Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-209-11.12.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

  ԲԱԺԻՆ 1

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Սույն օրենսգրքի կարգավորման առարկան

1. Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:

Հոդված 2. Դատական իշխանության կազմակերպումը եւ գործունեությունը կարգավորող օրենսդրությունը

1. Դատական իշխանության կազմավորումը  եւ գործունեության կազմակերպումը կարգավորվում են Սահմանադրությամբ եւ սույն սահմանադրական օրենքով (այսուհետ՝ օրենսգիրք):

Հոդված 3. Դատական իշխանությունը

1. Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է դատարանների կողմից:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության դատարանները

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ մասնագիտացված դատարանները:

2. Առաջին ատյանի դատարաններն են՝

1) ընդհանուր իրավասության դատարանները.

2) մասնագիտացված դատարանները:

3. Մասնագիտացված դատարաններն են՝

1) վարչական դատարանը.

2) սնանկության դատարանը:

4. Վերաքննիչ դատարաններն են՝

1) վերաքննիչ քրեական դատարանը.

2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.

3) վերաքննիչ վարչական դատարանը:

5. Սույն օրենսգրքով չնախատեսված դատարանների ստեղծումն ու գործունեությունն արգելվում է:

Հոդված 5. Դատավորը

1. Դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը:

2. Դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները   դատավոր են եւ իրականացնում են դատավորին վերապահված բոլոր լիազորությունները։

Հոդված 6. Դատավորի ապաքաղաքականացվածությունը

1. Դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության  անդամ  կամ հիմնադիր կամ այլ կերպ զբաղվել  քաղաքական գործունեությամբ։ Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող մասնակցել նախընտրական քարոզչությանը, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, քաղաքական կուսակցության անունից ելույթներ ունենալ, հրապարակայնորեն որեւէ թեկնածուի օգտին կամ նրան դեմ արտահայտվել:

3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության բնականոն գործունեության վերաբերյալ քննարկումները եւ հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:

Հոդված 7. Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները

1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Սույն օրենսգրքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն է համարվում`

1) անհատ ձեռնարկատեր լինելը.

2) առեւտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առեւտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման.

3) առեւտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելը, առեւտրային կազմակերպության գույքի հավատարմագրային կառավարիչ լինելը կամ որեւէ այլ ձեւով առեւտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը։

3. Սույն օրենսգրքի իմաստով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում`

1) վստահության վրա հիմնված ընկերակցության մասնակից ավանդատու (կոմանդիտիստ) լինելը.

2) վարկային կամ խնայողական միության ավանդատու կամ անդամ լինելը.

3) առեւտրային կազմակերպությունից դուրս գալու կամ դրա լուծարվելու դեպքում հասանելիք գույքի մասը կամ դրա արժեքը ստանալը.

4) բանկում ավանդ, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը.

5) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը.

6) սեփականության իրավունքով պատկանող գույքը վաճառելը կամ որոշակի վճարի կամ հատուցման դիմաց վարձակալության հանձնելը.

7) փոխառության դիմաց տոկոսներ եւ այլ հատուցում ստանալը.

8) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձեւից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների եւ տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առեւտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առեւտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար հատուցում (ռոյալթի) ստանալը.

9) պատճառված վնասի (կրած կորստի) դիմաց հատուցում ստանալը։

4. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:

5. Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առեւտրային կազմակերպությունում, եթե՝

1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացվում է անհատույց, եւ

2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության գույքային շահերի ներկայացուցչության իրականացում:

6. Դատավորը չի կարող գործել որպես կտակակատար կամ գույքի հավատարմագրային կառավարիչ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականների կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:

7. Սույն օրենսգրքի իմաստով մերձավոր ազգական են հանդիսանում՝ դատավորի ամուսինը, դատավորի կամ նրա ամուսնու ծնողը, զավակը, զավակի ամուսինը,հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը, եղբոր կամ քրոջ ամուսինը զավակը, ինչպես նաեւ որդեգրողը կամ որդեգրվածը:

Հոդված 8. Դատարանի իրավասության սահմանները

1. Ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` Սահմանադրության եւ օրենքի հիման վրա:

ԳԼՈՒԽ 2

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 9. Դատական իշխանության իրականացումն օրենքին համապատասխան

1. Դատարանը դատական իշխանությունն իրականացնում է Սահմանադրությանը եւ օրենքին համապատասխան:

Հոդված 10. Դատական իշխանության անկախությունը եւ ինքնավարությունը

1. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է պետական իշխանության այլ մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից:

2. Դատավորը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում եւ լուծում է Սահմանադրությանը եւ օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:

3. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելու կապակցությամբ դատավորը հաշվետու չէ որեւէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որեւէ բացատրություն տալ։

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են հարգել դատական իշխանության անկախությունը եւ ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության կամ դատավորի անկախությունը կամ հեղինակությունը:

5. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որեւէ միջամտությունն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

6. Արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմնին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին:

7. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու կապակցությամբ հանդես գալ հայտարարությամբ:

8. Դատավորների մասնագիտական շահերի պաշտպանության եւ դատարանների ներքին գործունեության հետ կապված հարցերի լուծումը վերապահված է դատական իշխանության ինքնակառավարման մարմիններին: Ինքնակառավարման մարմիններն են Բարձրագույն դատական խորհուրդը եւ Դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ` Ընդհանուր ժողով)։

9. Դատավորներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ստեղծել միավորում: Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի անդամակցել այդ միավորմանը:

Հոդված 11. Դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքի ապահովումը

1. Դատական իշխանության գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի  իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Հոդված 12.  Ողջամիտ ժամկետում գործի քննությունը եւ լուծումը

1. Գործի քննությունը եւ լուծումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:

2. Դատարանում գործի քննության տեւողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝

1) գործի հանգամանքները՝ ներառյալ իրավական եւ փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը, եւ վարույթի մասնակցի համար գործի  տեւական քննության հետեւանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի  քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կողմից կատարված գործողությունները եւ դրանց արդյունավետությունը,

3)  գործի քննության ընդհանուր տեւողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված՝ գործի քննության միջին ուղենիշային տեւողությունը:

3. Եթե գործի քննության եւ լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, այն պետք է քննվի եւ լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

4. Եթե դատավարական օրենսգրքերով առանձին կատեգորիայի գործերի քննության եւ լուծման համար նախատեսված է պարզեցված ընթացակարգ, որը հնարավորություն է տալիս գործը քննել ավելի կարճ ժամկետում, ապա դատարանը, օրենքով նախատեսված պայմանների առկայության դեպքում, գործի քննությունը պետք է իրականացնի պարզեցված ընթացակարգով:

5. Ողջամիտ ժամկետում գործի դատական քննության կամ եզրափակիչ դատական ակտի կատարման իրավունքը խախտելու դեպքում շահագրգիռ անձն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրավունք ունի դիմել դատարան արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը ճանաչելու եւ պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու պահանջով:

Հոդված 13. Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ

1. Բոլորը հավասար են օրենքի եւ դատարանի առջեւ:

2. Դատարանի կողմից արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններն իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի մեկնաբանությունները: Դատարանն  անդրադառնում է նման իրավական փաստարկներին:

4. Նույնանման փաստական հանգամանքներով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի իրավական նորմի Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:

Հոդված 14. Դատական վարույթի հրապարակայնությունը

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում դատական նիստերը դռնբաց են՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2. Դատական վարույթը կամ դրա մի մասը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:

3. Դատական նիստի ընթացքն օրենքով սահմանված կարգով արձանագրվում է:

4. Դատարանի եզրափակիչ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը ենթակա են հրապարակման։ Օրենքով կարող են նախատեսվել եզրափակիչ դատական ակտը չհրապարակելու կամ մասնակի հրապարակելու դեպքեր:

5. Գործը քննող դատարանի, կողմերի, գործի էության, նիստերի ժամանակացույցի, գործի շարժի մասին տեղեկությունները, եզրափակիչ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը պարտադիր հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են անձնական տվյալներն ապանձնավորված։ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող են սահմանվել անձնական տվյալների ապանձնավորման այլ դեպքեր: Սույն մասում նշված տեղեկությունների հրապարակման եւ մշակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

6. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով  եզրափակիչ ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական վարույթի դռնփակ մասին, օրենքով նախատեսված գաղտնիք պարունակող տեղեկություններին կամ չհրապարակված կամ մասնակի հրապարակված դատական ակտին անձը կարող է ծանոթանալ դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ, եթե օրինական ուժի մեջ մտած դատական ակտն առերեւույթ առնչվում է նրա իրավունքներին եւ օրինական շահերին:

7. Անձը ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում է գաղտնի տեղեկությունները չհրապարակելու, չօգտագործելու եւ այն խախտելու համար պատասխանատվության մասին:

8. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները հրապարակվում են նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակելու համար նախատեսված եղանակով:

Հոդված 15. Դատավարության լեզուն

1. Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է:

2. Բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում  հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատարանում հանդես գալ իր նախընտրած լեզվով, եթե ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու  պաշտոնատար անձինք պարտավոր են հանդես գալու հայերենով։

5. Եթե քրեական գործով հայերենին չտիրապետող տուժողը կամ մեղադրյալը չի ցանկանում իր հաշվին ապահովել հայերեն թարգմանությունը, ապա դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել նրան թարգմանչի ծառայություններով:

6. Վարչական կամ քաղաքացիական գործով գործին մասնակցող անձին դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նա չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն եւ ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:

7. Լսողական կամ խոսակցական խանգարումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձն ունի սուրդոթարգմանչի միջոցով դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորություն՝ սույն հոդվածով թարգմանչի համար նախատեսված կարգով:

8. Քրեական գործերով դատավարությանը մասնակցող տեսողական խանգարումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձն ունի դատավարական փաստաթղթերին եւ դատական ակտերին օգնականի միջոցով հասանելիության իրավունք` պետական միջոցների հաշվին: Վարչական կամ քաղաքացիական գործով գործին մասնակցող նման անձն ունի պետական միջոցների հաշվին օգնականի իրավունք, եթե ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի օգնական ունենալու համար:

9. Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական խանգարումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 16. Դատական ակտերի պարտադիրությունը

1. Տվյալ ատյանի դատարանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ) դատարանները կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության:

2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:

3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Արբիտրաժի որոշումները, օտարերկրյա պետությունների դատարանների դատական ակտերը, միջազգային դատարանների որոշումները ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

Հոդված 17. Դատական ակտերըի բողոքարկելու եւ վերանայելու իրավունքի ապահովումը

1. Առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու իրավունքն ապահովվում է օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովվում է վերաքննիչ  դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքը:

3. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովվում է  դատական ակտի վերանայումը նոր կամ նոր երեւան եկած հանգամանքներով։

Հոդված 18. Դատարանի կազմը

1. Առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են միանձնյա՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

2. Վերաքննիչ դատարանում եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա՝  բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

3. Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի  պալատի դատավորների ընդհանուր թվի առնվազն 2/3 կազմով: Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունում նիստին ներկա դատավորների ձայների մեծամասնությամբ:

4. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի  պալատի դատավորների ընդհանուր թվի առնվազն 2/3 կազմով: Վճռաբեկ դատարանի որոշումն ընդունվում է Վճռաբեկ դատարանի  պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

5. Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան:

Հոդված 19. Դատական իշխանության խորհրդանիշները: Դատավորի էլեկտրոնային ստորագրությունը

1. Դատական նիստին դատավորը մասնակցում է պատմուճանով, որը նրան տրամադրվում է պետական միջոցների հաշվին:

2. Դատավորը՝ բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ եւ դատավորի անվամբ կնիք եւ դրոշմակնիք: Դատավորի կնիքի եւ դրոշմակնիքի նկարագրությունը եւ տրամադրման կարգը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը:

3. Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ պալատի անվանմամբ կնիք, որի նկարագրությունը եւ տրամադրման կարգը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը:

4. Յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի օրենքով սահմանված կարգով կիրառելու էլեկտրոնային թվային ստորագրություն:

5. Դատարանների բոլոր նստավայրերի շենքերի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:

6. Դատարանի նիստերի դահլիճում եւ դատավորի առանձին ծառայողական աշխատասենյակում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ Հայաստանի Հանրապետության դրոշը:

7. Պատմուճանի, դատարանի նիստերի դահլիճի եւ դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը սահմանում է Ընդհանուր ժողովը:

Հոդված 20. Դատական իշխանության պաշտոնական կայքը

1. Դատական իշխանությունն ունի պաշտոնական ինտերնետային կայք՝ www.courts.am:

2. Սույն օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը կայքում զետեղվում է հանրության համար հասանելի ձեւով:

3. Կայքի կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է Կառավարությունը:

4. Կայքի վարման կարգը, ինչպես նաեւ կայքում զետեղվող այլ տեղեկատվության ցանկը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 21. Դատական վիճակագրության վարումը

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքագրում եւ վարում է դատական վիճակագրություն Կառավարության սահմանած կարգով:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը,

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի եւ տարածության մեջ,

3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը եւ ամբողջականությունը,

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը,

5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:

3. Կառավարությունը  սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձեւն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 8-11-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):

4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաեւ, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառվում են ոչ շուտ, քան փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:

6. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային եւ տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:

7. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին եւ դատարաններին, հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

8. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական, այդ թվում՝ սնանկության, եւ վարչական գործերի հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները՝

1) դատավորների քանակը,

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը,

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը,

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը,

5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը,

6) գործի քննության միջին տեւողությունը՝ ըստ նիստերի քանակի,

7) գործի քննության միջին տեւողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության եւ դատական ակտի կայացման փուլերի միջին տեւողության),

8) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների,

9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը,

10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների,

11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

9. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները՝

1) սույն հոդվածի 8-րդ մասով՝ բացառությամբ 3-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված տվյալները.

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.

4) եզրափակիչ դատական ակտ չհանդիսացող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների եւ ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

10.   Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 8-րդ մասով, բացառությամբ 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տվյալների, ինչպես նաեւ սույն հոդվածի 9-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տվյալները: Սույն հոդվածի 8-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տվյալները հաշվարկվում են ըստ օրերի:

11. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաեւ հետեւյալ տվյալները`

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը եւ դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված եւ դատական ակտով վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը.

3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական եւ լիազորությունների դադարեցման վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների եւ վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, կարգապահական պատասխանատվության դեպքերի ընդհանուր քանակը եւ դատավորի նկատմամբ հարուցված վարույթի արդյունքի (ներառյալ տույժի տեսակի) վերաբերյալ տվյալներ.

4) սույն հոդվածի 8-11-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:
 


ԳԼՈՒԽ 3
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 22. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը՝ բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Հոդված 23. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում է քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորը:

2. Քրեական գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաեւ դատական ակտի կատարման հետ կապված հարցը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը:

3. Քաղաքացիական եւ քրեական մասնագիտացման դատավորներից Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող են ընտրվել առանձին տեսակի գործեր քննող (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված եւ անօրինական պահվող երեխաների վերադարձի եւ այլն) դատավորներ, ովքեր քննում են նաեւ համապատասխան մասնագիտացման այլ գործեր։

4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների թվաքանակը եւ ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 24. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը եւ նստավայրերը

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը Երեւան քաղաքի կամ մարզի տարածքն է, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ համապատասխան մարզերի տարածքը:

2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրերը եւ նստավայրի սպասարկման տարածքը տվյալ դատարանի դատական տարածքի սահմաններում սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ հաշվի առնելով համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը:

3. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործի հարուցումից հետո տվյալ գործով փաստաթղթերը հանձնվում են դատարանի այն նստավայրում, որտեղ քննվում է գործը:

4. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերը:

Հոդված 25. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները եւ  դատավորների թվակազմը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները՝ դատավորների հետեւյալ թվակազմով.

1) Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ առնվազն 62 դատավորի թվակազմով,

2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 10 դատավորի թվակազմով.

3) Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 11 դատավորի թվակազմով.

4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 8 դատավորի թվակազմով.

5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.

6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով.

7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի կազմով.

8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.

9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով.

10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով:
 


ԳԼՈՒԽ 4
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 26. Մասնագիտացված դատարանների իրավասությունը

1. Վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով  նախատեսված գործերը:

2. Սնանկության դատարանին են ենթակա սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով նախատեսված բոլոր գործերը:

Հոդված 27. Մասնագիտացված դատարանների դատավորների թվակազմը

1. Վարչական դատարանը գործում է առնվազն 24 դատավորի թվակազմով:

2.  Սնանկության դատարանը գործում է առնվազն 12 դատավորի թվակազմով:

Հոդված 28. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը եւ նստավայրերը

1. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

2. Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երեւան քաղաքում:

3. Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Մասնագիտացված դատարանների նստավայրերը եւ նստավայրի սպասարկման տարածքը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ հաշվի առնելով համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը:
 


ԳԼՈՒԽ 5
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 29. Վերաքննիչ դատարանի իրավասությունը

1. Վերաքննիչ դատարանն իր լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա  դատական ակտերը:

2. Վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաեւ վերաքննության սահմանները սահմանվում են դատավարական օրենսգրքերով։

Հոդված 30. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը

1. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Հոդված 31. Վերաքննիչ դատարանները, դատավորների թվակազմը եւ նստավայրը

1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հետեւյալ վերաքննիչ դատարանները՝

1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ առնվազն 16 դատավորի թվակազմով.

2) վերաքննիչ քրեական դատարանը՝ առնվազն 18 դատավորի թվակազմով.

3) վերաքննիչ վարչական դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով:

2. Վերաքննիչ դատարանների նստավայրը Երեւան քաղաքն է:
 


ԳԼՈՒԽ 6
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 32. Վճռաբեկ դատարանի իրավասությունը

1. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:

2. Վճռաբեկ դատարանը վերանայում է Վերաքննիչ դատարանի, իսկ նոր երեւան եկած եւ նոր հանգամանքների դեպքում նաեւ՝ իր կողմից կայացրած դատական ակտերը:

3. Օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է վերանայվող դատական ակտով կիրառված օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը մեկնաբանելով, որը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ կամ որի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

4. Մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնական իրավունքներն, ազատությունները եւ արդարադատության բուն էությունը խաթարող նյութական կամ դատավարական իրավունքի խախտումներ:

Հոդված 33. Վճռաբեկ դատարանի կառուցվածքը եւ կազմը

1. Վճռաբեկ դատարանը գործում է երկու պալատով, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս, որպես Վճռաբեկ դատարան:

2. Վճռաբեկ դատարանում գործում է՝

1) քրեական պալատ.

2) քաղաքացիական եւ վարչական պալատ:

3. Վճռաբեկ դատարանը գործում է քրեական պալատի 6 եւ քաղաքացիական եւ վարչական պալատի՝ 11 դատավորի թվակազմով:

Հոդված 34. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը եւ նստավայրը

1. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

2. Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքն է:
 


ԳԼՈՒԽ 7
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ


Հոդված 35. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահը

1. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո դատարանի նախագահը՝ երեք տարվա ընթացքում, չի կարող վերստին նշանակվել այդ պաշտոնում եւ շարունակում է պաշտոնավարել որպես տվյալ դատարանի դատավոր:

2. Ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահը՝

1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում է դատարանի աշխատակազմի գործունեությունը.

2) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.

4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհրդին, Ընդհանուր ժողովին եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովներին.

5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերեւույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին.

6) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահն արձակուրդի  կամ գործուղման մեկնելիս դատարանի դատավորներից նշանակում է իրեն փոխարինող:

4. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեկնելիս իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, ով տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի պաշտոնավարման առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ դատավորին:

Հոդված 36. Վճռաբեկ դատարանի նախագահը

1. Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Վճռաբեկ դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես տվյալ դատարանի դատավոր:

2. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում:

3. Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավորների կազմից:

4. Բարձրագույն դատական խորհուրդը թեկնածուին առաջարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

5. Նույն անձը Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

6. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահը՝

1) ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը՝ ներառյալ վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.

2) Վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

3) Վճռաբեկ դատարանի դատավորի, այդ թվում՝ պալատի նախագահի կողմից վարքագծի կանոնի առերեւույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին.

4) ներկայացնում է Վճռաբեկ դատարանը եւ դատական իշխանությունը՝ բացառությամբ Սահմանադրական դատարանի, այլ մարմինների հետ հարաբերություններում.

5) Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովան հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհրդին եւ Ընդհանուր ժողովին.

6) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

7. Վճռաբեկ դատարանի նախագահը արձակուրդի  կամ գործուղման մեկնելիս պալատի նախագահներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:

8. Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի  կամ գործուղման մեկնելիս իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, ով Վճռաբեկ  դատարանում ունի դատավորի պաշտոնավարման առավել երկար փորձառություն:

Հոդված 37. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարման ժամկետը վեց տարի է: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես տվյալ դատարանի դատավոր:

2. Նույն անձը Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կարող է նշանակվել միայն մեկ անգամ:

3. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝

1) կազմակերպում է պալատի աշխատանքները.

2) վարում է պալատի նիստերը,

3) Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կողմից վարքագծի կանոնի առերեւույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

4. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի արձակուրդի  կամ գործուղման մեկնելիս, անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում պալատի դատավորներից մեկին Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին փոխարինող:

ԳԼՈՒԽ 8

ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 38. Դատական դեպարտամենտը

1. Դատարաններին, Բարձրագույն դատական խորհրդին, Ընդհանուր ժողովին եւ նրա հանձնաժողովներին, վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումն ապահովում է դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ՝ Դատական դեպարտամենտ):

2. Դատական դեպարտամենտի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը:

3. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը հանդիսանում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը: Դատարանների եւ Ընդհանուր ժողովի աշխատակազմի գործառույթներն իրականացնում են Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումները:

Հոդված 39. Դատական ծառայությունը

1. Դատական ծառայությունը դատարաններին, ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացվող մասնագիտական գործունեություն է: Դատական ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները, կազմակերպման կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով։

2. Դատական ծառայությունն իրականացվում է՝

1) Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում,

2) Դատական դեպարտամենտի  առանձնացված ստորաբաժանումներում:

Հոդված 40. Դատական կարգադրիչների ծառայությունը

1. Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որը ստեղծվում եւ գործում է Դատական դեպարտամենտի կազմում:

2. Դատական կարգադրիչների ծառայության առաձնահատկությունները, կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Հոդված 41. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրները

1. Դատական կարգադրիչների ծառայության խնդիրներն են սույն օրենսգրքին եւ այլ օրենքներին համապատասխան ապահովել՝

1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների եւ այլ անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից.

2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.

3) դատարաններում, ինքնակառավարման մարմիններում հասարակական կարգի պահպանումը եւ անվտանգության ապահովումը, կցված գույքի, ինչպես նաեւ շենքի եւ դրա սպասարկման տարածքի պահպանությունը.

4) օրենքով նախատեսված այլ գործողությունների իրականացումը:

Հոդված 42. Դատարանների եւ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների ֆինանսավորումը

1. Դատարանների եւ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում եւ պետական բյուջեում յուրաքանչյուր դատարանի եւ ինքնակառավարման մարմնի համար առանձին տողով:

2. Բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում են համապատասխանաբար յուրաքանչյուր դատարանի եւ  Ընդհանուր ժողովի աշխատակազմերը:

3. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը, ստանալով դատարանների եւ Ընդհանուր ժողովի աշխատակազմերի հայտերը, նախապատրաստում է Դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջետային հայտը՝ ներառելով Բարձրագույն դատական խորհրդի բյուջեն:

4. Նախապատրաստած բյուջեն կամ միջնաժամկետ ծախսային ծրագիրը Դատական դեպարտամենտի ղեկավարը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը։

5. Հաստատված բյուջետային հայտը կամ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` բյուջետային գործընթացը սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում է Կառավարություն:

6. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվում եւ ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով եւ Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:

7. Սահմանված ժամկետում բյուջետային հայտը չընդունվելու կամ պետական բյուջեն չհաստատելու դեպքերում, մինչեւ դրա ընդունումը կամ հաստատումը, ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

8. Բյուջետային հայտը պետք է պարունակի դատարանների բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:

9. Բարձագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի եւ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

10. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է դատարանների պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին oրենքով դատարանների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ դատարանների գործունեության ապահովման նպատակով:

11. Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում դիմում է Կառավարությանը:

12. Դատարանների բնականոն գործունեության ապահովման համար դատարանների պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է կառավարության պահուստային ֆոնդից:

Հոդված 43. Դատարանների եւ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների գործունեության նյութատեխնիկական ապահովումը

1. Դատարանների, Ընդհանուր ժողովի եւ նրա հանձնաժողովների գործունեության նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող աշխատակազմերի կողմից:

2. Բարձրագույն դատական խորհրդի նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի կողմից:

ԳԼՈՒԽ 9
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 44. Դատավորների միջեւ գործերի բաշխման եւ վերաբաշխման կարգը

1. Դատավորների միջեւ գործերը բաշխվում, վերաբաշխվում եւ կոլեգիալ դատական կազմերը ձեւավորվում են մասնագիտացման սկզբունքի եւ պատահական ընտրության, ինչպես նաեւ սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատական վերահսկողության քրեական գործերը բաշխվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշված դատավորների միջեւ:

Հոդված 45. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը

1. Դատավորների միջեւ գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ Համակարգչային ծրագիր), որի շահագործման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանատու է Համակարգչային ծրագիրը մշակելու, կատարելագործելու, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելու, Համակարգչային ծրագիրը գործարկելու եւ սպասարկելու համար:

3. Համակարգչային ծրագրին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

4. Եթե անհաղթահարելի ուժի հետեւանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջեւ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ դրանք մուտքագրվելուց հետո՝ անհապաղ: Այդ դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին:

Հոդված 46. Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխումը

1. Դատարան մուտքագրված քրեական, քաղաքացիական, սնանկության եւ վարչական գործերն անհապաղ մուտք են արվում Համակարգչային ծրագիր եւ մուտք լինելուց հետո հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ առանց հաշվի առնելու մուտքագրման հերթականությունը:

2. Եթե գործերը հավասարաչափ բաշխել հնարավոր չէ, ապա գործերը բաշխվում են այն հաշվով, որ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին հանձնված գործերի միջեւ տարբերությունը չգերազանցի մեկը:

3. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհրդին՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել 6 ամիսը:

4. Եթե դատավորը արձակուրդի մեջ է (ներառյալ՝ արձակուրդին նախորդող 10-օրյա ժամանակահատվածը), գործուղվել է մեկ այլ դատարան (ներառյալ՝ գործուղմանը նախորդող 10-օրյա ժամանակահատվածը), բացակայում է ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու կամ  օտարերկրյա գործուղման պատճառով կամ նրա լիազորությունները կասեցվել են, կամ նրա պաշտոնավարման տարիքի ավարտին մնացել է 3 ամիս, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով պետք է հանվի բաշխման ցանկից` նշելով  հիմքը եւ ժամկետը:

5. Եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի նստավայր, որում գործում է նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավոր, ապա գործերի բաշխումն իրականացվում է ընդհանուր կարգով՝ հիմք ընդունելով նստավայրի սպասարկման տարածքը:

6. Եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում առկա է համապատասխան մասնագիտացման միայն մեկ դատավոր, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:

7. Մինչդատական վարույթի նկատմամբ նախնական կամ հետագա դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների (այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունների) նյութերը, ինչպես նաեւ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող գործերը բաշխվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով՝ ապահովելով նշված միջնորդությունների եւ գործերի քննության գաղտնիությունը:

8. Այն դեպքում, երբ մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին:

9. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը չեն կիրառվում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման կարգի նկատմամբ:

Հոդված 47. Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը

1. Վերաքննիչ դատարան մուտքագրված գործը նախագահող դատավորին հանձնվում են սույն օրենսգրքով եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով:

2. Կոլեգիալ եւ միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագիր են մուտքագրվում եւ բաշխվում միմյանցից առանձին:

3. Ձեւավորված դատական կազմերը փոփոխվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:

Հոդված 48. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխումը

1. Վճռաբեկ դատարան մուտքագրված գործը անհապաղ մուտքագրվում է Համակարգչային ծրագրում եւ տվյալ պալատի դատավորների միջեւ բաշխվում է սույն օրենսգրքով եւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով:

2. Բաշխման արդյունքում որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:

3. Գործը վերաբաշվում է, եթե զեկուցող դատավորը քվեարկել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին դեմ եւ այն ընդունվել է վարույթ: Այդ դեպքում գործի  վերաբաշխման արդյունքում որպես զեկուցող որոշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին կողմ քվեարկած դատավորներից մեկը:

Հոդված 49. Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին,  Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր անդամներին եւ օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները

1. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի եւ  Ընդհանուր ժողովի հանձնաժողովների դատավոր անդամներին կատարվում է սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձագույն դատական խորհրդի կողմից սահմանված գործերի բաշխման ընդհանուր կարգով:

2. Դատարանների նախագահներին՝ բացառությամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի,  Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին եւ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի անդամին յուրաքանչյուր ամիս հանձնված գործերի քանակը պետք է տասը տոկոսով, իսկ Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներին հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ քսանհինգ տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ դատավորին հանձնված գործերի քանակից:

3. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ յոթանասունհինգ տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող մեկ դատավորին հանձնված գործերի քանակից: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով:

4. Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի դիմումի հիման վրա սույն հոդվածով նախատեսված տոկոսային միջակայքի շրջանակներում որոշում է դատավորին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորներին գործերի հանձնվող գործերի քանակը տվյալ դատարանի մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից կարող է պակաս լինել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած տոկոսաչափով:

Հոդված 50. Գործերի վերաբաշխումը

1. Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, եթե նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, հայցադիմումի ընդունումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ:

2. Դատավորի անաշխատունակության ժամանակահատվածում եւ դատարանում դատավորների թվի ավելացման հետեւանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
 


ԲԱԺԻՆ 2

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

ԳԼՈՒԽ 10
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 51. Դատավորի անձեռնմխելիությունը

1.  Դատավորը, Սահմանադրության 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ։

2. Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ:

3. Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից՝ բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

4. Ի լրումն Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքի՝ ազատությունից զրկելու պահից դատավորն իրավունք ունի հեռախոսազանգով կամ հաղորդակցման այլ միջոցներով այդ մասին անհապաղ տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին:

5. Ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, արդարադատության նախարարը եւ գլխավոր դատախազը: Դատավորին ձերբակալելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է Բարձրագույն դատական խորհուրդ, արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազին: Դատավորին ազատությունից զրկած մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամների անարգել մուտքն այն վայր, որտեղ պահվում է ազատությունից զրկված դատավորը, եւ ապահովել նրանց տեսակցությունը դատավորի հետ:

6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը:

7. Դատարանի շենքում խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է դատարանի նախագահի եւ Բարձրագույն դատական խորհրդի իրազեկմամբ: Բացառությամբ դատավորի նկատմամբ հարուցված քրեական գործերի, այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ դատավորի կամ նրա բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման հետ կապված քննչական գործողություններ կարող են կատարվել միայն Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությամբ:

8. Պաշտոնավարման ընթացքում եւ լիազորությունները դադարեցվելուց կամ դադարելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա այն գործով, որի շրջանակում նա իրականացրել է իր լիազորությունները որպես դատավոր։

9. Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում սույն հոդվածում ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:

Հոդված 52. Դատավորի ազատ լինելը զորահավաքներից եւ վարժական հավաքներից

1. Դատավորն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է զորահավաքներից եւ վարժական հավաքներից:

Հոդված 53. Դատավորի անփոփոխելիությունը

1. Դատավորը պաշտոնավարում է մինչեւ իր 65 տարին լրանալը:

2. Այն դեպքերում, երբ տվյալ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետեւանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ տվյալ ատյանի մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին  ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչեւ դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:

3. Դատարանում դատավորների թվի կրճատման դեպքում տվյալ դատարանում իրենց պաշտոնավարումը շարունակելու նախապատվությունը տրվում է տարիքով ավագ դատավորներին: Եթե տարիքով ավագ դատավորները նույն տարիքի են, ապա նախապատվությունը տրվում է դատավորի պաշտոնում պաշտոնավարման առավել երկար փորձառություն ունեցող անձին: Ռեզերվային դատավորների լիազորությունները չեն դադարեցվում, եւ նրանք պահպանում են իրենց կարգավիճակը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: Այդ դատավորների կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձ եւ հավելավճարներ ստանալու իրավունքը, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչեւ Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

4. Եթե օրենքով նախատեսվում է դատարանի կամ Վճռաբեկ դատարանի պալատի վերացում, ապա համապատասխան դատավորները համարվում են ռեզերվային, իսկ նրանց կարգավիճակը, այդ թվում` աշխատավարձը եւ հավելավճարներ ստանալու իրավունքը, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու կամ ընդգրկված մնալու իրավունքը պահպանվում են մինչեւ Սահմանադրությամբ սահմանված` դատավորի պաշտոնավարման տարիքը լրանալը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

5. Ռեզերվային դատավորները գործուղվում են առաջնահերթության կարգով՝ առանց գործուղման առավելագույն ժամկետի սահմանափակման: Գործուղումից հրաժարվելու դեպքում համապատասխան դատավորի ռեզերվային կարգավիճակը դադարում է:

Հոդված 54. Դատավորի աշխատավարձը եւ սոցիալական երաշխիքները

1. Դատավորի համար Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության, այդ թվում` հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

2. Դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարները, կենսաթոշակի չափը չեն կարող պակասեցվել` բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար:

3. Դատավորն ունի իր պաշտոնավարումից հետո կամ օրենքով սահմանված այլ դեպքերում եւ կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք: Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում՝ բացառությամբ հանրային ծառայության անցնելու դեպքերի:

4. Դատավորի կյանքն ու առողջությունը ապահովագրվում է պետական միջոցների հաշվին:

5. Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակվելու կամ տեղափոխելու դեպքում, Կառավարության սահմանած չափերով եւ կարգով, դատավորին փոխհատուցվում են իր եւ իր ընտանիքի անդամների տեղափոխման եւ բնակարանի վարձակալության հետ կապված ծախսերը:

6. Դատավորն օգտվում է այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված հանրային ծառայողի համար սահմանված սոցիալական երաշխիքներից:

Հոդված 55. Դատավորի արձակուրդը

1. Դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային oր տեւողությամբ:

2. Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը:

3. Դատավորին ամենամյա հերթական  արձակուրդ կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավել, քան երեք մասով:

4. Դատարանի նախագահը մինչեւ տվյալ տարվա հունվարի 31-ը հաստատում է դատավորների ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույցը եւ հրապարակում է դատական իշխանության  պաշտոնական կայքէջում:

5. Հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու եւ դրա պատճառների մասին տվյալ դատարանի նախագահն իրազեկում է Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

6. Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, դատարանի նախագահի կողմից դատավորին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան հանրագումարային մինչեւ 20 աշխատանքային օր տեւողությամբ:

7. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչեւ 30 աշխատանքային օր տեւողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

8. Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

9. Դատավորներին ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

Հոդված 56. Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը

1. Պարտադիր վերապատրաստման ծրագրերին մասնակցելուց բացի, դատավորն իրավունք ունի մասնակցելու այլ կրթական ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

2. Աշխատանքային ժամերին այլ կրթական ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու կապակցությամբ տարեկան ոչ ավել, քան մինչեւ հինգ օր տեւողությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով թույլտվություն ստանալու համար դատավորը՝ դատարանի նախագահի համաձայնությամբ, դիմում է Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովին:

3. Դատավորին այլ կրթական ծրագրերի, համաժողովների եւ իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու թույլտվությունը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը:

4. Այն դեպքում, երբ դատավորը ստացել է դատարանի նախագահի կամ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

5. Համաձայնություն  չտրամադրելու հետ կապված  վեճերը լուծվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

Հոդված 57. Դատավորի անձնական գործը

1. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր դատավորի վերաբերյալ կազմում եւ վարում է անձնական գործ:

2. Դատավորի անձնական գործը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

1) տեղեկություններ` դատավորի անվան, ազգանվան, ծննդյան տարեթվի, մշտական բնակության վայրի, կրթության եւ օտար լեզուների իմացության մասին,

2) դատավորի նշանակման մասին ակտի պատճենը,

3) տեղեկություններ` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության եւ դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ,

4) տեղեկություններ` դատավորի պաշտոնում աշխատելու ժամանակ դատավորի անցած վերապատրաստման դասընթացների եւ ժամաքանակի վերաբերյալ,

5) դատավորի նկատմամբ կարգապահական եւ լիազորությունների դադարեցման վարույթ հարուցելու, դատավորին պատասխանատվության ենթարկելու,  գործի վարույթը կարճելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու կամ դադարելու վերաբերյալ որոշումների պատճենները,

6) Դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները:

3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող են սահմանվել անձնական գործում ներառվող այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն արդյունավետ իրականացնելու  համար:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-6-րդ կետերում եւ 3-րդ մասում նշված, ինչպես նաեւ դատավորի մշտական բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորից բացի, իրենց լիազորություններն իրականացնելիս նրա անձնական գործին իրավունք ունեն ծանոթանալու Հանրապետության նախագահը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը եւ Բարձրագույն դատական խորհուրդը:

Հոդված 58. Դատավորի աշխատակազմը

1. Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական եւ գործավար:

2. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորը եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ունեն երկուական օգնական:

3. Օգնականը եւ գործավարը համարվում են դատավորին կցված դատական ծառայողներ:

4. Դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված լրացուցիչ օգնական եւ գործավար՝ ներգրավելու դեպքերը եւ կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը։

5. Վճռաբեկ դատարանի յուրաքանչյուր պալատ ունի երկուական խորհրդական:

Հոդված 59. Դատավորի ծառայողական վկայականը

1. Դատավորին իր գործունեության ողջ ժամանակահատվածի համար Հանրապետության Նախագահի, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահին Ազգային ժողովի կողմից տրվում է ծառայողական վկայական:

Հոդված  60. Դատավորի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները

1. Դատավորն ունի հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Դատավորը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Դատավորի, նրա ընտանիքի անդամների, նրա զբաղեցրած բնակելի եւ աշխատանքային  տարածքների, գույքի անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում դատավորը հաղորդում է իրավասու պետական մարմիններին եւ Բարձրագույն դատական խորհրդին: Իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ դատավորի, նրա ընտանիքի անդամների եւ նրա զբաղեցրած բնակելի եւ աշխատանքային տարածքների, գույքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հոդված 61. Դատավորի գործուղման եւ արտագնա նիստերի հետ կապված ծախսերը

1. Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ Կառավարության կողմից սահմանված չափով:

Հոդված 62. Դատավորի անհապաղ ընդունելության իրավունքը

1. Դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, անդամների եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մոտ:

ԳԼՈՒԽ 11
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված  63. Դատավորի վարքագծի կանոնները եւ դրանց նպատակը

1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով եւ պարտադիր են բոլոր դատավորների համար: Դատավորի վարքագծի կանոնները պարտադիր են նաեւ Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաեւ դատարանի աշխատակազմի կամ այն անձանց համար, ովքեր դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո են, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են նրանց նկատմամբ:

2. Դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի եւ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաեւ դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը:

3. Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի գրավոր դիմումի հիման վրա տալիս է դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ:

4. Վարքագծի կանոնների պարզաբանումները, մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն վարքագծի կանոնների նպատակի իրականացմանը:

Հոդված  64. Վարքագծի կանոնները պահպանելու պարտականությունը

1. Դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով կարող է հանգեցնել դատավորի նկատմամբ կարգապահական տույժի կիրառման:

2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների եւ դատական ծառայողների կողմից (որքանով կիրառելի է) դրանց պահպանմանը:

3. Դատարանի աշխատակազմի կամ դատավորի ղեկավարության կամ վերահսկողության ներքո գտնվող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման մասին տեղյակ լինելու դեպքում դատավորն այդ մասին պարտավոր է հայտնել կարգապահական պատասխանատվության միջոց կիրառող իրավասու մարմնին:

Հոդված  65. Դատավորի էթիկայի կանոնները

1. Ընդհանուր ժողովը սահմանում է դատավորի էթիկայի կանոններ, որոնք ներառվում են դատավորների վերապատրաստման ծրագրերում:

2. Դատավորի էթիկայի կանոնները դատավորի անձնական եւ վարքագծային սահմանափակումներ են, որոնք դատավորն ընդունում է գիտակցաբար եւ ինքնակամ՝ նպատակ ունենալով բարձր պահել դատավորի եւ դատական իշխանության հեղինակությունը, ապահովել իր արդարամտության, բարեկրթության եւ հավասարակշռվածության հասարակական ընկալումը:

3. Էթիկայի կանոնների խախտումը չի կարող հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Հոդված  66. Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները

1. Ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց,

2) չօգտագործել կամ թույլ չտալ այլ անձանց օգտագործելու իր՝ դատավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի,

3) դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ձեռնպահ մնալ որեւէ վարքագիծ դրսեւորելուց, որը ողջամիտ դիտորդի մոտ կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել,

4) զերծ մնալ մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց,

5) զերծ մնալ դատական ակտերը կամ մեկ այլ դատավորի գործողությունները, մասնագիտական եւ անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

6) զերծ մնալ որեւէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակային կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ վերջինիս օրինական ներկայացուցիչ,

7) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսեւորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է դնում դատավորի կամ դատարանի անկախությունը եւ անաչառությունը,

8) արդարադատություն եւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու վերաբերյալ հայտնել Բարձրագույն դատական խորհրդին,

9) հանդես չգալ որպես  ներկայացուցիչ կամ չտրամադրել խորհրդատվություն՝ այդ թվում` անհատույց հիմունքներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նա հանդես է գալիս որպես օրինական ներկայացուցիչ կամ անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում իր մերձավոր ազգականներին,

10) զերծ մնալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց, այդ թվում` անհատույց հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իր մերձավոր ազգականներին կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց անհատույց իրավաբանական խորհրդատվություն է մատուցում,

11) ձեռնպահ մնալ որեւէ մեկից նվեր կամ այլ գույքային առավելություն ընդունելուց կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տալուց, եթե դա ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի վրա ներգործելուն նպատակաուղղված, պահպանել դատավորի նվեր ընդունելու սահմանափակումներին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կանոնները,

12) չնախաձեռնել, թույլ չտալ եւ հաշվի չառնել առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության ("ex parte" (էքս պարտե), այսուհետ՝ ընդդիմազերծ) դատավարության մյուս կողմի կամ նրա փաստաբանի հետ շփումները, իսկ դատավորի կամքից անկախ ընդդիմազերծ շփումներ տեղի ունենալու դեպքում առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնել դրանց բովանդակությունը այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին` հնարավորություն տալով արձագանքելու: Սույն կանոնից բացառությունները թույլատրելի են միայն հետեւյալ դեպքերում.

ա. երբ հանգամանքների բերումով ընդդիմազերծ շփումներն անհրաժեշտ են կազմակերպական նպատակներով, ինչպես օրինակ, դատական նիստի ամսաթիվը եւ ժամը համաձայնեցնելու կամ դատավարության կազմակերպման այլ դեպքերում, եւ այն պայմանով, որ շփումները չեն վերաբերում գործի էությանը, դրանց արդյունքում դատավարության կողմերից մեկը չի ստանում դատավարական կամ այլ առավելություն մյուս կողմի նկատմամբ, եւ դատավորը առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնում է այդ շփումների բովանդակությունը մյուս կողմին՝ նրան հնարավորություն տալով արձագանքելու,

բ. երբ դատավորը կիրառման ենթակա իրավունքի վերաբերյալ հարցերով կարծիք ստանալու համար դիմում է գործի ելքում չշահագրգռված մասնագետի, պայմանով, որ դատավորը կողմերին նախապես տեղեկացնում է այդ մասնագետի ինքնության, կարծիքի ներկայացված հարցի վերաբերյալ  եւ հնարավորություն տալիս նրանց առարկելու հարցմանը, ինչպես նաեւ ծանոթանալու ստացված կարծիքին եւ դրա վերաբերյալ ներկայացնելու իրենց տեսակետը,

գ. երբ դատավորը խորհրդակցում է այլ դատավորների կամ դատարանի աշխատակազմի այն աշխատակիցների հետ, որոնց գործառույթը դատավորին արդարադատություն իրականացնելիս օժանդակելն է: Դատավորը չի կարող քննարկում ունենալ այն դատավորի հետ, ով ինքնաբացարկ է հայտնել տվյալ գործով, ինչպես նաեւ վերադաս դատական ատյանի դատավորի հետ: Եթե դատավորը խորհրդակցել է այլ դատավորի հետ, ապա խորհրդակցության բովանդակությունն առաջին իսկ հնարավորության պարագայում հայտնվում է կողմերին:

դ. երբ դատավորի կողմից միակողմանի շփումներ իրականացնելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Հոդված  67. Դատավորի վարքագծի կանոնները ի պաշտոնե գործելիս

1. Արդարադատության իրականացման հետ կապված դատավորի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

2. Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝

1) ենթարկվել Սահմանադրությանը եւ օրենքին,

2) քննել եւ լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր,

3) դատական ակտերը կայացնելիս լինել ինքնուրույն,

4) լինել անաչառ եւ զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսեւորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց,

5) բարեխղճորեն եւ լիարժեք կատարել իր պաշտոնական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի եւ այլ դատավորների հետ,

6) հարգալից եւ բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի եւ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե, առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում եւ նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել եւ լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը,

7) թույլ չտալ շահերի բախում, բացառել իր ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որեւէ ազդեցությունը,

8)  արդարադատության իրականացումից զատ այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ,

9) մասնակցել պարտադիր վերապատրաստման ծրագրերին,

10) ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը,

11) դատական ծառայողների նշանակման գործընթացին մասնակցելիս խուսափել հովանավորչություն դրսեւորելուց,

12) դատական նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով,

13) չմիջամտել ձայնագրման համակարգի աշխատանքին,

14) ողջամտության սահմաններում իրեն դրսեւորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը,

15) մասնակցել Ընդհանուր ժողովի, իսկ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամ լինելու դեպքում՝ այդ հանձնաժողովի նիստերին,

16) տեղյակ պահել  համապատասխանաբար՝ փաստաբանների պալատին կամ գլխավոր դատախազին փաստաբանի կամ դատախազի կողմից վարքագծի կանոնների այնպիսի խախտման մասին, որը կասկածի տակ է դնում այդ փաստաբանի կամ դատախազի ազնվությունը,

17) զանգվածային լրատվության միջոցների հետ  շփումներն իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կանոններին համապատասխան:

Հոդված  68. Դատավորի ինքնաբացարկը

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ,

2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են  գործի քննության ընթացքում,

3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում,

4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա (դատավորը հիմքեր ունի ենթադրելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ,

5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ,

6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առեւտրային կազմակերպությունում եւ գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության  շահերը:

3. Սույն հոդվածի իմաստով տնտեսական շահ հասկացությունը չի ընդգրկում`

1) ներդրումային կամ կենսաթոշակային ֆոնդի կամ այլ անվանական սեփականատիրոջ միջոցով բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր կառավարելը, եթե դատավորը չգիտի այդ մասին,

2) բանկում ավանդ ունենալը, ապահովագրական կազմակերպությունում ապահովագրական պոլիս ունենալը, վարկային կամ խնայողական միության մասնակից հանդիսանալը, եթե գործի ելքի արդյունքում այդ կազմակերպության վճարունակությանը էական վտանգ չի սպառնա,

3) Հայաստանի Հանրապետության, համայնքի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր ունենալը:

4. Դատավորը, պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկը անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:

Հոդված  69. Դատավորի ոչ դատական գործունեությունից ստացվող վճարները

1. Դատավորին գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույնպիսի գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց դատավոր չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոններին համապատասխան իրականացվող գործունեության համար դատավորը կարող է ստանալ ծախսերի հատուցում, եթե նման հատուցումը ողջամտորեն չի կարող ընկալվել, որպես իր պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված դատավորի վրա ներգործությանը նպատակաուղղված:

Հոդված 70. Դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

1. Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնական պարտականություններն իրականացնելու հետ: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող ընտանիքի անդամներին այդպիսի գործողություններից:

2. Սույն օրենքի իմաստով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, եւ ընդգրկում է նաեւ ներված պահանջը, անհատույց եւ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը եւ այլ գործողություններ, որոնց արդյունքում անձը ստանում է օգուտ կամ առավելություն:

3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝

1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերների եւ պարգեւների վրա,

2) դատավորի հետ բնակվող ընտանիքի այլ անդամի կողմից իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության կապակցությամբ ստացված նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող է համատեղ օգտագործվել ընտանիքի այլ անդամների, այդ թվում` դատավորի կողմից, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի պաշտոնական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված,

3) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերների վրա,

4) ամուսնուց, ազգականից եւ բարեկամից ստացած նվերի վրա, եթե նվերը էությամբ եւ չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջեւ հարաբերությունների բնույթին,

5) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքում` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով եւ նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում,

6) ֆինանսական  կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:

4. Եթե սույն հոդվածով թույլատրելի համարվող նվերները (բացառությամբ ընտանիքի անդամներից ստացված նվերների), որոնք օրացուցային տարվա ընթացքում ստացվել են նույն անձից, իրենց արժեքով գերազանցում են հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը, կամ օրացուցային տարում ստացված թույլատրելի համարվող բոլոր նվերների ընդհանուր արժեքը գերազանցում է չորս հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը, ապա դատավորը պարտավոր է դրա մասին տասնօրյա ժամկետում հայտնել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով: Եթե Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը ստացված նվերը (նվերները) գնահատում է որպես սույն հոդվածով թույլատրելի չհամարվող, ապա այն մեկշաբաթյա ժամկետում տեղեկացնում է այդ մասին դատավորին: Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովից ծանուցումը ստանալու պահից կիրառելի են սույն հոդվածի 6-րդ մասի կանոնները:

5. Եթե դատավորին հայտնի է դառնում, որ իր մերձավոր ազգականին  տրվել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես դատավորի պաշտոնական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա նա պարտավոր է դրա մասին տեղեկություն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայտնել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով:

6. Եթե դատավորը ստացել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ  համարժեք հատուցում վճարել նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը  հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:
 


ԳԼՈՒԽ 12.
ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

Հոդված 71. Դատական սանկցիա կիրառելու հիմքերը

1. Դատական իշխանության բարձր հեղինակությունը, ինչպես նաեւ դատական նիստի եւ դատարանի գործունեության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով կիրառվում են օրենքով նախատեսված դատական սանկցիաներ:

2. Դատական սանկցիա կարող է կիրառվել, երբ դատավարության մասնակիցը նրա ներկայացուցիչը կամ դատարանի դահլիճում ներկա այլ անձը՝

1) չի կատարում դատարանի որոշումները կամ կարգադրությունները, խոչընդոտում է դատական նիստի բնականոն ընթացքը կամ կատարում է դատական նիստի կարգը խախտող այլ գործողություն.

2) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ դատարանի կողմից  անհարգելի ճանաչված պատճառով չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում դատավարական պարտականությունները.

3) դատարանի դահլիճում կամ դատարանի շենքում դրսեւորում է դատավորի կամ  դատական իշխանության հեղինակությունը վարկաբեկող վարքագիծ:

Հոդված 72. Դատական սանկցիաների տեսակները

1. Դատարանը կիրառում է հետեւյալ սանկցիաները՝

1) նկատողություն.

2) դատական նիստի դահլիճից հեռացում.

3) դատական տուգանք:

2. Օրենքով կարող են նախատեսվել այլ դատական սանկցիաներ:

Հոդված 73. Դատական սանկցիա կիրառելը

1. Դատավորը պարտավոր է իր գործողություններով եւ վարքագծով կանխել եւ նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը եւ դեպքերը: Այդ նպատակով դատավորը պարտավոր է  դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության, ինչպես նաեւ հնարավոր քրեական պատասխանատվության մասին կողմերին հասկանալի ձեւով նախազգուշացնել, ինչպես նաեւ կիրառել դատավարական ներգործության այլ միջոցներ:

2. Դատական սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ հետեւանքին:

3. Անձի՝ դատական նիստերի դահլիճում գտնվելու դեպքում դատական սանկցիա կիրառելուց առաջ նախագահող դատավորը հայտարարում է դատական սանկցիա կիրառելու պատճառ հանդիսացող վարքագծի  գործողության կամ անգործության մասին եւ անձին արտահայտվելու հնարավորություն է տալիս,

4. Եթե անձը ընդունում է իր վարքագծի հակաիրավականությունը եւ հայցում է դատարանի ներողամտությունը ու հայտարարում է դատական սանկցիայի ենթակա վարքագիծ, գործողություն կամ անգործություն այլեւս չդրսեւորելու կամ չկատարելու մասին, ապա նշված անձի նկատմամբ դատական սանկցիա չի կիրառվում, բացառությամբ սույն հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերի:

5. Եթե դատական սանկցիայի ենթակա անձը չարաշահում է սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված իրավունքը եւ արտահայտվելու իրավունքն օգտագործում է դատական սանկցիայի պատճառ հանդիսացող  վարքագիծը կամ գործողությունը շարունակելու կամ նման նոր վարքագիծ կամ գործողություն դրսեւորելու կամ կատարելու համար, կամ հայցում է դատարանի ներողամտությունը ակնհայտ արհամարհանք դրսեւորելու կամ դատարանի եւ դատավորի հեղինակությունը արտահայտման այլ ձեւով նսեմացնելու միջոցով, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառել առավել խիստ դատական սանկցիա:

6. Դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացումը կարող է կիրառվել ոչ ավելի, քան 36 ժամով, իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամանակահատվածով կամ որոշակի դատավարական գործողությունը ավարտելու ժամկետով կամ մինչեւ դատական նիստի կամ դատաքննության ավարտը: Նիստերի դահլիճից հեռացնելու ժամանակահատվածը որոշվում է դատական նիստում դատավարության ընթացող ժամանակահատվածով:

7. Նիստերի դահլիճից հեռացումը չի կիրառվում տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ:

8. Դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ սանկցիայի կիրառման ժամկետի լրանալը վերականգնելու հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին:

9. Նկատողությունը եւ նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

10. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով դատական կարգադրիչների միջոցով:

11. Դատական տուգանքը կիրառվում է մինչեւ 100000 ՀՀ դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը ենթակա է հարկադիր կատարման օրենքով սահմանված կարգով:

12. Քրեական գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը նախազգուշացնում է այդ մասին: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու, նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել դատական նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը կրկին խախտելը, դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիան կիրառելու համար: Ամբաստանյալի նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիա կիրառելու դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

13. Եթե դատարանը գտնում է, որ ամբաստանյալը դատարանի նկատմամբ դրսեւորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը սանկցիան ամբաստանյալի նկատմամբ կիրառում է առանց նախազգուշացման, եւ գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

14. Եթե դատարանը կամ դատավորը գտնում է, որ դատավարությանը մասնակցող անձը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսեւորել է այնպիսի վարքագիծ կամ կատարել է այնպիսի գործողություն, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա կարող է սույն հոդվածով սահմանված կարգով անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ բացառությամբ տուգանքի, եւ կրում է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու պարտականություն:

Հոդված 74. Դատախազի եւ փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու առանձնահատկությունները

1. Գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ չի կիրառվում դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիան:

2. Գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո, դատական սանկցիայի մասին որոշումը կամ արձանագրային որոշման դեպքում՝ արձանագրության քաղվածքը դատարանն ուղարկում է համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատի նախագահին:

3. Դատական սանկցիա կիրառելու մասին որոշումը չի բացառում նույն արարքի համար դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը:

Հոդված 75. Դատական սանկցիա կիրառելու մասին որոշման ուժի մեջ մտնելը

1. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել որոշումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, համապատասխանաբար վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան:

3. Դատական սանկցիա կիրառելու որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարման ընթացքը, եթե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը որոշման կատարումը կասեցնելու մասին որոշում չի կայացրել:

ԳԼՈՒԽ 13.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 76. Դատավորների գործունեության գնահատման նպատակը եւ արդյունքները

1. Դատավորի գործունեությունը ենթակա է գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝

1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը,

2) նպաստել դատավորների վերապատրաստման ուղղությունների ընտրությանը,

3) բացահայտել դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները,

4) նպաստել դատավորի ինքնակատարելագործմանը,

5) նպաստել դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը:

3. Դատավորի գործունեության գնահատման արդյունքները տրամադրվում են՝

1) Ընդհանուր Ժողովի ուսումնական հանձնաժողովին՝ դատավորների վերապատրաստման ուղղություններն ընտրելու,

2) գնահատվող դատավորին՝ իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու եւ ինքնակատարելագործվելու,.

3) դատարանի նախագահին՝ ապանձնավորված՝ դատարանի գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով:

4. Բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, դատավորների գործունեության գնահատման արդյունքները եւ այդ կապակցությամբ ձեռք բերված տվյալներն ու տեղեկությունները գաղտնի են եւ չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

Հոդված 77. Դատավորի գործունեության գնահատման տեսակները

1. Դատավորի գործունեությունը ենթակա է հերթական գնահատման՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, իսկ դատավորի նախաձեռնությամբ` արտահերթ:

2. Արտահերթ գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով եւ ժամկետներում:

3. Արտահերթ գնահատում չի իրականացվում, եթե հերթական գնահատման գործընթացի շրջանակում դատավորի գործունեությունը վերջին 2 տարվա ընթացքում ենթարկվել է գնահատման:

Հոդված 78. Դատավորների գործունեության գնահատման չափանիշները

1. Դատավորների գործունեությունը գնահատվում է դատավորի աշխատանքի որակն,  ու արդյունավետությունը, ինչպես նաեւ դատավորի արհեստավարժությունն ու էթիկան բնութագրող սույն հոդվածով սահմանված չափանիշների հիման վրա:

2. Դատավորի աշխատանքի որակի եւ արհեստավարժության գնահատման չափանիշներն են.

1) Դատական ակտերը հիմնավորելու կարողությունը՝

ա. դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը.

բ. դատական ակտի հստակությունը եւ գրավոր խոսքի մատչելիությունը.

գ. վերլուծական եւ մեկնաբանման հմտությունները.

դ. դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը:

2) Դատավորի դատական նիստը կառավարելու կարողությունը, ներառյալ՝

ա. դատավարության մասնակիցների նկատմամբ անաչառ վերաբերմունքը.

բ. ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը.

գ. դատական նիստը վարելու հմտությունները.

դ. հստակ եւ տրամաբանված բանավոր խոսքը:

3) Դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողությունը:

3. Դատավորի աշխատանքի արդյունավետության գնահատման չափանիշներն են.

1) դատավորի վարչարարական կարողությունները եւ կազմակերպչական ունակությունները՝

ա. աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակությունը, աշխատանքի պլանավորումը.

բ. ողջամիտ ժամկետներում գործերը քննելն ու դատական ակտեր կայացնելը.

գ. դատավորի կողմից առանձին դատավարական գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը,

դ. արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը:

4. Դատավորի էթիկայի գնահատման չափանիշներն են.

1) Ընդհանուր ժողովի կողմից սահմանված էթիկայի կանոնների պահպանումը.

2) դատարանի հանրային ընկալմանն ու դատարանների նկատմամբ վստահությանը նպաստելը.

3) այլ դատավորների եւ դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը:

Հոդված 79. Դատավորների գործունեության գնահատման կարգը

1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ սույն օրենսգրքով սահմանված չափանիշների հիման վրա:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեությունը գնահատելու կարգը, մեթոդաբանությունը եւ դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասները:

3. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատավորների գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցը՝ ըստ համապատասխան տարիների եւ դատավորների թվակազմի:

Հոդված 80. Դատավորների գործունեության գնահատման համար տվյալների հավաքագրումը

1. Դատավորների գործունեությունը գնահատելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրումն իրականացվում է գնահատման տարվան նախորդող հինգ տարիների վիճակագրական տվյալներից, դատական նիստի արձանագրություններից եւ եզրափակիչ դատական ակտերից, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված հարցումների արդյունքներից:

2. Բարձրագույն դատական խորհուրդը պատահական ընտրությամբ ուսումնասիրում եւ վերլուծում է վերջին հինգ տարիների ընթացքում դատավորի կողմից քննված գործերով տասը դատական նիստի ձայնային արձանագրություններ, տասը եզրափակիչ դատական ակտեր, ինչպես նաեւ Դատական դեպարտամենտից ստացված հետեւյալ վիճակագրական տվյալները՝

1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ քանակական կատարողականը.

2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության տեւողությունը.

3) առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետները:

3.    Դատավորի էթիկայի, ինչպես նաեւ արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը գնահատելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում դատավորի հետ անմիջական առնչություն ունեցող դատավորների եւ դատական ծառայողների շրջանում անցկացված հարցումների արդյունքները: Հարցումների անցկացման մեթոդաբանությունը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

4. Վերաքննիչ դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես նախագահող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա այն գնահատվում է:

Հոդված 81. Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը եւ հետեւանքները

1. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումը ներառում է գնահատման արդյունքի ամփոփագիր:

2. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշման նախագիծն ուղարկվում է դատավորին, որն իրավունք ունի այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում ներկայացնելու նախագծի վերաբերյալ իր նկատառումները:

3. Բարձրագույն դատական խորհուրդը գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունում է հաշվի առնելով դատավորի նկատառումները:

4. Գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում դատավորի համար բարենպաստ որոշումը:

5. Գնահատման արդյունքներով նվազագույն գնահատական ստացած դատավորները (գնահատված դատավորների 25%-ը) ենթակա են  լրացուցիչ պարտադիր վերապատրաստման:

6. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը եւ արդյունքների ամփոփմանը:

ԲԱԺԻՆ 3

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 14.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

Հոդված 82. Ընդհանուր ժողովը

1. Ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Ընդհանուր ժողովի անդամներ են:

2. Հերթական Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրվել Վճռաբեկ դատարանի նախագահի, դատավորների առնվազն 1/5-ի, եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի կողմից:

3. Ընդհանուր ժողովը վարում է Վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինող անձը:

4. Ընդհանուր ժողովը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց.

2) դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.

3) ձեւավորում է էթիկայի եւ կարգապահական, ուսումնական հանձնաժողովներ եւ իր լիազորություններն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.

4) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ աշխատանքային խմբերի աշխատակարգը.

5) ընտրում եւ առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

6) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին,

7) հաստատում է դատավորի պատմուճանի, դատավորի աշխատասենյակի, դատական նիստերի դահլիճի տիպային կահավորման նկարագրությունը,

8) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները,

9) քննարկում է դատական դեպարտամենտի տարեկան գործունեության հաշվետվությունը եւ դրա արդյունքներով կայացնում որոշում, անհրաժեշտության դեպքում դիմում է Բարձրագույն դատական խորհրդին Դատական դեպարտամենտի ղեկավարի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու առաջարկով,

10) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

5. Ընդհանուր ժողովը եւ հանձնաժողովները գործում են Ընդհանուր ժողովի հաստատած աշխատակարգին համապատասխան:

6. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

7. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:

8. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Ընդհանուր ժողովի որոշմամբ:

9. Ընտրություններն իրականացվում են գաղտնի  քվեարկությամբ:

10. Գաղտնի քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու եւ քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված 5 անդամից, որոնց ընտրում է Ընդհանուր ժողովը: Հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի աշխատակարգով:

11. Ընդհանուր ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում քվեարկության արդյունքներն Ընդհանուր ժողովում հրապարակելու պահից, եթե այլ բան սահմանված չէ Ընդհանուր ժողովի որոշմամբ:

Հոդված 83. Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի քվեարկության կարգը

1. Ընդհանուր ժողովն ընտրում է Սահմանադրական դատարանի դատավորի առաջարկվող թեկնածուին: Քվեարկության են դրվում ինքնառաջադրված կամ Ընդհանուր ժողովի որեւէ այլ անդամի կողմից առաջադրված այն թեկնածուները, որոնք համապատասխանում են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար օրենքով սահմանված պահանջներին: Ընտրության արդյունքներով ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է դատավորի առավել մեծ փորձառություն ունեցող դատավորին:

2. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրված թեկնածուին Ընդհանուր ժողովը մեկ օրվա ընթացքում առաջարկում է  Ազգային ժողովին:

3. Ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության համար քվեաթերթիկներում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի համար սահմանված պահանջներին: Դատավորն իր դիմումով կարող է պահանջել իր անունը չներառել քվեաթերթիկում: Քվեարկության արդյունքում ընտրված է համարվում նախապատվության քվեակարգով ընտրված անձը:

4. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրության արդյունքները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում, քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո՝ անհապաղ:

Հոդված 84. Նախապատվության քվեակարգը

1. Նախապատվության քվեակարգով քվեարկության ժամանակ քվեաթերթիկի ձախ կողմում նշվում են բոլոր թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, իսկ աջ կողմում յուրաքանչյուր թեկնածուի համար նախատեսվում են դատարկ քառանկյուններ՝ քվեարկողի կողմից նշում կատարելու համար: Թեկնածուների անունների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ: Քվեաթերթիկը կարող է փոխարինվել նախապատվություն արտահայտող տվյալների էլեկտրոնային ֆայլով:

2. Քվեաթերթիկում այն թեկնածուի անվան դիմացի քառանկյան մեջ, որին ընտրողը տալիս է իր առաջին նախապատվությունը, նշում է «1» թիվը: Համապատասխանաբար մյուս թեկնածուների անվան դիմաց, ըստ նրանց տրվող նախապատվության հերթականության, նշվում են հաջորդական ամբողջ թվեր` 2-ից սկսած: Այն թեկնածուների դիմաց, որոնց ընտրողը նախապատվություն չի տալիս, որեւէ թիվ չի նշում, սակայն ամեն դեպքում առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուների համար պետք է արտահայտված լինի նախապատվությունը: Քվեաթերթիկը արդյունքների ամփոփման որոշակի փուլում համարվում է տրված այն շարունակող թեկնածուի օգտին, որն ունի այդ քվեաթերթիկում նախապատվության ամենաբարձր աստիճանը:

3. Սույն հոդվածում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) շարունակող թեկնածու` թեկնածու, որը քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում չի հեռացվել հաշվարկից կամ չի հայտարարվել ընտրված.

2) քվեաթերթիկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում այդ քվեաթերթիկին սույն հոդվածով սահմանված կարգով տրվող թվային արժեքը.

3) քվեաթերթիկների ընդհանուր արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում հաշվարկից չհեռացրած բոլոր քվեաթերթիկների արժեքների հանրագումարը.

4) թեկնածուի ձայների արժեք` հաշվարկից չհեռացրած այն քվեաթերթիկների արժեքների հանրագումարը, որոնք տրված են այդ թեկնածուի օգտին.

5) անցողիկ քվոտա` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլում ընտրված համարվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն թիվը.

6) թեկնածուի ձայների ավելցուկի արժեք` քվեարկության արդյունքների ամփոփման որոշակի փուլի արդյունքով ընտրված համարվող թեկնածուի ձայների արժեքի եւ անցողիկ քվոտայի տարբերությունը.

7) տարբեր սեռերի հավասարության չափանիշ` ընտրված թեկնածուների միջեւ տարբեր սեռերի հավասարություն ապահովող որեւէ քանակական չափանիշ (օրինակ` ընտրված թեկնածուների կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 6-ը):

4. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են էլեկտրոնային եղանակով: Քվեարկության արդյունքներն ամփոփելու համար հերթականությամբ կատարվում են ստորեւ նշված քայլերը, մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվի: Բոլոր թվաբանական գործողությունները կատարվում են ստորակետից հետո երկու նիշ ճշգրտությամբ:

Քայլ 1. Անվավեր քվեաթերթիկները հեռացվում են հաշվարկից: Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե դրանում բացակայում է առնվազն թափուր տեղերի թվով թեկնածուներին տրված նախապատվություն, կամ մեկից ավելի թեկնածու ստացել է նախապատվության նույն աստիճանը: Բոլոր վավեր քվեաթերթիկները համարվում են հաշվարկից չհեռացրած, իսկ այդ քվեաթերթիկների արժեքը համարվում է 1:

Քայլ 2. Հաշվարկից չհեռացված թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկները տեսակավորվում են ըստ թեկնածուների: Բոլոր թեկնածուները համարվում են շարունակող թեկնածուներ:

Քայլ 3. Եթե որեւէ սեռի ներկայացուցչի ընտրությունը կխախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա`

ա. այդ սեռի բոլոր թեկնածուները հաշվարկից հեռացվում են,

բ. նրանց քվեաթերթիկները բաշխվում են հետեւյալ կարգով` քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված:

Քայլ 4. Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը հավասարվում է թափուր տեղերի թվին, ապա քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է:

Եթե ընտրված բոլոր թեկնածուների թիվը փոքր է թափուր տեղերի թվից, սակայն տարբեր սեռերի հավասարության չափանիշի պահպանումը միանշանակ կանխորոշում է, թե ովքեր պետք է զբաղեցնեն թափուր տեղերը, ապա համապատասխան թեկնածուները եւս հայտարարվում են ընտրված, եւ քվեարկության արդյունքների ամփոփումն ավարտվում է:

Քայլ 5. Յուրաքանչյուր շարունակող թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ձայների արժեքը: Դրա հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկների ընդհանուր արժեքը, որը բոլոր շարունակող թեկնածուների ձայների հանրագումարն է:

Հաշվարկվում է անցողիկ քվոտան հետեւյալ բանաձեւով.

Անցողիկ քվոտա = Քվեաթերթիկների ընդհանուր արժեք/(թափուր տեղերի թիվ + 1) + 0.01

Քայլ 6. Եթե չկա ոչ մի շարունակող թեկնածու, որի ձայների ընդհանուր արժեքը մեծ է կամ հավասար անցողիկ քվոտային, ապա քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը շարունակվում է 10 քայլից:

Քայլ 7. Այն շարունակող թեկնածուն, որի ձայների ընդհանուր արժեքն ամենամեծն է, համարվում է ընտրված:

Քայլ 8. Ընտրված թեկնածուի համար հաշվարկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքը, որը հավասար է թեկնածուի ձայների արժեքի եւ անցողիկ քվոտայի տարբերությանը: Այդ թեկնածուի օգտին տրված յուրաքանչյուր քվեաթերթիկին տրվում է ձայնի նոր արժեք: Այն հաշվարկելու համար քվեաթերթիկի ձայնի արժեքը բազմապատկվում է թեկնածուի ավելցուկ ձայների արժեքով եւ բաժանվում թեկնածուի ձայների արժեքի վրա:

Քայլ 9. Ընտրված թեկնածուի բոլոր քվեաթերթիկները վերաբաշխվում են հետեւյալ կարգով. քվեաթերթիկն ավելացվում է այն թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Եթե այդպիսի շարունակող թեկնածու չկա, ապա այդ քվեաթերթիկը հեռացվում է հաշվարկից եւ այլեւս չի օգտագործվում ամփոփման հաջորդ քայլերի ժամանակ: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է երրորդ քայլից:

Քայլ 10. Ձայների ամենափոքր արժեք ունեցող շարունակող թեկնածուն հեռացվում է հաշվարկից, եթե դա չի խախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը: Եթե դա խախտում է տարբեր սեռերի հավասարության չափանիշը, ապա հաշվարկից հեռացվում է նվազագույն ձայներ ստացած այն թեկնածուն, որի հեռացումը չի խախտի տարբեր սեռերի հավասարության չափանիշը: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել նվազագույն ձայներ ստացած թեկնածուին, ապա հեռացվող թեկնածուն որոշվում է վիճակահանությամբ:

Հաշվարկից հեռացված թեկնածուի քվեաթերթիկները բաշխվում են հետեւյալ կարգով. քվեաթերթիկը նույն արժեքով ավելացվում է այն շարունակող թեկնածուի քվեաթերթիկներին, որի օգտին է այն տրված: Քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակվում է երրորդ քայլից:

Հոդված  85. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձեւավորումը

1. Ընդհանուր ժողովը ձեւավորում է Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովը եւ Ուսումնական հանձնաժողովը:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով իրենց վերապահված լիազորություններ:

3. Դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամները չեն կարող լինել Ընդհանուր ժողովի սույն օրենսգրքով նախատեսված հանձնաժողովների անդամներ: Նույն անձը միաժամանակ չի կարող լինել Ընդհանուր ժողովի երկու հանձնաժողովի անդամ:

4. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 8 անդամ, որոնցից երկուսը՝  մասնագիտացված դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուր մասնագիտացված դատարանից մեկ դատավոր, մեկը` Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից, երկուսը՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից (մեկ քրեական, մեկ քաղաքացիական մասնագիտացման), իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուր վերաքննիչ դատարանից մեկ դատավոր:

5. Ուսումնական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 6 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, երկուսը՝ վերաքննիչ դատարանից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից՝ հնարավորինս պահպանելով դատավորների մասնագիտացման համաչափ ներկայացվածությունը:

6. Ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնառաջադրման կամ Ընդհանուր ժողովի որեւէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

7. Հանձնաժողովների անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից` գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով:

8. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով: Քվեաթերթիկները կազմելու կարգը, քվեաթերթիկի ձեւը սահմանվում է Ընդհանուր ժողովի աշխատակարգով: Քվեարկելիս դատավորն ունի քվեարկվող տեղերի քանակին համապատասխան մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար փորձառություն, իսկ փորձառության հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային փորձառություն: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

Հոդված  86. Ընդհանուր ժողովի հանձնաժողովների լիազորությունները եւ գործունեությունը

1. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

2. Ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովը՝

1) սույն օրենսգրքով սահմանված կարգով դատավորի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.

2) իրականացնում է սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

3. Ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովը՝

1) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

2) դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման համար առաջարկում է դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ.

3) օրենքով սահմանված կարգով  եւ դեպքում վաղաժամկետ դադարեցնում է դատավորի թեկնածուների հավակնորդների գնահատման հանձնաժողովների իր առաջադրած անդամի լիազորությունները.

4) օրենքով սահմանված կարգով արդարադատության ակադեմիա է ներկայացնում դատավորների, դատավորների թեկնածուների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.

5) օրենքին համապատասխան արդարադատության ակադեմիա է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ առարկայական կուրսերի ընտրության նշումով.

6) սահմանում է դատավորների, դատավորների թեկնածուների, դատական ծառայողների, դատական կարգադրիչների ուսումնառության ժամաքանակը.

7) արդարադատության ակադեմիային առաջարկում է դատավորների թեկնածուների փորձաշրջանի ղեկավարներ.

8) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Հոդված 87. Ընդհանուր ժողովի բնականոն գործունեության ապահովումը

1. Ընդհանուր ժողովին եւ նրա հանձնաժողովներին վերապահված իրավասությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումն ապահովում է  Դատական դեպարտամենտի կազմում ստեղծված Ընդհանուր ժողովի աշխատակազմ առաձնացված ստորաբաժանումը:

2. Ընդհանուր ժողովի աշխատակազմին Ընդհանուր ժողովի եւ նրա հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հանձնարարականներ տալու իրավունք ունեն միայն Ընդհանուր ժողովը՝ իր կողմից կայացված որոշմամբ, ինչպես նաեւ հանձնաժողովների նախագահները:

3. Ընդհանուր ժողովի եւ նրա հանձնաժողովների գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն արգելվում է:

ԳԼՈՒԽ 15
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 88. Բարձրագույն դատական խորհուրդը

1. Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն օգտվում են իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ սույն օրենսգրքի 21-րդ եւ 22-րդ գլուխներով դատավորի համար նախատեսված երաշխիքներից։

Հոդված 89. Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները

1. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կազմված է տասն անդամից:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Բարձրագույն դատական խորհրդի Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամ կարող է լինել դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորը: Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամ կարող է լինել  միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնական եւ այլ հեղինակավոր իրավաբան հանդիսացող անձը: Անձը կարող է ներկայացնել իր՝ հեղինակավոր իրավաբան հանդիսանալու հանգամանքի վերաբերյալ նյութեր:

4. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը բարձրաստիճան պաշտոնատար անձ է եւ նրա աշխատավարձը հավասարեցված է Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությանը: Եթե Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի որպես դատավոր ստացած վարձատրությունը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար սույն օրենքով սահմանված վարձատրության չափը, ապա պահպանվում է նրա որպես դատավոր ստացած վարձատրության չափը:

5. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ  չի կարող ընտրվել այն անձը, ով զբաղեցնում է դատավորի պաշտոն:

6. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը՝

1) ով դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցանքի համար կամ փաստացի ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

2) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

3) ով ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն:

Հոդված 90. Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին առաջադրվող անհամատեղելիության պահանջներ

1. Բարձրագույն դատական խորհրդի Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

Հոդված 91. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը

1. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներն ընտրվում են Ընդհանուր ժողովի կողմից բոլոր ատյանների դատարանների դատավորներից՝ հնարավորինս ապահովելով հետեւյալ համամասնությունը՝

1) Վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ,

2) Վերաքննիչ դատարաններից՝ առավելագույնը երկու անդամ,

3) առնվազն մեկ անդամ մարզի (մարզերի) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից,

4) առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններից միեւնույն մասնագիտացմամբ՝ առավելագույնը երկու անդամ,

5) միեւնույն սեռի ներկայացուցիչներից՝ առավելագույնը երեք անդամ:

2. Ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների ժամկետն սկսվում է Ընդհանուր ժողովի որոշման ուժի մեջ մտնելու պահից:

3. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի տեղը թափուր մնալու դեպքում նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն օրենսգրքով նախատեսված կարգով՝ մեկամսյա ժամկետում, իսկ եթե Բարձրագույն դատական խորհրդում Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամների թիվը պակաս է չորսից՝ տասնօրյա ժամկետում: Նոր անդամի ընտրությունը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասի պայմանների պահպանմամբ:

4. Այն դեպքում, երբ  Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը տեղափոխվում է այլ դատարան կամ չի իրականացնում դատավորի իր լիազորությունները դատարանի վերացման կամ դատավորների թվի կրճատման հետեւանքով, նա շարունակում է պաշտոնավարել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:

5. Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

6. Եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում չի ընտրում Բարձրագույն դատական խորհրդի անդամ, մինչեւ Ազգային ժողովի կողմից նրա ընտրությունը Հանրապետության նախագահը տասնօրյա ժամկետում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է բավարարի Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրվող անդամին ներկայացվող պահանջները:

Հոդված 92.  Բարձրագույն դատական խորհրդի անդամի երդումը եւ լիազորությունների ժամկետը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց անընդմեջ վերընտրվելու իրավունքի:

2. Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն Ազգային ժողովում հանդիսավոր պայմաններում, Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները՝ Ընդհանուր ժողովի նիստում, տալիս են երդում՝ անհատական կարգով, յուրաքանչյուր անդամի կողմից երդման հետեւյալ տեքստն ընթերցելու միջոցով՝

«Ստանձնելով  Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անաչառ, արդարացի եւ մարդասեր, պահպանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների եւ դատավորների անկախությունը՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:

3. Երդումից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամը ստորագրում է երդման տեքստը:

Հոդված  93. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար  գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները, բացառությամբ լիազորությունները դադարեցված Բարձրագույն դատական խորհրդի նախորդ նախագահի թեկնածության: Ընտրված է համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների առավելագույն ձայներ ստացած թեկնածուն:

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ընտրվում է որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ իր պաշտոնավարման ժամկետով: Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտին նախորդող, եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան նախորդ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ:

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում եւ վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդը այլ մարմինների հետ հարաբերություններում, իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում նոր նախագահի ընտրությունը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ 15-օրյա ժամկետում:

6. Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի նախորդող նախագահի՝ Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված լինելու հանգամանքը՝ նոր նախագահի ընտրությունն իրականացվում է՝ ապահովելով Ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամների հաջորդականությունը:

7. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից արձակուրդ կամ գործուղման մեկնելիս նրա լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա կողմից նշանակված Բարձրագույն դատական խորհրդի անդամը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից իրեն փոխարինող նշանակելու անհնարինության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է տարիքով ավագ անդամը:

Հոդված 94. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական պատասխանատվությունը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամը Բարձրագույն դատական խորհրդի կողմից կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական պատասխանատվության վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

Հոդված 95. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը եւ կասեցումը

1. Բարձագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման  դեպքերն են՝

1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

5) նրա հրաժարականը.

6) նրա մահը.

7) դատավոր հանդիսանալու դեպքում՝ վերջինիս լիազորությունների դադարեցումը կամ դադարումը:

2. Բարձագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1) անհամատեղելիության պահանջները խախտելու.

2) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության, բացառությամբ մայրանալու հետ կապված դեպքերի, կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու.

3) տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու.

4) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

5) առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստ չհրավիրելու դեպքում այն հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի կողմից:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը ընդունում է որոշում:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքում խորհրդի նախագահը անհապաղ դիմում է Ազգային ժողով կամ Ընդհանուր ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ նշանակելու համար:

6. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի լիազորությունները որպես դատավոր կասեցվելու դեպքում կասեցվում են նաեւ նրա լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

7. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի լիազորությունները կասեցվում են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու դեպքում:

Հոդված 96. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունների դադարման դեպքերն են.

1) նրա՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը կամ դադարեցումը.

2) նրա՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականը:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար։

3. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցվելուց հետո նրա թեկնածությունը չի կարող քվեարկվել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդող նախագահի ընտրության ժամանակ:

Հոդված 97. Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն

1. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող մասնակցել  որոշումների կայացմանը, այդ թվում՝ քվեարկություններին կամ նիստի մի մասին, եթե առկա է դատավորի ինքնաբացարկի հիմքերից որեւէ մեկը:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարտավոր է Բարձրագույն դատական խորհրդին նախօրոք գրավոր տեղեկացնել իր այն մերձավոր ազգականների վերաբերյալ, որոնց կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից պետք է կայացվի որոշում, ինչպես նաեւ ինքնաբացարկի այլ հիմքերի մասին:

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խորհրդի նիստի ընթացքում պարզում եւ քննարկմանն է ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ինքնաբացարկի հիմքերի առկայությունը, որը Բարձրագույն դատական խորհուրդը քննարկում է այդ անդամի մասնակցությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ առկա են ինքնաբացարկի հիմքեր, ապա Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի մասնակցում հարցի քննությանը:

Հոդված 98. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները

1. Բարձրագույն դատական խորհուրդը`

1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.

2) Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.

3) Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.

4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.

5) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.

6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.

7) լուծում է այլ քրեական գործի շրջանակներում դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցը.

8) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

9) լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը եւ արձանագրում է դատավորի լիազորությունների դադարումը.

10) հաստատում է իր, ինչպես նաեւ դատարանների ծախսերի նախահաշիվները,

11) իր, Ընդհանուր ժողովի եւ դատարանների բյուջետային հայտը ներկայացնում է Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.

12) հաստատում է իր, Ընդհանուր ժողովի, ինչպես նաեւ դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ սահմանված կարգով ներկայացնում Կառավարություն.

13) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.

14) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի եւ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը.

15) քննարկում է դատարանների եւ դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց եւ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.

16) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

17) դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է կարծիք.

18) հաստատում է դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերը դատարաններում շրջանառելու կարգը.

19) հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ իր եւ դատարանների համագործակցության կանոնները.

20) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.

21) Կառավարության համաձայնությամբ ավելացնում է առանձին դատարանների դատավորների թվակազմը, կրճատում է իր կողմից ավելացված դատավորների թվակազմը.

22) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի եւ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.

23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը.

24) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.

25) Դատարանի նախագահի կողմից  գործերի բաշխումը անհաղթահարելի ուժի հետեւանքով Համակարգչային ծրագրով իրականացնելու անհնարինության մասին ծանուցում ստանալուց հետո անհապաղ քննարկում է պատճառները եւ դրանց վերացման ուղղությամբ տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ Դատական դեպարտամենտին.

26) սահմանում է դատական կազմի բացակայող դատավորներին փոխարինելու կարգը.

27) սահմանում է գործերի քննության միջին տեւողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործերի առանձին տեսակների եւ բարդության.

28) սահմանում է դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու կարգը, ինչպես նաեւ դատավորի ծանրաբեռնվածության չափորոշիչները.

29) հաստատում է դատական դեպարտամենտի կանոնադրությունը եւ կառուցվածքը եւ իրականացնում Դատական դեպարտամենտի հիմնադրի բոլոր լիազորությունները,

30) նշանակում եւ հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին,

31) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

32) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաեւ բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման եւ թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ դրանց աշխատակարգը.

33) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը.

34) հաստատում է դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը.

35) հաստատում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը եւ առանձնացված ստորաբաժանումների ցանկը.

36) հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների քանակը` ըստ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.

37) սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները եւ ձեւերը.

38) սահմանում է դատական կարգադրիչի կրծքանշանի տեսակները եւ ձեւերը

39) սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու եւ կրելու կարգը.

40) հաստատում է դատարանների գործունեության կիսամյակային եւ տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները,

41) սահմանում է Դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը,

42) հաստատում է դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների վարքագծի կանոնները,

43) իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:

2. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 19-23-րդ,      26-րդ, 29-րդ, 31-37-րդ, 41-42-րդ կետերով, 107-րդ հոդվածի 1-ին մասով, 110-րդ հոդվածի 1-ին մասով, 114-րդ հոդվածի 6-րդ մասով, 115-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաեւ մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

ԳԼՈՒԽ 15
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված  99. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը

1. Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ  խորհրդի առնվազն երեք անդամների պահանջով: Բարձրագույն դատական խորհրդի նիստ հրավիրվում է  Ընդհանուր ժողովի, Ընդհանուր ժողովի հանձնաժողովի կամ Դատարանի նախագահի պահանջով:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստերին խորհրդի նախագահի կամ անդամների առնվազն երեքի առաջարկությամբ կարող են հրավիրվել այլ անձինք:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը դռնփակ են, եթե Բարձրագույն դատական խորհուրդը նիստերը դռնբաց անցկացնելու մասին որոշում չի կայացնում:

6. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, որպես դատարան հանդես գալու դեպքում, դռնբաց են՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով, օրենքով պահպանվող այլ տեղեկությունների պահպանության համար կամ դատավորի միջնորդությամբ:

Հոդված  100. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի գումարումը

1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի նիստ գումարում եւ անցկացնում է երկշաբաթյա ժամկետում` սկսած այն պահից, երբ ծագել է խորհրդի որոշում պահանջող հարց:

2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու, այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու, ինչպես նաեւ դատավորի անկախությանը սպառնացող վտանգի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերը գումարվում են անհապաղ, սակայն ոչ ուշ, քան խորհրդին դիմելու կամ տեղեկատվությունը ստանալու հաջորդ օրը:

3. Մարզերում աշխատող Բարձրագույն դատական խորհրդի անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ հատուցվում են գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից այլ վայր մեկնելու եւ վերադառնալու ճանապարհածախսը, ինչպես նաեւ օրապահիկը:

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ կատարած ծախսերի հատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:

5. Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհրդի նիստի օրակարգի, ժամանակի եւ վայրի մասին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով եւ ժամկետում ծանուցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, հարցի քննարկմանը մասնակցող այլ անձանց: Օրակարգում ընգրկված հարցերի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին Դատական դեպարտամենտը տրամադրում է հարցի քննարկումից առնվազն երկու օր առաջ, իսկ անհապաղ հարցերի քննարկման դեպքում ոչ ուշ, քան նիստից անմիջապես առաջ:

Հոդված 101. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի իրավազորությունը եւ նիստերի հետաձգումը

1. Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների 2/3-ի ներկայության դեպքում:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել՝ աշխատանքային օրն ավարտվելու դեպքում՝ բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի:

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաեւ՝

1) քվորումի բացակայության դեպքում.

2) հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին, սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին.

3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգելու մասին որոշումը կայացվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Հոդված  102. Բարձրագույն դատական խորհրդի նիստերի արձանագրումը

1. Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրվում են համակարգչային ձայնագրման համակարգի միջոցով ձայնային արձանագրման եւ համակարգչային եղանակով միաժամանակյա համառոտագրման ձեւով, իսկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման անհնարինության դեպքում պարզ թղթային արձանագրման միջոցով: Համառոտագրումը նիստերի ընթացքում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Համառոտագրումը պահպանվում է թղթային կրիչի վրա` հավաստված արձանագրողի ստորագրությամբ:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստի պարզ թղթային արձանագրությունում նշվում են` նիստի տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը, նիստը սկսելու եւ ավարտելու ժամը, նիստին ներկա Բարձրագույն դատական խորհրդի անդամների եւ նիստի քարտուղարի անունը, տեղեկություններ՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննվող հարցի վերաբերյալ եւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված այլ տեղեկություններ:

3. Բարձրագույն դատական խորհրդի նիստի մասնակցի կամ նիստը նախագահողի պահանջով պարզ թղթային արձանագրությունում ներառվում է նիստի ընթացքում արված կարեւոր համարվող արտահայտության բառացի վերարտադրությունը:

4. Պարզ թղթային արձանագրությունը ստորագրում են նիստը նախագահողը եւ արձանագրողը:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի oրինակը` դրա համառոտագրման հետ, խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է նիստից անմիջապես հետո: Բարձրագույն դատական խորհրդի նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը  խորհրդի նիստին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ oրը:

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամները եւ խորհրդի նիստին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված արձանագրությանը եւ դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:

7. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է նիստը նախագահողը՝ դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:

8. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նիստը նախագահողը կայացնում է որոշում։ Արձանագրության վերաբերյալ ներկայացված դիտողությունները կցվում եւ պահպանվում են համապատասխան գործի մեջ:

Հոդված  103. Բարձրագույն դատական խորհրդում նիստերի անցկացումը

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող խորհրդի անդամը:

3. Նիստը վարողը բացում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը` հայտարարելով, թե ինչ հարց է ենթակա քննության եւ ովքեր են զեկուցելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում քննարկման է դնում նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննության հաջորդականությունը:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը սկսվում է խորհրդի նախագահի կամ նրա հանձնարարությամբ խորհրդի այլ անդամի զեկուցումով:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հարցեր տալ, ներկայացնել առաջարկություններ եւ առարկություններ:

Հոդված 104. Բարձրագույն դատական խորհրդի ակտերը եւ դրանց ընդունման կարգը

1. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս ընդունում է որոշումներ:

2. Բարձրագույն դատական խորհուրդը իր քննարկման ենթակա հարցերի նախապատրաստման նպատակով, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հետ կապված այլ հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

4. Դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները կազմելու եւ հաստատելու, նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի բոլոր անդամների ձայների առնվազն 2/3-ով գաղտնի քվեարկությամբ: Որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի բոլոր անդամների ձայների առնվազն 2/3-ով խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են կողմ կամ դեմ քվեարկել քննարկման դրվող յուրաքանչյուր հարցի շուրջ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարան ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, եւ հատուկ կարծիքը կցվում է որոշմանը: Հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի ստորագրում Բարձրագույն դատական խորհրդի որոշումը:

7. Բարձրագույն դատական խորհրդի անհատական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետում:

8. Բարձրագույն դատական խորհրդի որոշումները ենթակա են հրապարակման դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող որոշումների: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու որոշումները ենթակա են հրապարակման նույն կարգով՝ ապանձնավորած:

9. Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան ընդունած որոշումները ենթակա են հրապարակման նաեւ Հայաստանի Հանրապետության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի հրապարակման համար նախատեսված կարգով:

ԳԼՈՒԽ 16
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 105. Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրման մասին որոշումը

1. Դատավորների թեկնածուների ցուցակի հերթական եւ արտահերթ համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաեւ սնանկության մասնագիտացումը:

2. Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը եւ դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ երկուսով:

3. Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթ թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 10-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի տեղեկություններ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներ անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածուների ցուցակի մասնագիտացման բաժինների:

5. Եթե մինչեւ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչեւ հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան 6 ամիս:

6. Դատավորների թեկնածուների ցուցակը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:

7. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումը կատարվում է հերթական համալրման համար սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:

Հոդված 106. Որակավորման ստուգումը

1. Որակավորման ստուգումը բաղկացած է հայտի ներկայացման եւ ստուգման, գրավոր քննության եւ հարցազրույցի անցկացման փուլերից:

Հոդված 107. Դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հավակնորդին ներկայացվող պահանջները

1. Դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգումներին կարող են մասնակցել 28-ից 60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող այն անձինք, ովքեր ունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում ստացել են իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, ունեն անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից առնվազն երկուսի` ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների` Բարձրագույն դատական խորհրդի սահմանած համապատասխան մակարդակի իմացություն, ունեն առնվազն հինգ տարվա մասնագիտական փորձառություն, եւ առկա չեն դատավոր նշանակվելու սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

2. Սույն հոդվածի իմաստով մասնագիտական փորձառությունը բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեությունն է: Գիտական աստիճան ունեցող եւ գիտական  գործունեությամբ զբաղվող իրավաբանների համար, որպես մասնագիտական փորձառություն հիմք է ընդունվում գիտական կամ կրթական գործունեության փորձը:

Հոդված 108. Հայտի ներկայացումը

1. Դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հավակնորդը (այսուհետ՝ հավակնորդ) որակավորման ստուգման մասին որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում որակավորման ստուգումներին մասնակցելու համար Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնում է սահմանված ձեւի հայտ:

2. Հայտին կից ներկայացվում են`

1)  անձը հաստատող փաստաթղթի պատճեն եւ նույնականացման քարտի համարը,

2)  հինգ գունավոր լուսանկարներ,

3)  իր կենսագրական տվյալները պարունակող քարտ,

4)  նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն իր դատվածության եւ սնանկության կամ դրանց բացակայության մասին,

5)  իրավաբանական կրթության պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ, իսկ գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող իրավաբանների դեպքում՝ իրավագիտության բնագավառի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ,

6)  հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ,

7)  պահանջվող օտար լեզուների՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված համապատասխան մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ,

8)  պահանջվող մասնագիտական փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական փորձառություն համարվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները,

9)  արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,

10) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,

11) Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված ձեւով համաձայնություն՝ իր վերաբերյալ պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից, դատավորի պաշտոնի հավակնորդին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող եւ այլ տեղեկություններ ստանալու մասին,

12) առավելագույնը երեք երաշխավորագիր-նամակ՝ ըստ ցանկության,

13) հայտարարություն հայտում առկա տեղեկությունների եւ կից ներկայացված փաստաթղթերի հավաստիության մասին:

3. Գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող իրավաբանները հայտին կից ներկայացնում են նաեւ՝ վերջին 8 տարիների ընթացքում առնվազն 5 տարվա գիտական կամ կրթական գործունեության փորձառությունը հավաստող ապացույց եւ գիտական աշխատությունների եւ հրապարակումների ցանկը:

4. Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած եւ ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաեւ գործընթացի վերահսկողության ընթացակարգեր:

5. Հավակնորդից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 109. Հայտի եւ դրան կից ներկայացված փաստաթղթերի ստուգումը: Հայտի ընդունման մերժումը

1. Դատական դեպարտամենտը ստուգում է հայտի եւ դրան կից ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունն ու սահմանված պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաեւ իրավասու մարմիններին ուղղված գրավոր  հարցումների միջոցով պարզում է տրամադրված տեղեկությունների եւ ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը:

2. Դատական դեպարտամենտը մերժում է հայտի ընդունումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքով սահմանված ժամկետի խախտմամբ կամ չի բավարարում սույն օրենսգրքով նախատեսված ձեւական պահանջները: Ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են հավակնորդին երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե հայտն ընդունելը մերժելու հիմքն իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, Դատական դեպարտամենտն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմնին:

3. Հայտի ընդունումը մերժելու մասին Դատական դեպարտամենտի որոշումը հավակնորդը կարող է բողոքարկել վարչական դատարան՝ մերժումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գործը քննվում եւ լուծվում է դիմումը ստանալու պահից տասը աշխատանքային օրվա ընթացքում:

4. Հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելու դեպքում հավակնորդը կարող է մասնակցել  որակավորման ստուգման հերթական եւ հաջորդ փուլերին:

5. Հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից ոչ իրավաչափ՝ անվավեր ճանաչվելու դեպքում հավակնորդը շարունակում է, առանց նոր հայտ ներկայացնելու, մասնակցել որակավորման ստուգման հերթական եւ հաջորդ փուլերին: Հայցը մերժելու դեպքում հավակնորդը չի մասնակցում որակավորման ստուգումների հերթական եւ հաջորդ փուլերին եւ դուրս է մնում որակավորման ստուգումների գործընթացից, իսկ եթե մասնակցել է որեւէ փուլի, համարվում է չմասնակցած՝ անկախ արդյունքից:

Հոդված 110. Որակավորման գրավոր քննության  կազմակերպումը

1. Բարձրագույն դատական խորհուրդը ոչ ուշ, քան մինչեւ սեպտեմբերի 15-ը սահմանում եւ հրապարակում է որակավորման գրավոր քննության ձեւը, քննական հարցերի կառուցվածքի եւ բովանդակության նվազագույն պահանջները, գրավոր քննության կազմակերպման եւ անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքները գնահատելու կարգը, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը (որը չի կարող պակաս լինել ընդհանուր միավորների վաթսուն տոկոսից):

2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքին համապատասխան հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը եւ հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձեւը` դուրս չգալով նման հարցումների իրականացման նպատակի սահմաններից:

3. Գրավոր քննության հարցեր մշակելու համար Բարձրագույն դատական խորհուրդն ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Գրավոր քննության հարցերը մշակողը վարձատրվում է Կառավարության սահմանած չափով եւ կարգով:

4. Գրավոր քննության հարցերը մշակողը պարտավոր է գաղտնի պահել, գրավոր քննության հարցերը, պատասխանները, ինչպես նաեւ որեւէ այլ ձեւով չնպաստել հավակնորդի կողմից գրավոր քննության հարցերին պատասխանելուն: Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է ապահովել այնպիսի գործընթաց որով կերաշխավորվի գրավոր քննության հարցերի գաղտնիությունը մինչեւ գրավոր քննությունների սկիզբը: Գրավոր քննության հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կամ Դատական դեպարտամենտին: Գրավոր քննության հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա իրականացված գրավոր քննությունների արդյունքների գնահատմանը:

5. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է գրավոր քննություն անցկացնելու համար գրավոր առաջադրանքների տարբերակների նվազագույն քանակը:

6. Գրավոր քննություն անցկացնելու օրվանից առնվազն 10 օր առաջ Դատական դեպարտամենտը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

7. Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել գրավոր քննությունները տեխնիկական միջոցներով անցկացնելու կարգը:

Հոդված 111. Որակավորման գրավոր քննության եւ հարցազրույցի  անցկացման ժամանակի, վայրի եւ արդյունքների հրապարակումը

1. Որակավորման գրավոր քննության, հարցազրույց անցկացնելու ժամանակի եւ վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:

2. Որակավորման գրավոր քննությունից հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Բարձրագույն դատական խորհրդի կողմից անցկացված հարցազրույցի արդյունքները դրանց ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

Հոդված 112. Որակավորման գրավոր քննության եւ հարցազրույցի  թափանցիկությունը

1. Դատական դեպարտամենտն ապահովում է գրավոր քննության եւ հարցազրույցի ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:

2. Գրավոր քննության եւ հարցազրույցի ողջ ընթացքը (բացառությամբ խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման)  տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից: Այլ անձինք, այդ թվում՝ պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են հետեւել գրավոր քննության եւ հարցազրույցի ողջ ընթացքին՝ առանց տեսաձայնագրելու հնարավորության:

3. Որակավորման ստուգումներին մասնակցած անձն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, հարցազրույցի իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաեւ որակավորման գրավոր քննության արդյունքում ստուգված իր աշխատանքի պատճենը:

4. Որակավորման գրավոր քննությանը եւ հարցազրույցին (բացառությամբ խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) կարող են ներկա լինել եւ դրանց ընթացքին հետեւել արդարադատության նախարարի մեկ ներկայացուցիչ, փաստաբանների պալատի ներկայացուցիչ երկու փաստաբան, եւ որակավորման գրավոր քննության  անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչեւ երեք ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման ժամանակագրական առաջնահերթության, յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկ ներկայացուցիչ:  Դատական դեպարտամենտը նշված անձանց ապահովում է գրավոր քննության եւ հարցազրույցի ընթացքին հետեւելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:

Հոդված 113. Որակավորման գրավոր քննության առաջադրանքը

1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում գրավոր առաջադրանքների միջոցով, որոնք ուղղված են, բացի տեսական իրավական գիտելիքներից, նաեւ հավակնորդի վերլուծական եւ իրավակիրառ կարողությունների ստուգմանը:

2. Գրավոր առաջադրանքները պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու եւ կիրառելու պահանջով:

3. Գրավոր առաջադրանքները կարող են ներառել նաեւ համապատասխան մասնագիտացման ոլորտում հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրներ՝ դրանց ճիշտ լուծումները հավակնորդի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաեւ հիպոթետիկ գործի ամբողջական փաթեթի ուսումնասիրության հիման վրա՝ դատավարական գործողությունների վերլուծություն, դատավարական փաստաթղթերի նախագծում եւ այլն: Գրավոր քննությունը կարող է անցկացվել տարբեր օրերի ընթացքում տարբեր առաջադրանքներ ներկայացնելու միջոցով:

4. Որակավորման գրավոր քննության ընթացքում, հավակնորդին տրամադրվում են  հարցերը մշակած մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության կողմից որոշված անհրաժեշտ գրականություն, իրավական ակտեր եւ այլ նյութեր:

Հոդված 114. Որակավորման գրավոր քննության արդյունքները ստուգող հանձնաժողովները

1. Որակավորման գրավոր քննության  աշխատանքները ստուգելու եւ գնահատելու  նպատակով ձեւավորվում է համապատասխան մասնագիտացում ունեցող գնահատման հանձնաժողով:

2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում համապատասխան մասնագիտացում ունեցող հինգ դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան գիտնական:

3. Գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար գրավոր քննություն անցկացնելուց ոչ շուտ, քան չորս օր առաջ Ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովն առաջարկում է յուրաքանչյուր մասնագիտացման տասը դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ Արդարադատության նախարարը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն չորս իրավաբան գիտնականի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ:

4. Գնահատման հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահները եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամները:

5. Գրավոր քննություն անցկացնելու օրը` քննության ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից եւ իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովների անդամներ: Վիճակահանությունն անց է կացվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

6. Գնահատման հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է գաղտնի: Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է հանձնաժողովի աշխատանքը գաղտնի իրականացնելու անհրաժեշտ մանրամասներ:

7. Գնահատման հանձնաժողովի անդամը վարձատրվում է Կառավարության սահմանած չափով եւ կարգով:

8. Եթե Գնահատման հանձնաժողովի անդամը տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել իր կամ գնահատման հանձնաժողովի այլ անդամի անկողմնակալության մեջ, նա պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել համապատասխանաբար Ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովին կամ Արդարադատության նախարարին:

9. Բարձրագույն դատական խորհուրդը, Ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի կամ Արդարադատության նախարարի առաջարկով կարող է  դադարեցնել գնահատման հանձնաժողովի անդամի լիազորությունները եթե`

1) գնահատման հանձնաժողովի անդամի անաչառությունը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է  հարուցել ողջամիտ կասկած.

2) դատավոր անդամի լիազորությունները դադարել, դադարեցվել կամ կասեցվել են:

10. Գնահատման հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում նոր անդամը նշանակվում է ընդհանուր կարգով:

11. Գնահատման հանձնաժողովի նախագահը ընտրվում է հանձնաժողովի կազմից՝ անդամների ձայների մեծամասնությամբ:

12. Գնահատման հանձնաժողովի գործունեությունը դադարում է համապատասխանաբար գրավոր քննության արդյունքներն ամփոփելու ժամկետը լրանալուց հետո:

Հոդված 115. Որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատումը

1. Գրավոր առաջադրանքները գնահատվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով:

2. Գնահատման հանձնաժողովի բոլոր անդամները պարտավոր են ստուգել  գրավոր քննության բոլոր աշխատանքները: Ստուգումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:

3. Գրավոր քննության աշխատանքները հանձնաժողովը ստուգում եւ գնահատում է անանուն: Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով եւ ուղենիշային տիպային պատասխաններով:

4. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո քննություն հանձնած անձի դիմումի հիման վրա անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գրավոր աշխատանքի պատճենը:

5. Գրավոր քննությունը եւ դրա արդյունքների ամփոփումը պետք է իրականացվեն հայտերն ընդունելու ժամկետի ավարտին հաջորդող մեկ ամսում, բայց ոչ ուշ, քան մինչեւ դեկտեմբերի մեկը:

Հոդված 116. Հարցազրույց անցկացնելու համար նյութեր նախապատրաստելը

1. Գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո Դատական դեպարտամենտը միասնական համալրված ցուցակը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդ` հարցազրույց անցկացնելու նպատակով։

2. Միասնական համալրված ցուցակը կազմվում է.

1) գրավոր քննության հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը համալրելու  համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան հինգով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակից, եւ

2) սույն օրենսգրքի 120-րդ եւ 121-րդ հոդվածներով նախատեսված անձանց ցուցակից, որը կազմվում է ըստ նրանց ներկայացրած հայտերի ընդունման ժամանակահատվածի:

3. Գրավոր քննությունից հավասար անցողիկ միավոր ունեցող բոլոր հավակնորդներն ընդգրկվում են համալրված ցուցակում:

4. Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված հավակնորդների համալրված ցուցակը Դատական դեպարտամենտը հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաեւ յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

5. Պետական եւ համայնքային մարմինները եւ պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ հավակնորդի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների համալրված ցուցակը հրապարակելու օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի պահանջով:

6. Յուրաքանչյուր ոք, ով տիրապետում է տվյալ դատավորի թեկնածուի հավակնորդի վերաբերյալ փաստաթղթավորված այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի կողմից դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների առկայության վերաբերյալ, կարող է հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

7. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը եւ նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտությունների ու որակների գնահատմանը հարցազրույցի ժամանակ: Հավակնորդները իրավունք ունի Դատական դեպարտամենտ ներկայացնել իր մասնագիտական գործունեության ընթացքում կազմված կամ հրապարակված, ոչ ավել քան հինգ գրավոր աշխատանքների օրինակներ՝ հայցադիմումներ, հայցադիմումի պատասխաններ, միջնորդություններ կամ այլ դատավարական փաստաթղթերի նախագծեր, ինչպես նաեւ գիտական հոդվածներ կամ այլ աշխատանքներ՝ հայերեն կամ հայերեն թարգմանությամբ:

8. Միասնական համալրված ցուցակը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն որակավորման ստուգմանը  մասնակցելու հայտին կից հավակնորդի ներկայացրած փաստաթղթերը, գրավոր քննության արդյունքում ստացած միավորները եւ սույն հոդվածով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

9. Հարցազրույցին մասնակցող անձն  իրավունք ունի դիմելու եւ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում գտնվող իր անձնական գործին:

Հոդված 117. Հարցազրույցի անցկացումը

1. Հարցազրույցի նպատակն է դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար հավակնորդի անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտելը: Անհրաժեշտ հմտություններն ու որակները բացահայտվում են՝ հավակնորդի մասնագիտական փորձառությունը, դատավոր դառնալու շարժառիթն ու ակնկալիքը, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, նրա անձնական հատկանիշները (մասնավորապես՝ ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, պատասխանատվության զգացում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ եւ դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշներ) գնահատելու միջոցով: Հարցազրույցն անցկացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան:

2. Հարցազրույցը կազմված է երկու մասից.

1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի եւ անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալ իր անձնական գործում առկա տեղեկությունների վերաբերյալ: Դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված հատկանիշների, ինչպես նաեւ նրա , գիտական հետազոտությունների ոլորտի մասին.

2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն եւ դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների եւ որպես դատավոր գործելու համար կարեւոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար:

3. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձանց համար հարցազրույցը, վերը նշված երկու մասից բացի, ներառում է նաեւ համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ եւ այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները եւ դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ հմտությունները ու որակները գնահատելու համար:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ Հավակնորդի կողմից ընտրելու միջոցով: Պատասխանելուն պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է երեսուն րոպե ժամանակ:

5. Յուրաքանչյուր Հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տեւողությունը մեկուկես ժամ է:

6. Հարցազրույցի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են սույն հոդվածով եւ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա հատկանիշները: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացնում են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդում է քվեարկությունը:

Հոդված 118. Քվեարկությունը, Դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անցկացվում է գաղտնի քվեարկություն, որի ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:

2. Քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի կողմից  կազմվում է թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցուցակ: Եթե քվեարկության արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձինք, ապա բոլոր նշված անձինք ընդգրկվում են ցուցակում:

3. Ցուցակը կազմելիս հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որեւէ սեռի դատավորների թիվը պակաս է դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում երաշխավորվում է առնվազն հիսուն տոկոս:

Հոդված 119. Դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումը

1. Բարձրագույն դատական խորհուրդը որակավորման ստուգման արդյունքների հիման վրա կազմում եւ հաստատում է, այդ թվում` լրացնում եւ փոփոխում է դատավորների թեկնածուների ցուցակը:

Հոդված 120. Դատավորների թեկնածուների ցուցակներում նախկին դատավորների եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորների ընդգրկման կարգը

1. Դատավոր աշխատած այն անձինք, որոնց լիազորությունները վաղաժամկետ

դադարացվել կամ դադարել են սույն օրենսգրքով սահմանված հիմքերով (այսուհետ` նախկին դատավորներ), եւ որոնք վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 2 տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով, եթե առկա չեն դատավոր նշանակվելու սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները: Սույն մասում նշված դատավորներները չեն կարող ընդգրկվել դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե նրանց լիազորությունները դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու հիմքով կամ դատապարտվել է անզգույշ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:

2. Նախկին դատավորները տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը, կարող են գրավոր դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին: Բարձրագույն դատական խորհրդի պահանջով նախկին դատավորը ներկայացնում է սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի։

4. Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնի լրացման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա Բարձրագույն դատական խորհուրդը լրացնում է դատավորների թեկնածուների ցուցակը:

5. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ վճռաբեկ դատարանում կամ ընդգրկված է եղել դատավորների առաջխաղացման ցուցակում կամ աշխատել է որպես դատավոր եւ բավարարում է սույն օրենսգրքով դատավորի համար սահմանված պահանջներին, ապա իր դիմումի հիման վրա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով քվեարկության է դրվում նաեւ համապատասխան մասնագիտացման վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում նրան ընդգրկելու հարցը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձը վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

7. Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորները (սույն հոդվածի 1-ին մասում նշված նախկին դատավորների հետ միասին այսուհետ՝ նախկին դատավորներ), ովքեր բավարարում են սույն օրենսգրքով սահմանված պահանջները ընդգրկվում են դատավորների թեկնածուների եւ վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար  առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներում սույն հոդվածով նախկին դատավորների համար սահմանված կարգով, եթե առկա չեն դատավոր նշանակվելու սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները:

8. Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե համապատասխան դատարանում նրա լիազորությունները դադարեցվել են խախտում թույլ տալու հիմքով կամ նա դատապարտվել է անզգույշ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի կամ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով:

Հոդված 121. Դատավորների թեկնածուների ցուցակում իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող իրավաբանների ընդգրկման կարգը

1. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ վերջին ութ տարիների ընթացքում առնվազն հինգ տարվա գիտական կամ կրթական գործունեության փորձառություն ունեցող իրավաբանները, ովքեր բավարարում են սույն օրենսգրքի   107-րդ հոդվածի պահանջները, կարող են դատավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին: Հայտի ներկայացման եւ ստուգման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 108-րդ եւ 109-րդ հոդվածների դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում են որակավորման ստուգման հարցազրույցի փուլը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձն, ով ունի առնվազն ութ տարվա գիտական կամ կրթական գործունեության փորձառություն կարող է դիմում ներկայացնել վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը նշված հարցը, քվեարկության է դնում առանձին քվեաթերթիկով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց համար Արդարադատության ակադեմիայում ուսուցումը կազմակերպվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանած գիտելիքների եւ հմտությունների զարգացման մասով:

Հոդված 122. Դատավոր նշանակվելու սահմանափակումները

1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործության համար եւ դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) ով ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է),

5) ով չունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.

6) ով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ եւ սնանկության վարույթը չի ավարտվել.

7) ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

2. Դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 123. Դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

1. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա գրավոր դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 63 տարին.

4)  օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ անձը ընդգրկվել է ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ.

5) նա առանց հարգելի պատճառի չի անցել հերթական վերապատրաստման ծրագիրը.

6) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

7) ով դատապարտվել է հանցագործության համար եւ դատվածությունը մարված կամ հանված չէ.

8) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

9) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

10) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն կամ հրաժարվել է սույն օրենսգրքով նախատեսված բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց.

11) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չի  զբաղվել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով եւ չի դիմել դատարանների աշխատակազմերում աշխատանքի անցնելու համար. Սույն կետում նշված սահմանափակումները չեն տարածվում մայրության հետ կապված պատճառներով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա.

12) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն հինգ տոկոսից.

13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական վերջնական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը.

15) սույն օրենսգրքով նախատեսված այլ հիմքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-10 եւ 12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը այդ հիմքերի մասին գրավոր հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը պարտավոր է հրավիրել Բարձրագույն դատական խորհրդի նիստ: Սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ օրենքով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ:

3. Եթե առերեւույթ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն կամ դատավորի թեկնածուն հրաժարվել է բժշկական զննություն անցնելու պահանջը կատարելուց, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմում է ներկայացնում իրավասու մարմին՝ դատավորի թեկնածուի բժշկական զննությունը կազմակերպելու համար: Եթե զննության արդյունքում հիմնավորվում է, որ առկա է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, ապա Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նիստ է հրավիրում:

4. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է սույն հոդվածով նախատեսված հիմքերը: Եթե գաղտնի քվեարկության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը համարում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից մեկը, ապա այդ անձը հանվում է դատավորների թեկնածուների ցուցակից:

Հոդված 124. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր առաջին ատյանի դատարան.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանից կա ռեզերվային դատավոր, ով ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում եւ չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել ռեզերվային: Մի քանի ռեզերվային դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Հոդված 125. Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար նշանակման ենթակա դատավորի թեկնածու առաջարկելու կարգը

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության Նախագահին գրավոր առաջարկում է նշանակման ենթակա (ընդ որում` այն թեկնածուները, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում, նրանց թեկնածությունը չի քննարկվում) դատավորների թեկնածուներին՝ ստորեւ բերված հերթականությամբ.

1) առաջին հերթին առաջարկում է վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացման այն դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավագին.

2) երկրորդ հերթին առաջարկում է այլ դատարանից ռեզերվային դատավորին, ով ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է նախ առաջին ատյանի այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին.

3) երրորդ հերթին առաջարկում է դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձանց առաջարկությունն արվում է, եթե անգամ նրանք ընդգրկված են առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ նախկին դատավորին:

4) չորրորդ հերթին առաջարկվում է դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական կամ կրթական գործունեության փորձառություն ունեցող իրավաբաններին:  Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին.

5) հինգերորդ հերթին առաջարկվում է թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին, ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:

2. Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է էլեկտրոնային փոստի հասցեով:

Հոդված 126. Առաջին ատյանի դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը եւ չընդունելու հետեւանքները

1. Առաջին ատյանի դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուն ծանուցումը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Մեկշաբաթյա ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Սույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձի անհամաձայնությունը դատավորի համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում:

3. Սույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը չի վերացնում նրա` ռեզերվային դատավորի կարգավիճակը, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար վերացնում է: Առաջին ատյանի մասնագիտացված կամ վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավորը ստանում է ռեզերվային դատավորի համար նախատեսված չափով աշխատավարձ:

4. Սույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված դեպքերում թեկնածուի անհամաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նա ընդգրկված է նաեւ դատավորների առաջխաղացման ցուցակում, հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն: Այս հիմքով դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու դեպքում թեկնածուն այլեւս չի կարող դիմել սույն օրենսգրքի 120-րդ եւ 121-րդ հոդվածներով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին դիմումով: Սույն մասով սահմանված դատավորների թեկնածուների ցուցակից հանելու կանոնը չի տարածվում Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորների վրա:

5. Սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն՝ բացառությամբ մայրանալու կամ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված լինելու պատճառով հրաժարվելու, ինչպես նաեւ այն դեպքի, երբ ցուցակում առկա են Արդարադատության ակադեմիայի թափուր տեղին համապատասխան մասնագիտացման շրջանավարտներ, որոնք ունեն իրենից նվազ հանրագումարային միավորներ:

6. Եթե սույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում ցուցակում գտնվող տվյալ տարվա նվազագույն հանրագումարային միավոր ունեցող թեկնածուն անհամաձայնության հետեւանքով հանվում է ցուցակից, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է հաջորդ նվազ հանրագումարային միավոր ունեցող թեկնածուին: Եթե վերջինս անհամաձայնության հետեւանքով եւս պետք է հանվի ցուցակից, ապա սույն մասով սահմանված կարգով առաջարկությունները կրկնվում են այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ տվյալ տարվա Ակադեմիայի շրջանավարտների թափուր տեղին համապատասխան մասնագիտացման ցուցակը չի սպառվել, բացառությամբ այն շրջանավարտների, որոնք հրաժարվել են մայրանալու պատճառաբանությամբ:

7. Սույն օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված թեկնածուի անհամաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է ժամանակագրական կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրված հաջորդ անձին, քանի դեռ որեւէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ թափուր տեղին համապատասխան մասնագիտացման ցուցակը չի սպառվել:

8. Թեկնածուի համաձայնության դեպքում թեկնածությունը առաջարկվում է Հանրապետության Նախագահին:

Հոդված 127. Հանրապետության Նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկը չընդունելու հետեւանքները

1. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահին նշանակման առաջարկ ներկայացնելիս ներկայացվում է նաեւ նշանակվող անձի անձնական գործը:

2. Առաջարկը ստանալուց եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահը կամ նշանակում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված թեկնածուին կամ առարկություններով վերադարձնում է Բարձրագույն դատական խորհրդին:

3. Հանրապետության նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը առարկություններով վերադարձնելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր է նիստ հրավիրել:

4. Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի առարկությունները քննարկում եւ որոշում է կայացնում գաղտնի քվեարկությամբ: Եթե Բարձրագույն դատական խորհուրդը չի ընդունում Հանրապետության Նախագահի առարկությունը, ապա Հանրապետության Նախագահը եռօրյա ժամկետում առաջարկությանը համապատասխան կատարում է նշանակում կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Հանրապետության նախագահը Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությունը եռօրյա ժամկետում իր առարկություններով չի վերադարձնում Բարձրագույն դատական խորհուրդ, կամ Հանրապետության Նախագահի առարկությունները Բարձրագույն դատական խորհրդի կողմից չընդունվելու դեպքում չի դիմում Սահմանադրական դատարան, ապա համապատասխան անձն իրավունքի ուժով համարվում է նշանակված առաջարկված պաշտոնում, ինչի մասին Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակում է հայտարարություն դատական իշխանության պաշտոնական կայքում:

Հոդված 128. Դատավորի երդումը

1. Դատավորի պաշտոնում նշանակված անձը դատավորի պաշտոն ստանձնելիս նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնը ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում, որին հրավիրվում է Հանրապետության Նախագահը, տրված հետեւյալ երդմամբ.

«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, լինել անկախ, անաչառ, արդարացի եւ մարդասեր, անվերապահորեն պահպանել դատավորի կարգավիճակին ներկայացվող բոլոր պահանջները՝ ապահովելով իրավունքի գերակայությունը եւ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:»:

2. Երդումը տրվում է հանդիսավոր պայմաններում՝ ապահովելով հանրային հասանելիությունը,  անհատական կարգով՝ յուրաքանչյուր դատավորի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով, որից հետո դատավորը ստորագրում է ընթերցված տեքստը:

Հոդված 129. Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու կարգը

1. Բացառիկ հիմքերի առկայության դեպքերում աԱռաջին ատյանի դատավորն իրավունք ունի սույն օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված հերթից դուրս դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով իրեն նշանակել մեկ այլ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում՝ տվյալ առաջին ատյանի դատարանում համապատասխան մասնագիտացման դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում: Նման դիմում չի կարող ներկայացվել, եթե այդ դատարանում կա ռեզերվային դատավորներ:

2. Դիմում ներկայացնող դատավորը դիմումի մեջ պետք է շարադրի տեղափոխման հիմնավոր պատճառները: Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է դատավորի դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորին զրույցի։ Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Եթե տեղափոխմանը կողմ է քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին, ապա համապատասխան առաջարկությունը ներկայացվում է Հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահին է ներկայացվում նաեւ համապատասխան դատավորի պատճառաբանված դիմումը:

Հոդված 130. Առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման կարգը

1. Երկու տարբեր առաջին ատյանի դատարանների նույն մասնագիտացում ունեցող դատավորներն իրավունք ունեն դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ՝ խնդրելով կատարել իրենց պաշտոնների փոխանակում: Դիմում ներկայացնող դատավորները պետք է պատճառաբանեն իրենց դիմումը: Դիմումի մեջ պետք է շարադրվեն համապատասխան դատավորների պաշտոնների փոխանակման հիմնավոր պատճառները:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված դիմումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում դատավորներին զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Եթե փոխանակմանը կողմ է քվեարկել Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին, ապա համապատասխան առաջարկությունը ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Հանրապետության Նախագահին են ներկայացվում նաեւ համապատասխան դատավորների պատճառաբանված դիմումը:

Հոդված 131. Առաջին ատյանի դատարանի նախագահի նշանակման կարգը

1. Դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուն նախորդող երկու ամսվա ընթացքում կամ առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Դատական դեպարտամենտը կազմում եւ երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր տվյալ դատարանում ունեն ոչ պակաս քան երեք տարվա դատավորի պաշտոնավարման փորձառություն, չունեն կարգապահական տույժ եւ վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 134–րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք:

4. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել թվով «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է այն դատավորին, ով տվյալ դատարանում ունի պաշտոնավարման առավել երկար փորձառություն:

5. Առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո առաջին ատյանի դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես տվյալ առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հոդված 132. Դատարանների նախագահների նշանակման հետ կապված առաջարկ ներկայացնելիս` քվեարկության ժամանակ հաշվի առնվող հատկանիշները

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամը դատարանների նախագահների նշանակման հետ կապված առաջարկ ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում դատարանի նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող հատկանիշներ, այդ թվում՝

1) դատավորի մասնագիտական հեղինակությունը.

2)դատավորի մասնակցությունը դատական իշխանության ինքնակառավարմանը.

3) դատավորի մասնակցությունը իրավունքի եւ օրենսդրության զարգացման ծրագրերին.

4) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսեւորված վերաբերմունքը.

5) դատավորի կազմակերպչական եւ կառավարչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանքի փորձառության դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:
 


ԳԼՈՒԽ 17
ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 133. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները

1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմում եւ հաստատում, այդ թվում՝ լրացնում եւ փոփոխում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները:

2. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներն են`

1) վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական, քաղաքացիական, վարչական մասնագիտացման բաժիններով.

2) վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը` քրեական մասնագիտացման բաժնով, քաղաքացիական եւ վարչական մասնագիտացման բաժնով:

Հոդված 134. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի առնվող հատկանիշները

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամը առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման հարցը քննարկելիս, քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում դատավորի՝

1) մասնակցությունը դատական իշխանության ինքնակառավարմանը,

2) մասնակցությունը իրավունքի եւ օրենսդրության զարգացման ծրագրերին,

3) գործունեության գնահատման արդյունքները, դատավոր աշխատելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:

Հոդված 135. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի համալրման նախապատրաստումը

1. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացմամբ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն ունեցող, դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձեւով.

2) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն հինգ տարի համապատասխան մասնագիտացմամբ դատավոր աշխատած նախկին դատավորը.

3) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վերաքննիչ դատարանի դատավոր, Վճռաբեկ դատարանի նախկին դատավորը՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի պահանջները.

4) վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանում պաշտոնավարած դատավորը՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի պահանջները.

5) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարվա գիտական կամ կրթական գործունեության փորձառություն ունեցող անձինք, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորները՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի պահանջները:

2. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը բաղկացած է երեք բաժնից.

1) քրեական մասնագիտացում.

2) քաղաքացիական մասնագիտացում,

3) վարչական մասնագիտացում:

3. Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական  եւ վարչական մասնագիտացմամբ բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինը հաշվարկված թվով համալրելու մասին:

4. Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա ոչ ուշ, քան մինչեւ հունիսի 10-ը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների առաջխաղացման ցուցակի մասնագիտացման բաժինների:

5. Եթե մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հերթական համալրման ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժինն արտահերթ համալրելու մասին՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով:

6. Դատավորների թեկնածուների ցուցակը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:

7. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրումը կատարվում է հերթական համալրման համար սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված ժամկետում դիմում են ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդին` դիմումին կցելով հետեւյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) հավակնողի կենսագրական տվյալները պարունակող քարտ,

3) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ։

9?Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված անձինք՝ ներկայացնում են նաեւ՝

1) գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ,

2) գիտական կամ կրթական գործունեության առնվազն ութ տարվա փորձառության առկայությունը հավաստող ապացույց, ինչպես նաեւ գիտական աշխատությունների եւ հրապարակումների ցանկը, գիտական գործունեությամբ զբաղվող իրավաբան գիտնականների դեպքում:

Հոդված 136. Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Դիմումներ ընդունելու ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 136-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է գաղտնի քվեարկություն: Յուրաքանչյուր բաժնի համար կազմվում են առանձին քվեաթերթիկներ` ընդգրկվելով այդ բաժնում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած բոլոր թեկնածուներին:

3. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է ցուցակը լրացնելու համար անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի համալրման ենթակա անձանց թվին հավասար ձայներ:

4. Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվում են առավել «կողմ» ձայներ ստացած այնքան անձիք, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առաջնությունը տրվում է  դատավորի առավել մեծ փորձառություն ունեցող անձին: Եթե հավասար ձայներ հավաքած անձինք չունեն դատավորի փորձառություն, ապա նրանք ընդգրկվում են առաջխաղացման ցուցակում:

5. Եթե դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի քիչ կամ դրան հավասար թեկնածու, ապա այդ բաժնի համար քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին:

6. Բարձրագույն դատական խորհուրդը  մինչեւ օգոստոսի 1-ը հաստատում է քվեարկության արդյունքում կազմված առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:

7. Առաջխաղացման ցուցակում ընդգրկված եւ դատավորի պաշտոն չզբաղեցնող անձանց համար Արդարադատության ակադեմիայում կազմակերպվում է ուսուցում գործնական հմտությունների զարգացման մասով:

Հոդված 137. Վերաքննիչ դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներից հանելու հիմքերը

1. Առաջխաղացման ենթակա Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձի անունը հանվում է ցուցակից՝

1) եթե նա առաջխաղացման կարգով նշանակվել է համապատասխանաբար դատավորի պաշտոնում.

2) եթե նա գրավոր դիմում է այդ մասին.

3) եթե դադարեցվել  կամ դադարել են նրա` որպես դատավորի լիազորությունները.

4) եթե նա ընդգրկվել է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ եւ այդ խախտումը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով.

5) եթե նա հրաժարվել է զբաղեցնել թափուր պաշտոնը,

6) եթե Բարձրագույն դատական խորհուրդը նրա նկատմամբ կիրառել է նկատողություն կամ խիստ նկատողություն կամ գործունեության գնահատման արդյունքներով նա ենթակա է  լրացուցիչ պարտադիր վերապատրաստման?

7) եթե նրա անունը սույն օրենսգրքով նախատեսված դեպքում հանվել է դատավորների թեկնածուների ցուցակներից:

2. Անձին ցուցակից դուրս թողնելը կամ ցուցակի ուժը կորցնելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:

Հոդված 138. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է նոր վերաքննիչ դատարան.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա ռեզերվային դատավոր: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել ռեզերվային: Մի քանի դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին: Եթե համապատասխան դատարանում կա ռեզերվային դատավոր, որը նշանակվել է այլ դատարանի դատավորի պաշտոնում եւ հրաժարվում է սույն մասով նախատեսված կարգով նշանակվել տվյալ դատարանում դատավորի պաշտոնում, ապա նա դադարում է համարվել ռեզերվային դատավոր եւ տվյալ դատարանում առաջանում է թափուր տեղ:

Հոդված 139. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար նշանակման ենթակա դատավորի  թեկնածու առաջարկելու կարգը

1. Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Հանրապետության Նախագահին թեկնածություն առաջարկելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդը գրավոր առաջարկում է դատավորներին ստորեւ բերված հերթականությամբ.

1) առաջին հերթին առաջարկում է վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացման այն դատավորին, ով մինչ այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհրդին` խնդրելով իրեն տեղափոխել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում առաջնահերթությունը տրվում է տարիքով ավագին.

2) երկրորդ հերթին առաջարկում է տարիքով ավագ վճռաբեկ դատարանից ռեզերվային դատավորին, ով ունի համապատասխան մասնագիտացում եւ չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին.

3) երրորդ հերթին առաջարկում է վերաքննիչ դատարանի առաջխաղացման ցուցակում ավելի վաղ ընդգրկված անձին:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետով սահմանված անձինք չկան կամ 1-ին մասում ընդգրկված բոլոր անձիք առաջարկությունը չեն ընդունում, ապա առաջարկված են համարվում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված բոլոր անձիք ըստ ցուցակում ընդգրկելու ժամանակագրական հերթականության:

3. Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

Հոդված 140. Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկված թեկնածուների կողմից առաջարկն ընդունելու կարգը, չընդունելու հետեւանքները

1. Թեկնածուն ծանուցումը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել իր գրավոր համաձայնությունը կամ հայտնել անհամաձայնությունը նշանակման վերաբերյալ: Սահմանված ժամկետում համաձայնություն չտալը դիտվում է որպես անհամաձայնություն:

2. Սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի անհամաձայնությունը նրա համար որեւէ բացասական հետեւանք չի առաջացնում, իսկ  համաձայնության դեպքում նա սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

3. Սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում վճռաբեկ դատարանի դատավորի համաձայնությունը վերացնում է նրա`  ռեզերվային դատավորի կարգավիճակը եւ նա շարունակում է ստանալ ռեզերվային դատավորի կարգավիճակին համապատասխանող աշխատավարձ, եթե վերաքննիչ դատարանի դատավորի աշխատավարձն ավելի ցածր է:

Հոդված 141. Վերաքննիչ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու կարգը

1. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ընդգրկված անձանց անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

2. Բարձրագույն դատական խորհուրդը անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում ավելի վաղ ընդգրկված բոլոր անձինք: Եթե ավելի վաղ ընդգրկված է միայն մեկ անձ, ապա քվեարկվում է այդ անձի թեկնածությունը, իսկ մեկից ավելիի դեպքում քվեարկվում է միաժամանակ ցուցակ ընդգրկված բոլոր անձանց թեկնածությունները:

3. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկության արդյունքներով դրական եզրակացություն է տրվում առավել ձայն ստացած անձին: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է առավել երկար մասնագիտական փորձառություն ունեցող անձին:

4. Եթե քվեարկվում է մեկ թեկնածու, ապա նա համարվում է ընտրված, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին: Սահմանված քանակի ձայներ չստանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը այդ անձին հանում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման  ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:

5. Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը  առաջարկություն է ներկայացնում Հանրապետության նախագահին:

Հոդված 142. Վերաքննիչ դատարանի նախագահի նշանակման կարգը

1 Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Դատական դեպարտամենտը կազմում եւ երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ  դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր տվյալ դատարանում ունեն ոչ պակաս քան 3 տարվա դատավորի անընդմեջ պաշտոնավարման փորձառություն, չունեն կարգապահական տույժ եւ վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդը անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Քվեարկությունն անցկացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով:

4. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել թվով «կողմ» ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է այն դատավորին, ով տվյալ դատարանում ունի պաշտոնավարման առավելագույն ստաժ:

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված է միայն մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների կեսից ավելին:

Հոդված 143. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է վճռաբեկ դատարանի նոր պալատ.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

Հոդված 144. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմելը, հաստատելն ու առաջարկություն ներկայացնելը

1. Վճռաբեկ դատարանում դատավորի  թափուր տեղ առաջանալու օրվանից ժամկետում, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի դատավորի  պաշտոնավարման ժամկետը լրանալուն նախորդող երկու ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը կազմում, հաստատում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա երեք դատավորների թեկնածուների ցուցակը եւ նրանց թեկնածությունները ներկայացնում է Ազգային ժողով:

2. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժնում կարող են ընդգրկվել` քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող`

1) դատավորները, ովքեր ունեն մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձ, կամ

2) իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ առնվազն տասը տարվա գիտական կամ կրթական գործունեության փորձառություն ունեցող անձինք, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանում կամ վերաքննիչ դատարանում վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա դատավորի փորձառություն ունեցող կամ  Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի նախկին դատավորները:

2. Բարձրագույն դատական խորհուրդը Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հրապարակում է վճռաբեկ դատարանում դատավորների առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման մասին հայտարարություն: Հայտարարության մեջ նշվում են թեկնածուների կողմից դիմումների եւ փաստաթղթերի ներկայացման ժամկետները եւ վայրը:

3. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում։

4. Դիմումներ ընդունելու սահմանված ժամկետի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնողների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձինք դիմումներն ընդունելու ժամկետում կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` դիմումին կցելով հետեւյալ փաստաթղթերը.

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ,

3) հավակնողի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ,

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ,  (եթե դիմողն արական սեռի է),

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին Կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,

6) գիտական կամ կրթական գործունեության առնվազն տասը տարվա փորձառության առկայությունը հավաստող փաստաթուղթ, իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց կողմից դիմելու դեպքում:

6. Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի 136-րդ հոդվածով սահմանված հատկանիշները, անցկացնում է գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկներում ընդգրկվում են այդ բաժնում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած բոլոր թեկնածուները:

7. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակից ավելի շատ թեկնածու, ապա քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է երեքի: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած թեկնածուներին: Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, քան սահմանված է սույն մասով, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր: Քվեարկության արդյունքներով առաջխաղացման ցուցակում ընդգրկվում են առավել «կողմ» ձայներ ստացած այնքան թեկնածուներ, որքան ձայն ուներ քվեարկության մասնակիցը:

8. Եթե առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել է անհրաժեշտ թվաքանակին հավասար կամ ավելի քիչ քանակի թեկնածու, ապա քվեարկելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամի ունեցած ձայների թիվը հավասար է թեկնածուների թվին: Քվեարկության արդյունքներով անցած են համարվում այն թեկնածուները, որոնց օգտին է քվեարկել քվեարկությանը մասնակցած Բարձրագույն դատական խորհրդի անդամների կեսից ավելին:

9. Վճռաբեկ դատարանում դատավորների առաջխաղացման ցուցակն ուժը կորցնում է Հանրապետության նախագահի կողմից վճռաբեկ դատարանի  դատավոր նշանակելու պահից:

10. Ցուցակի ուժը կորցնելը արգելք չէ ցուցակում ընդգրկվելու նպատակով կրկին դիմելու համար:

Հոդված 145. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգը

1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու դեպքում Դատական դեպարտամենտը կազմում եւ երկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ  պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր տվյալ դատարանում ունեն ոչ պակաս քան երեք տարվա դատավորի պաշտոնավարման փորձ, չունեն կարգապահական տույժ եւ չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում:

2. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է հավակնորդների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

3. Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով սույն օրենսգրքի  134-րդ եւ 136-րդ հոդվածով սահմանված հատկանիշները անցկացնում է գաղտնի քվեարկություն։ Քվեաթերթիկում ընդգրկվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված բոլոր անձինք: Քվեարկությունն անցկացվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով:

4. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Քվեարկության արդյունքներով Հանրապետության Նախագահին է առաջարկվում առավել թվով ձայներ ստացած անձը: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն՝ քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքում ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է այն դատավորին, ով տվյալ դատարանում ունի պաշտոնավարման առավել մեծ փորձառություն:

5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ցուցակում ընդգրկված է միայն մեկ թեկնածու, ապա նա համարվում է քվեարկությունն անցած, եթե ստացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

Հոդված 146. Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության կարգը

1. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն ընտրվում է սույն օրենսգրքով 148-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Բարձրագույն դատական խորհուրդը քվեարկությունն անցած թեկնածուին առաջարկում է Ազգային ժողով:

3. Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հոդված 147. Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների դադարումը

1. Առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի, Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի եւ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունները դադարում են պաշտոնավարման ժամկետը լրանալու, ինչպես նաեւ նրա՝ որպես դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում:
 


ԳԼՈՒԽ 18
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 148. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:

2. Կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական վարույթին չմիջամտելու, դատական իշխանության եւ դատավորի անկախությունը հարգելու եւ հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու  խտրականության արգելքի եւ թափանցիկության սկզբունքների հիման վրա:

Հոդված 149. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտումը.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը.

3) դատավորի կողմից օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունները չկատարելը,

4) սույն օրենսգրքով սահմանված կարգով արդարադատության եւ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելը:

2. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որեւէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

3. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաեւ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությունը:

4. Դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

5. Դատավորին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը եւ հակառակը:

6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի եւ ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:

Հոդված 150. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտման հիմքերով՝ եզրափակիչ դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.

2) արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտման հիմքերով՝ օրենքով սահմանված ժամկետում դատական ակտը չկայացվելու դեպքում օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ եռամսյա ժամկետում.

3) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելու հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

4) դատավորի կողմից օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունները չկատարելու եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով արդարադատության եւ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու մասին Բարձրագույն դատական խորհրդին չհայտնելու հիմքերով՝ արարքը հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

Հոդված 151. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները

1. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

1) Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը.

2) արդարադատության նախարարը:

2. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելու, այն կասեցնելու, վերսկսելու եւ կարճելու որոշումները կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մյուս մարմնին, ինչպես նաեւ հաղորդում ներկայացրած անձին եւ  համապատասխան դատավորին:

Հոդված 152. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.

2)   կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.

3)   վարույթ հարուցող անձի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը:

2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

3. Կարգապահական վարույթ հարուցող մարմինը մինչեւ դրա հարուցման հարցի լուծումը իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկել ներկայացնելու կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:

4. Կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկվում է այն հարուցելու առիթը վարույթ հարուցող մարմնին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, իսկ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության դեպքում՝ 6 ամսվա ընթացքում:

 5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում կարգապահական վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է չհարուցելու պատճառները:

6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝

1) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է կարգապահական վարույթ հարուցող նույն կամ մյուս մարմնի կողմից հարուցված վարույթ

2) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում

3) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում:

Հոդված 153. Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ընթացքը

1. Հարուցված կարգապահական վարույթի տեւողությունը մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի լուծումը չի կարող վեց շաբաթից ավելի լինել՝  բացառությամբ դատավորի՝ դատարանից բացակայության դեպքերի (արձակուրդ, անաշխատունակություն, գործուղում՝ բացառությամբ սույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքի, եւ այլն): Սույն մասով նախատեսված ժամկետը դատավորի բացակայության ժամանակահատվածով վարույթ հարուցող մարմնի որոշմամբ երկարաձգվում է: Դատավորի բացակայության հիմքերի եւ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը վարույթ հարուցող մարմնին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:

 2. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի՝

1) դատարանից պահանջել եւ ուսումնասիրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.

2) դատարանում ծանոթանալ քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռեւս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չմիջամտելով արդարադատության իրականացման գործընթացին.

3) դատավորին առաջարկել ներկայացնել գրավոր բացատրություններ.

4) առաջարկել հաղորդում ներկայացրած անձին ներկայացնելու կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր.

5) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ պաշտոնատար անձանցից պահանջել եւ ստանալ նյութեր:

3. Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝

1) ներկայացնել գրավոր բացատրություններ, ապացույցներ եւ անել միջնորդություններ.

2) կարգապահական վարույթ հարուցող մարմնից ստանալ  կարգապահական վարույթի  նյութերի պատճենները.

3) սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերում նախատեսված իրավունքները իրականացնել անձամբ կամ փաստաբանի միջոցով:

4. Կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցած մարմինը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը՝

1) կարգապահական վարույթը կարճելու մասին.

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:

5. Կարգապահական վարույթ հարուցած մարմինը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի հարուցման վարույթը այն դեպքում, երբ՝

1) առկա չեն հիմքեր կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու համար.

2) նույն վարույթ հարուցած մարմինը նախկնում նույն արարքի համար, նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ կամ կարճել է հարուցված կարգապահական վարույթը,

3) նույն վարույթ հարուցած մարմինը կամ մյուս մարմինը նախկնում նույն արարքի համար, նույն անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին.

 4) Բարձրագույն դատական խորհուրը կայացրել է որոշում նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ.

5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները:

6. Կարգապահական վարույթը կարճելու մասին որոշման օրինակները կարգապահական վարույթ հարուցող մարմինները փոխադարձաբար ուղարկում են միմյանց:

7. Նույն հիմքով նույն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցված լինելու դեպքում ավելի ուշ վարույթ հարուցած մարմինը որոշում է կայացնում կարգապահական վարույթը կասեցնելու մասին: Կարգապահական վարույթը կասեցնելու օրվանից մինչեւ դրա վերսկսումը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական վարույթի տեւողության ժամկետի ընթացքը կասեցվում է:

8. Կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնի կողմից կարգապահական վարույթը կարճելու կամ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու մասին որոշումը ստանալու օրը վարույթը կասեցրած մարմինը վերսկսում է կասեցված կարգապահական վարույթը:

 9. Վարույթ հարուցող մարմինը պարտավոր է ապահովել կարգապահական վարույթի գաղտնիությունը: Կարգապահական վարույթի շրջանակներում առաքվող բոլոր փաստաթղթերը պետք է առաքվեն փակ ծրարներով` «ծառայողական» դրոշմագրով: Կարգապահական վարույթի նյութերն օրենքով չնախատեսված անձանց տրամադրելն արգելվում է:

10. Մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու հարցի լուծումը կարգապահական վարույթ հարուցող մարմնի եւ համապատասխան դատավորի միջեւ կարգապահական վարույթի վերաբերյալ բանավոր քննարկումներ չեն կարող լինել:

Հոդված 154. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում կարգապահական վարույթ հարուցող մարմինը  որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

3. Ներածական մասը բովանդակում է կարգապահական վարույթ հարուցողի անվանումը, դատավորի եւ նրան ներկայացուցչի անունը, ազգանունը:

4. Նկարագրական-պատճառաբանական մասում կարգապահական վարույթ հարուցողը շարադրում է դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարքը, այդ արարքը կատարված լինելը հիմնավորող տեղեկությունները եւ արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները:

5. Եզրափակիչ մասը բովանդակում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն, Բարձրագույն դատական խորհրդում միջնորդությունը ներկայացնող ներկայացուցչի անունը, որոշումը կազմելու ամիս, ամսաթիվը եւ տարեթիվը, ինչպես նաեւ  կարգապահական վարույթ հարուցող մարմնի ստորագրությունը եւ կնիքը (առկայության դեպքում):

6. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է Բարձրագույն դատական խորհրդին (այդ թվում՝ էլեկտրոնային կարգով), դատավորին եւ կարգապահական վարույթ հարուցող մյուս մարմնին: Որոշման հետ միասին Բարձրագույն դատական խորհրդին եւ դատավորին են ուղարկվում   կարգապահական պատասխանատվության վարույթի բոլոր նյութերի պատճենները: Միջնորդություն ներկայացնելու մասին որոշման էլեկտրոնային տարբերակը տրամադրվում է նյութերի հետ միասին տրամադրվում է Բարձրագույն դատական խորհրդին:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելու պահից կարգապահական վարույթ հարուցող  մարմինը այն չի կարող հետ վերցնել:

8. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը եւ կարգապահական վարույթի նյութերը ստանալու պահից երկու շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհրդին եւ վարույթ հարուցող մարմնին ուղարկելու պատասխան՝ կցելով էլեկտրոնային կրիչը: Բարձրագույն դատական խորհրդի կողմից հարգելի ճանաչված պատճառների առկայության դեպքում դատավորի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ մեկշաբաթյա ժամկետով կարող է երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Դատավորի կողմից պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական  խորհրդում նրա նկատմամբ կարգապահական գործի քննությանը:

Հոդված 155. Դատավորների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն:

2. Դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը եւ հետեւանքները, դատավորի անձը, առկա տույժերը եւ ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

3. Եթե խիստ նկատողություն ստանալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, նկատողություն ստանալու օրվանից՝ մեկ տարվա ընթացքում, նախազգուշացում ստանալու օրվանից` վեց ամսվա ընթացքում, դատավորը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժ չունեցող:

Հոդված 156. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննությունը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը գործում է որպես դատարան:

2. Կարգապահական վարույթ հարուցած մարմինը, դատավորը եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամները սույն օրենսգրքով դատավորի համար սահմանված ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում կարող են Բարձրագույն դատական խորհրդի անդամին բացարկ հայտնել:

3. Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով խորհրդի անդամի բացարկի հարցը, սույն օրենսգրքով դատավորի համար սահմանված ինքնաբացարկի հիմքերի առկայության դեպքում, որոշում է կայացնում Բարձրագույն դատական խորհրդի անդամի բացարկն ընդունելու մասին: Բարձրագույն դատական խորհրդի այդ անդամը չի կարող մասնակցել տվյալ հարցով քվեարկությանը: Եթե բացարկը հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի անդամը, ապա նա եւս չի կարող մասնակցել բացարկի հարցով քվեարկությանը: Ինքնաբացարկի կամ բացարկն ընդունվելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի մասնակցում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հարցի քննությանը:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ստանալու պահից մեկ ամսվա ժամկետում: Բացառիկ դեպքերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակվելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

Հոդված 157. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքը

1. Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննությունը սկսվում է հարցի էության եւ կարգապահական խախտման մասին միջնորդության վերաբերյալ վարույթ հարուցած անձի զեկուցմամբ: Եթե դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է արդարադատության նախարարը, ապա վերջինս պարտավոր է ներկա գտնվել Բարձրագույն դատական խորհրդի  նիստին եւ հանդես գալու անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին միջնորդությունը զեկուցում է էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի նախագահը կամ էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի հանձնարարությամբ դրա անդամներից մեկը:

2. Այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհրդին ուղարկելուց հետո կարգապահական վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է դրա մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

3. Բարձրագույն դատական խորհրդում վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել: Դատավորին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

4. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իր կամ դատավորի նախաձեռնությամբ նիստին հրավիրելու ու հարցաքննելու վկաների: Վկաների չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնել վկային հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ: Հարկադրաբար ներկայացնելու վերաբերյալ որոշումը կատարվում է ոստիկանության կողմից:

5. Բարձրագույն դատական խորհուրդը գործով հրավիրված վկաներին նախազգուշացնում է ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ  ցուցմունք տալու, իսկ փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված պատասխանատվության մասին:

6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իր կամ դատավորի նախաձեռնությամբ պահանջելու ապացույցներ:

7. Գործի նյութերի ուսումնասիրությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները, որից հետո գործի քննությունը հայտարարվում է ավարտված: Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը եւ ժամը:

8. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Բարձրագույն դատական խորհուրդը նախ քվեարկության է դնում կարգապահական խախտման առկայության, ապա կարգապահական տույժի տեսակի հարցը:

9. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կազմվում եւ դրա եզրափակիչ մասը հրապարակվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում գործի քննությունն ավարտված հայտարարելուց  հետո` 15 օրվա ընթացքում:

Հոդված 158. Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության սահմանները

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն այդ դատավորի նկատմամբ եւ միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Հոդված 159. Դատավորի իրավունքները եւ պարտականությունները Բարձրագույն դատական  խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս

1. Դատավորն իրավունք ունի`

1) ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության համար հիմք հանդիսացող նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները.

2) հարցեր տալու ելույթ ունեցողին, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու եւ միջնորդություններ անելու.

3) ապացույցներ ներկայացնելու եւ մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ, ինչպես նաեւ փաստաբանի միջոցով.

5) ստանալու փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցում, եթե կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում:

2. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելիս դատավորն օգտվում է Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից:

3. Բարձրագույն դատական խորհրդի կանչով դատավորի անհարգելի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն իրավասու է քննելու դատավորի բացակայությամբ:

Հոդված 160. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը

1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է մեկ որոշում՝ կիրառելով պատասխանատվության մեկ միջոց: Եթե կարգապահական խախտման հիմքը պարբերաբար խախտումն է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կիրառում է պատասխանատվության մեկ միջոց:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների 2/3-րդի ներկայության դեպքում:

3. Որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում, որտեղ կարող են ներկա լինել միայն Բարձրագույն դատական խորհրդի անդամները:

4. Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշում ընդունելու համար քննարկված հարցերը, խորհրդի անդամների կողմից արտահայտված դիրքորոշումը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.

1) դատավորին սույն օրենսգրքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին.

3) գործի վարույթը կարճելու մասին:

Հոդված 161. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի վարույթը կարճելու հիմքերը

1. Բարձրագույն դատական խորհուրդը կարճում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը այն դեպքում, երբ՝

1) առկա է սույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 153-րդ հոդվածի 5-րդ մասի 2-5-րդ կետերով սահմանված որեւէ հիմք.

2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները եւ դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով:

Հոդված 162. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշմանը ներկայացվող պահանջները եւ որոշման հրապարակումը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշումը  բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման ներածական մասում նշվում է`

1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը եւ կազմը,

2) Բարձրագույն դատական խորհրդում հարցի քննության վայրը եւ ժամանակը,

3) այն դատավորի անունը, ազգանունը եւ պաշտոնը, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,

4) վարույթը հարուցած անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը,

5) գործին մասնակցող անձանց անուն, ազգանունը:

3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման նկարագրական-պատճառաբանական մասում համառոտ նշվում է`

1) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշման  բովանդակությունը,

2) գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները,

3) վարույթը հարուցած անձի կամ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նրա ներկայացուցչի դիրքորոշումը,

4) այն դատավորի բացատրությունները, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, ներկայացուցչի դիրքորոշումը,

5) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են Բարձրագույն դատական խորհրդի նիստին,

6) կարգապահական խախտման մասին Բարձրագույն դատական խորհրդի հետեւությունները, դատավորի անձը բնութագրող հանգամանքները,

7) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետեւությունները, ինչպես նաեւ այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները,

8) նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշում ընդունելիս,

9) կողմերի դիրքորոշման վերաբերյալ պատճառաբանություններ:

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է Բարձրագույն դատական խորհրդի եզրահանգումը:

5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է:

6. Որոշումը հրապարակվելուց հետո` հնգօրյա ժամկետում, ուղարկվում է վարույթ հարուցող մարմիններին եւ դատավորին:

7. Կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա:

Հոդված 163. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների վերանայումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով

1. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով:

2. Նոր երեւան եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե`

1) Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել միջնորդություն ներկայացրած անձին ու Բարձրագույն դատական խորհրդին, եւ այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են սխալ որոշում կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ կարգապահական վարույթին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է սխալ կամ չհիմնավորված որոշում կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի կողմից:

3. Նոր հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե`

1) Սահմանադրական դատարանը տվյալ գործով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվել է դատավորի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

3) վարչական դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի կիրառմամբ կայացվել է տվյալ որոշումը:

4. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջնորդություն կարող է բերվել սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից 3 ամսվա ընթացքում, եթե Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել  քսան տարի:

5. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու դիմումը կարող է ներկայացվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմնի կամ այն դատավորի կողմից, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել:

6. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում  ներկայացրած անձը:

7. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ բացակայում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը, ապա որոշում է ընդունում կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

8. Բարձրագույն դատական խորհրդի որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը ուժը կորցրած է ճանաչում իր որոշումը եւ կայացնում է նոր որոշում:

Հոդված 164. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

1. էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ իր իրավասության շրջանակում որեւէ այլ հարց քննելիս վարքագծի կանոնների առերեւույթ խախտում  հայտնաբերելու դեպքում` կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով ենթադրյալ խախտում կատարած անձին:

2. Եթե քննարկման արդյունքում էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ առկա են կարգապահական պատասխանատվության ենթարկելու բավարար հիմքեր, ապա հարուցում է կարգապահական վարույթ:

3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանել:

4. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը:

ԳԼՈՒԽ  19
ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵԼԸ

Հոդված 165. Դատավորի լիազորությունները դադարեցնելը

1. Դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18-րդ գլխի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ սույն գլխով:

2. Դատավորի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադարեցվում են, եթե`

1) նա խախտել է սույն օրենսգրքով սահմանված անհամատեղելիության պահանջները.

2) զբաղվել է քաղաքական գործունեությամբ.

3) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով նա ավելի քան 4 ամիս անընդմեջ կամ ավելի քան 6 ամիս օրացուցային տարվա ընթացքում չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, բացառությամբ մայրանալու հետ կապված դեպքերի.

4) նշանակումից հետո ձեռք է բերել  դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը.

5) կատարել է էական կարգապահական խախտում:

2. Էական կարգապահական խախտում է համարվում՝

1) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը, կամ

2)   դատավորի կողմից այնպիսի արարքներ կատարելը, որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:

3.  Եթե առերեւույթ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքը, ապա համապատասխան դատարանի նախագահը դիմում է արդարադատության նախարարին` դատավորի բժշկական զննությունը իրավասու մարմնի միջոցով կազմակերպելու համար: Դատավորը պարտավոր է անցնել բժշկական զննությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դատարանի նախագահը այդ մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդին եւ Ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերին հանձնաժողովին:

5. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով ուժը կորցրած է ճանաչում դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Մինչեւ վերականգնումը նշանակում կատարված լինելու եւ տվյալ դատարանում դատավորի թափուր այլ պաշտոն չլինելու դեպքում նշանակված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ:

Հոդված 166. Դատավորի լիազորությունների դադարումը

1. Դատավորի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա հրաժարական է ներկայացնում.

2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).

3) դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ,  անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

5) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած, մեղադրական դատավճիռ կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

6) նա մահացել է:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի քննարկման համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու հաջորդ oրվանից:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերի հիմքով դատավորի պաշտոնավարումը դադարում է դատարանի համապատասխան վճիռը, դատավճիռը կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հաջորդ oրվանից:

6. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:

7. Եթե Բարձրագույն դատական խորհուրդը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է դատավորի լիազորությունների դադարման փաստը, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն ընդունված դատարանի համապատասխան վճիռը, դատավճիռը բեկանվելու եւ փոփոխվելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները վերացվելու դեպքերում, որոշում է կայացնում այդ դատավորին իր նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնելու մասին: Մինչեւ վերականգնումը նշանակում կատարված լինելու եւ տվյալ դատարանում դատավորի թափուր այլ հաստիք չլինելու դեպքում նշանակված դատավորը ձեռք է բերում ռեզերվային դատավորի կարգավիճակ: Նախկինում զբաղեցրած պաշտոնում վերականգնվելու դեպքում դատավորին վճարվում է  միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ իրավունքը վերականգնելու համար կատարված ծախսերը:
 


ԳԼՈՒԽ 20
ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐԻ, ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Հոդված 167. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին առաջարկը

1. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդում է գլխավոր դատախազը:

2. Գլխավոր դատախազը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը:

3. Գլխավոր դատախազի կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը  անհապաղ հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստ:

4. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում ոչ ուշ, քան գլխավոր դատախազի դիմումի մուտքագրման հաջորդ օրը: Սույն մասով նախատեսված ժամկետը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ երկարաձգվում է` հարգելի պատճառներով դատավորի բացակայության ժամանակահատվածով: Դատավորի բացակայության հիմքերի եւ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը Բարձրագույն դատական խորհրդին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահը:

5. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում՝ ողջամտորեն խուսափելով նիստն ընդմիջելուց կամ հետաձգելուց:

6. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումը չի նշանակում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հիմքերի առկայության հաստատում եւ չի կաշկանդում իրավասու դատարանին համապատասխան հարցը օրենքով սահմանված կարգով լուծելիս:

7. Բարձրագույն դատական խորհրդին երկրորդ անգամ նույն հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ դիմում չի կարող ներկայացվել:

Հոդված 168. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցը քննելու եւ որոշում կայացնելու կարգը

1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին հարցի քննությունն իրականացվում է դռնփակ ընթացակարգով:

2. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության ժամանակ գլխավոր դատախազը պարտավոր է ներկա գտնվել Բարձրագույն դատական խորհրդի նիստին եւ անձամբ ներկայացնել իր դիրքորոշումը:

3. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին առաջարկի քննության ժամանակ դատավորը եւ նրա փաստաբանն իրավունք ունեն ծանոթանալու Բարձրագույն դատական խորհրդին հարցի քննության համար ներկայացված բոլոր փաստաթղթերին եւ նյութերին, քաղվածքներ անելու, ստանալու դրանց պատճենները, հարցեր տալու, առարկություններ ներկայացնելու, բացատրություններ տալու եւ միջնորդություններ անելու, մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ կամ փաստաբանի միջոցով:

4. Դատավորը բոլոր դեպքերում մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդում դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննությանը:

5. Եթե դատավորը չունի փաստաբան, նրա շահերը ներկայացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունն ստանալու պահից անհապաղ իր որոշմամբ ներգրավում է հանրային պաշտպան։ Դատավորն իրավունք ունի հրաժարվել հանրային պաշտպանից։

6. Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցն իրավունք ունի քննելու դատավորի բացակայությամբ:

7. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցերը քվեարկվում են առանձին, որի արդյունքում կայացվում է յուրաքանչյուր միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։

8. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու դեպքում դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը չի քննարկվում։

9. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն կամ դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը մերժելու մասին որոշում կայացնելու պահից դատավորը անհապաղ ազատ է արձակվում, եթե մինչ այդ զրկվել էր ազատությունից:

10. Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում կայացնելու համար սահմանված կանոններով:

11. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հոդված 169. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցումը

1. Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

2. Դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորը ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող:

3. Դատավորին արդարացնելու դեպքում Դատավորին վճարվում է իր աշխատավարձի եւ վճարված հատուցման տարբերությունը:

ԳԼՈՒԽ 21.
ԱՅԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՆՁԻՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԵՆՔՈՒՄ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿԵԼԸ

Հոդված 170. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին առաջարկը

1. Սույն օրենսգրքի 20-րդ գլխով չնախատեսված քրեական գործի (այսուհետ՝ այլ քրեական գործ) շրջանակներում դատավորի մասնակցությամբ դատավորի կամ նրա բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման հետ կապված քննչական գործողություններ (այսուհետ՝ առանձին քննչական գործողություններ) կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում գլխավոր դատախազը:

2. Գլխավոր դատախազը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու առաջարկը քննարկելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

3. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու առաջարկն ստանալու պահից Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի նիստ:

4. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում ոչ ուշ, քան գլխավոր դատախազի դիմումի մուտքագրման օրը՝ ողջամտորեն խուսափելով նիստն ընդմիջելուց կամ հետաձգելուց:

Հոդված 171. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցը քննելու եւ որոշում կայացնելու կարգը

1. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին հարցի քննությունն իրականացվում է դռնփակ ընթացակարգով:

2. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին հարցի քննությունն իրականացվում է գլխավոր դատախազի միջնորդությամբ:

3. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության արդյունքում կայացվում է՝ միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում։

4. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումներն ընդունվում են դատավորին կարգապահական պատասխանատվություն ենթարկելու համար որոշում կայացնելու համար սահմանված կանոններով՝ սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները հաշվի առնելով:

5. Այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցի քննության արդյունքում կայացվող որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հոդված 172. Դատարանի շենքում քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ իրազեկելը

1. Քրեական գործի շրջանակներում դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի շենքում քննչական գործողություններ կատարվում են իրազեկումից հետո։

2. Համապատասխան դատարանի շենք մուտք գործելուց առաջ քննչական մարմնի ղեկավարն իրազեկում է համապատասխան դատարանի նախագահին եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։

3. Բարձրագույն դատական խորհրդի շենք մուտք գործելուց առաջ գլխավոր դատախազը իրազեկում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։

ԳԼՈՒԽ 22.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 173. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը՝ բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենսգրքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգիրքը եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքը:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:

4. Ազգային ժողովը եւ Ընդհանուր ժողովը Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի համապատասխան երեքական անդամների ընտրում են հինգ, իսկ երկուական անդամների` երեք տարի ժամկետով:

5. Ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություններն անցկացվում են մինչեւ 2018 թվականի փետրվարի 15-ը: Նախապատվության քվեակարգով ընտրված առաջին երեք թեկնածուն Ընդհանուր ժողովի կողմից ընտրված է համարվում հինգ տարի ժամկետով, հաջորդ երկուսը՝ երեք:

6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածությունները Ազգային ժողովի խմբակցությունները ներկայացնում են մինչեւ 2018 թվականի հունվարի 20-ը: Ազգային ժողովի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած առաջին երեք թեկնածուն համարվում է ընտրված հինգ տարի ժամկետով, հաջորդ երկուսը՝ երեք:

7. Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո երկշաբաթյա ժամկետում խորհրդի տարիքով ավագ անդամի կողմից հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից ընտրվում է խորհրդի նախագահ:

8. Մինչեւ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն օրենսգրքով սահմանված ակտերի ընդունումը գործում են Արդարադատության խորհրդի, Ընդհանուր ժողովի, Դատարանների նախագահների խորհրդի, Վճռաբեկ դատարանի նախագահի նախկին լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված ակտերը:

9. Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակը սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո պահպանում են իրենց ուժը:

10. Հանրապետության նախագահի կողմից հաստատված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը գործում է մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը: Մինչեւ այդ ժամկետի լրանալը Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է առաջխաղացման կարգով վերաքննիչ դատարաններում նշանակման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը:

11. Հանրապետության նախագահի կողմից հաստատված Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից ուժը կորցնում է:

12. Նորընտիր Հանրապետության նախագահը առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում նշանակումները առաջնահերթ կատարում է սույն հոդվածի 9-րդ եւ 10-րդ մասերում նախատեսված ցուցակների հիման վրա:

13. Նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝

1) Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է դատարանների՝  օրենքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկամ տարածքները, դատավորների ըստ նստավայրերի եւ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը,

2) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված դատական գործերը բաշխելու, վերաբաշխելու, դատական կազմերը ձեւավորելու, փոխարինելու, տոկոսային սահմանաչափերի վերաբերյալ բոլոր ակտերը:

14. Սույն հոդվածի 13-րդ մասում չնախատեսված իրավական ակտերը Բարձրագույն դատական խորհուրդն, իր կողմից հաստատված ժամանակացույցին համաձայն, ընդունում է մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը: Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է ժամանակացույցը նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

15. Սնանկության դատարանը գործում է 2019 թվականի հունվարի 1-ից:

16. Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը՝

1) սնանկության գործերը շարունակվում են վարվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորների կողմից եւ նրանց բաշխվում են միայն սնանկության գործեր.

2) Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 66 դատավորի թվակազմով.

3) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 13 դատավորի թվակազմով.

4) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 13 դատավորի թվակազմով:

17. Նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո երկամսյա ժամկետում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական մասնագիտացման դատավորները կարող են դիմել Բարձրագույն դատական խորհրդին սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու խնդրանքով:  Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների տեղափոխման դիմումներով Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո՝ երկամսյա ժամկետում՝ դիմումների ներկայացման հաջորդականությանը համապատասխան:

18. Սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված կարգով սնանկության դատարանի բոլոր հաստիքներում նշանակումներ չկատարվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը տասնօրյա ժամկետում որոշում է կայացնում սնանկության դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի համալրման մասին:

19. 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում վարվող բոլոր սնանկության գործերը մեկ ամսվա ընթացքում փոխանցվում են Սնանկության դատարան:

20. Նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվանից Դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկի հիմնադրի լիազորություններն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը եւ երկու ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը Դատական դեպարտամենտի կանոնադրությունը եւ կառուցվածքը համապատասխանեցնում է սույն օրենսգրքի պահանջներին:

21. Սույն օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները փաստաբանների եւ դատախազների նկատմամբ կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը դատախազների եւ փաստաբանների նկատմամբ  կիրառվում են Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաները նույն օրենսգրքով նախատեսված կարգով:

22. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքով նախատեսված դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունը եւ անդամների լիազորությունները դադարում են նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը:

23. Դատավորների առաջին հերթական գնահատումը իրականացվում է 2020 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում: Բարձրագույն դատական խորհուրդը մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը հաստատում է դատավորների առաջին հերթական գնահատման ժամանակացույցը:

24. Սույն օրենսգրքի 107-րդ հոդվածով սահմանված օտար լեզուների իմացության պահանջն կիրառվում է 2021 թվականի հունվարի 1-ից:

25. Դատարանի եւ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում պաշտոնավարման սահմանափակումները կիրառելի են նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշոտնի ստանձնումից հետո նշանակված կամ ընտրված դատարանի եւ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների նկատմամբ:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) դատական իշխանությանը գործառութային, կառուցակարգային, նյութական եւ սոցիալական անհրաժեշտ ու բավարար անկախությամբ օժտելու նպատակով առանցքային փոփոխություններ կատարվեցին դատական իշխանությանը նվիրված գլխում:

Միաժամանակ, Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը դասեց սահմանադրական օրենքների շարքը՝ դրա կարգավորման տիրույթին վերապահելով հետեւյալ հարցերի կանոնակարգումները.

1) դատավորի պաշտոնի հետ անհամատեղելիության լրացուցիչ պահանջները,

2) դատավորի կարգավիճակին վերաբերող մանրամասները,

3) դատավորի թենածուին ներկայացվող լրացուցիչ պահանջները,

4) դատավորների ընտրությանը եւ նշանակմանը վերաբերող մանրամասները,

5) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը եւ կարգը,

6) դատական իշխանության ինքնակառավարման մարմինների շրջանակը,

7) Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության կարգը եւ պաշտոնավարման ժամկետը,

8) Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգի մանրամասները,

9) Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարան հանդես գալու դեպքերը,

10) Բարձրագույն դատական խորհրդի Սահմանադրությամբ չնախատեսված այլ լիազորությունների շրջանակի սահմանումը եւ գործունեության կարգը,

11)  եւ այլն:

 Ամբողջ վերոշարադրյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

1) ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման եւ գործունեության հիմունքները եւ սկզբունքները.

2) սահմանվել են Հայաստանի Հանրապետության դատարանների կառուցվածքը, կազմը  եւ նրանց իրավասության տիրույթները՝ որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը.

3) կարգավորվել են դատարանների եւ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը.

4) ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները.

5) նախատեսվել են դատավորի վարքագծի եւ էթիկայի կանոնները.

6) նախատեսվել են դատական սանկցիաների տեսակները եւ դրանք կիրառելու հիմքերն ու կարգը.

7) սահմանվել են դատավորի գործունեության գնահատման չափանիշները.

8) կարգավորվել են Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման եւ գործունեության հետ կապված հարցերը, այդ թվում՝ սահմանվել են Սահմանադրությամբ չնախատեսված լիազորությունների շրջանակը.

9) սահմանվել է որակավորման ստուգումների կազմակերպման եւ անցկացման կարգը, հավակնորդներին ներկայացվող պահանջներ.

10) տարանջատվել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու վարույթները, սահմանվել են դրանց շրջանակում դատավորի արդար դատաքննության իրավունքի իրացման բավարար երաշխիքներ.

11) նախատեսվել է այլ քրեական գործի շրջանակներում դատավորի մասնակցությամբ առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ թույլտվություն տալու հարցի քննարկման եւ լուծման կարգը.

12) իրացվել են այլ սահմանադրական մոտեցումները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձեւավորված փորձագիտական խումբը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

4.  Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում  է Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լույսի ներքո երաշխավորել դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական եւ սոցիալական անհրաժեշտ ու բավարար նախադրյալները:
 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                                       պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ, 109-րդ եւ 210-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30 -ի  N 1498 - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարար Դավիթ Հարությունյանը:
 
Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ