Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-20132-05.12.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից» բառերը փոխարինել «մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից» բառերով:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 35. Մաքսային ծառայողի համազգեստը եւ ծառայողական վկայականը

1. Մաքսային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձեւը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:

2. Մաքսային ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 37. Մաքսային ծառայողի պատասխանատվությունը

Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:

Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաեւ իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական եւ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:

Մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների եւ անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող` մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը կազմված է նախագահից եւ ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով եւ հայերեն լեզվով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`

1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.

2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը, ինչպես նաեւ հեռահաղորդակցման միջոցների տվյալները.

3) բողոքարկման առարկան.

4) բողոք բերողի պահանջը.

5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

6) բողոքը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:

Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին եւ առաջարկում է վերացնել դրանք` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու եւ բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաեւ թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

Մաքսային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձեւը եւ դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձեւը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձեւերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:

Մաքային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում եւ դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`

1) բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշներին, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.

2) բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.

3) բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.

4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.

5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, եւ դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.

6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.

7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.

8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.

9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.

10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միեւնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո` սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.

11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.

12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումն ընդունում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահպանվում է մաքսային մարմնում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը եւ (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու եւ վեճն ըստ էության լուծելու համար:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, եւ կազմված արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են մաքսային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`

1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.

2) դիմում-բողոքը բավարարելու մասին.

3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.

4) դիմում-բողոքը մերժելու մասին.

5) վերստուգում անցկացնելու մասին:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձեւով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահվում է մաքսային մարմնում:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:»:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:


Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է մինչեւ ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որի առանձին կարգավորումները կարող են տարընկալումների տեղիք տալ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը մինչեւ ՀՀ հարկային օրենսգրքի ամբողջական կիրառության մեջ մտնելը ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված առանձին իրավական նորմերի վերանայումն է` դրանցում բովանդակային, խմբագրական, ինչպես նաեւ տերմինաբանական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու ճանապարհով: Առաջարկվող բովանդակային փոփոխություններից էականները հետեւյալներն են.

1. Շահաբաժինների հարկման մասով առաջարկվում է`

ա) հարկել միայն ընդհանուր ժողովի կողմից հայտարարված (փաստացի բաշխված) շահաբաժինները` հանելով յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ին հարկի առաջացման նորմը։

բ) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում հարկել 2017 թվականի եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները։

գ) ռեզիդենտ ֆիզիկական անձանց դեպքում հարկել 2018 թվականի եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջաններում առաջացած շահույթի բաշխումից առաջացած շահաբաժինները։

2. Նվազագույն շահութահարկի մասով առաջարկվում է վերացնել նվազագույն շահութահարկի գերավճարների «զրոյացման» իրավական նորմը` թույլ տալով նվազագույն շահութահարկը նվազեցնել շահութահարկի փաստացի գումարի եւ այդ տարվա շահութահարկի կանխավճարի դրական տարբերություն առաջանալու դեպքում` առանց ժամկետային սահմանափակման:

3. Եկամտային հարկի հաշվին հիպոտեկային վարկի տոկոսների փոխհատուցման մասով առաջարկվում է սահմանել որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես,

ա) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով փոխհատուցման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց չի փոխհատուցվում, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռք բերման պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը,

բ) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տան կառուցմանը կամ անհատական բնակելի տան ձեռք բերելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վարկառուին եւ համավարկառուներին փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար յուրաքանչյուր ձեռք բերված բնակարանի կամ կառուցված անհատական բնակելի տան կամ ձեռք բերված անհատական բնակելի տան մասով չի կարող գերազանցել 1,5 մլն. դրամը:

գ) 2018 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ անգամ, այդ թվում որպես համավարկառու։

4. Առաջարկվում է վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի` ԱԱՀ-ից ազատման արտոնությունը:

5. Հանրային սննդի ոլորտի հարկման մասով առաջարկվում է`

ա) մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը վերականգնել 600 քմ շեմը, որը հնարավորություն կընձեռի ոլորտում գործող տնտեսավարողների հարկային բեռը չավելացնել մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը,

բ) սահմանել, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակի մասով 2018 թվականի հուլիսի 1-ից համարվում են եւ չեն դադարում համարվել շրջանառության հարկ վճարող,

գ) սահմանել, որ հաշվետու ժամանակաշրջանի համար հարկ վճարողի հարկային պարտավորությունը հաշվարկվում է որպես հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների 10 տոկոսի եւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված` սահմանված կարգով հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների) հանրագումարի 6 տոկոսի տարբերություն:

6. Դիզելային վառելիքի` ԱԱՀ-ով հարկման մասով առաջարկվում է սահմանել, որ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված եւ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկից ենթակա է հաշվանցման յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամ (35000-13000)` 2018 թվականի առաջին հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի միասնական հաշվարկում` որպես մատակարարին վճարած ակցիզային հարկ:

7. Բազմակի օգտագործման տարաների հարկման մասով առաջարկվում է սահմանել, որ տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ով հարկման բազայի մեջ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարող շրջանառելի բազմակի օգտագործման տարայի արժեքի։

8. Ծախսերի փաստաթղթավորման մասով, մասնավորապես, առաջարկվում է`

ա) հարկ վճարողներին հնարավորություն ընձեռել ստորեւ նշված դեպքերում էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթի փոխարեն գործարքի կողմերի միջեւ թղթային եղանակով կազմել այլ փաստաթղթեր: Նշված դեպքերն են`

1) ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերում,

2) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանքի ձեռք բերում,

3) ֆիզիկական անձանցից գույքի ձեռք բերում կամ վարձակալություն,

4) արտասահմանյան գործընկերներից ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերում:

բ) հարկ վճարողներին հնարավորություն ընձեռել 2018թ. հուլիսի 1-ից ձեռքբերումները հիմնավորել նաեւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններով, եթե վերջինիս վրա ՀԴՄ էլեկտրոնային համակարգով տպագրված կլինի գնորդի կամ ծառայություն ստացողի հարկ վճարողի հաշվառման համարը:

9. Գործարքների ճշգրտման եւ չեղարկման մասով առաջարկվում է`

ա) ճշգրտումը կիրառել բացառապես գործարքի առարկա համարվող ապրանքների քանակությունների փոփոխության դեպքերում,

բ) հաշվարկային փաստաթղթերը սխալներով լրացնելու բոլոր դեպքերում կիրառել չեղարկում:

10. Ապրանքների տեղափոխության փաստաթղթավորման մասով առաջարկվում է`

1) հարկ վճարողներին հնարավորություն ընձեռել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների տեղափոխությունն իրականացնել հարկային մարմնի կողմից անվճար տրամադրվող` ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքերով: Այս դեպքում հարկ վճարողներն այլեւս ստիպված չեն լինի ուղեկցող փաստաթղթեր կազմել, քանի որ նշված էլեկտրոնային սարքերի ուղեկցությամբ տեղափոխվող ապրանքները չեն համարվի առանց ուղեկցող փաստաթղթերի տեղափոխվող ապրանքներ: Մյուս կողմից, կբարձրանա Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների տեղաշարժի նկատմամբ հսկողության արդյունավետությունը:

2) հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողներին հնարավորություն ընձեռել հանրային ծառայությունների ենթակառուցվածքները շահագործելու եւ սպասարկելու նպատակով տեղափոխվող ապրանքներն ու պահեստամասերը տեղափոխել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի:

11. Հարկային օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների մասով, մասնավորապես, առաջարկվում է`

1) առանց արտոնագրի գործունեություն իրականացնելու առաջին խախտման դեպքում կիրառել ընդամենը նախազգուշացում,

2) վերացնել հարկային վնասն ավել ցույց տալու համար նախատեսված տուգանքի կիրառությունը,

3) ֆիզիկական անձի կողմից հարկային հաշվարկը հարկային մարմին ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում նշված տուգանքի կիրառությունը սկսել ոչ թե հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից, այլ հարկի գումարի նախնական հաշվարկը հարկային մարմնի կողմից կատարելու օրվան հաջորդող օրվանից:

12. ԵՏՄ միասնական օրենսդրությամբ անմաքս առեւտրի խանութների համար սահմանված արտոնությունների կիրառության շարունակականության մասով առաջարկվում է ԵՏՄ միասնական օրենսդրությամբ անմաքս առեւտրի խանութների համար ներկայումս սահմանված արտոնությունները ամրագրել նաեւ ազգային օրենսդրությամբ` հաշվի առնելով այն, որ առաջիկայում ուժի մեջ մտնող ԵՏՄ նոր մաքսային օրենսգրքով այդ արտոնություններն այլեւս նախատեսված չեն: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորել անմաքս առեւտրի խանութների գործունեության հետ կապված ընթացակարգային հարցերը, ինչպես նաեւ սահմանել, որ`

1) անմաքս առեւտրի խանութներ ապրանքների ներմուծումը (այդ թվում` ԵՏՄ անդամ համարվող կամ չհամարվող երկրներից) ազատվում է ավելացված արժեքի հարկից եւ ակցիզային հարկից,

2) անմաքս առեւտրի խանութներ ներմուծվող ապրանքները ենթակա չեն դրոշմավորման` հաշվի առնելով այն, որ այդ ապրանքներն արդեն իսկ հաշվառվում են եւ գտնվում են հսկողության ներքո:

13. ՀՀ տարածքից դուրս սկսվող եւ ավարտվող տրանսպորտային ծառայությունների` ԱԱՀ-ով հարկման մասով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ տարածքից դուրս սկսվող եւ ՀՀ տարածքից դուրս ավարտվող տրանսպորտային ծառայությունները` անկախ այն հանգամանքից, որ ծառայություն մատուցողը գրանցված է ՀՀ-ում, համարել ԱԱՀ-ով չհարկվող գործարք:

14. ԱՏԳ ԱԱ 3403 ծածկագրին դասվող շարժիչային յուղի` ակցիզային հարկով հարկման մասով առաջարկվում է հարկումից խուսափելու եւ չարաշահումների դեմ պայքարելու, ինչպես նաեւ հարկման արդարության սկզբունքը պահպանելու նպատակով ակցիզային հարկով հարկել նաեւ ԱԱ 3403 ծածկագրին դասվող շարժիչային յուղը:

15. Հարկման հատուկ համակարգերում գործող ԱՁ-ների կողմից ամսական 5000 դրամի չափով շահութահարկի վճարման մասով առաջարկվում է սահմանել, որ ԱՁ-ն չաշխատած ամիսների համար (եթե հարկային մարմին է ներկայացրել գործունեությունը ժամանակավոր կամ անորոշ ժամկետով դադարեցնելու մասին հայտարարություն) ամսական 5000 դրամի չափով շահութահարկը չի վճարում:

16. Արտոնագրի տրամադրման մասով առաջարկվում է սահմանել, որ արտոնագիրը տրամադրվում է ներկայացված դիմումի հիման վրա` անկախ արտոնագրային հարկը վճարված լինելու հանգամանքից:

17. ԵՏՄ-ում կիրառվող հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման մասով առաջարկվում է ազգային օրենսդրությամբ ամրագրել, որ ՀՀ վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորում սահմանված լինելու դեպքում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման պարտավորություն կրող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային օրենսգրքով, այլ օրենքներով եւ դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները:

18. Հարակից ՀՀ օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ընդունմամբ պայմանավորված փոփոխություններ կատարել թվով 55 օրենքների մեջ` նպատակ ունենալով դրանք համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հարկային համակարգում կատարված փոփոխություններին:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է առաջարկվող բովանդակային լրացումներով եւ փոփոխություններով նախատեսված նոր գաղափարների ներդրմամբ հստակեցնել հարկային հարաբերությունները որոշ ոլորտների համար, ինչպես նաեւ գործառնությունների եւ գործարքների իրականացման ժամանակ:

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության չի առաջանում:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ «Երեւան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 23-ի N 1487-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը:

Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ