Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը «(դատարանների միջնորդությամբ)» բառերից հետո լրացնել «` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու եւ խափանելու ուղղությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) վերնագրում «պարտքը կատարելիս» բառերը փոխարինել «կարգը պահպանելիս» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասեր.
«Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն (այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն) ապահովելիս` ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու եւ տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների եւ հասարակական կարգի խախտումների թվաքանակը եւ դրանց հանրորեն վտանգավոր բնույթը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցը ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող եւ լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձեւով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված` տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել:
Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը եւ լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:
Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից 7 օր հետո: Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի որոշմամբ տարաժամկետվում է, եթե`
1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում,
2) անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն,
3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն:
Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործությունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահական խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հրապարակայնեցնելու նպատակով` առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:
Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելն, այդ թվում` հրապարակելն, արգելվում է:
Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչեւ հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչեւ անձի խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ծանոթացվում կամ տրամադրվում են աջակցության խնդրանքով ոստիկանություն դիմած անձին` այլ անձանց տվյալներն ապանձնավորելուց հետո` աջակցության համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Տեսանյութերի եւ լուսանկարների պահոց մուտք գործելու եւ տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սամանվում են ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, ինչպես նաեւ հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի (1-ին հավելված) 199-րդ կետից:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեղեկությունների հավաքումը տեխնիկական միջոցներով քաղաքացիների մոտ հաճախ տարակուսանքի եւ դժգոհության առիթ է տալիս, մասնավորապես` մարդկանց անհանգստացնում է հավաքված տեղեկությունների պահպանման եւ հետագա օգտագործման վերաբերյալ օրենսդրական բացերի առկայությունը: Հաշվի առնելով, որ հասարակական անվտանգության պահպանման ոլորտը հասարակական կարգի այն ենթահամակարգերից է, որտեղ ամենաշատն է ոստիկանության շփումը քաղաքացիների հետ, խնդիրն էլ ավելի արդիական է դառնում:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նշված խնդրի լուծման նպատակով առաջարկվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ` միաժամանակ սահմանելով պարտադիր նախազգուշացման եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները, ինչպես նաեւ նախատեսելով տեսանյութերը կամ լուսանկարները, օրենքով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով օգտագործելու արգելք:
2. Կարգավորման առարկան
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը ոստիկանությանը հնարավորություն կտա ապահովել օրինականության բարձր մակարդակ հանցագործությունների դեմ պայքարի եւ հասարակական կարգի, այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառներում: Մասնավորապես, առաջարկվող լրացումների արդյունքում օրենքի մակարդակով կհստակեցվեն տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն եւ առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր նախազգուշացման պարտականությունը եւ նախազգուշացման ձեւերը, կապահովվի տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը, այսինքն` կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները:
ՏԵՂԵԿԱՆՔ
««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հարգելի պարոն Բաբլոյանին
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգա-յին ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1488 - Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Հարգանքով` |
|
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |