Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-451-10.12.2004-ՖՎ,ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Օրենքի նպատակը

Սույն օրենքի նպատակը ներկայում եւ ապագայում մարդու բարեկեցության, Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի զարգացման, տնտեսական եւ էկոլոգիական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի, ռեժիմի եւ որակի ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումն է:

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջներից բխող` ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթները հետեւյալ ուղղություններով.

1) ջրային ռեսուրսների կայուն կառավարում.

2) ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայություններ.

3) ջրային ռեսուրսի հաշվառում եւ գնահատում.

4) ջրային ռեսուրսների առաջարկի եւ պահանջարկի ձեւավորում.

5) ջրավազանային կառավարման հետ կապված հարաբերություններ:

Հոդված 3. Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենքի օրենսդրական հիմքերը

Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին օրենսդրությունը բաղկացած էՀայաստանի ՀանրապետությանՍահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերից, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

ջրային ռեսուրսների կայուն կառավարում ՝ այնպիսի կառավարում, որն ապահովում է մարդկանց ներկա եւ ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը`առանց վտանգելու ազգային ջրային պաշարը.

ջրային ռեսուրսների թափանցիկ եւ մասնակցային կառավարում` ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը բաց է եւ տեսանելի հասարակության բոլոր խավերի համար եւ նրանց մասնակցությունը այդ գործընթացին.

մարդկանց հիմնական կարիքներ՝ մարդու գոյատեւման առաջնային նվազագույն կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի ջուր.

ռիսկերի կարգավարում՝ ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման, դիտարկման եւ հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության, ընթացակարգի եւ միջոցառումների համակարգված իրականացում:

Հոդված 5.Օրենքի խնդիրները

Սույն օրենքի խնդիրներն են`

1) ապահովել ջրային ռեսուրսների մատչելիության գնահատման ազգային ջրային պաշարի բնութագրման, ջրային ռեսուրսների առաջարկի եւ պահանջարկի ձեւավորման գործընթացի իրականացումը.

2) սահմանել ջրային ռեսուրսների օգտագործման գերակայությունները.

3 ) ներդնել ջրավազանային կառավարման սկզբունքները, կազմել ջրավազանային կառավարման պլանները եւ նախապատրաստել Ջրի ազգային ծրագրի հիմքերը:

Հոդված 6. Ջրի ազգային քաղաքականության սկզբունքները

Ջրի ազգային քաղաքականությունը ապահովում է հետեւյալ սկզբունքների իրականացումը.

1) ներկա եւ ապագա սերունդների լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներով ապահովումը (քանակ եւ որակ).

2) երկրի բնակչության կենցաղային կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի ջրապահանջի ապահովումը.

3) բնակչության սոցիալապես անապահով խավի հիմնական կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի եւ պահանջվող որակի ջրի մատչելիության ապահովումը.

4) բնակչության մեջ ջրի խնայողաբար օգտագործման վերաբերմունքի դաստիարակում եւ ձեւավորում, ջրի խնայողաբար օգտագործման խրախուսման տնտեսական եւ ֆինանսական մեխանիզմների մշակումը եւ կիրառումը.

5) «առաջարկն է ձեւավորում պահանջարկը» սկզբունքի կիրառում.

6) ելնելով պահանջարկից, ջրային ռեսուրսների կարգավորման խնդիրների ձեւավորումը (այդ թվում ջրամբարների զարգացում).

7) երկրի զարգացման շահերից բխող տարբերակված եւ ճկուն սակագնային քաղաքականության մշակումը եւ կիրառումը.

8) Սեւանա լճի պահպանությունն ու վերականգնումը` որպես սոցիալական, տնտեսական բնապահպանական արժեքների եւ բնության մշակութային ժառանգության.

9) ջրային ռեսուրսների աղտոտման նվազեցման փուլային միջոցառումների մշակումը եւ կիրառումը` ելնելով ջրավազանի նշանակությունից.

10) շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.

11) «աղտոտողն է վճարում» եւ «օգտագործողն է վճարում» մեխանիզմի կիրառումը.

12) ջրային ռեսուրսների պահպանության, կառավարման եւ օգտագործման ոլորտներում մարդկային եւ տեխնոլոգիական հզորությունների զարգացման ապահովումը.

13) ջրային ռեսուրսների օգտագործման եւ ջրային ավազան վնասակար նյութերի ու միացությունների արտանետման համար վճարների գանձման արդյունքում հավաքագրված գումարների մասնահանման միջոցով ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն աջակցող գործողությունների իրականացման համապատասխան ֆինանսական հենքի ապահովումը եւ ոլորտում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծումը.

14) պետական ջրային կադաստրի վարման ապահովումը.

15) անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում միջազգային ընդունված պարտավորությունների կատարման եւ համագործակցության զարգացման ապահովումը.

16) ջրի ազգային քաղաքականության ոլորտում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության մատչելիության ապահովումը:

Հոդված 7. Ջրային ռեսուրսների կառավարման սկզբունքները

Ջրային ռեսուրսների կառավարումն ապահովում է հետեւյալ սկզբունքների իրականացումը.

1) ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գիտական հիմնավորվածությունը.

2) Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված գնագոյացման կարգավորման, խթանման եւ այլ չափանիշների կիրառումը.

3) ռիսկերի կարգավորման կիրառման ապահովումը.

4) բնապահպանական, մշակութային, սոցիալական եւ տնտեսական արժեքների համալիր գնահատմամբ ջրային ռեսուրսների կառավարման իրականացումը.

5) ջրային ռեսուրսների ազատ հոսքի կուտակում եւ տեղափոխում արհեստական ջրամբարների ու պատվարների կառուցմամբ.

6) Հայաստանի Հանրապետության բնակավայրերում իրավական ակտերով սահմանված նորմերին եւ ստանդարտներին համապատասխանող որակով հետզհետե շուրջօրյա ջրամատակարարման ապահովում.

7) ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի թափանցիկ եւ մասնակցային կառավարում, ինչպես նաեւ գենդերային քաղաքականության սկզբունքների իրականացում.

8) ջրավազանային կառավարման մակարդակով ջրային ռեսուրսների ջրառատության, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների սպառողական եւ ոչ սպառողական արժեքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխման, վերաբաշխման եւ գնագոյացման ապահովում.

9) անդրսահմանային ջրային ռեսուրսների եւ ջրահոսքերի կառավարում:

Հոդված 8. Ջրի ազգային ծրագրի մշակման սկզբունքները

1. Ջրի ազգային ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի առաջարկվող կառավարման կարճաժամկետ ծրագիրը, նախագծերի եւ ծրագրերի նկարագրությունները, ծախսերը եւ օգուտները եւ դրանց բաշխվածությունը:

2. Ջրի ազգային ծրագիրը ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի առաջարկվող կառավարման միջնաժամկետ ծրագիրը, հաշվարկելի նախագծային եւ ծրագրային նկարագրությունները, ծախսերը եւ օգուտները եւ դրանց բաշխվածությունը:

3. Ջրի ազգային ծրագրում ներկայացվում են ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերիու կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ (մինչեւ 15 տարի) բոլոր նախատեսվող միջոցառումները:

4. Ջրի ազգային ծրագրի կատարման վերաբերյալամենամյա հաղորդումը ներառումէ՝

ա) նախորդ տարում Ծրագրի իրականացման ընթացքը եւարդյունքները.

բ) ջրի ազգային ծրագրի կառավարման եւ օպերատիվ ռազմավարության իրականացման շարունակելիությաննպատակահարմարությունը.

գ) ջրի ազգային ծրագրի նոր բաղադրիչներ նախաձեռնելու, ինչպես նաեւ ծրագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:

ԳԼՈՒԽ 2

ՋՐԱՅԻՆՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՋՐԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Հոդված 9. Ջրային ռեսուրսների գնահատումը

Ջրային ռեսուրսների գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսի որակի, քանակի, ձեւի եւ բաշխվածության ամբողջական գույքագրմամբ՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի եւ դրանից բխող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

Ջրային ռեսուրսների վերագնահատումն իրականացվում է պարբերաբար՝ առնվազն 5 տարինմեկ անգամ:

Ջրային ռեսուրսների ամբողջական կամ մասնակի գնահատումը կարող է իրականացվել նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխանաբար ջրօգտագործողի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Ջրային ռեսուրսների գնահատման մեխանիզմները սահմանվում են Հայաստանի Հանրապետությանկառավարության սահմանած կարգով:

Հոդված 10. Ջրային ռեսուրսների առաջարկի ձեւավորումը

Ջրային ռեսուրսների գնահատման, վերագնահատման եւ ազգային ջրային պաշարի գնահատման արդյունքների հիման վրա ձեւավորվում է ջրի առաջարկը:

ԳԼՈՒԽ 3

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

Հոդված 11.Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման եւ ձեւավորման ընթացակարգը

1. Հ այաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումն իրականացվում է` հիմք ընդունելով «առաջարկն է թելադրում պահանջարկը» սկզբունքը, ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության պետական լիազորված մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով եւիրավական այլ ակտերով:

2. Ջրային ռեսուրսների պահանջարկը ձեւավորվում է ջրային ռեսուրսների պահպանության եւ կառավարման լիազոր պետական մարմնի կողմից` ջրի ազգային ծրագրի հիման վրա:

Հոդված 12. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատման բաղադրիչները

1. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ներառում է, սակայն չի սահմանափակում հետեւյալ ջրօգտագործումները (քանակ եւ որակ).

ա) տնտեսական/կենցաղային, կենսական.

բ) գյուղատնտեսական.

գ) արդյունաբերական.

դ) ձկնաբուծական.

ե) ռեկրեացիոն.

զ) էներգետիկ.

- էլեկտրաէներգիայի արտադրություն եւ սարքավորումներիհովացում. ատոմայինէլեկտրակայաններ,

է) միջազգային պարտավորվածություններ անդրսահմանայինջրային ռեսուրսների վերաբերյալ,

ը) ջրային ռեսուրսների կուտակումներ:

2. Ջրային ռեսուրսների պահանջարկի գնահատումը ընդգրկում է.

ա) ջրօգտագործման նպատակը, ջրապահանջի հիմնավորումը, ջրօգտագործման զարգացմանհեռանկարը,

բ) պահանջվող ջրի քանակը, ռեժիմը, ջրառի վայրը,

գ) պահանջվող ջրի որակը,

դ) ջրօգտագործման արդյունքում ջրային ռեսուրսներին հասցրած աղտոտվածությունը:

ԳԼՈՒԽ 4

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայությունները

1. Ջրային ռեսուրսների պահպանության եւ կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջեւ ըստ առաջնահերթության իրականացվում է հետեւյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության.

1) ազգային ջրային պաշար ` մարդկանց հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետեւանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու եւ ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում եւ օգտագործում.

2) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.

3) ջրային ռեսուրսների օգտագործում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերի համաձայն.

4) կենցաղային՝մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքներըբավարարելու համար ջրօգտագործում.

5) գյուղատնտեսական՝ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության եւ այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.

6) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.

7) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում.

8) ռեկրեացիոն օգտագործում ՝ ջուր սպորտային, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության եւ գեղագիտական վայելքի համար.

9) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:

2. Ջրերի բաշխում չի կարող տեղի ունենալ, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին:

Հոդված 14. Արտակարգ իրավիճակների հետ կապված առանձնահատկությունները

1. Ջրային ռեսուրսների մատչելիության հետ կապված արտակարգ իրավիճակներում ջրային ռեսուրսների օգտագործման սահմանափակումն իրականացվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերով սահմանված` ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանության գերակայությունների փոփոխությամբ՝ հակառակ հերթականությամբ:

2. Ջրային ռեսուրսների քանակի եւ(կամ) որակի փոփոխության հետ կապված արտակարգ իրավիճակների դեպքում ջրօգտագործողներին ավելի ցածր, բայց դեռեւս պիտանի որակի ջրային ռեսուրսներ են ապահովում այլընտրանքային աղբյուրներից:

ԳԼՈՒԽ 5

ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հոդված 15. Ջրային ռեսուրսների ռազմավարական կառավարումը

1. Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության հիմքում ընկած է ջրավազանային կառավարման կայացումն ու զարգացումը:

2. Ջրավազանային կառավարման մարմինների կողմից կազմվող ջրավազանային կառավարման պլանները ներառում են տվյալ ջրավազանի՝

ա) քարտեզագրման տվյալները.

բ) տրված ջրօգտագործման թույլտվությունների վերաբերյալ տվյալները.

գ) ջրային եւ առափնյա էկոհամակարգերի մասին տվյալները.

դ) հիդրոտեխնիկական կառուցվածքների վերաբերյալ տվյալները.

ե) բնական ջրային ռեսուրսներից ջրառի եւ հեռացվող կեղտաջրերի վերաբերյալ տվյալները.

զ) տարածքում արգելված կամ որոշ սահմանափակումներով գործունեության տեսակների ցանկը:

3. Ջրավազանային կառավարման պլանները կազմվում են ղեկավարվելով սույն օրենքով եւ սահմանված գերակայություններով, ջրի ազգային ծրագրով, հաշվի առնելով տվյալ ջրավազանի առանձնահատկությունները:

4. Ջրավազանային կառավարման պլանները կազմելու գործընթացում ապահովվում է հասարակության մասնակցությունը՝ հասարակական լսումներ եւ քննարկումներ կազմակերպելու, զանգվածային լրատվության միջոցներով այդ մասին տեղեկություններ հաղորդելու միջոցով:

ԳԼՈՒԽ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 16. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո: