Armenian ARMSCII Armenian
Կ-20148-05.12.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-156-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում եւ օրենքի ամբողջ տեքստում «համայնքներ» բառը փոխարինել «բնակավայրեր» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգրքով) սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության իրականացումը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների, ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումների, տոտալիզատորների, ինչպես նաեւ ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, ընդ որում, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը, որը ներառում է նաեւ խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ծառայությունները, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:»:

Հոդված 3. Oրենքի 3-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը «(առք ու վաճառքի)»  բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում իրականացվող»  բառերով, իսկ նույն կետի «եկամտային հարկից» բառերը փոխարինել «շահութահարկից» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «, եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն» բառերը, իսկ «գ» ենթակետից` «կամ եկամտային հարկից» բառերը.

3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Օրենսգրքով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեությունը, բացառությամբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների, ավտոբուսով եւ (կամ) միկրոավտոբուսով ուղեւորափոխադրումների, տոտալիզատորների, ինչպես նաեւ ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման գործունեության տեսակների, ազատվում է արտոնագրային հարկից, եւ արտոնագրային հարկից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է Օրենսգրքով սահմանված կարգով առանց արտոնագրային հարկի վճարման».

4) 2-4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Oրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4. Կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով պարտավոր են`

1) Օրենսգրքով սահմանված կարգով վարել հարկման ոչ ենթակա եւ հարկման ենթակա գործունեության տեսակների կամ գործարքների մասով ձեւավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում, իսկ եթե առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէ, ապա հարկման օբյեկտները, հարկման բազաները, հարկի գումարները, Օրենսգրքով սահմանված նվազեցումներն ու հաշվանցվող (պակասեցվող) գումարները (այն մասով, որ մասով առանձնացվող հաշվառում վարելը հնարավոր չէ) հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված տեսակարար կշիռների մեթոդով` համախառն եկամտի մեջ Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով հաշվարկված համախառն եկամտի տեսակարար կշռին համապատասխան.

2) վարել Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հաշվառում, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաեւ հաշվապահական հաշվառում, ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքների մասով դուրս գրել Օրենսգրքով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթղթեր: Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմին ներկայացնել հարկային հաշվարկները.

3) կատարել Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաեւ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերի պահանջները:»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: