Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը «(դատարանների միջնորդությամբ)» բառերից հետո լրացնել «` միջոցներ ձեռնարկելով հասարակական կարգի խախտումները նախականխելու, կանխելու եւ խափանելու ուղղությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) վերնագրի «պարտքը կատարելիս» բառերը փոխարինել «կարգը պահպանելիս» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը (այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգությունը) ապահովելիս ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված նախազգուշացումը կատարվում է վերահսկողության մասին տեսանելի վայրերում ցուցանակներ տեղադրելու եւ տեխնիկական միջոցներով վերահսկվող փողոցների հասցեները կամ վերահսկվող տարածքների նկարագրերը ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով: Հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում են ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ տարածքում կատարվող հանցագործությունների եւ հասարակական կարգի խախտումների քանակը եւ դրանց հանրորեն վտանգավոր բնույթը` համաձայնեցնելով համապատասխան համայնքի ղեկավարի հետ: Մասնավոր սեփականություն հանդիսացող հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցները տեղադրվում, կամ սեփականատիրոջ տեխնիկական միջոցներին ոստիկանության համար հասանելիությունն ապահովվում է սեփականատիրոջ համաձայնությամբ` նրա հետ կնքված պայմանագրով:
Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ոստիկանության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում: Տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում: Ոստիկանության ծառայողները պետք է տեսաձայնագրող եւ լուսանկարահանող տեխնիկական միջոցները կրեն տեսանելի ձեւով, բացառությամբ գաղտնի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման դեպքերի: Սույն մասով նախատեսված տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողը պարտավոր է բանավոր նախազգուշացնել:
Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը եւ լուսանկարահանումն իրականացվում են միայն ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:
Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը:
Տեսանյութերը կամ լուսանկարները ոչնչացվում են դրանց ամրագրումից յոթ օր հետո: Տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարի կամ ճանապարհային ոստիկանության պետի որոշմամբ տարաժամկետվում է, եթե`
1) տեխնիկական միջոցներով հայտնաբերվել կամ ամրագրվել է հանցագործության դեպք կամ հասարակական կարգի (այդ թվում` ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտի օրենսդրության) խախտում.
2) անձանց կողմից բողոքարկվել են ոստիկանության ծառայողների գործողությունները, կամ ոստիկանության ծառայողի կողմից թույլ տրված իրավախախտման մասին լրատվության միջոցի հաղորդման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն.
3) անձինք իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու խնդրանքով դիմել են ոստիկանություն:
Տեսանյութերը կամ լուսանկարները կարող են օգտագործվել հանցագործությունների կամ հասարակական կարգի խախտումների դեպքերի քննության, ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ բողոքները քննելու, անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու, հասարակական հնչեղություն ստացած դեպքերով ոստիկանության ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ավարտից հետո վերջինիս վերագրվող կարգապահական խախտման դեպքի կամ խախտման հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը հրապարակայնացնելու նպատակով` առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:
Տեսանյութերը կամ լուսանկարներն այլ նպատակներով օգտագործելը (այդ թվում` հրապարակելը) արգելվում է:
Եթե տեխնիկական միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները ոստիկանությունում պահվում են մինչեւ հանցագործության կամ հասարակական կարգի խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչեւ անձի խախտված իրավունքների եւ օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները ծանոթացվում կամ տրամադրվում են աջակցության խնդրանքով ոստիկանություն դիմած անձին` այլ անձանց տվյալներն ապանձնավորելուց հետո` աջակցության համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Տեսանյութերի եւ լուսանկարների պահոց մուտք գործելու եւ տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցներ օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանվում են ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: