Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները եւ դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:
Հոդված 2. Միջհամայնքային միավորումների մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում միջհամայնքային միավորումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:
Հոդված 3. Միջհամայնքային միավորման հասկացությունը
1. Միջհամայնքային միավորումը (այսուհետ՝ միավորում) տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորություններ:
2. Տարբեր համայնքային խնդիրների լուծման նպատակով՝ համայնքը կարող է ընդգրկվել մեկից ավելի միավորումների կազմի մեջ:
Հոդված 4. Միավորման իրավական կարգավիճակը
1. Միավորումը հանրային իրավունքի իրավաբանական անձ է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են uույն oրենքով:
2. Միավորումը ինքնուրույն տնօրինում է իր սեփականությունը, օգտագործում է իրեն օգտագործման իրավունքով հանձնված գույքը, ունի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվ, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իր անվանմամբ կնիք:
3. Միավորումը գործում է իր կանոնադրության համաձայն:
4. Միավորման խորհուրդն իրավունք ունի իրեն փոխանցված լիազորությունների շրջանակում ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ եւ անհատական իրավական ակտեր:
5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը գործում են մինչեւ միավորման խորհրդի կողմից այդ հարաբերությունները կարգավորող ակտերի ընդունումը: Այդ պահից սկսած՝ միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերն ուժը կորցրած են ճանաչվում:
Հոդված 5. Միավորման գործունեության նստավայրը
1. Միավորումը գործում է միավորման կանոնադրությամբ սահմանված նստավայրում:
Հոդված 6. Միավորման ստեղծումը
1. Միավորումը կարող է ստեղծվել.
1) համայնքների ավագանիների կողմից (այսուհետ՝ կամավոր հիմունքներով).
2) օրենքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ (այսուհետ՝ օրենքով):
2. Միավորումն իր գործունեությունը կարող է սկսել իր կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հոդված 7. Կամավոր հիմունքներով միավորում ստեղծելու եւ համալրելու կարգը
1. Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է երկու եւ ավելի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությամբ կարող են հանդես գալ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների մեկ երրորդը՝ ավագանու նիստում ներկայացնելով նաեւ այն լիազորությունները, որոնք պետք է փոխանցվեն միջհամայնքային միավորմանը, ինչպես նաեւ միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները: Նախաձեռնությունը քննարկվում է ավագանու նիստում, որի վերաբերյալ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում՝ ստեղծվող միավորման կազմում ընդգրկվելու կամ նախաձեռնությունը մերժելու մասին:
2. Կամավոր հիմունքներով միավորումը համարվում է ստեղծված` միավորման մեջ ընդգրկված համայնքների ավագանիների կողմից միավորման կանոնադրությունը (ավագանիների օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ) հաստատելու պահից:
3. Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի.
1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները,
2) միավորմանը փոխանցվող, անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները,
3) միավորման անվանումը եւ նստավայրը,
4) միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները,
5) միավորման եկամուտների ձեւավորման աղբյուրները,
6) միավորումից դուրս գալու դեպքում՝ վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը հաշվարկելու կարգը,
7) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ:
4. Համայնքը կարող է ընդգրկվել կամավոր հիմունքներով ստեղծված միավորման կազմում համայնքի ավագանու որոշմամբ՝ ընդգրկվող համայնքի ղեկավարի կողմից գրավոր դիմում ներկայացնելուց եւ խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո: Համաձայնությունը տրվում է քվեարկության միջոցով` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 8. Օրենքով` միավորում ստեղծելու եւ համալրելու կարգը
1. Օրենքով միավորում ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը համապատասխան համայնքներին ներկայացնում է օրենքի եւ միավորման կանոնադրության նախագծերը: Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի.
1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները,
2) միավորմանը փոխանցվող պետության պատվիրակած լիազորությունները,
3) միավորման անվանումը եւ նստավայրը,
4) պետության կողմից միավորման ֆինանսավորման սկզբունքները,
5) միավորման եկամուտների ձեւավորման աղբյուրները,
6) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ:
3. Համայնքների ավագանիները նախագիծը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում կանոնադրության վերաբերյալ իրենց եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում միջհամայնքային միավորման մեջ ընդգրկվող համայնքների ավագանիների եզրակացությունները:
4. Համայնքը կարող է ընդգրկվել օրենքով ստեղծված միավորման կազմում` համապատասխան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով: Այդ դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները, ընդ որում եզրակացություն պետք է ներկայացնեն ինչպես միավորման անդամ համայնքների ավագանիները, այնպես էլ ընդգրկվող համայնքի ավագանին:
Հոդված 9. Միավորման լիազորությունները
1. Օրենքով ստեղծված միավորմանը կարող են փոխանցվել միայն միավորման մեջ ընդգրկված համայնքների ղեկավարներին պետության կողմից պատվիրակված լիազորությունները:
2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորմանը փոխանցվում են միավորման կանոնադրության մեջ ներառված` անդամ համայնքների պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները, ինչպես նաեւ համայնքի ավագանու լիազորությունները:
3. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումները կարող են նաեւ իրականացնել միավորման անդամ համայնքների կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված համայնքների ղեկավարների սեփական լիազորությունները:
4. Միավորմանը փոխանցված լիազորությունները կարող են իրականացվել բացառապես միավորման կողմից:
5. Միավորմանը փոխանցված լիազորությունների շրջանակում միավորման անդամ համայնքների ավագանիները եւ համայնքների ղեկավարները որոշումներ չեն ընդունում:
6. Միավորմանը տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան լիազորությունները փոխանցելիս, միավորմանը փոխանցվում են նաեւ այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված վարչական պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններում մասնակցություն ունենալու հետ կապված իրավասությունները:
Հոդված 10. Միավորման մարմինները
1. Միավորման մարմիններն են`
1) խորհուրդը.
2) խորհրդի նախագահը:
Հոդված 11. Խորհուրդը
1. Խորհուրդը կազմված է միավորման անդամ համայնքների ղեկավարներից եւ ավագանու մեկական անդամներից:
2. Խորհրդում ներկայացված համապատասխան համայնքների ավագանիների անդամներն ընտրվում են անդամ համայնքների ավագանիների կողմից՝ վերջիններիս կազմից, ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ:
3. Խորհրդի լիազորությունների ժամկետի ավարտից հետո՝ խորհրդի ձեւավորումն իրականացվում է միավորման անդամ համայնքների ավագանիների անդամների փոփոխությամբ: Այդ ընթացքում, միավորման անդամ համայնքի ավագանու կազմում կին անդամի ներկայացվածության դեպքում, խորհրդի կազմում այդ համայնքի կողմից ներկայացման նախապատվությունը տրվում է վերջինիս:
4. Ավագանին իր որոշմամբ փոխարինում է իր կողմից ընտրված խորհրդի անդամին` տվյալ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում, ինչպես նաեւ միավորման կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում:
5. Խորհուրդը ձեւավորվում է միավորման ստեղծվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Խորհրդի գործունեության, նիuտերի նախապատրաստման եւ անցկացման կարգը սահմանվում է միավորման կանոնադրությամբ:
7. Խորհրդի անդամները եւ խորհրդի նախագահն իրենց լիազորություններն իրականացնում են հասարակական հիմունքներով, կարող են խորհրդի որոշմամբ ստանալ դրամական փոխհատուցում` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համայնքի ավագանու անդամի՝ իր պարտականություններն իրականացնելու հետեւանքով առաջացած ծախսերի չափով:
Հոդված 12. Խորհրդի լիազորությունները եւ գործունեության կարգը
1. Խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ միավորման կանոնադրությամբ:
2. Խորհրդի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
3. Խորհուրդը վերահսկողություն է իրականացնում խորհրդի նախագահի լիազորությունների իրականացման նկատմամբ՝ եռամսյակային հաշվետվությունների հիման վրա, որոնց ձեւը սահմանում է խորհուրդը:
4. Մինչեւ պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը խորհրդի որոշման դեմ անդամ համայնքի ավագանին կարող է հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկություն ներկայացնել խորհրդին: Առարկությունը ստանալուց հետո խորհուրդը տասնօրյա ժամկետում քվեարկության է դնում առարկությունը եւ խորհրդի ընդհանուր թվաքանակի ձայների մեծամասնությամբ վերահաստատում իր որոշումը կամ ներկայացված առարկության հիման վրա՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում է կատարում որոշման մեջ: Որոշումը չվերահաստատվելու պարագայում՝ այն չի ուղարկվում հրապարակման կամ չի ստորագրվում:
5. Խորհրդի որոշումներն անդամ համայնքի ավագանու կողմից կարող են բողոքարկվել դատական կարգով:
Հոդված 13. Խորհրդի նախագահը
1. Խորհրդի նախագահին խորհրդի անդամ համարվող համայնքների ղեկավարների կազմից ընտրում է խորհուրդը՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահը կարող է փոփոխվել խորհրդի որոշմամբ:
2. Խորհրդի նախագահը՝
1) հրավիրում եւ վարում է խորհրդի նիստերը՝ միավորման կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) խորհրդի հաստատմանն է ներկայացնում միավորման աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) գործավարության կարգի նախագիծը,
3) պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում աշխատակազմի աշխատողներին,
4) մինչեւ պաշտոնական հրապարակման ուղարկելը կամ ստորագրվելը՝ խորհրդի ընդունած որոշումները եռօրյա ժամկետում ուղարկում է միավորման անդամ համայնքների ավագանիներին,
5) խորհրդի կողմից նորմատիվ իրավական ակտեր ընդունելուց հետո երկօրյա ժամկետում դրանք ուղարկում է միավորման անդամ համայնքների ղեկավարներին եւ փակցնում միավորման նստավայրում, իսկ միավորման պաշտոնական համացանցային կայքի առկայության դեպքում՝ դրանք տեղադրում է կայքում.
6) ներկայացնում է միավորման շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում:
7) իրականացնում է սույն օրենքով եւ միավորման կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ եւ գործառույթներ:
3. Խորհրդի նախագահին վերապահված լիազորությունների իրականացման վերաբերյալ վերջինս մինչեւ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա 10-ը խորհրդին է ներկայացնում հաշվետվություն:
Հոդված 14. Աշխատակազմը
1. Խորհրդի նախագահն իր գործունեությունն իրականացնում է աշխատակազմի միջոցով:
2. Աշխատակազմի կառուցվածքը եւ աշխատողների թվաքանակը հերթական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման հետ միասին սահմանում է խորհուրդը` խորհրդի նախագահի ներկայացմամբ:
3. Աշխատակազմի աշխատողները համարվում են պայմանագրային աշխատողներ:
Հոդված 15. Միավորման սեփականությունը
1. Միավորումն իր գործունեության ընթացքում՝ լիազորությունների իրականացման նպատակով կարող է ձեռք բերել շարժական եւ անշարժ գույք՝ որպես սեփականություն, ինչպես նաեւ գույքային այլ իրավունքներ:
2. Միավորման լիազորությունների իրականացման նպատակով անդամ համայնքի ավագանու որոշմամբ միավորմանը օգտագործման իրավունքով կարող են հատկացվել շենքեր, շինություններ եւ այլ գույք:
Հոդված 16. Միավորման ֆինանսավորումը
1. Անդամ համայնքները խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշվով սահմանված չափով եւ ժամկետում միավորմանը վճարում են մասհանումներ` համայնքների կողմից միավորմանը փոխանցված լիազորությունների իրականացման նպատակով:
2. Միավորման ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ միավորման տնտեսական գործունեության արդյունքում ստացված եկամուտները, դրամաշնորհները, նվիրատվությունները եւ օրենքով չարգելված այլ, այդ թվում` օտարերկրյա աղբյուրները:
3. Սահմանված չափով եւ ժամկետում որեւէ համայնքի կողմից մասհանումներ չկատարելը, խորհրդի կողմից կարող է բողոքարկվել դատարան:
Հոդված 17. Միավորումից դուրս գալը
1. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումից համայնքը կարող է դուրս գալ իր նախաձեռնությամբ` համայնքի ավագանու օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
2. Օրենքով ստեղծված միավորումից համայնքը կարող է դուրս գալ միայն օրենքով՝ համայնքի ավագանու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ: Միավորումից դուրս գալու մասին առաջարկությունը համապատասխան համայնքի ավագանին ընդունում է ավագանու ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը համապատասխան մարզպետի միջոցով հնգօրյա ժամկետում ներկայացվում է տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պետական լիազոր մարմինը երկամսյա ժամկետում մշակում եւ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում միավորումից համայնքի դուրս գալու մասին համապատասխան օրենքի նախագիծը:
4. Միավորումից դուրս գալու մասին օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկում եւ, նպատակահարմար համարելու դեպքում՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:
5. Օրենքով ստեղծված միավորումից դուրս եկող համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը սահմանվում է միավորումից դուրս գալու մասին համապատասխան օրենքով, իսկ կամավոր հիմունքներով ստեղծված միավորումից դուրս եկող համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը՝ միավորման կանոնադրությամբ:
Հոդված 18. Միավորման գործունեության դադարեցումը եւ լուծարումը
1. Օրենքով ստեղծված միավորման գործունեությունը դադարում է միավորման ստեղծման մասին օրենքն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ օրենքն ուժի մեջ մտնելու եւ դրա հիման վրա միավորման լուծարման պետական գրանցման պահից:
2. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորումը կարող է իր գործունեությունը դադարեցնել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ միավորման գործունեության դադարեցման մասին որոշումը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով եւ ուժի մեջ է մտնում որոշման հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում:
4. Միավորման գործունեությունը համարվում է դադարեցված, եթե սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով միավորման կազմից համայնքների դուրս գալու արդյունքում միավորման մեջ մնացել է մեկ անդամ համայնք:
5. Օրենքով ստեղծված միավորման լուծարման դեպքում, միավորման սեփականությունը անդամ համայնքների միջեւ բաշխվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված օրենքի դրույթներին համապատասխան:
6. Կամավոր հիմունքներով ստեղծված միավորման գործունեության դադարեցման դեպքում, միավորման սեփականությունը անդամ համայնքների միջեւ բաշխվում է խորհրդի որոշմամբ:
Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: