցիզային հարկը,
գ) շահութահարկը.
դ) եկամտային հարկը.
ե) բնապահպանական հարկը.
զ) ճանապարհային հարկը,
է) շրջանառության հարկը.
ը) արտոնագրային հարկը.
թ) մաքսատուրքերը.
ժ) բնօգտագործման վճարը.
ժա) սոցիալական վճարը.
ժբ) կենսաթոշակային վճարը.
ժգ) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարը եւ օգտագործման պարտադիր վճարը.
ժդ) հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարը.
ժե) դրոշմանիշային վճարները.
ժզ) հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նաեւ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների խախտումների համար գանձվող տուգանքներն ու տույժերը` բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար գանձվող տուգանքների եւ տույժերի.
ժէ) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտներ:»,
2) 5-րդ մասի «ե» կետում «սեփականության իրավունքից հրաժարում հօգուտ պետության» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում` «հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով, «մաքսային պետական մարմնի» բառերը փոխարինել «մաքսային մարմնի» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 109-րդ» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ» բառերով,
2) 4-րդ մասը «բնապահպանական եւ բնօգտագործման վճարների» բառերից հետո լրացնել «,իսկ 2020 թվականից սկսած՝ բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 28.1-րդ հոդվածի 1.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.1. Հարկային եկամուտներն են`
ա) տեղական հարկեր`
- անշարժ գույքի հարկը,
- փոխադրամիջոցների գույքահարկը,
բ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից եւ պարտադիր վճարներից կատարվող մասհանումները (յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվող չափերով).
գ) տեղական հարկերի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի խախտումների համար հարկ վճարողներից տեղական հարկերի գծով գանձվող տույժերը եւ տուգանքները:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: