Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-041-22.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հարկային վարկը սույն օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով ընկերությունների եւ կազմակերպությունների  (այսուհետ` ընկերությունների) առկա պարտքերի, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի եւ տուգանքների վճարման ժամկետների հետաձգումն է (տարկետումը):

Հոդված 2. Հարկային վարկը տրամադրվում է ընկերության եւ Կառավարության կողմից լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) միջեւ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:
Վարկային պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, վարկային պայմանագրի օրինակելի ձեւը եւ դիմումների ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը` սույն օրենքն ընդունվելու պահից մեկամսյա ժամկետում:

Հոդված 3. Սույն օրենքով սահմանված կարգով հարկային վարկը տրամադրվում է մինչեւ երկու տարի ժամկետով, որի սկիզբ է հանդիսանում վարկային պայմանագրի կնքման օրը:
Վարկային պայմանագրի կնքման նպատակով դիմումները կարող են ներկայացվել մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը:

Հոդված 4. Տրամադրվող հարկային վարկի գումարը որոշվում է վարկային պայմանագրի կնքման օրվա դրությամբ պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով ընկերության առկա պարտքերի եւ դրանց վճարման ժամկետների խախտման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների հանրագումարով:

Վարկային պայմանագրի կնքման օրվանից պայմանագրում ներառված հարկերի գծով պարտքերի վճարման ժամկետների խախտման համար տույժերի եւ տուգանքների հաշվեկցումը դադարեցվում է:

Հոդված 5. Վարկային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 7 օրվա ընթացքում ընկերությունը պարտավոր է պետական բյուջե վճարել.

ա) հարկային վարկի գումարը,

բ) հարկային վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսավճարը` ամսեկան 0.5 տոկոսի չափով:

Հոդված 6. Մեկ տարուց ավելի ժամկետով վարկային պայմանագրի կնքման դեպքում, մեկ տարին լրանալուց հետո տասնօրյա ժամկետում ընկերությունը պարտավոր է ՀՀ պետական բյուջե վճարել հարկային վարկի գումարի առնվազն 50 տոկոսը:

Հոդված 7. Ընկերությունն իրավունքն ունի հարկային վարկի գումարը եւ դրա նկատմամբ հաշվարկված տոկոսավճարը լրիվ կամ մասամբ վճարել վարկային պայմանագրում նշված ժամկետից շուտ:

Հոդված 8. Վարկային պայմանագրի կնքման օրից հետո 90-օրյա ժամկետում հարկերի գծով պարտքերն ամբողջությամբ մարող ընկերությունն ազատվում է վարկային պայմանագրով նախատեսված տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված տոկոսավճարի մուծումից:

Հոդված 9. Վարկային պայմանագրի կնքումից 90 օր հետո ընկած ժամանակահատվածում հարկային վարկի գումարը պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ, բայց մասամբ վճարելու դեպքում հարկային վարկի գումարը նվազեցվում է վճարված գումարի չափով: Հարկային վարկի գումարի նվազեցման վերաբերյալ ընկերության եւ լիազորված մարմնի միջեւ կնքվում է համապատասխան ակտ, որը կցվում է վարկային պայմանագրին եւ հանդիսանում դրա անբաժանելի մասը:

Հոդված 10. Ընկերության կողմից սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջի չկատարման եւ (կամ) վարկային պայմանագրի կնքումից հետո 90 օր անց պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով նոր պարտքերի առաջացման դեպքում լիազորված մարմինը պարտավոր է չեղյալ հայտարարել կնքված վարկային պայմանագիրը:

Հոդված 11. Վարկային պայմանագիրը չեղյալ հայտարարելու արդյունքում վերականգնվում է հարկերի գծով պարտքերի չվճարված մասը եւ դրանց նկատմամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով դադարեցված տույժերի եւ տուգանքների հաշվեկցումը:
Վարկային պայմանագրի չեղյալ հայտարարելը ընկերությանը չի ազատում սույն օրենքի 5-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված եւ պայմանագրի գործողության ընթացքում հաշվարկված տոկոսավճարի մուծումից:

Հոդված 12. Վարկային պայմանագիր կնքած ընկերությունն իրավունք ունի դիմելու լիազորված մարմնին կնքած վարկային պայմանագրի ժամկետը երկարաձգելու նպատակով` միայն մեկ անգամ եւ պայմանագրի ընդհանուր ժամկետը երկու տարին չգերազանցելու պայմանով:

Հոդված 13. Լիազորված մարմինն իրավունք չունի մերժելու սույն օրենքի պահանջներին համապատասխան վարկային պայմանագրի կնքման նպատակով ներկայացված դիմումները:

Հոդված 14. Սույն օրենքով սահմանված ժամկետում վարկային պայմանագիր կնքելու նպատակով դիմում չներկայացրած, սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքում վարկային պայմանագիրը չեղյալ հայտարարված եւ վարկային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկերի գծով պարտք ունեցող ընկերություններից այդ պարտքերը ենթակա են գանձման օրենքով սահմանված կարգով:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: