Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-224-15.12.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 09-ի աշխատանքային օրենսգիրքի 141-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 6-րդ կետով.

«6) Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով, մինչեւ երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն: Նման պահանջի իրավունք ունի աշխատող ծնողներից միայն մեկը»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի»

Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այն հաճախող սաների ծնողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետեւանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենգրքում», ինչը թույլ կտա ծնողներից մեկին նախադպրոցական ուսումնական հաստատություն երեխայի հաճախելու ժամանակահատվածում աշխատանքն ավարտել ամենաուշը մինչեւ 17:00-ն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում առկա տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում նախկինում կատարվող աշխատանքը կարելի է իրականացնել զգալի կարճ ժամանակահատվածում: Ուստի այն մտահոգությունները, թե նախադրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամերի կրճատումը մեկ ժամով կազդի նրա աշխատանքի որակի վրա, չի համապատասխանում իրականությանը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կից ներկայացվում է՝

ա) նախագիծը,

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) տեղեկանք:

Խնդրում եմ նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյան