Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից» բառերը փոխարինել «մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Մաքսային ծառայողի համազգեստը եւ ծառայողական վկայականը
1. Մաքսային ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձեւը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կրելու կարգը` մաքսային մարմինը: Համազգեստը տրվում է անվճար:
2. Մաքսային ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի ձեւը եւ տրամադրման կարգը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Մաքսային ծառայողի պատասխանատվությունը
Մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասները հատուցվում են մաքսային ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին, իսկ նշված ֆոնդում առկա միջոցների անբավարարության դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին:
Մաքսային ծառայողների օրինական գործողությունների արդյունքում անձանց պատճառված վնասները փոխհատուցման ենթակա չեն: Մաքսային ծառայողներն իրենց ապօրինի գործողությունների կամ անգործության, ինչպես նաեւ իրենց կայացրած ապօրինի որոշումների համար կրում են կարգապահական, վարչական եւ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել վերադաս մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:
Մաքսային մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից որոշումների ընդունման, գործողությունների եւ անգործության վերաբերյալ գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում գործում է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող` մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը կազմված է նախագահից եւ ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում դիմում-բողոք բերողի կողմից գրավոր կարգով եւ հայերեն լեզվով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`
1) բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը, ինչպես նաեւ հեռահաղորդակցման միջոցների տվյալները.
3) բողոքարկման առարկան.
4) բողոք բերողի պահանջը.
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.
7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
Սույն հոդվածի 5-րդ մասում նշված` ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում մաքային մարմինը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին եւ առաջարկում է վերացնել դրանք` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու եւ բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաեւ թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:
Մաքսային մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձեւը եւ դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձեւը, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձեւերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը:
Մաքային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում եւ դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունում է դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան գրավոր որոշում, եթե`
1) բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքը չի բավարարում սույն օրենքով սահմանված չափանիշներին, բացառությամբ այն դեպքերի, եթե այդ հանգամանքը չի խոչընդոտում դիմում-բողոքի հետագա քննությանը.
2) բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքում հստակ նշված չէ բողոք բերողի պահանջը.
3) բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքին կցված չէ բողոքարկվող փաստաթղթերի ցանկը.
4) դիմում-բողոքը բերել է դիմում-բողոք բերելու իրավասություն չունեցող անձը.
5) դիմում-բողոքը չի համապատասխանում ընթացակարգային պահանջներին, եւ դիմում-բողոքում առկա թերությունները բողոքը ներկայացնողը չի վերացրել սույն հոդվածով սահմանված ժամկետում.
6) դիմում-բողոք բերողը հրաժարվում է բողոքից.
7) դիմում-բողոքում նշված պահանջը դուրս է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի իրավասություններից.
8) բացակայում է մաքսային մարմնի կողմից բողոքարկվող անհատական իրավական ակտի, գործողության կամ անգործության դեպքը.
9) դիմում-բողոքը ներկայացվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո.
10) դիմում-բողոք բերած նույն անձի, բողոքարկման նույն առարկայի մասին, միեւնույն հիմքերով բողոքի վերաբերյալ առկա է մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերում դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումների, որոնց կարճման հիմքերը վերացնելուց հետո` սույն հոդվածով սահմանված ժամկետում ներկայացված դիմում-բողոքները ենթակա են քննարկման.
11) դիմում-բողոքը ներկայացնողը նույն պահանջով դիմել է դատարան.
12) դիմում-բողոք բերած կազմակերպության լուծարման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին որոշումն ընդունում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահպանվում է մաքսային մարմնում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքը հանձնաժողովի կողմից քննարկման ընդունելու դեպքում դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին: Բողոքարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը եւ (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը): Բողոքարկման հանձնաժողովի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու եւ վեճն ըստ էության լուծելու համար:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի նիստերն արձանագրվում են, եւ կազմված արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները: Հանձնաժողովի անդամների ստորագրած արձանագրությունները պահպանվում են մաքսային մարմնում այն կազմելու տարվան հաջորդող երեք տարվա ընթացքում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովն ընդունված դիմում-բողոքի վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում`
1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին.
2) դիմում-բողոքը բավարարելու մասին.
3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին.
4) դիմում-բողոքը մերժելու մասին.
5) վերստուգում անցկացնելու մասին:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է հանձնաժողովի անդամներից առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձեւով:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: Ընդունված որոշումը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրվում է դիմում-բողոք բերած անձին, իսկ երկրորդ օրինակը պահվում է մաքսային մարմնում:
Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ դատարան:»:
Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով» բառերը փոխարինել «մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: