Armenian ARMSCII Armenian
Կ-186-16.11.2017,05.12.2017-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, նպատակ ունենալով՝

ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանությունը,

ձեւավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության եւ պաշտպանության, նրանց իրավունքների եւ օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր,

ապահովել ընտանիքի անդամների անվտանգությունը եւ նպաստել ընտանիքում համերաշխության վերականգնմանը,

կանոնակարգել ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությունը,

ապահովել ընտանիքում բռնության ենթարկվածներին հոգեբանական, նյութական եւ սոցիալական աջակցության տրամադրման եւ նրանց սոցիալական վերականգնման համար պատասխանատու մարմինների գործունեության համար իրավական հիմքեր, ընդունում է սույն օրենքը:

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:

Հոդված 2. Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունքները

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք եւ հասարակական կազմակերպությունները ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են՝

1) ընտանիքում բռնության ենթարկված անձանց անվտանգության եւ պաշտպանության ապահովման առաջնայնության,

2) ընտանիքի՝ որպես հասարակության բնական եւ հիմնական բջջի աջակցության, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման եւ ընտանիքում համերաշխության վերականգնման,

3) երեխայի լավագույն շահերի առաջնահերթության,

4) իրավահավասարության ապահովման եւ խտրականության արգելքի,

5) արդարադատության մատչելիության,

6) մասնավոր եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների անձեռնմխելիության,

7) պետական, տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցության սկզբունքներով:

Հոդված 3. Ընտանիքում բռնությունը եւ դրա տեսակները

1. Ընտանիքում բռնություն Է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաեւ անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջեւ:

2. Ընտանիքում բռնության տեսակներն են՝

1) ֆիզիկական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծեծը եւ այլ բռնի գործողությունները, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը.

2) սեռական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները.

3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը.

4) տնտեսական բռնություն` անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցներից (սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք) զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթություն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը.

5) անտեսում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն եւ սպասարկում, կրթություն), իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները (սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն եւ սպասարկում) դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության եւ հնարավորությունների, եւ եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են:

Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ընտանիքի անդամներ՝

ա. անկախ համատեղ բնակության հանգամանքից՝ ամուսինը (այդ թվում՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), նախկին ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, որդեգրող ծնողը, խնամատար ծնողը, երեխան (նաեւ որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսինը, ամուսնու ծնողները, նախկին ամուսնու ծնողները,

բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար՝ փեսան եւ հարսը.

2) աջակցության կենտրոն՝ ,Սոցիալական աջակցության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կազմակերպություն.

3) ապաստարան (ընտանիքում բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանիքում բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ եղող անձանց՝ սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան, որտեղ նրանք օգտվում են ,Սոցիալական աջակցության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններից.

4) ընտանիքում բռնություն գործադրած անձ` ֆիզիկական անձ, որի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.

5) ընտանիքում բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ, որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանիքում բռնությունից.

6) խնամքի տակ եղող անձ՝ երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, որը բնակվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի հետ, եւ որին վերջինս մշտապես հոգ է տանում.

7) ոստիկանության իրավասու ծառայող՝ ոստիկանության` ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման ծառայող.

8) ռեաբիլիտացիոն ծրագիր՝ համալիր միջոցառումների ծրագիր, որն ուղղված է բռնություն գործադրած անձին հոգեբանական եւ սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:

ԳԼՈՒԽ 2

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 5. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների տեսակները

1. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցներն են`

1) նախազգուշացումը.

2) անհետաձգելի միջամտության որոշումը.

3) պաշտպանական որոշումը:

2. Պաշտպանության միջոցների կիրառման մասին կայացվում է պատճառաբանված որոշում: Պաշտպանության միջոցները կիրառվում են՝ առաջնորդվելով սույն օրենքով սահմանված սկզբունքներով եւ ապահովելով միջամտության համաչափությունը: Դրանց կիրառումը չի խոչընդոտում օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելուն եւ քրեական հետապնդում իրականացնելուն:

Հոդված 6. Նախազգուշացումը

1. Նախազգուշացումը կիրառվում է այն դեպքերում, երբ ընտանիքում բռնության դեպքը ոստիկանությունը հայտնաբերել է առաջին անգամ, կատարված արարքը հանցակազմի հատկանիշներ առերեւույթ չի պարունակում, եւ անհետաձգելի միջամտության հիմքերն առկա չեն: Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը ներառում է բռնության շարունակման կամ կրկնման դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների մասին իրազեկում: Նախազգուշացումը կիրառվում է դեպքի մասին տեղեկանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում:

2. Նախազգուշացում կիրառելու մասին ոստիկանության ծառայողի կայացրած պատճառաբանված որոշման պատճենը ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:

3. Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվելուց կամ դրա բովանդակությունը նրան հեռախոսակապի միջոցով պարզաբանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ինչպես նաեւ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

4. Նախազգուշացում կիրառելու մասին պատճառաբանված որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության ծառայողն ուղարկում է ընտանիքում բռնություն գործադրած անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն, որը հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:

Հոդված 7. Անհետաձգելի միջամտության որոշումը

1. Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաեւ այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:

2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ապա այն ուժի մեջ է մնում մինչեւ դատարանի կողմից որոշում կայացվելը:

3. Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակումները.

1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից եւ արգելել այդտեղ նրա վերադարձը մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.

2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.

3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.

4) մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության ծառայողին.

5) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց հետ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միեւնույն կամ տարբեր ժամկետներ: Սահմանափակման միջոցներն ընտրելիս որոշում կայացնողն առաջնորդվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներով՝ ապահովելով սահմանափակման համաչափությունը:

5. Եթե անմիջականորեն սպառնացող վտանգի տակ գտնվողն անչափահաս կամ անգործունակ անձ է, ապա որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն այդ որոշման պատճենը եւ համապատասխան արձանագրությունն անհապաղ ուղարկում է խնամակալության եւ հոգաբարձության մարմին, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է օրենքով եւ իր կանոնադրությամբ նախատեսված գործողություններ:

6. Եթե անհետաձգելի միջամտության որոշումը կիրառվում է անչափահաս կամ անգործունակ անձի հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի նկատմամբ, ապա երեխաների եւ անգործունակ անձանց ժամանակավոր խնամքը կազմակերպում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը՝ որոշման պատճենն ստանալուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 24 ժամում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջնորդվելով նրանց շահերով:

7. Անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշումն ուժի մեջ է մտնում ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելու պահից: Դրա պատճենն ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն, դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչեւ ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից իր իրերը հավաքելը եւ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրը լքելը: Ընտանիքում բռնություն գործադրած անձը կարող է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր անձնական իրերն այդ վայրից վերցնել միայն մեկ անգամ՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:

9. Անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը որոշման պատճենը եւ համապատասխան արձանագրությունն անհապաղ ներկայացնում է իր ստորաբաժանման ղեկավարին:

10. Ընտանիքում բռնության ենթարկված անձը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից անհետաձգելի միջամտության որոշմամբ իր վրա դրված պարտականությունների չկատարմանը: Ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից դիտավորությամբ պարբերաբար նման գործողություններ կատարելու դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կարող է վերացնել այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողը: Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է ընտանիքում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի արդյունքում հաշտություն կնքելու, ինչպես նաեւ մինչեւ դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքերում:

11. Անհետաձգելի միջամտության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը:

12. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենն այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է ընտանիքում բռնության ենթարկված անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն:

13. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջեւ աջակցության կենտրոնի թույլտվությամբ կենտրոնի տարածքում կամ կենտրոնի համապատասխան մասնագետի ներկայությամբ կազմակերպվող հանդիպման ժամանակ:

14. Անհետաձգելի միջամտության որոշման պահանջներն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

15. Անհետաձգելի միջամտության որոշման մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը եւ մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաեւ այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ինչպես նաեւ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում եւ դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

Հոդված 8. Պաշտպանական որոշումը

1. Պաշտպանական որոշման համար դատարան կարող է դիմել ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձը կամ նրա համաձայնությամբ` աջակցության կենտրոնը: Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձ է, ապա պաշտպանական որոշման համար դատարան կարող են դիմել նրա մերձավոր ազգականները, օրինական ներկայացուցիչը եւ խնամակալության ու հոգաբարձության մարմինը:

2. Անհետաձգելի միջամտության որոշման ուժի մեջ լինելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը:

3. Պաշտպանական որոշումը կայացվում է ընտանիքում բռնության ենթարկվածի եւ նրա խնամքի տակ եղող անձանց պաշտպանելու եւ ընտանիքում բռնության նոր դրսեւորումները կանխարգելելու նպատակով:

4. Պաշտպանական որոշումը կայացվում է մինչեւ 6 ամիս ժամկետով եւ կարող է դրա անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան դիմումի հիման վրա դատարանի պատճառաբանված որոշմամբ 2 անգամ երկարաձգվել` յուրաքանչյուր անգամ առավելագույնը մինչեւ 3 ամիս ժամկետով:

5. Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետեւյալ սահմանափակումները.

1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից եւ արգելել այդտեղ նրա վերադարձը մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանիքում բռնության ենթարկված անձին եւ նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը եւ նպատակահարմարությունը, ընտանիքում բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը.

2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.

3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.

4) մինչեւ որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել ոստիկանություն.

5) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանիքում բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաեւ իրենց համատեղ խնամքի տակ եղող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով: Դատարանը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել հոգալու ընտանիքում բռնության ենթարկվածի այլ անհրաժեշտ ծախսերը, որոնք ծագել են գործադրված բռնության պատճառով.

6) անհրաժեշտության դեպքում արգելել երեխաների հետ տեսակցությունները.

7) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ նրա խնամքի տակ եղող անձանց հետ.

8) ընտանիքում բռնություն գործադրած անձի վրա դնել պարտականություն անցնելու ռեաբիլիտացիոն ծրագիր:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միեւնույն կամ տարբեր ժամկետներ:

7. Պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը եւ պաշտպանական որոշման դադարման հիմքերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընտանիքում բռնության ենթարկվածի դատական ներկայացուցչության համար հանրային պաշտպան տրամադրելու հիմքերը եւ կարգը նախատեսվում են ,Փաստաբանության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով:

8. Եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է, եւ պաշտպանական որոշումը կիրառվում է նրա հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի (կամ ներկայացուցիչների) նկատմամբ, ապա դատարանը խնամակալության եւ հոգաբարձության մարմնին հանձնարարում է լուծել երեխայի կամ անգործունակ անձի ժամանակավոր խնամքի հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առաջնորդվելով նրանց շահերով:

9. Պաշտպանական որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ընտանիքում բռնություն գործադրած անձը կարող է ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրից իր իրերը վերցնել երկու ամիսը մեկ անգամ՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ: Սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս որոշման կայացման պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 ժամվա ընթացքում հանձնում է ոստիկանություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապահովում է սույն հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետով նախատեսված պարտականության կատարումը, իսկ Լիազոր մարմինը հետեւում է նույն մասի 8-րդ կետով նախատեսված պարտականության կատարմանը:

10. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջեւ աջակցության կենտրոնի թույլտվությամբ կենտրոնում կամ կենտրոնի համապատասխան մասնագետի ներկայությամբ կազմակերպվող հանդիպման ժամանակ:

11. Պաշտպանական որոշման պահանջներն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 9. Անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների գործողության դադարումը՝ կապված քրեական գործի հարուցման հետ

1. Ընտանիքում բռնության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելու, բժշկական հաստատությունում հարկադրաբար պահելու մասին որոշում կայացվելու կամ ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելու, բնակարանը եւ այլ գույքը պահպանելու, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելու, պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելու կամ արտաքինը փոխելու պաշտպանության միջոցներ կիրառվելու դեպքերում՝ համապատասխան միջոցների կիրառման ժամկետով, դադարում է անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումներով նախատեսված այն սահմանափակումների գործողությունը, որոնք կապված են անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:

2. Ընտանիքում բռնության փաստով քրեական գործ հարուցվելուց հետո անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել եւ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, նրա նկատմամբ բժշկական հաստատությունում հարկադրաբար պահելու մասին որոշում չի կայացվել, եւ վարույթն իրականացնող մարմինը չի կիրառել սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտպանության միջոցները: Եթե ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ ընտրվել է կալանքը որպես խափանման միջոց, նրա նկատմամբ կայացվել է բժշկական հաստատությունում հարկադրաբար պահելու մասին որոշում, եւ վարույթն իրականացնող մարմինը կիրառել է սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտպանության միջոցները, ապա անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել եւ պաշտպանական որոշման համար դիմում կարող է ներկայացվել, եթե դրանցով նախատեսվող սահմանափակումը կապված չէ անձին, նրա բնակության կամ հաճախակի գտնվելու վայրերին մոտենալու արգելքի հետ:

Հոդված 10. Ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումը

1. Ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումն իրականացվում է անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

2. Հաշտեցումն իրականացվում է ընտանիքում բռնություն գործադրած կամ ընտանիքում բռնության ենթարկված անձի դիմումով՝ ուղղված աջակցության կենտրոնին: Մինչեւ գործընթացն սկսելը աջակցության կենտրոնն ստանում է հաշտեցմանը մասնակցելու՝ մյուս կողմի գրավոր համաձայնությունը: Աջակցության կենտրոնը դադարեցնում է հաշտեցման գործընթացը, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դրան մասնակցում է սպառնալիքների ազդեցության ներքո:

3. Պաշտպանական որոշման գործողության ընթացքում հաշտություն կնքելու դեպքում ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը կարող է դիմել դատարան որոշումը վերացնելու նպատակով:

4. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ընթացքում հաշտություն կնքելու դեպքում ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը կարող է դիմել այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողին որոշումը վերացնելու նպատակով:

5. Հաշտեցում չի իրականացվում, եթե ընտանիքում բռնության ենթարկվածն անչափահաս կամ անգործունակ անձ է:

Հոդված 11. Ընտանիքում բռնություն գործադրած անձին կանխարգելիչ հաշվառման վերցնելը եւ հաշվառումից հանելը

1. Ընտանիքում բռնություն գործադրած անձը, որի նկատմամբ կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում, ինչպես նաեւ ընտանիքում բռնության հետ կապված հանցանքի համար դատվածություն ունեցող չափահաս անձը ոստիկանության կողմից վերցվում են կանխարգելիչ հաշվառման: Կանխարգելիչ հաշվառման շրջանակում չափահաս անձի կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նկատմամբ մշտադիտարկումն իրականացնում է ,Սոցիալական աջակցության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի սոցիալական աշխատողը, իսկ անչափահաս անձի պարագայում՝ ոստիկանությունը՝ համապատասխանաբար Լիազոր մարմնի կամ ոստիկանության պետի սահմանած կարգով:

2. Կանխարգելիչ հաշվառման վերցված անձը հանվում է հաշվառումից, եթե ընտանիքում բռնության վերջին արարքից հետո՝ մեկ տարվա ընթացքում, այդ անձի նկատմամբ չի կայացվել նոր անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում կամ համապատասխան հանցագործության համար մեղադրական դատավճիռ:

3. Ոստիկանության ծառայողը եւ տարածքային մարմնի սոցիալական աշխատողը կանխարգելիչ հաշվառման շրջանակում ամսական առնվազն մեկ հանդիպում են ունենում հաշվառման վերցված եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ եւ բացատրական աշխատանքներ իրականացնում: Տարածքային մարմնի սոցիալական աշխատողը մշտադիտարկման ընթացքում բռնության կրկնման վտանգ հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է ոստիկանությանը:

Հոդված 12. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ պաշտպանության միջոցներ չկիրառելը

1. Անչափահաս կամ անգործունակ անձի նկատմամբ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումներ չեն կայացվում:

2. Ընտանիքում բռնություն գործադրած անչափահաս անձը, եթե նրա արարքում բացակայում են հանցակազմի հատկանիշներ, ապա ոստիկանության կողմից ուղղորդվում է վերականգնողական ծրագրերի իրականացման համապատասխան համայնքային եւ պետական կենտրոններ՝ անչափահասների հանցավորության կանխարգելման բնագավառում Կառավարության սահմանած կարգի համաձայն:

3. Անգործունակ անձի կողմից ընտանիքում բռնություն գործադրվելու դեպքում գործում են ,Հոգեբուժական օգնության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները:

ԳԼՈՒԽ 3

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՀԱՏՈՒԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Հոդված 13. Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության գործառույթներ իրականացնող մարմինները եւ հատուկ կառույցները

1. Ընտանիքում բռնության կանխարգելումը եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն իրենց գործառույթների շրջանակներում իրականացնում են`

1) սոցիալական հարցերի ոլորտում լիազոր հանրապետական գործադիր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին).

2) ոստիկանությունը.

3) կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը.

4) առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը.

5) խնամակալության եւ հոգաբարձության մարմինները.

6) ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները`

ա. աջակցության կենտրոնները,

բ. ապաստարանները:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ընտանիքում բռնության դեմ պայքարին եւ այդ բնագավառում համագործակցում են Լիազոր մարմնի հետ: Նշված մարմինները նաեւ մասնակցում են նշված բնագավառում հանրության իրազեկմանը, ընտանիքում բռնության ենթարկվածներին սոցիալական եւ նյութական աջակցություն ցուցաբերելուն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Հոդված 14. Լիազոր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

1. Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում Լիազոր մարմինը`

1) մշակում է պետական ռազմավարությունը եւ համակարգում դրանից բխող միջոցառումների իրականացումը.

2) իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ ընդգրկելով ինչպես ոստիկանության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության եւ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի , այնպես էլ վերջիններիս չգրանցած աջակցության կենտրոնների, խնամակալության եւ հոգաբարձության մարմինների, առողջապահության եւ կրթության բնագավառներում լիազոր հանրապետական գործադիր մարմինների տրամադրած տվյալները, եւ դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում, ինչպես նաեւ այդ վիճակագրության ամենամյա հրապարակում իր պաշտոնական կայքում.

3) ուսումնասիրում է ընտանիքում բռնության պատճառները, պայմանները եւ հետեւանքները, մշակում դրանց հաղթահարմանն ուղղված ծրագրեր.

4) վերահսկում է ապաստարանների կողմից Կառավարության սահմանած՝ ապաստարանին եւ դրա անձնակազմին ներկայացվող պահանջների պահպանումը, ինչպես նաեւ իրականացնում է ոչ առեւտրային իրավաբանական անձանց կողմից ընտանիքում բռնության ենթարկվածներին ապաստարանի միջոցով սոցիալական ծառայություններ տրամադրվելու հավաստագրում՝ Կառավարության սահմանած կարգով.

5) հիմնադրում է ապաստարաններ, ոչ առեւտրային իրավաբանական անձանց հետ կնքում ապաստարանի ֆինանսավորման պայմանագիր կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձեւի հիման վրա եւ վերահսկողություն իրականացնում իր կողմից մասնակի կամ ամբողջապես ֆինանսավորվող ապաստարանների գործունեության նկատմամբ, այդ թվում՝ ֆինանսական միջոցների օգտագործման մասով.

6) պարբերաբար կազմակերպում է աջակցության կենտրոնների եւ ապաստարանների աշխատակիցների վերապատրաստում, այդ թվում` ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ.

7) հանրության համար հասանելի կերպով պարբերաբար հրապարակում է կապի այն միջոցների ցանկը (ներառյալ՝ ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված անվճար ,Թեժ գիծե ծառայության հեռախոսահամարները, որոնք աջակցության կենտրոնները պարտավոր են ունենալ), որոնցով ընտանիքում բռնության ենթարկվածները, նրանց ընտանիքի անդամները եւ այլ անձինք կարող են անհապաղ կապվել աջակցության կենտրոնների աշխատողի կամ կենտրոնի կողմից ներգրավված համապատասխան մասնագետի հետ եւ ստանալ անհրաժեշտ անհատույց, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում՝ նաեւ նրանց համար մատչելի օգնություն.

8) ընտանիքում բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով բացում է ընտանիքում բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամար եւ տնօրինում այն՝ կառավարության սահմանած կարգով: Հաշվեհամարի միջոցները ձեւավորվում են պետական բյուջեի հատկացումներից, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվություններից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցներից.

9) հաստատում է աջակցության կենտրոնի կողմից ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջեւ հաշտեցման կազմակերպման եւ իրականացման կարգը.

10) սահմանում է կանխարգելիչ հաշվառման շրջանակում չափահաս անձանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկման իրականացման կարգը.

11) հաստատում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը:

2. Լիազոր մարմնի ղեկավարին կից գործում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդը, որը նրան առաջարկություններ է ներկայացնում ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, հանրության իրազեկման միջոցառումների եւ այլ հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմում հավասար թվով ընդգրկվում են՝

1) հանրապետական գործադիր իշխանության, ոստիկանության, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, դատախազության ներկայացուցիչներ.

2) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3) աջակցության կենտրոնների եւ ապաստարանների աշխատակիցներ՝ Լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

3. Խորհրդի կազմում ընդգրկվում է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:

4. Խորհրդի գործառույթները, ձեւավորման կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ անհատական կազմը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Հոդված 15. Ոստիկանության լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

1. Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությունը`

1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը: Մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման կարգը եւ գործունեության այլ առանձնահատկությունները՝ ոստիկանության պետը.

2) սահմանում է կանխարգելիչ հաշվառման վերցնելու, ինչպես նաեւ անչափահաս անձանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառման շրջանակում նրանց կողմից ընտանիքում բռնություն գործադրելը կանխարգելելու նպատակով մշտադիտարկում իրականացնելու կարգը եւ այդ նպատակով ամսական մեկից ոչ պակաս հանդիպում ունենում նրանց հետ.

3) իրենց նկատմամբ ընտանիքում բռնություն կիրառված լինելու մասին հաղորդմամբ ոստիկանություն դիմած անձանց պարզաբանում է նրանց իրավունքները եւ հասանելի ծառայություններից օգտվելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում նրանց ուղղորդում է աջակցության կենտրոններ, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին.

4) կազմակերպում է իր համապատասխան ծառայողների` ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ, ինչպես նաեւ ապահովում է այլ մարմինների եւ կազմակերպությունների կողմից կազմակերպվող վերապատրաստումներին իր համապատասխան ծառայողների մասնակցությունը.

5) կայացնում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումներ, ինչպես նաեւ հսկողություն է իրականացնում անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների կատարման նկատմամբ՝ ոստիկանության պետի սահմանած կարգին համապատասխան.

6) մշակում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված՝ անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները եւ կազմակերպում իր համապատասխան ծառայողների պարտադիր վերապատրաստումները հիշյալ չափորոշիչների կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով.

7) Լիազոր մարմնին տրամադրում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ իր վարած վիճակագրությունը:

Հոդված 16. Կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում

1. Ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում Կրթության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը`

1) ուսուցիչների եւ դաստիարակների հետ պարբերաբար անցկացնում է ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում նրանց դերի, ընտանիքում բռնության դեպքերի մասին իրավասու մարմիններին հայտնելու կարգի վերաբերյալ վերապատրաստումներ.

2) ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով վերանայում է կրթական ծրագրերը եւ բացառում ընտանիքում բռնության խրախուսման դրսեւորումները դասագրքերում եւ կրթական նյութերում, ինչպես նաեւ կրթական ծրագրերում ընդգրկում է նյութեր ընտանիքում բռնության բնույթի, ընտանիքի եւ հանրության վրա դրա ազդեցության եւ ավանդական ընտանիքում արժեքների մասին:

Հոդված 17. Առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմնի լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում

1. Ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում առողջապահության ոլորտի լիազոր հանրապետական գործադիր մարմինը `

1) ապահովում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անհատույց առաջնային բժշկական օգնություն, սահմանում է ընտանիքում բռնության արդյունքում բժշկական օգնության դիմած անձանց վերաբերյալ տեղեկության գրանցման կարգը եւ ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը հայտնելու պայմանները.

2) իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի մասին ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին կամ դատախազությանը հայտնելու պայմանների եւ կարգի վերաբերյալ բժշկական հաստատությունների աշխատակիցներին իրազեկելու միջոցառումներ.

3) բժշկական հաստատություններում պարբերական վերապատրաստումներ է իրականացնում ընտանիքում բռնության արդյունքում բժշկական օգնության դիմած անձանց հասանելի հոգեբանական եւ այլ ծառայությունների մասին տեղեկացնելու, նրանց աջակցության կենտրոններ ուղղորդելու վերաբերյալ:

Հոդված 18. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների լիազորություններն ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում

1. Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության նպատակով խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում`

1) օրենքով նախատեսված դեպքերում դիմում են դատարան` պաշտպանական որոշման համար, ինչպես նաեւ հաղորդում են ներկայացնում իրավապահ մարմիններ` անչափահաս կամ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց նկատմամբ գործադրվող՝ ընտանիքում բռնության կամ դրա իրական սպառնալիքի մասին.

2) օրենքով եւ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում են ընտանիքում բռնության պատճառով առանց խնամքի մնացած երեխաների եւ անգործունակ անձանց խնամքը:

Հոդված 19. Աջակցության կենտրոնը

1. Աջակցության կենտրոնը`

1) աջակցության կենտրոն դիմած անձանց նրանց համար հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նրանց համար մատչելի եղանակով տեղեկացնում է նրանց իրավունքների, հասանելի ծառայությունների եւ օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների եւ դրանցից օգտվելու կարգի մասին.

2) կազմակերպում է ընտանիքում բռնության ենթարկվածներին անհրաժեշտ եւ անհատույց հոգեբանական եւ իրավաբանական օգնության եւ այլ անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը.

3) սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով որոշում է կայացնում ընտանիքում բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ եղող անձանց ապաստարանում տեղավորելու մասին՝ նրանց համաձայնությամբ.

4) ուսումնասիրում է ընտանիքում բռնության պատճառներն ու պայմանները, վարում ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն եւ արդյունքները ներկայացնում Լիազոր մարմին.

5) Լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն՝ կազմակերպում է ընտանիքում բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիան, այդ թվում՝ նախազգուշացման եւ անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնություն գործադրած անձին առաջարկում է ստանալ ռեաբիլիտացիոն ծրագրի մաս կազմող համապատասխան աջակցություն եւ մասնակցել որոշակի միջոցառումների.

6) նախազգուշացման եւ անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո հնարավորին չափ սեղմ ժամկետում ընտանիքում բռնության ենթարկվածին առաջարկում է հոգեբանական աջակցության տրամադրում.

7) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պայմաններով եւ Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով իրականացնում է հաշտեցում կամ կազմակերպում է դրա իրականացումն ընտանիքում բռնության ենթարկված եւ ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջեւ.

8) ընտանիքում բռնության ենթարկվածներին աջակցում է աշխատանքի տեղավորման եւ պետությունից կամ համապատասխան կազմակերպություններից սոցիալական աջակցություն ստանալու հարցերում.

9) աջակցության կենտրոն դիմած անձի համաձայնությամբ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հիմքերի առկայությունն ստուգելու համար, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքում դիմում է դատարան` պաշտպանական որոշում կայացնելու դիմումով:

Հոդված 20. Ապաստարանը

1. Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ապաստարանների առկայությունը եւ գործունեությունն ապահովելու ուղղությամբ: Ապաստարանը հիմնադրվում է Լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի հիմնած ոչ առեւտրային կազմակերպության կամ այլ ոչ առեւտրային իրավաբանական անձանց կողմից:

2. Լիազոր մարմինը ոչ առեւտրային իրավաբանական անձանց հետ կարող է կնքել նրանց կողմից ապաստարան հիմնադրելու կամ արդեն հիմնադրված ապաստարանի գործունեության աջակցության մասին պայմանագիր, որը պետք է պարունակի նաեւ այդ ապաստարանի գործունեության նկատմամբ Լիազոր մարմնի՝ հսկողություն իրականացնելու կարգը, այդ թվում՝ տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման նկատմամբ: Նոր ապաստարանի հիմնադրման վայրը որոշում է սույն օրենքով Լիազոր մարմինը՝ ,Սոցիալական աջակցության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրամադրվող կարիքների գնահատման եզրակացությունների հիման վրա: Ֆինանսավորվող ոչ առեւտրային իրավաբանական անձն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվող մրցույթով:

3. Ապաստարան հիմնադրելու համար համապատասխան կազմակերպությունները պետք է ստանան Լիազոր մարմնի կողմից տրամադրվող հավաստագրում, որի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Կառավարությունը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն տրամադրել ոչ առեւտրային իրավաբանական անձանց` ապաստարան ստեղծելու եւ դրա գործունեությունն ապահովելու համար:

4. Ապաստարանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ եւ հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով եւ համապատասխան անվտանգության համակարգով, երեխաների համար` նաեւ խնամքի եւ կրթության պայմաններով եւ համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ չափանիշներին:

5. Ընտանիքում բռնության ենթարկվածներն իրենց դիմումի դեպքում իրենց խնամքի տակ եղող անձանց հետ (այսուհետ՝ շահառուներ) կարող են ապաստարանում տեղավորվել, եթե առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն: Ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի: Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշում կարող են կայացնել՝

1) ոստիկանությունը՝ կյանքին եւ առողջությանն սպառնացող վտանգի դեպքում.

2) աջակցության կենտրոնը՝ ստանալով ,Սոցիալական աջակցության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի եզրակացությունը:

Անձին ապաստարանում տեղավորելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված:

6. Ապաստարանը`

1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք, հոգեբանական եւ իրավաբանական օգնություն, սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաեւ ապահովում է սննդով եւ հագուստով, իսկ երեխաներին` նաեւ դասապատրաստմանն անհրաժեշտ կահավորմամբ եւ պիտույքներով տարածություն.

2) անհրաժեշտության դեպքում եւ շահառուների համաձայնությամբ կազմակերպում է նրանց կողմից առողջապահական հաստատություններ դիմելը՝ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար:

7. Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշում է ապաստարանը՝ շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ` հաշվի առնելով նրանց անվտանգության համար սպառնալիքների առկայությունը կամ բացակայությունը, նրանց` ինքնուրույն կամ այլ անձի հետ համատեղ բնակվելու հնարավորությունը եւ այլ վերաբերելի հանգամանքներ՝ որպես պարտադիր պայման դիտելով ապաստարանում մնալու՝ շահառուների համաձայնությունը:

Հոդված 21. Ընտանիքում բռնությունը կանխարգելող հատուկ կառույցների ֆինանսավորման աղբյուրները

1. Աջակցության կենտրոնների եւ ապաստարանների ֆինանսավորումն իրականացվում է դրանց հիմնադիրների միջոցների, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

ԳԼՈՒԽ 4

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ԴՐԱ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 22. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը

1. Իրավասու մարմինների կողմից ընտանիքում բռնության դեպքերի եւ(կամ) ընտանիքում բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնի են: Արգելվում է առանց ընտանիքում բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Ոստիկանության ծառայողներին, աջակցության կենտրոնի եւ ապաստարանի աշխատակիցներին արգելվում է հրապարակել ապաստարանում տեղավորված՝ ընտանիքում բռնության ենթարկվածների եւ նրանց խնամքի տակ եղող անձանց գտնվելու վայրը կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել նրանց գտնվելու վայրը:

3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ դրա հետեւանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դրույթների:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կառավարությունը եւ սույն օրենքով նախատեսված մարմիններն ընդունում են սույն օրենքով նախատեսված ակտերը: Վարչապետը հաստատում է Լիազոր մարմնին առընթեր խորհրդի անհատական կազմը, իսկ Լիազոր մարմնի ղեկավարը հրավիրում է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի առաջին նիստը:

3. Սույն օրենքի 2-րդ գլուխը, ինչպես նաեւ 22-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

4. Աջակցության կենտրոնների եւ ապաստարանների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից մեկ տարի հետո:

5. Սույն օրենքով պատասխանատու մարմիններն ապահովում են սույն օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման եւ սոցիալական ծառայությունների տրամադրմանն անհրաժեշտ վերապատրաստումները մինչեւ համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելը: