Armenian ARMSCII Armenian

Նախագիծ
Երկրորդ ընթերցում

Կ-20124 -05.12.2017-ՏՀ-011/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Որպես անհատ ձեռնարկատեր (սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` կրկին որպես անհատ ձեռնարկատեր) հաշվառված անձին գործակալության կողմից տրամադրվում է (այդ թվում` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով) նաեւ հարկային մարմնի սահմանած ձեւով ծանուցում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարությունների ներկայացման ժամկետների վերաբերյալ: Անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու եւ որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Իրավաբանական անձանց գործակալության կողմից տրամադրվում է նաեւ հարկային մարմնի սահմանած ձեւով ծանուցում (այդ թվում` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով)` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարությունների ներկայացման ժամկետների վերաբերյալ: Իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու եւ որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաեւ  ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: