Armenian ARMSCII Armenian
Կ-20143-05.12.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացումը, կանխումը, խափանումն ու բացահայտումը.»:

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 3.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3.1. Սույն օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով հարկային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հետեւյալ դեպքերում.

1) առանց օրենքով սահմանված պետական գրանցման (հաշվառման) կամ առանց հարկային մարմիններում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության (ապօրինի գործունեության) հայտնաբերման դեպքում.

2) ապօրինի գործունեություն իրականացնողի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպված վարձու աշխատողներ հայտնաբերելու դեպքերում.

3) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում` լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքերում.

4) ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման համար oրենսգրքով սահմանված պահանջների խախտման` oրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքերում.

5) արգելված գործունեության հայտնաբերման դեպքերում:

Սույն մասով սահմանված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պահանջով հարկային մարմնի պաշտոնատար անձը ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

Սույն մասում նշված դեպքերում հարկային պարտավորությունները հաշվարկում եւ գանձման է առաջադրում հարկային մարմինը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: