Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4501-09.12.2004-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (06 դեկտեմբերի 1985 թվականի) 44-րդ հոդվածը, 249-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 262-րդ հոդվածի երրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ, 65-րդ եւ 68-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»:

Հոդված 3. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 66. ԾԱՌԵՐԸ, ԹՓԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՈՒՍԱԾԱԾՔԸ ՀԱՏԵԼԸ, ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՄԻՆՉԵՎ ԱՃԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ՎՆԱՍԵԼԸ

Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը հատելը, ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանը վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով»:

Հոդված 4. Օրենսգրքի 180.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 180.1 Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը

Հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

Հոդված 5. Օրենսգրքի 206.6-րդ հոդվածի վերնագրից եւ դիսպոզիցիայից հանել «կամ նրան դիմադրություն ցույց տալը» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածի առաջին մասից հանել «44 հոդվածով,» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: