Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-220-15.12.2017-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 26-ի ՀՕ-97-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ
 
 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման, շրջանառության, մարման, թողարկողի գործունեության իրականացման նկատմամբ վերահսկողության, ապահովման միջոցների զամբյուղի նկատմամբ մոնիթորինգի, հիփոթեքային կառավարչի նշանակման եւ նրա գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի իրավական կարգավորումը

1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով:

2. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման հարաբերությունների վրա չեն տարածվում «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) ակտիվ՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ակտիվներից այն դրամական միջոցները եւ (կամ) դրանց նկատմամբ պահանջի իրավունքները եւ (կամ) այլ ֆինանսական ակտիվները, որոնք ապահովում են կամ կարող են ապահովել որոշակի դրամական ներհոսքեր.

 2) ակտիվի անվանական արժեք՝ հիփոթեքային վարկերի դեպքում՝ վարկի մայր գումարը, պարտատոմսերի դեպքում՝ պարտատոմսի անվանական արժեքը, ավանդի դեպքում՝ ավանդի գումարը՝ ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված սահմանաչափերով.

3) ապահովված հիփոթեքային պարտատոմս  կամ հիփոթեքային պարտատոմս` բանկի կամ վարկային կազմակերպության թողարկած՝ հրապարակայնորեն առաջարկվող պարտատոմս, որն ապահովված է հիփոթեքային վարկերի, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված այլ ֆինանսական ակտիվների գրավով.

4) ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներ կամ ապահովման միջոցներ՝ ապահովման միջոցների ռեգիստրում սույն օրենքով սահմանված կարգով գրանցված ակտիվները.

5) ապահովման միջոցների հսկող կամ հսկող` սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում նշված ֆիզիկական կամ իրավաբանական անձ:

6) ապահովման միջոցների ռեգիստր՝ թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հաշվառման՝ սույն օրենքով ստեղծված համակարգը.

7) առաջնային գրավ՝ այն գրավը, որի գրավառուն գրավ դրված գույքի նկատմամբ ունի այդ գույքի արժեքից լրիվ ծավալով բավարարում ստանալու նախապատվության իրավունք` տվյալ գույքի այլ գրավառուների հանդեպ.

8) զուտ ներկա արժեք՝ հաշվետու օրվա դրությամբ զեղչված բոլոր դրամական հոսքերի գումարը՝ շուկայում գերակշռող տոկոսադրույքների օգտագործմամբ.

9) թողարկող՝ այն բանկը կամ վարկային կազմակերպությունը, որը սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում է ակտիվներով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկում.

10) լրացուցիչ ակտիվներ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված ակտիվները, որոնք ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված են որպես ապահովման միջոցներ.

11) փոխարինող ակտիվներ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ակտիվները, որոնք ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված են որպես ապահովման միջոցներ.

12) հիփոթեքային վարկ՝ Հիփոթեքային վարկ է համարվում`

ա) հիփոթեքով ապահովված վարկը, ինչպես նաեւ`

բ) «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակարանային հիփոթեքային կրեդիտը.

13)հիփոթեքային կառավարիչ՝  կենտրոնական բանկի կողմից նշանակված անձ, որը թողարկողին անվճարունակ ճանաչելիս եւ (կամ) սնանկության վարույթ սկսելիս կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների կառավարումը.

14) ապահովման միջոցների զամբյուղ ՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերով ստանձնված պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված ապահովման միջոցների համախումբ.

15) ապահովման միջոցների ստատիկ զամբյուղ կամ ստատիկ զամբյուղ՝ մեկ կամ մի քանի ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հաստատուն համախումբ, որի դեպքում թողարկված յուրաքանչյուր  հիփոթեքային պարտատոմսի դրամական հոսքերը համընկնում են ստատիկ զամբյուղում ներառված բոլոր ապահովման միջոցների կամ դրանց  առանձին  ենթախմբից առաջացող դրամական հոսքերի հետ.

16) ապահովման միջոցների դինամիկ զամբյուղ կամ դինամիկ զամբյուղ՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոց հանդիսացող՝ սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված եւ նույն հոդվածում  սահմանված սահմանաչափերին համապատասխանող ակտիվների փոփոխական համախումբ, որից առաջացող դրամական հոսքերն ունեն սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված ապահովված հիփոթեքային պարտատոմսերին համապատասխանող կամ տարբերվող դրամական հոսքերի հատկանիշներ.

17) ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման ծրագիր՝ ապահովման միջոցների նույն զամբյուղի շրջանակներում ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման ծրագիր.

18) կենտրոնացված թողարկող՝ բանկ կամ վարկային կազմակերպություն, որը կենտրոնական բանկից ստացել է թույլտվություն՝ սույն օրենքով սահմանված կարգով այլ բանկերից եւ/կամ վարկային կազմակերպություններից համախմբել հիփոթեքային վարկեր՝ ապահովման միջոցների զամբյուղ ձեւավորելու եւ դրա հիման վրա ապահովված հիփոթեքային պարտատոմսեր թողարկելու նպատակով.

19) մասնակից թողարկող՝ բանկ կամ վարկային կազմակերպություն, որի կողմից՝ այլ անձանց տրամադրված վարկերը կենտրոնացված թողարկողի կողմից համախմբվել են կենտրոնացված թողարկողի կողմից ձեւավորված ապահովման միջոցների զամբյուղում՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր թողարկելու նպատակով.

20) ապահովված վերաֆինանսավորման վարկ՝ կենտրոնացված թողարկողի կողմից մասնակից թողարկողին տրամադրված վարկ, որը տրամադրվել է մասնակից թողարկողի կողմից այլ անձանց տրամադրված հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով, եւ որը ապահովված է մասնակից թողարկողի ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկով (վարկերով) համաձայն սույն օրենքի 10-րդ հոդվածի դրույթների.

Հոդված 4. «Ապահովված հիփոթեքային պարտատոմս» բառակապակցության օգտագործումը

1. Պարտատոմսերը կարող են կրել «ապահովված հիփոթեքային պարտատոմս» անվանումը, եթե դրանք թողարկվել են սույն օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 2

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 5. Հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցները

1. Հիփոթեքային պարտատոմսերը պետք է ապահովված լինեն հիփոթեքային վարկերի գրավով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի:

2. Մինչեւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումն ակտիվների` ապահովման միջոցներից սույն օրենքով նախատեսված հիմքերով դուրսգրման դեպքումԴ թողարկողը իրավունք ունի ապահովման միջոց հանդիսացող եւ դուրս գրված հիփոթեքային վարկերը փոխարինել սույն մասում նշված այլ ակտիվներով՝ պայմանով, որ փոխարինող ակտիվները չեն գերազանցի ապահովման միջոց հանդիսացող բոլոր հիփոթեքային վարկերի անվանական արժեքի 10 տոկոսը` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի: Փոխարինող ակտիվներ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված եւ (կամ) համապարտության կարգով երաշխավորված, կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) սահմանած պահանջները բավարարող միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված եւ (կամ) համապարտության կարգով երաշխավորված կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պարտատոմսերը, եւ (կամ)

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին բավարարող ավանդները, եւ (կամ)

3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվները:

3. Թողարկողը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հարաբերակցությունը կարող է բարձրացնել եւ հասցնել մինչեւ ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերի անվանական արժեքի 30 տոկոսը՝ պայմանով, որ 10 տոկոսը գերազանցող մասով փոխարինող ակտիվներ են հանդիսանալու սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ (կամ) 3-րդ կետերում նշված ակտիվները: Սակայն, սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված եւ փոխարինող ակտիվ հանդիսացող ակտիվների արժեքը չի կարող գերազանցել ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետի  3-րդ  մասում նշված պարտավորության կատարման նպատակով, լրացուցիչ ակտիվներ կարող են հանդիսանալ`

1) Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված եւ (կամ) երաշխավորված, կամ Կենտրոնական բանկի սահմանած պահանջները բավարարող միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված եւ (կամ) երաշխավորված կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ պարտատոմսերը, եւ (կամ)

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջներին բավարարող ավանդները, եւ (կամ)

3) սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հիփոթեքային վարկերը, եւ/կամ

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ ակտիվները:

Հոդված 6. Հիփոթեքային վարկերը

1. Հիփոթեքային վարկերը կարող են հանդիսանալ ապահովման միջոց, միայն եթե համապատասխանում են հետեւյալ պահանջներին`

1) հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ հիփոթեքի առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հողամասի կառուցապատման իրավունք է.

2) հիփոթեքը` առաջնային գրավ է.

3) ապահովման միջոցների զամբյուղում ներառելու պահին հիփոթեքային վարկի` ապահովման միջոցների զամբյուղում ներառված գումարը չի գերազանցում այդ վարկի ապահովման միջոց հանդիսացող` գրավադրված անշարժ գույքի՝ մինչեւ զամբյուղում ներառելը  գնահատված շուկայական արժեքի 70 տոկոսը:  Եթե ապահովված պարտատոմսերի զամբյուղում գրանցված հիփոթեքային վարկի գումարը հետագայում գերազանցում է ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի (անշարժ գույքի) շուկայական արժեքի 85 տոկոսը, ապա թողարկողը պարտավոր է  արժեքի 85 տոկոսը գերազանցող գումարի չափով տրամադրել լրացուցիչ ակտիվներ, ինչը կծառայի որպես լրացուցիչ գրավ, կամ նվազեցնել ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի գումարը մինչեւ 85 տոկոսի: Լրացուցիչ ակտիվների տրամադրման դեպքում կանխիկ դրամական հոսքերը չեն հաշվեգրվում պարտատոմսեր ձեռքբերողների հաշիվներում՝ բացառությամբ թողարկողի անվճարունակության դեպքի: Սույն կետի կիրառման նպատակով, անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը պետք է որոշվի սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին բավարարող գնահատողի կողմից կամ նույն հոդվածի 5-րդ մասում նշված ինդեքսների հիման վրա, ընդ որում` գնահատման հաշվետվությունը չի կարող ունենալ մեկ տարին գերազանցող վաղեմություն` ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքի դեպքում, եւ` երեք տարին գերազանցող վաղեմություն` այլ անշարժ գույքի դեպքում:

4) Հիփոթեքային վարկի պայմանագրով նախատեսված է ստացված հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման հնարավորություն` «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված` հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատումն ու վերագնահատումն իրականացվում է սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն:

3. Հողամասի կառուցապատման իրավունքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերը կարող են հանդիսանալ ապահովման միջոց եւ ընդգրկվել ապահովման միջոցների զամբյուղում, եթե հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետն առնվազն 10 տարով գերազանցում է այդ կառուցապատման իրավունքով ապահովված վարկի վերադարձման վերջնաժամկետը: Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերի արժեքը չի կարող գերազանցել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվների 20 տոկոսը:

4. Ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքով ապահովված եւ ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկերը չեն կարող գերազանցել ապահովման միջոցների զամբյուղում ներառված բոլոր հիփոթեքային վարկերի մնացորդային արժեքի 10 տոկոսը: Բնակարանային եւ  ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքով ապահովված եւ ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկերը չեն կարող գերազանցել ապահովման միջոցների զամբյուղում ներառված բոլոր հիփոթեքային վարկերի մնացորդային արժեքի 20 տոկոսը:

5. Կառուցապատվող հողամասերի, ինչպես նաեւ`անավարտ շինությունների գրավով ապահովված եւ ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերի մնացորդային արժեքը չի կարող գերազանցել բոլոր ապահովման միջոցների 5 տոկոսը կամ թողարկողի սեփական կապիտալի կրկնակին:

6. Կառուցապատվող հողամասերի գրավով ապահովված եւ ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերի մնացորդային արժեքը չի կարող գերազանցել բոլոր ապահովման միջոցների 1 տոկոսը:

7. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է այն դեպքերըԴ երբ կենտրոնացված թողարկողի պարագայում սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերի պահանջները կիրառվում են միայն կենտրոնացված թողարկողի  ձեւավորած ապահովման զամբյուղի նկատմամբ:

8. Թողարկողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող հիփոթեքային վարկերը փոխարինել սույն հոդվածի պահանջներին բավարարվող հիփոթեքային վարկերով կամ փոխարինող ակտիվներով եւ այդ մասին տեղեկացնել հսկողին: Սույն կետում նշված ակտիվների փոխարինումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում սկսած այն օրվանից, երբ թողարկողին հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար, որ փոխարինման ենթակա ակտիվները չեն համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին:

Հոդված 7. Անշարժ գույքի  գնահատումը եւ վերագնահատումը

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված` հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատումն իրականացվում է "Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն անշարժ գույքի գնահատման գործունեության   իրականացնելու իրավունք ունեցող, տվյալ ոլորտում առնվազն 2 տարվա գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հիփոթեքային վարկի տրամադրման գործընթացում չընդգրկված եւ իր պատասխանատվության ռիսկի` առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրություն ունեցող գնահատողի կողմից:

2. Այն դեպքում, երբ անշարժ գույքի գնահատումը հնարավոր է իրականացնել մեկից ավելի գնահատման մեթոդներով, հիմք պետք է ընդունվի տարբեր մեթոդների կիրառմամբ ստացված արժեքներից նվազագույնը:

3. Հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով  սահմանում է լրացուցիչ պահանջներ հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատված այն արժեքի նկատմամբԴ որը թույլատրվում է ներառել ապահովման միջոցների զամբյուղում:

4. Ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, իսկ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող անշարժ գույքի դեպքում` յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Անկախ սույն մասում նշված ժամկետներից, ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի առարկա հանդիսացող անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականացվի, եթե անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գների էական անկում, կամ ակնկալվում է, որ տեղի կունենա տվյալ գույքի գնի էական անկում: Գների անկումը համարվում է էական, եթե անշարժ գույքի արժեքն ավելի քան 10 տոկոսով նվազել է այդ անշարժ գույքի վերջին գնահատված շուկայական արժեքից: Անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականցվի սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին բավարարող գնահատողի կողմից կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված մեթոդաբանությամբ կառուցված տների գների ինդեքսի հիման վրա:

5. Ապահովման միջոցների զամբյուղի հսկողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի գների պարբերական դիտարկումներ, եւ, եթե անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գների էական անկում, թողարկողից պահանջել վերագնահատել ապահովված միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքը:

Հոդված 8. Ապահովման միջոցների համարժեքությունը

1. Հիփոթեքային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարը պետք է ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով` կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված պահի դրությամբ, ընդ որում`

1) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների անվանական արժեքների գումարային մեծությունը պետք է առնվազն հավասար լինի հիփոթեքային պարտատոմսերի անվանական արժեքների գումարային մեծությանը.

2) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների դիմաց ստացվելիք գումարները պետք է առնվազն հավասար լինեն հիփոթեքային պարտատոմսերի դիմաց վճարվելիք գումարներին.

3) ապահովման միջոց հանդիսացող ակտիվների զուտ ներկա արժեքը պետք է առնվազն 1 տոկոսով գերազանցի հիփոթեքային պարտատոմսերի գծով բոլոր պարտավորությունների զուտ ներկա արժեքի գումարը:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների, ածանցյալ գործիքների եւ պարտավորությունների զուտ ներկա արժեքի հաշվարկման կարգը եւ մեթոդները:

Հոդված 9. Ապահովման միջոցների զամբյուղի տեսակները եւ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման ծրագիրը

1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցները կարող են ձեւավորվել ստատիկ զամբյուղի կամ դինամիկ զամբյուղի տեսքով:

2. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման յուրաքանչյուր ծրագրի հիմքում պետք է դրված լինի ապահովման միջոցների առանձին զամբյուղ: Այդ զամբյուղում ներառված ապահովման միջոցները կարող են ուղղվել միայն տվյալ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման ծրագրի շրջանակներում թողարկված բոլոր հիփոթեքային պարտատոմսերից ծագող պահանջների բավարարմանը`  այդ պահանջների ծավալին համամասնորեն:

3. Թողարկողները պարտավոր են յուրաքանչյուր արժույթով արտահայտված ակտիվների համար ունենալ (ստեղծել)  ապահովման միջոցների առանձին զամբյուղ եւ այդ զամբյուղի հիման վրա թողարկել միայն նույն արժույթով արտահայտված հիփոթեքային պարտատոմսեր:

4. Թողարկողին արգելվում է.

1) թողարկել հիփոթեքային պարտատոմսեր, եթե դրանք ապահովված չեն սույն օրենքով սահմանված ապահովման միջոցներով.

2) տնօրինել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ապահովման միջոցները:

5. Ստատիկ, ինչպես նաեւ` դինամիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկողը  պարտավոր է վարել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվներից ինչպես փաստացի ստացված, այնպես էլ` ակնկալվող դրամական հոսքերի ժամանակացույցը, որը, ի թիվս այլ տվյալների, պետք է ներառի տեղեկություններ վաղաժամկետ մարումների եւ կետանցված վճարումների մասին: Թողարկողը սույն կետում նշված ժամանակացույցը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է հսկողին` վերլուծություններ կատարելու նպատակով: Սույն կետով սահմանված ժամանակացույցում նշված դրամական հոսքերի մասին տեղեկությունները պետք է հնարավորություն ընձեռեն նույնականացնել այն ակտիվները, ներառյալ` հիփոթեքային վարկերը, փոխարինող ակտիվները եւ ածանցյալ գործիքները, որոնցից ստացվել են այդ դրամական հոսքերը:

Հոդված 10. Մասնակից թողարկողի ապահովման միջոցների զամբյուղը եւ կենտրոնացված թողարկողի ապահովման միջոցների զամբյուղը

1. Մասնակից թողարկողները պետք է ստեղծեն սույն օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 15-րդ, 16-րդ եւ 17-րդ  հոդվածների պահանջները բավարարող ապահովման միջոցների զամբյուղ: Մասնակից թողարկողների ապահովման միջոցների զամբյուղը պետք է ձեւավորված լինի ստատիկ զամբյուղի տեսքով: Մասնակից թողարկողը պարտավոր է իր ապահովման միջոցների զամբյուղին վերաբերող փաստաթղթերը եւ այլ տեղեկությունները հասանելի դարձնել կենտրոնացված թողարկողին` կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Մասնակից թողարկողներն իրավունք ունեն սույն օրենքի պահանջներին համապատասխան թողարկել իրենց` առանձնացված ապահովման միջոցների զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսեր:

2. Կենտրոնացված թողարկողների կողմից ձեւավորվող ապահովման միջոցների զամբյուղը  կազմված է  ապահովված վերաֆինանսավորման վարկերից, որոնք ապահովված են  մասնակից թողարկողների ապահովման միջոցների զամբյուղով, փոխարինող ակտիվներից ինչպես նաեւ` մասնակից թողարկողների կողմից կենտրոնացված թողարկողին տրամադրված լրացուցիչ ապահովման միջոցներից: Մասնակից թողարկողի սնանկության դեպքում, այդ մասնակից թողարկողի կողմից ձեւավորված ապահովման միջոցների զամբյուղում առկա ապահովման միջոցները ներառվում են կենտրոնացված թողարկողի ապահովման միջոցների զամբյուղում: Ընդ որում, Կենտրոնացված թողարկողների կողմից ձեւավորվող ապահովման միջոցների զամբյուղում ներառված ապահովված վերաֆինանսավորման վարկերի, փոխարինող եւ լրացուցիչ ակտիվների միջեւ հարաբերակցությունը եւ նշված բոլոր ակտիվների ծավալները պետք է համապատասխանեն սույն օրենքի 5-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջներին:

3. Մասնակից թողարկողի ապահովման միջոցների զամբյուղում ներառված, ինչպես նաեւ` մասնակից թողարկողների կողմից կենտրոնացված թողարկողին տրամադրված լրացուցիչ ապահովման միջոցների նկատմամբ կենտրոնացված թողարկողը ձեռք է բերում առաջնային բավարարում պահանջելու իրավունք` «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ պայմաններով: Կենտրոնացված թողարկողն իրավունք ունի համախմբել միայն այն ապահովված վերաֆինանսավորման վարկերը, որոնք ապահովված են սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված` նույն տեսակի ապահովման միջոցների զամբյուղով:

Հոդված 11. Ապահովման միջոցների ստատիկ զամբյուղին վերաբերող հատուկ դրույթներ

1.   1. Ստատիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկողն իրավունք ունի ստատիկ զամբյուղի ձեւավորման պահից մինչեւ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետի ավարտը, այդ ստատիկ զամբյուղում ներառել ապահովման միջոց հանդիսացող նոր հիփոթեքային վարկեր, եւ ավելացված  հիփոթեքային վարկերի հիման վրա եւ դրանց արժեքին համաչափ թողարկել լրացուցիչ քանակությամբ հիփոթեքային պարտատոմսեր: Սույն կետում նշված` կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետի ավարտից հետո ապահովման միջոցների զամբյուղում նոր ակտիվներ չեն կարող ներառվել:

2. Եթե ապահովման միջոցների ստատիկ զամբյուղում ներառված ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերը կամ դրանց մի մասը մարվել է, այդ թվում` ժամանակացույցով նախատեսված մարման կամ վաղաժամկետ մարման արդյունքում, ապա պետք է մարվի նաեւ ստատիկ զամբյուղի հիման վրա թողարկված հիփոթեքային պարտատոմսերի համապատասխան մասը:

3. Ստատիկ զամբյուղի հիման վրա հիփոթեքային պարտատոմս թողարկողը պարտավոր է իր կառավարման վճարը նվազեցնելուց հետո հիփոթեքային վարկերի տոկոսավճարներից, ժամանակացույցով նախատեսված մարումներից եւ վաղաժամկետ մարումներից ստացված գումարներն ուղղել հիփոթեքային պարտատոմսերի մասնակի կամ ամբողջական մարմանը:

4. Եթե ստատիկ զամբյուղով ապահովված  պարտատոմսերի ընդհանուր չմարված գումարը գերազանցում է այդ պարտատոմսերն ապահովող ստատիկ զամբյուղում հաշվառված ապահովման միջոցների արժեքը, ապա, ստատիկ զամբյուղում հաշվառված հիփոթեքային վարկերից ստացվող  դրամական հոսքերը` սույն կետում նշված գերազանցող գումարի չափով, պետք է համամասնորեն փոխանցվեն ներդրողներին:

5.  Սույն հոդվածի  3-րդ եւ 4-րդ մասերում նշված սկզբունքներով հավաքագրված դրամական միջոցներն առնվազն եռամսյակը մեկ անգամ պետք է բաշխվեն ներդրողների միջեւ`համամասնության սկզբունքով:

6. Ստատիկ զամբյուղի հիման վրա հիփոթեքային պարտատոմս թողարկողն իրավունք ունի   մարել պարտատոմսի անվանական արժեքը, եթե չմարված հիփոթեքային պարտատոմսի ծավալը պակաս է թողարկման ժամանակահատվածում թողարկված պարտատոմսերի առավելագույն ծավալի 10 տոկոսից, իսկ մարման ենթակա պարտատոմսերի չմարված արժեքը չի գերազանցում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափը:

Հոդված 12. Ապահովման միջոցների դինամիկ զամբյուղին վերաբերող հատուկ դրույթներ

1. Ակտիվների եւ պարտավորությունների գծով ակնկալվող դրամական հոսքերի ժամանակացույցերը պետք է ներառեն կանխատեսումներ` չնախատեսված վճարումների, մասնավորապես՝ վաղաժամկետ մարումների, եւ հիփոթեքային վարկերով, ածանցյալ գործիքներով ու թողարկված պարտատոմսերով  պարտավորությունների վաղաժամկետ կատարման մասով:

Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է սույն կետում նշված կանխատեսումների իրականացման  կարգ

2. Թողարկողը պարտավոր է հաշվարկել եւ գնահատել ակտիվների ու պարտավորությունների համընդհանուր սպասվող ժամկետայնությունների միջեւ շեղումը եւ այդ մասին հաշվետվություն ներկայացնել հսկողին:

3. Դինամիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսերով ստանձնված պարտավորությունների կատարումը պետք է ցանկացած պահին ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով` սույն օրենքի պահանջներին համապատասխան,   եւ ակտիվների համընդհանուր ժամկետայնությունը պետք է գերազանցի պարտավորութունների համընդհանուր ժամկետայնությանն առնվազն 3 ամսով: Սույն կետում նշված` պարտավորությունների եւ ակտիվների համընդհանուր ժամկետայնության որոշման մեթոդաբանությունը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

4. Սույն հոդվածի  3-րդ մասում նշված պահանջների կատարման վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներկայացվի հսկողին առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է այն դեպքերը, երբ սույն մասում նշված հաշվետվությունը պետք է ներկայացվի ավելի հաճախակի:

5. Իրացվելիության մակարդակը պահպանելու նպատակով ընթացիկ կանխիկ դրամական միջոցներն ու դրանց հավասարեցված արժեքները, ինչպես նաեւ ժամանակացույցով սահմանված զուտ կանխիկ դրամական հոսքերը չպետք է գումարային (կուտակային) հաշվարկով բացասական թիվ կազմեն առնվազն առաջիկա 90 օրերի ընթացքում:

6. Թողարկողը պարտավոր է ապահովման միջոցների՝ ժամանակացույցով նախատեսված կամ վաղաժամկետ մարումներից ստացված միջոցները ներառել ապահովման միջոցների զամբյուղում` որպես փոխարինող ակտիվներ:

7. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաեւ կենտրոնացված թողարկողների նկատմամբ:  Կենտրոնացված թողարկողն իրավունք ունի սույն հոդվածում նշված պահանջները տարածել նաեւ ապահովված վերաֆինանսավորման վարկերի նկատմամբ:

Հոդված 13. Ապահովման միջոցների հսկողի նշանակումը

1. Ապահովման միջոցների հսկողն անկախ ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որն իրականացնում է հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի շահերի պաշտպանությանն ուղղված հատուկ գործառույթներ: Ապահովման միջոցների հսկողին նշանակում է թողարկողը:

2. Ցանկացած թողարկող պետք է ունենա հսկող: Հսկողը թողարկողի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա իրականացնում է ապահովման միջոցների ռեգիստրի նկատմամբ հսկողությունը, ապահովում է ապահովման միջոցների` սույն օրենքով սահմանված համարժեքությունը հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններին: Ապահովման միջոցների հսկողը կարող է հսկել միեւնույն թողարկողի մեկ կամ մեկից ավելի ապահովման միջոցների զամբյուղները:

3. Հսկող կարող է հանդիսանալ`

1) ֆիզիկական անձը, որը՝

ա) չունի դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն.

բ) դատարանի կողմից զրկված չէ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

գ) սնանկ չի ճանաչվել, ինչպես նաեւ` չունի  ժամկետանց պարտավորություններ.

դ) որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները համապատասխանում են Կենտրոնական բանկի սահմանած որակավորման եւ (կամ) մասնագիտական համապատասխանության չափանիշներին, եւ ում կենտրոնական բանկի կողմից տրվել է   որակավորման վկայական.

ե) որը չի գտնվում ժամանակավոր անազատության մեջ, կամ նրա նկատմամբ հայտարարված չէ հետախուզում.

զ) որը փոխկապակցված չէ թողարկողի հետ: Հսկողի եւ թողարկողի փոխկապվածությունը որոշվում է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան:

2) իրավաբանական անձը, որն`

ա)  ունի սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված չափանիշներին բավարարող առնվազն մեկ աշխատակից եւ

բ) համապատասխանում է սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «գ» եւ «զ» ենթակետերում նշված պահանջներին:

4. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է հսկողի որակավորման կարգը եւ (կամ) մասնագիտական համապատասխանության չափանիշները:

Հոդված 14. Ապահովման միջոցների հսկողի պարտականություններն ու իրավունքները

1. Ապահովման միջոցների հսկողի հիմնական պարտականությունն է`ապահովել, որպեսզի`

1) թողարկված հիփոթեքային պարտատոմսերը մշտապես ապահովված լինեն ապահովման միջոցներով` սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան,

2) մշտապես հնարավոր լինի նույնականացնել ապահովման միջոց հանդիսացող ակտիվները, եւ, թողարկողի սնանկության դեպքում, այդ ակտիվներն առանձնացնել թողարկողի այլ ակտիվներից:

2. Ապահովման միջոցների հսկողն իր պարտականությունները կատարելիս պարտավոր է գործել բարեխղճորեն` ելնելով հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի շահերից: Հսկողն իր գործառույթներն իրականացնելու ընթացքում պարտավոր է թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեությունը կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումների հայտնաբերման դեպքում դրանց մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահել Կենտրոնական բանկին:

3. Ապահովման միջոցների հսկողը իրավասու է ցանկացած ժամանակ ստուգել թողարկողի կողմից վարվող փաստաթղթերը, ինչպես նաեւ ցանկացած ժամանակ պահանջել տեղեկություններ, որոնք վերաբերում են հիփոթեքային պարտատոմսերին եւ ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին:

4. Ապահովման միջոցների հսկողը պարտավոր է՝

1) նախքան ապահովման միջոցներն ապահովման զամբյուղում ներառելը ստուգել ապահովման միջոցների`սույն օրենքի պահանջներին համապատասխանությունը եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով ստանձնելիք պարտավորություններին համարժեքությունը.

2) վերահսկել թողարկողի մոտ սույն օրենքի պահանջներին համապատասխան եւ հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջներին համարժեք չափով ապահովման միջոցների մշտական առկայությունը: Ապահովման միջոցների հսկողը, մասնավորապես, պետք է ուսումնասիրի ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնահատման հաշվետվություններըԴ եւ կարող է պահանջել, որպեսզի ապահովման միջոցների զամբյուղում ներառվի տվյալ անշարժ գույքի գնահատված արժեքի միայն որոշակի տոկոսը.

3) ապահովման միջոցների ռեգիստրում ածանցյալ գործիքների` որպես ապահովման միջոց գրանցելուց անմիջապես հետո դրա մասին տեղեկացնել թողարկողի հետ ածանցյալ գործիքներով գործարք կնքած անձանց.

4) թողարկողի կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտման յուրաքանչյուր դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել կենտրոնական բանկին:

5. Ապահովման միջոցների հսկողի պատասխանատվությունը սահմանափակված է հսկողի կողմից սույն օրենքով սահմանված  գործառույթների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերով:  Մասնավորապես՝ հսկողը պատասխանատվություն չի կրում թողարկողի կողմից հիփոթեքային վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գնահատման ճշգրտության համար:

6. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենքի 13-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նաեւ կենտրոնացված թողարկողի նկատմամբ:  Հսկողի կողմից իր` սույն օրենքում նշված գործառույթները կատարելու նպատակով, թողարկողները պարտավոր են հսկողին տրամադրել բոլոր պահանջվող տեղեկությունները եւ փաստաթղթերը:

7. Թողարկողը պարտավոր է հսկողի պահանջով 2 բանկային օրվա ընթացքում նրան տեղեկություններ տրամադրել ռեգիստրում գրանցված ակտիվների դիմաց ստացված գումարների, ինչպես նաեւ այդ ակտիվների հետ կապված ցանկացած փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են նշանակություն ունենալ հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի համար:

Հոդված 15. Ապահովման միջոցների ռեգիստրը

1. Ապահովման միջոցների` Կենտրոնական բանկի կողմից կատարվող գրանցումը համարվում է պետական գրանցում, եւ ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որեւէ այլ գրանցում չի պահանջվում: Կենտրոնական բանկի կողմից ապահովման միջոցների ցանկը գրանցելու պահից այդ ցանկում նշված ապահովման միջոցները, սույն օրենքի ուժով՝ համարվում են գրավադրված ի ապահովումը թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերով ստանձնված պարտավորությունների կատարման:  Ապահովման միջոցների ռեգիստրի վարման, այդ թվում` ռեգիստրում ներառման ենթակա տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու եւ դրանց ծանոթանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

2. Ակտիվները կարող են հաշվառվել Կենտրոնական բանկի կողմից որպես ապահովման միջոց միայն այն պարագայում, եթե՝

1) ակտիվները բավարարում են սույն օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով սահմանված պահանջներին.

2) ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքը գրավադրված չէ:

3. Ածանցյալ գործիքները Կենտրոնական բանկի կողմից կարող են գրանցվել որպես ապահովման միջոցներ միայն, եթե այդ ածանցյալ գործիքները`

1) ծառայելու են ապահովման միջոց հանդիսացող ակտիվների եւ թողարկված հիփոթեքային պարտատոմսերի հետ կապված` թողարկողի  ռիսկերի նվազեցման համար.

2) չեն պահանջում, որպեսզի թողարկողի` այդ ածանցյալ գործիքներով ստանձնված պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավադրվեն ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվները.

3) թողարկողի անվճարունակության դեպքում բացառվում է այդ ածանցյալ գործիքներով թողարկողի կոնտրագենտների պահանջների հաշվանցման հնարավորությունը` թողարկողի`տվյալ կամ այլ ածանցյալ գործիքներով կոնտրագենտների նկատմամբ թողարկողի ունեցած պահանջների հետ.

4) թողարկողի անվճարունակության դեպքում շարունակում են մնալ ուժի մեջ:

4. Թողարկողի կողմից ակտիվները կարող են ներկայացվել կենտրոնական բանկի գրանցման միայն հսկողի կողից տրված համաձայնությամբ: Առանց հսկողի համաձայնության եւ թույլտվության ակտիվների գրանցումը ռեգիստրում համարվում է առոչինչ: Եթե հիփոթեքային պարտատոմսերը թողարկվել են կենտրոնացված թողարկողի կողմից, ապա ակտիվները կարող են ներկայացվել գրանցման մասնակից թողարկողի կողմից կամ՝ վերջինիս համաձայնությամբ՝ կենտրոնացված թողարկողի կողմից:

5. Մասնակից թողարկողի անվճարունակության դեպքում վերջինիս կողմից առանձնացված` ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվների նկատմամբ անվճարունակության մասին օրենքի հիման վրա կենտրոնացված թողարկողին վերապահված նախապատվության  իրավունքն օրենքի ուժով գրանցվում է կենտրոնական բանկում ակտիվների գրանցման հետ միաժամանակ:

6. Ակտիվն ապահովման միջոցների ռեգիստրից դուրս է գրվում՝

1) ակտիվի մարման, այդ թվում` ամորտիզացիայի կամ վաղաժամկետ մարման դեպքում.

2) այն դեպքում, երբ տվյալ ակտիվը կենտրոնական բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից` «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա ընդունված կարգի համաձայն դասակարգվել է որպես ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի. .

3) ակտիվի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում:

7. Ակտիվը ապահովման միջոցների ռեգիստրից առանց փոխարինման կարող է դուրս գրվել, եթե՝

1) ակտիվի դուրսգրումը չի հանգեցնում ապահովման միջոցների համարժեքության վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված կանոնների խախտմանը.

2) ապահովման միջոցների ռեգիստրում մնացող ակտիվները համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին:

8. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվները դուրս են գրվում ռեգիստրից միայն ապահովման միջոցների հսկողի գրավոր համաձայնությամբ եւ Կենտրոնական բանկի թույլտվությամբ:

9. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված հիմքերով ակտիվների դուրսգրման դեպքերում թողարկողը պարտավոր է դուրս գրված ակտիվները փոխարինել սույն օրենքի պահանջներին համապատասխանող այլ ակտիվներով (ապահովման միջոցների դինամիկ զամբյուղ) կամ  դուրս գրված վարկի անվանական արժեքին համարժեք կանխիկ միջոցները համամասնությամբ բաշխել հիփոթեքային պարտատոմսերում ներդրողներին:

10. Ապահովման միջոցների ռեգիստրում առկա` ակտիվների գրավադրմանը վերաբերող տեղեկությունները հասանելի են բոլոր շահագրգիռ անձանց: Ապահովման միջոցների ռեգիստրում առկա այլ տեղեկությունները հասանելի են միայն կենտրոնական բանկին, ապահովման միջոցների հսկողին, թողարկողին եւ հիփոթեքային կառավարչին: Կենտրոնական բանկը կարող է ռեգիստրում առկա որոշ տեղեկություններ տրամադրել նաեւ այլ անձանց, եթե դա անհրաժեշտ է ռեգիստրում գրանցված ակտիվների կրկնակի գրավադրումից խուսափելու համար: Սույն մասում նշված` ապահովման միջոցների ռեգիստրում առկա` բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 16. Ապահովման միջոցների ռեգիստրի բովանդակությունը

1. Ապահովման միջոցների ռեգիստրում պետք է ներառվեն ապահովման միջոցների վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները.

1) անշարժ գույքի կամ հողամասի կառուցապատման իրավունքի դեպքում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքները կամ կառուցապատման իրավունքը հավաստող` համապատասխան պետական մարմնի կողմից տրված փաստաթղթի համարը եւ տրման ամսաթիվը, կառուցապատման իրավունքի դեպքում` նաեւ այդ իրավունքի գործողության ժամկետը, անշարժ գույքի կամ կառուցապատման իրավունքով ծանրաբեռնված հողամասի հասցեն, անշարժ գույքի կամ կառուցապատման իրավունքի նկատմամբ գրանցված սահմանափակումների առկայության դեպքում` այդ սահմանափակումների մասին նշում.

2) հիփոթեքային վարկերի դեպքում՝ վարկային պայմանագրերի համարը եւ ամսաթիվը, վարկի գրանցման համար, վարկի նույնականացման համար, վարկի տրամադրման նպատակը, վարկի գումարը եւ արժույթը, վարկի մարման ժամանակացույցը եւ վերջնաժամկետը, տարեկան տոկոսադրույքը, մարման ժամկետը, վարկի ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքը, վարկառուին նույնականացնող տվյալները.

3) ապահովված վերաֆինանսավորման վարկերի դեպքում՝ սույն մասի 2-րդ կետում նշված տեղեկությունները, ինչպես նաեւ` մասնակից թողարկողի անվճարունակության դեպքում վերջինիս կողմից առանձնացված` ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվների նկատմամբ անվճարունակության մասին օրենքի հիման վրա կենտրոնացված թողարկողին վերապահված նախապատվության  իրավունքի մասին նշում.

4) ածանցյալ գործիքների դեպքում` նշում ածանցյալ գործիքի տեսակի, անվանական արժեքի մասին, յուրաքանչյուր ածանցյալ գործիքին բնորոշ  արժեքը (այսինքն` այն արժեքը, որը կստացվեր ածանցյալ գործիքով ունեցած իրավունքը տվյալ պահին իրականացնելու դեպքում), շուկայական արժեքը/զուտ ներկա արժեքը, ինչպես նաեւ` ածանցյալ գործիքով կոնտրագենտին նույնականացնող տվյալներ.

5) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Կենտրոնական բանկը 20 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է ակտիվների ցանկը, եթե առկա է սույն օրենքի պահանջներին տվյալ ակտիվների համապատասխանության վերաբերյալ հսկողի գրավոր հավաստումը:

3. Հսկողն ակտիվների ցանկում կատարված ցանկացած փոփոխությունների դեպքում պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին: Ակտիվների ցանկում կատարված փոփոխությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից, եթե առկա է սույն օրենքի պահանջներին տվյալ ակտիվների համապատասխանության վերաբերյալ հսկողի գրավոր հավաստումը:

Հոդված 17. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ կապված փաստաթղթերի պահպանումը

1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերն երկու բնօրինակից կազմված լինելու դեպքում, այդ բնօրինակներից մեկը թողնվում է ի պահ թողարկողի մոտ, իսկ երկրորդ բնօրինակը` տրվում է ի պահ ապահովման միջոցների հսկողին` մինչեւ թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերից ծագող բոլոր պարտավորությունների կատարումը: Եթե սույն մասում նշված փաստաթղթերը կազմված են միայն մեկ բնօրինակից, ապա այդ բնօրինակն ի պահ է թողնվում թողարկողի մոտ, պայմանով, որ վերջինս առանց հսկողի համաձայնության չի փոփոխի, փոխարինի կամ անվավեր դարձնի այդ փաստաթղթերը: Կենտրոնացված թողարկողի պարագայում ապահովման միջոցների հսկողը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու բոլոր մասնակից թողարկողների ապահովման միջոցներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակներին:

2. Հսկողն այլ անձանց տրամադրում է կամ թողարկողին թույլատրում է այլ անձանց տրամադրել ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակները, եթե՝

1) այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` թողարկողի կողմից ենթակա են տրամադրման այլ անձի.

2) դա անհրաժեշտ է, թողարկողի կողմից ակտիվի նկատմամբ պահանջի իրավունքն իրականացնելու համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հսկողը, անձի գրավոր դիմումի հիման վրա, երկու աշխատանքային օրվա ընթացքում անձին է տրամադրում ապահովման միջոց հանդիսացող ակտիվներին վերաբերող փաստաթղթերի բնօրինակները:

Հոդված 18. Թողարկողի գործունեության հրապարակայնությունը

1. Թողարկողը պարտավոր է կազմել, կենտրոնական բանկ ներկայացնել եւ իր ինտերնետային տնային էջում հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով հիփոթեքային պարտատոմսերի թողարկման առնչությամբ կազմված ամսական հաշվետվություններ, որոնց ձեւը, ներկայացման եւ հրապարակման կարգը եւ ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Ամսական հաշվետվությունները պետք է ներառեն՝

1) տեղեկություններ գրավի առարկա անշարժ գույքի մասին.

ա. գույքի տեսակը

բ. գույքի արժեքը

գ. օգտագործման նպատակը

դ. գույքի գտնվելու վայրը.

2) տեղեկություններ ակտիվների մասին.

ա. ապահովման միջոցներն ըստ անվանական գումարի, վարկի գումարի եւ գույքի արժեքի հարաբերակցության, մարման ժամկետի, ակնկալվող ժամկետայնության, տրամադրման պահից մինչեւ հաշվետվության հրապարակման պահն անցած ժամկետի, արժեկտրոնի, լողացող տոկոսով վարկերի դեպքում` հղման տոկոսադրույքի, տարածաշրջանի, վարկի նպատակի եւ գրավի տեսակի.

բ. հաշվետու ժամանակաշրջանում ամբողջովին կամ մասնակիորեն մարված ապահովման միջոց հանդիսացող ակտիվների քանակն ու ծավալը

գ. հաշվետու ժամանակաշրջանում փոխարինված ակտիվների քանակն ու ծավալը.

դ. հաշվետու ժամանակաշրջանում ակտիվների՝ ըստ քանակի ու ծավալի փոխարինման պատճառը.

ե. Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ չփոխարինված այն վարկերի ծավալը, որոնց ապահովման միջոց/ գույքի արժեք հարաբերակցությունը գերազանցում է 85%-ը: Համապատասխան դրամական միջոցների հաշվի մնացորդը.

զ. հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովման միջոցների զամբյուղին ավելացրած ակտիվների քանակը եւ ծավալը.

է. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեթոդաբանությանը համապատասխան որոշված` ակտիվների զուտ ներկա արժեքը` հաշվետու ժամանակաշրջանի վերջում.

ը. ակտիվների զուտ ներկա արժեքի փոփոխությունը՝ համեմատած տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակաշրջանի հետ:

3) տեղեկություններ ածանցյալ գործիքների մասին.

ա. ածանցյալ գործիքների տեսակները.

բ. ածանցյալ գործիքի յուրաքանչյուր տեսակով պայմանագրային գումարը`հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ.

գ. յուրաքանչյուր տեսակի ածանցյալ գործիքին բնորոշ արժեքը` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ.

դ. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեթոդաբանությանը համապատասխան որոշված` ածանցյալ գործիքներին բնորոշ արժեքի հանրագումարի փոփոխությունը` տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա նկատմամբ.

ե. ածանցյալ գործիքների զուտ ներկա արժեքի փոփոխությունը` համեմատած տվյալ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա հետ:

4) տեղեկություններ պարտավորությունների մասին.

ա. ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին տեղեկություններ` դասակարգված ըստ հիփոթեքային պարտատոմսերի մարման ժամկետի (վաղաժամկետ մարում պահանջելու իրավունք նախատեսող պարտատոմսերի դեպքում` ըստ առաջին հետկանչման օրվա եւ տվյալ օրվա միջեւ ընկած ժամկետի), հիփոթեքային պարտատոմսերի տեսակի (ֆիքսված կամ լողացող), վճարման ենթակա արժեկտրոնի եւ ժամկետայնության.

բ. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեթոդաբանությանը համապատասխան որոշված` ապահովված հիփոթեքային պարտատոմսերի զուտ ներկա արժեքը

5) տեղեկություններ ակտիվների եւ պարտավորությունների կառավարման մասին.

ա. ապահովման միջոցների անվանական թեստը, ապահովման միջոցների եկամտաբերության թեստը, ակտիվների եւ պարտավորությունների համընդհանուր սպասվող ժամկետայնությունների միջեւ շեղման հաշվարկը, ակտիվների ու պարտավորությունների զուտ ներկա արժեքների հարաբերակցությունը.

6) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Սույն մասում նշված հաշվետվությունների ձեւը եւ ձեւաչափը սահմանվում է կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

2. Ստատիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսեր թողարկողները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկությունները ներկայացնել՝ հղում կատարելով զամբյուղում առկա ակտիվների առանձին ենթախմբերին, ընդ որում` այդ թողարկողների նկատմամբ չեն կիրառվում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (զ) եւ (ը) ենթակետերի, ինչպես նաեւ` 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետի պահանջները: Դինամիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսեր թողարկողները պարտավոր են սույն հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկությունները ներկայացնել՝ հղում կատարելով ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերի եւ փոխարինող ակտիվների ամենավերջին դինամիկ զամբյուղին: Կենտրոնական բանկը կարող է դինամիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմս թողարկողներից պահանջել, որ վերջիններս տեղեկատվությունը տարանջատեն ըստ դինամիկ զամբյուղում առկա հիփոթեքային վարկերի առանձին ենթախմբերի (ըստ հիփոթեքային վարկերի տրամադրման սկզբնաժամկետի եւ այլն. ):

3. Մասնակից թողարկողները պարտավոր են նաեւ կենտրոնացված թողարկողին տրամադրել յուրաքանչյուր վարկի հետ կապված` ժամանակացույցով նախատեսված եւ փաստացի դրամական հոսքերի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ` այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են կենտրոնական թողարկողի կողմից սույն օրենքով նախատեսված պարտավորությունների կատարման համար:  Կենտրոնական բանկն` իր նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել սույն մասում նշված տեղեկությունները տրամադրելու կարգ:

4. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաեւ կենտրոնացված թողարկողների նկատմամբ: Կենտրոնացված թողարկողները պարտավոր են նաեւ հրապարակել մասնակից թողարկողների ցանկը, ինչպես նաեւ` ապանույնականացված տեղեկություններ առանձին մասնակից թողարկողներին վերաբերող ապահովման միջոցների զամբյուղի ծավալի մասին: Այն տեղեկությունները, որոնք կարող են նույնականացնել առանձին մասնակից թողարկողներին պատկանող ապահովման միջոցների զամբյուղի ծավալը կամ կառուցվածքը, կարող են հրապարակվել միայն այդ մասնակից թողարկողի համաձայնությամբ:

ԳԼՈՒԽ 3

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐՈՒՄԸ

Հոդված 19. Ապահովված պարտատոմսերի թողարկման ազդագիրը եւ թողարկման պայմանները

1. Թողարկողը հիփոթեքային պարտատոմսերի թողարկման յուրաքանչյուր ծրագրի համար պարտավոր է հրապարակել ազդագիր, որը պետք է համապատասխանի «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի պահանջներին: Թողարկման ծրագրի ազդագիրը պետք է պարունակի, մասնավորապես, իրավական, ֆինանսական եւ այլ էական տեղեկություններ՝

1) թողարկողի մասին,

2) Կենտրոնացված թողարկողի դեպքում` տեղեկություններ բոլոր մասնակից թողարկողների, ինչպես նաեւ` կենտրոնացված թողարկողի մասին.

3) ապահովման միջոցների հսկողի մասին.

4) թողարկման ծրագրի ընդհանուր բնութագրի մասին՝ հատկանշելով դրա ծավալը, ակտիվների տեսակները, ինչպես նաեւ սույն օրենքի 6-րդ եւ 7-րդ հոդվածների համաձայն թողարկվող ապահովված հիփոթեքային պարտատոմսերի տեսակները,

5) թողարկման ծրագրի շրջանակում վարկավորման մեխանիզմների, ինչպես նաեւ ծրագրի այլ նշանակալից առանձնահատկությունների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ թողարկվող հիփոթեքային  պարտատոմսերի ապահովվածության վրա.

6) սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված սկզբունքներով հավաքագրված դրամական միջոցներն ներդրողների միջեւ բաշխելու հաճախականության եւ հերթականության մասին, եթե բաշխման հաճախականությունը եւ հերթականությունը տարբերվում են սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասում նշվածից:

2. Ծրագրի շրջանակում հիփոթեքային պարտատոմսերի յուրաքանչյուր առանձին թողարկման համար պետք է հրապարակվեն նաեւ այդ թողարկման պայմանները, որտեղ նկարագրվում են տվյալ թողարկման հիփոթեքային պարտատոմսերի էական հատկանիշները: Բացի այդ, թողարկման ծրագրի շրջանակներում ստատիկ զամբյուղով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի տվյալ թողարկման պայմանները պետք է առնվազն ներառեն.

1) վարկի տրամադրման պահից մինչեւ հիփոթեքային պարտատոմս թողարկելու պահն ընկած ժամկետը.

2) վարկի տոկոսադրույքը` ըստ վաղաժամկետ մարման տեսակների եւ տոկոսադրույքի ճշգրտման մեխանիզմների.

3) վարկի ապահովման միջոցների (գրավի) տեսակները, գրավի արժեքը, վարկ/գրավ հարաբերակցությունը վարկի տրամադրման եւ հիփոթեքային պարտատոմսի թողարկման պահին.

4) վարկի տրամադրման պահից մինչեւ  հիփոթեքային պարտատոմսի թողարկման պահը տվյալ վարկի դասակարգումը:

3. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել մանրամասն պահանջներ սույն  հոդվածի 1-ին մասում նշված թողարկման ծրագրի ազդագրի եւ 2-րդ մասում նշված թողարկման պայմանների նկատմամբ, այդ թվում` դրանց մեջ ներառման ենթակա տեղեկությունների եւ դրանց հրապարակման ընթացակարգերի վերաբերյալ:

4. Սույն  հոդվածի 1-ին մասում նշված թողարկման ծրագրի ազդագրի գրանցումը, ինչպես նաեւ դրանում փոփոխությունները եւ լրացումներն իրականացվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն  հոդվածի  2-րդ մասում նշված թողարկման պայմանների նկատմամբ կիրառվում են կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գրանցման  պարզեցված ընթացակարգեր:

Հոդված 20. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը

1. Թողարկողի կողմից հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի նկատմամբ պարտավորությունները պետք է կատարվեն` անկախ ապահովման միջոց հանդիսացող ակտիվների գծով պարտապանների կողմից թողարկողի նկատմամբ պարտավորությունների կատարումից:

2. Հիփոթեքային պարտատոմսերի մարումը, իսկ նախատեսված լինելու դեպքում՝ նաեւ վաղաժամկետ մարումը, իրականացվում է ազդագրով կամ թողարկման պայմաններով սահմանված կարգով:

Հոդված 21. Հիփոթեքային պարտատոմսերի ռեեստրի վարումը եւ պահառությունը

1. Հիփոթեքային պարտատոմսերի ռեեստրի վարման եւ պահառության գործառույթներն իրականացնում է կենտրոնական դեպոզիտարիան:

2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի պահանջով` պահանջը ներկայացնելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում, վերջինիս տրամադրել  տեղեկություններ հիփոթեքային պարտատոմսերի անվանատերերի կամ սեփականատերերի վերաբերյալ` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ  4

ԹՈՂԱՐԿՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Թողարկողի նկատմամբ վերահսկողությունը

1. Հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեության եւ թողարկողի նկատմամբ վերահսկողության իրավունքը պատկանում է կենտրոնական բանկին: Կենտրոնական բանկը վերահսկողություն է իրականացնում ինչպես կենտրոնացված թողարկողի, այնպես էլ`մասնակից թողարկողների գործունեության նկատմամբ:

2. Հիփոթեքային պարտատոմսերի թողարկման գործունեության եւ թողարկողի նկատմամբ վերահսկողությունը կենտրոնական բանկն իրականացնում է սույն օրենքին եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

ԳԼՈՒԽ 5

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ ԵՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 23. Հիփոթեքային կառավարչի նշանակումը եւ ազատումը

1. Թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կողմից թողարկողի անվճարունակության մասին որոշման կամ դատարանի կողմից սնանկության մասին որոշման կայացման պահից ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների կառավարման նպատակով Կենտրոնական բանկը նշանակում է հիփոթեքային կառավարիչ (այսուհետ՝ կառավարիչ): Բացառությամբ այն դեպքերի, երբ կենտրոնացված թողարկողը հայտարարվել է անվճարունակ կամ զրկվել է հիփոթեքային պարտատոմսեր թողարկելու իրավունքից, կենտրոնացված թողարկողը պետք է կենտրոնական բանկի կողմից ընտրվի որպես անվճարունակ ճանաչված մասնակից թողարկողի կառավարիչ, եթե կենտրոնացված թողարկողն ունի առնվազն մեկ աշխատակից, ով համապատասխանում է սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված պահանջներին:

2. Կառավարչի նշանակման մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ երկու աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ  Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Կառավարիչը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական, որը տրվում է Կենտրոնական բանկի կողմից: Կառավարչի որակավորման կարգը, նրանց ներկայացվող պահանջները, վկայականների տրման եւ դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:

4. Կառավարիչը եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նշանակված թողարկողի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը եւ (կամ) անդամները եւ (կամ) լուծարային կառավարիչը եւ (կամ) լուծարային հանձնաժողովը պետք է լինեն տարբեր անձինք:

5. Կառավարիչը կառավարում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվները՝ ելնելով ապահովված հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերից (ֆիդուցիար պարտականություն): Կառավարչի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկը ազատում է նրան կառավարչի պարտականությունների կատարումից: Կենտրոնական բանկի` սույն մասում նշված որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:  Կենտրոնական բանկի` սույն մասում նշված որոշումը կառավարչի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով, եթե այն կայացվել է սույն օրենքի խախտմամբ: Որոշման բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:

Հոդված 24. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները

1. Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Կառավարիչն իրավունք ունի թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու պահից մինչեւ երեք ամիս ժամանակահատվածով դադարեցնել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին կամ մասնակից թողարկողներին վճարումներ կատարելը:  Ընդ որում` սույն մասում նշված դեպքում վճարումների դադարեցումը չի համարվում թողարկողի կողմից պարտավորություների խախտում:  Ապահովված հիփաթեքային պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, Կենտրոնական բանկը կարող է կառավարչի` սույն մասում նշված իրավունքն երկարացնել լրացուցիչ մինչեւ երեք ամիս ժամկետով :

3. Թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեություն իրականացնելու  լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու պահից կառավարիչը պետք է ապահովի, որպեսզի ապահովության միջոցների գծով ստացվող վճարումներն առանձնացվեն թողարկողի այլ ակտիվներից եւ հաշվառվեն հատուկ այդ նպատակով վարվող հաշվեհամարներում:    Կառավարիչը կարող է որոշում կայացնել, որպեսզի թողարկողը շարունակի իրականացնել ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերի սպասարկում ` համապատասխան հատուցման դիմաց:   Կառավարիչը կարող է գանձել իր կողմից որպես կառավարիչ մատուցվող ծառայությունների դիմաց վճարները` կենտրոնական բանկի կողմից նշված սահմանափակումներով:

4. Ստատիկ զամբյուղով ապահովված պարտատոմսերի դեպքում կառավարիչը կարող է ամբողջովին դադարեցնել կանխիկ գումարի տրամադրումը ներդրողներին եւ հատուկ դրամական հաշիվ բացել ակտիվների տնօրինման, դրանց հետ կապված հարցերի կարգավորման եւ վերաձեւակերպումների նպատակով՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի կողմից դրված սահմանափակումները: Մնացած կանխիկ միջոցները պետք է բաշխվեն ներդրողների միջեւ` համամասնության սկզբունքով:

Հոդված 25. Մասնակից թողարկողի անվճարունակությունը

1. Մասնակից թողարկողի անվճարունակության դեպքում, վերջինիս այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից թողարկողին տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, պետք է առանձնացվեն անվճարունակ ճանաչված մասնակից թողարկողի այլ ակտիվներից եւ պարտավորություններից`«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Մասնակից թողարկողի անվճարունակության դեպքում, վերջինիս այն ակտիվները, որոնք ապահովում են կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից թողարկողին տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը, կարող են գրանցվել կենտրոնացված թողարկողի անունով կամ` վերջինիս հայեցողությամբ, փոխանցվել այլ` անվճարունակ չճանաչված թողարկողին, ներառյալ` մասնակից թողարկողին:

Հոդված 26. Կենտրոնացված թողարկողի անվճարունակությունը

1. Կենտրոնացված թողարկողի անվճարունակության դեպքում ապահովված վերաֆինանսավորման վարկերը, փոխարինող ակտիվները եւ այլ ապահովման միջոցները առանձնացվում են կենտրոնացված թողարկողի մյուս ակտիվներից ու պարտավորություններից՝ `«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:  Առանձնացված ակտիվները կառավարվում են կառավարչի կողմից:

2. Կենտրոնացված թողարկողի անվճարունակության դեպքում վերջինիս կողմից թողարկված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը նախապատվություն ունեցող պահանջի իրավունք են ստանում ապահովման միջոցների զամբյուղում ընդգրկված վերաֆինանսավորման վարկերի եւ այդ վարկերից բխող ցանկացած դրամական հոսքերի նկատմամբ: Կենտրոնացված թողարկողի անվճարունակության դեպքում վերջինիս կողմից թողարկված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը ձեռք են բերում նաեւ նախապատվություն ունեցող պահանջի իրավունք մասնակից թողարկողների այն ակտիվների նկատմամբ, որոնք ապահովում են անվճարունակ ճանաչված կենտրոնացված թողարկողի կողմից այդ մասնակից թողարկողներին տրամադրված ապահովված վերաֆինանսավորման վարկերը:

3. Անվճարունակ ճանաչված կենտրոնացված թողարկողի ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվները եւ դրանց գծով ստացվող բոլոր դրամական հոսքերը կարող են օգտագործվել միայն կենտրոնացված թողարկողի հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջների բավարարման նպատակով, եւ կենտրոնացված թողարկողի այլ պարտատերերը չեն կարող ներկայացնել որեւէ պահանջ նշված ակտիվների նկատմամբ

Հոդված 27. Պատասխանատվությունը

1. Մասնակից թողարկողների պատասխանատվությունը կենտրոնացված թողարկողի նկատմամբ սահմանափակվում է կենտրոնացված թողարկողի կողմից տրամադրված ապահովված հիփոթեքային վարկերի դիմաց համապատասխան ապահովում տրամադրելու եւ այդ վարկերով ստանձնված պարտականությունները պատշաճ կատարելու պարտականությամբ, ինչը հնարավորություն կտա կենտրոնացված թողարկողին թողարկել հիփոթեքային պարտատոմսեր սույն օրենքով սահմանված կարգով:  Կենտրոնացված թողարկողի եւ մասնակից թողարկողի միջեւ կնքված պայմանագրով մասնակից թողարկողի վրա կարող է դրվել լրացուցիչ պատասխանատվություն` կենտրոնացված թողարկողի հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի շահերի լիարժեք պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ստեղծելու նպատակով:

Հոդված 28. Անբավարարությունը

1. Մասնակից թողարկողի եւ/կամ որպես թողարկող հանդես եկող կենտրոնացված թողարկողի նկատմամբ հիփոթեքային պարտատոմսերից ծագող բոլոր պահանջների բավարարմանն համար ապահովման միջոցների անբավարարության դեպքում, չբավարարված պահանջները «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական  ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով համարվում են չապահովված:

Հոդված 29. Թողարկողի անվճարունակության կամ սնանկության դեպքում հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների կատարումը

1. Թողարկողի (այդ թվում` կենտրոնացված թողարկողի կամ մասնակից թողարկողի) անվճարունակության եւ/կամ սնանկության դեպքում, ապահովման միջոցների կառավարումը եւ հիփոթեքային պարտատոմսերից ծագող պարտավորությունների կատարումն իրականացվում է սույն օրենքով եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ



Հոդված 30. Օրենսդրության խախտումները

1. Կենտրոնական բանկը կարող է թողարկողի եւ(կամ) նրա ղեկավարի(ղեկավարների) եւ(կամ) կառավարչի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառել, եթե`

1) ռեգիստրում ներառված տեղեկությունները թերի են կամ անարժանահավատ.

2) խախտվել են ապահովման միջոցների` սույն օրենքով սահմանված համարժեքությունը, ինչպես նաեւ ապահովման միջոցների կազմին ներկայացվող պահանջները.

3) խախտվել են սույն օրենքով սահմանված հաշվետվությունների ներկայացման եւ հրապարակման կարգը, ժամկետները եւ պայմանները, եւ/կամ այդ փաստաթղթերում ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.

4) թողարկողը չի բացահայտել սույն օրենքով բացահայտման ենթակա տեղեկատվությունը.

5) թողարկողը չի կատարել Կենտրոնական բանկի՝ սույն օրենքով սահմանված կարգով տված հանձնարարականը.

6) խախտվել են սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ թողարկողի ներքին իրավական ակտերի պահանջները:

Հոդված 31. Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

1. Սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը թողարկողի եւ նրա ղեկավարի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները`

1) նախազգուշացում եւ խախտումը վերացնելու հանձնարարական.

2) տուգանք.

3) ղեկավարին որակավորման վկայականից զրկում:

2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սույն հոդվածով նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառումը թողարկողին եւ նրա ղեկավարներին չի ազատում այլ օրենքներով, այլ իրավական ակտերով եւ պայմանագրերով նախատեսված պատասխանատվությունից:

4. Կենտրոնական բանկը կարող է օրենքների կամ իրավական այլ ակտերի յուրաքանչյուր խախտման համար թողարկողի եւ (կամ) նրա ղեկավարի նկատմամբ միաժամանակ կիրառել նախազգուշացում` խախտումները վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարականով, եւ (կամ) տուգանք` թողարկողի կամ նրա ղեկավարի նկատմամբ, եւ (կամ) թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկում:

5. Կենտրոնական բանկը պարտավոր է թողարկողի, նրա ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոց (միջոցներ) կիրառելու մասին որոշումը հրապարակել իր ինտերնետային տնային էջում:

Հոդված 32. Նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու հանձնարարականը

1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը եւ խախտում թույլ տված թողարկողը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի` սահմանած ժամկետում վերացնելու եւ (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական եւ (կամ) թողարկողի կողմից կնքվող որոշակի գործարքների, գործառնությունների դադարեցում, դրանց պայմանների փոփոխություն: Հանձնարարականի կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած թողարկողի համար:

3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց կարող է կիրառվել սույն օրենքի  30-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում:

Հոդված 33. Տուգանքը

1. Տուգանքը, որպես պատասխանատվության միջոց կարող է կիրառվել սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե թողարկողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են թողարկողի հետ հանդիպումը , նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման եւ (կամ) սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում չեն վերացվել կամ չեն կարող վերացվել այդ խախտումները եւ (կամ) դրանց պատճառները: Այդ դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումով՝

1) պետք է հիմնավորվի, որ տվյալ խախտման (խախտումների) համար թողարկողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների իրականացման եւ (կամ) սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառման արդյունքում թողարկողը չի իրականացրել անհրաժեշտ եւ արդյունավետ քայլեր խախտումների վերացման ուղղությամբ.

2) տուգանքի նշանակումը պետք է համապատասխանի խախտման (խախտումների) բնույթին եւ չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա:

2. Յուրաքանչյուր խախտման համար թողարկողի նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել նրա կանոնադրական կապիտալի 1 տոկոսը:

3. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի թողարկողի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

4. Յուրաքանչյուր խախտման համար թողարկողի ղեկավարի նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Թողարկողի ղեկավարի նկատմամբ նշանակված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից:

5. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի որոշմամբ, եթե թողարկողը կամ նրա ղեկավարը կամ պատասխանատու անձը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Թողարկողի նկատմամբ տուգանք նշանակելու դեպքում տուգանքը գանձվում է նրա թղթակցային հաշվից: Գումարը գանձվում է հօգուտ պետական բյուջեի:

Հոդված 34. Թողարկողի ղեկավարներին որակավորման վկայականից զրկելը

1. Թողարկողի ղեկավարները զրկվում են որակավորման վկայականից Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե նրանք`

1) իրենց գործունեության ընթացքում կատարել են անձնական շահերից բխող այնպիսի գործողություններ, որոնք հակասում են հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի շահերին.

2) անազնիվ եւ անբարեխիղճ վերաբերմունք են դրսեւորել իրենց պարտականությունների, այդ թվում` հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի նկատմամբ ստանձնած պարտականությունների նկատմամբ.

3) չեն կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականը կամ անտեսել են Կենտրոնական բանկի նախազգուշացումը:

2. Թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, թողարկողի կանոնադրությամբ եւ այլ ներքին փաստաթղթերով թողարկողի ղեկավարին տրված լիազորությունները դադարում են:

3. Թողարկողի ղեկավարին որակավորման վկայականից զրկելը պետք է լինի պատճառաբանված, համապատասխանի խախտման բնույթին եւ չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա:

Հոդված 35. Ապահովման միջոցների զամբյուղի հսկողի եւ հիփոթեքային կառավարչի պատասխանատվությունը

Եթե ապահովման միջոցների զամբյուղի հսկողը եւ հիփոթեքային կառավարիչը չեն կատարում կամ ոչ պատշաճ մակարդակով են կատարում իրենց՝ սույն օրենքով սահմանված պարտականությունները, Կենտրոնական բանկը վերջիններիս նկատմամբ կիրառում է սույն օրենքով թողարկողի ղեկավարների համար սահմանված պատասխանատվության միջոցները:

ԳԼՈՒԽ 7

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 36. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «բ» պարբերության, որոնք ուժի մեջ են մտնում «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:»:

Հոդված 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության




1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ապահովված հիփոթեքային պարտատոմսերի շուկայի զարգացման օրենսդրական հիմքերի բարելավման անհրաժեշտությամբ:

Ներկայումս գործող «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2008 թվականին: Այդ պահից սկսած, հիփոթեքային պարտատոմսերի շուկային վերաբերող միջազգային պրակտիկայում տեղի են ունեցել զարգացումներ, որոնք արտացոլված չեն գործող օրենքի մեջ:

Միեւնույն ժամանակ, վերը նշված զարգացումները Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ արտացոլելն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ապահովված հիփոթեքային պարտատոմսերի շուկայի ներդրման եւ զարգացման համար` միջազգային լավագույն փորձին համահունչ:

Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային պարտատոմսերի շուկայի զարգացումն, իր հերթին, հնարավորություն կտա ֆինանսական կազմակերպություններին ներգրավել լրացուցիչ միջոցներ, ինչի շնորհիվ` բարելավել իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունները, կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկայի զարգացմանը:

Նախագծի մշակման հիմքում դրվել է ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ոլորտում Գերմանիայի դաշնության եւ Դանիայի թագավորության մոդելը, քանի որ այդ պետություններում ապահովված հիփոթեքային պարտատոմսերի շուկան առավել զարգացած է եւ ենթարկված է մանրակրկիտ` ժամանակի ընթացքում իրենց արդարացրած կարգավորումների:

Մասնավորապես, ի համեմատ վերը նշված երկրների կարգավորումների, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ գործող օրենքում բացակայում են`
 

Միեւնույն ժամանակ, վերը նշված կարգավորումների ներմուծումն ունի առանցքային նշանակություն հիփոթեքային պարտատոմսերի թողարկման եւ շրջանառության հետ կապված հարաբերությունների պատշաճ կարգավորման եւ, որպես հետեւանք, համապատասխան շուկայի կայացման համար, հետեւյալ պատճառներով.

1. Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, հիփոթեքային պարտատոմսերը, զգալի թվով դեպքերում, թողարկվում են ոչ թե առանձին ֆինանսական կազմակերպության (մասնակից թողարկող), այլ այնպիսի ֆինանսական կազմակերպության (կենտրոնացված թողարկող) կողմից, որը, վերաֆինանսավորելով մասնակից թողարկողների կողմից իրենց հաճախորդներին տրամադրված վարկերը, ստանում է այդ վարկերի նկատմամբ գրավի իրավունք, կենտրոնացնում է այդ վարկերը մեկ զամբյուղում (որի մեջ ներառում է նաեւ իր սեփական ակտիվները), եւ այդ զամբյուղի հիման վրա թողարկում է հիփոթեքային պարտատոմսեր: Նման մոտեցումը նպատակ ունի նվազեցնել գործառնական ծախսերը եւ մեծացնել թողարկված պարտատոմսերի իրացվելիությունը:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ գործող օրենքը չի բացառում հիփոթեքային պարտատոմսերի թողարկման վերը նշված մեխանիզմը: Սակայն, այդ մեխանիզմի կիրառման դեպքում, կենտրոնացված թողարկողի պարտատոմսերի սեփականատերեի համար առաջանում են յուրահատուկ ռիսկեր, որոնց զսպման համար անհրաժեշտ են հատուկ կարգավորումներ, որոնք գործող օրենքում բացակայում են:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, այն դեպքերին, երբ մասնակից թողարկողի նկատմամբ սկսվում է սնանկության վարույթ, կամ` վերջինս որեւէ այլ պատճառով թերանում է կենտրոնացված թողարկողի նկատմամբ իր պարտավորությունների կատարման մեջ: Այս դեպքերի համար, անհրաժեշտ է նախատեսել այնպիսի հատուկ իրավական կարգավորումներ, որոնք կերաշխավորեն կենտրոնացված թողարկողի կողմից մասնակից թողարկողից ակնկալվող դրամական հոսքերի անընդհատությունը, ինչի շնորհիվ կենտրոնացված թողարկողի համար հնարավոր կլինի կատարել իր թողարկած պարտատոմսերով ստանձնված պարտավորությունների պատշաճ կատարումը:

Վերը նշված հատուկ իրավական կարգավորումները նախատեսված են Նախագծի 11-րդ, 19-րդ, 20-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ եւ դրանց հետ փոխկապակցված այլ հոդվածներով:

2. Ստատիկ զամբյուղը, պարտատոմսերի թողարկման հիմքում դրված ակտիվների (հիփոթեքային վարկերի) այնպիսի համախումբ է, որը չի կարող փոփոխվել պարտատոմսերի թողարկումից հետո:

Դինամիկ զամբյուղում ներառված ակտիվների (հիփոթեքային վարկերի) համախումբը կարող է փոփոխվել պարտատոմսերի թողարկումից հետո, պայմանով, որ զամբյուղում ի սկզբանե ներառված տարբեր տեսակի ակտիվների հարաբերակցությունը  եւ զամբյուղի արժեքի վերաբերյալ պահանջները չեն խախտվում:

Զամբյուղների այս երկու տեսակների հետ կապված հարաբերությունների կարգավորումը նախատեսված չէ գործող օրենսդրությամբ:

Մինչդեռ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ ստատիկ եւ դինամիկ զամբյուղներն ունեն լայն տարածում, եւ տարբեր թողարկողներ նախընտրում են թողարկել պարտատոմսեր` դրանց հիմքում դնելով ստատիկ կամ դինամիկ զամբյուղով ապահովում:

Միեւնույն ժամանակ, զամբյուղների այս երկու տեսակների առանձնահատկությունների հետ կապված, անհրաժեշտ են հատուկ իրավական կարգավորումներ` դրանցից յուրաքանչյուրի հիման վրա թողարկված պարտատոմսերի սեփականատերերի շահերի պաշտպանության համար:

Վերը նշված հատուկ իրավական կարգավորումները նախատեսված են Նախագծի 10-րդ, 12-րդ, 13-րդ եւ դրանց հետ փոխկապակցված այլ հոդվածներով:

3. Հիփոթեքային պարտատոմսերի հիմքում դրված է անշարժ գույք, եւ, թողարկողի անվճարունակության դեպքում, պարտատոմսերի սեփականատերերի պահանջները պետք է կատարվեն այդ անշարժ գույքի վաճառքից ստացված գումարներից:

Վերը նշված պատճառով, հիփոթեքային պարտատոմսերի հիմքում դրված անշարժ գույքի պատշաճ գնահատումը եւ պարբերական վերագնահատումն ունի առանցքային նշանակություն պարտատոմսերի սեփականատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից:

Կարեւորագույն նշանակություն ունի նաեւ այն, թե ինչպիսի անշարժ գույք է դրվում հիփոթեքային պարտատոմսերի հիմքում, քանի որ անշարժ գույքի տարբեր տեսակները կարող են ունենալ իրարից խիստ տարբերվող լիկվիդայնություն եւ ռիսկայնություն: Հետեւաբար, հնարավոր է իրավիճակ, երբ պարտատոմսը, թեեւ ապահովված է անշարժ գույքով, սակայն, թողարկողի անվճարունակության դեպքում, այդ անշարժ գույքը հնարավոր չէ իրացնել շուկայական գնին մոտ գնով` դրա խիստ ցածր լիկվիդայնության պատճառով: Արդյունքում, նշված դեպքերում պարտատոմսերի սեփականատերերի շահերը մնում են անապահով:

 Վերը նշված նկատառումներից ելնելով, Նախագծի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ դրանց հետ փոխկապակցված այլ հոդվածներում մանրամասն կարգավորված են հիփոթեքային պարտատոմսերի հիմքում դրված անշարժ գույքի գնահատման եւ վերագնահատման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ որոշ տեսակի անշարժ գույքի հիման վրա հիփոթեքային պարտատոմսերի թողարկման հնարավորությունը սահմանափակվում կամ արգելվում է:

4.  Նախագծով սահմանվում է թողարկողի իրավունքը` փոխարինել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվները նույն տեսակի այլ ակտիվներով, անգամ այն դեպքում, երբ փոխարինվող ակտիվները համապատասխանում են օրենքի պահանջներին:

Այս կարգավորումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Նախագծի նպատակն է սահմանել ներդրողների շահերի պաշտպանության մեխանիզմներ, միաժամանակ` ապահովելով նաեւ թողարկողի շահերի պաշտպանությունը:

Քանի որ թողարկողի դերում հանդես են գալու հիմնականում ֆինանսական (վարկային) կազմակերպությունները, որոնց վարկային պորտֆելներն ենթարկվում են դինամիկ փոփոխությունների, հնարավոր է իրավիճակ, երբ թողարկողին անհրաժեշտ լինի փոխարինել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվը մեկ այլ ակտիվով:

Միաժամանակ, պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանությունը կայանում է ոչ թե ապահովման միջոցների զամբյուղում ի սկզբանե ներառված ակտիվների անփոփոխ լինելու մեջ, այլ` այդ ակտիվների համարժեքության ապահովման մեջ:

Հաշվի առնելով թողարկողի եւ ներդրողների շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը, Նախագծով թույլատրվել է թողարկողին փոխարինել ապահովման միջոցների զամբյուղում ներառված ակտիվները նույն տեսակի եւ ծավալի այլ ակտիվներով անգամ այն դեպքում, երբ փոխարինվող ակտիվները համապատասխանում են օրենքի պահանջներին:

Միեւնույն ժամանակ, թողարկողի այս իրավունքը գործում է միայն դինամիկ զամբյուղի դեպքում:

5. Ներկայումս գործող օրենքով չի կարգավորվում այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի ապահովման միջոցների զամբյուղում ներառվող անշարժ գույքի տեսակարար կշիռը` կախված այդ գույքի օգտագործման նպատակներից (ձեռնարկատիրական, բնակելի, խառը):

Ապահովված պարտատոմսերի շուկայի զարգացումը միտված է բնակելի նպատակներով օգտագործվող անշարժ գույքի շինարարության, այդ գույքի հետ կնքվող գործարքների շուկայի եւ դրա համար անհրաժեշտ հիփոթեքային վարկավորման շուկայի զարգացմանը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերը նշված նպատակի ապահովման համար, անհրաժեշտ է սահմանափակել ձեռնարկատիրական նպատակներով կամ եւ ձեռնարկատիրական, եւ` բնակելի նպատակներով օգտագործվող անշարժ գույքի ներառման հնարավորությունը ապահովման միջոցների զամբյուղում: Պատճառն այն է, որ ձեռնարկատիրական եւ բնակարանային գույքերի գների վրա աղդող գործոնները, եւ հետեւաբար նաեւ ռիսկերը, տարբեր են:

Մասնավորապես, Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավված միջազգային փորձագետի կողմից առաջարկվել է սահմանափակել  ապահովման միջոցների զամբյուղում ներառված` ձեռնարկատիրական կամ խառը նպատակներով օգտագործվող անշարժ գույքի տեսակարար կշիռը համապատասխանաբար` 10 եւ 20 տոկոսով, ինչն արտացոլվել է Նախագծում:  Օրենքում ավելացվել է նաեւ ձեռնարկատիրական նպատակով օգտագործվող գույքի ընդհանուր սահմանափակում, որը սահմանվել է 20%: Փոքր կշռի ընտրությունը պայմանավորված է նրանով, որպեսզի զամբյուղի մեջ չներառվեն մեծ արժեքով ձեռնարկատիրական գույք, օրինակ որեւէ ձեռնարկության շենք, որը հետագայում թողարկողի սնանկացման եւ ապահովության անբավարարության դեպքում հնարավոր չի լինի վաճառել խելամիտ գնով:  Փոքր արժեքով ձեռնարկատիրական գույքն առավել իրացվելի է եւ իր բնութագրիչներով մոտ է բնակարանային գույքին:

Այս լուծումը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ձեռնարկատիրական կամ խառը նպատակներով օգտագործվող անշարժ գույքի ձեռբերման կամ կառուցման համար տրամադրվող վարկերն ունեն ձեռնարկատիրական բնույթ եւ այդ պատճառով` ավելի ռիսկային են: Ուստի, նման վարկերի անսահմանափակ ներառումն ապահովման միջոցների զամբյուղում կավելացնի այդ զամբյուղի ընդհանուր ռիսկայնությունը, ինչը չի բխում ապահովված պարտատոմսերում ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից:

6. Գործող օրենքի համաձայն, 7-րդ  հոդվածի 1-ին մասի համաձայն, յուրաքանչյուր պահի դրությամբ հիփոթեքային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարը պետք է ապահովված լինի համարժեք ապահովման միջոցներով …:

Վկայակոչված դրույթում օգտագործվող «յուրաքանչյուր պահի դրությամբ» արտահայտությունը չի արտացոլում գործնականում տեղի ունեցող իրավիճակը:

Գործնականում, համարժեքության պահանջը նշանակում է, որ ապահովման միջոցները պետք է ունենան համապատասխան արժեք ոչ թե «յուրաքանչյուր պահ» (ինչը գործնականում կարող է անհնարին լինել), այլ` որոշակի միջակայքում:

Որպես միջակայք, կարող է ընտրվել, օրինակ, գործառնական օրվա ավարտը կամ յուրաքանչյուր շաբաթվա վերջը:

Այն, թե ինչպիսի միջակայք է պետք ընտրել կապված է ապահովված պարտատոմսերի շուկայի զարգացման աստիճանից: Օրինակ, Հայաստանի ներկայիս պայմաններում, որպես միջակայք նպատակահարմար է սահմանել շաբաթվա վերջը, իսկ շուկայի զարգացմանը զուգընթաց, այն կարող է կրճատվել եւ սահմանվել որպես յուրաքանչյուր գործառնական օրվա ավարտ:

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները, Նախագծի 8-րդ հոդվածում սահմանվել է, որ ապահովման միջոցների համարժեքությունը պետք է որոշվի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահի դրությամբ, ինչն ուղղված է նաեւ իրավական կարգավորման ճկունության ապահովմանը:

Վերը նշված հիմնական փոփոխություններից ածանցվում են Նախագծով առաջարկվող այլ փոփոխությունները:

 Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունները ծավալուն են եւ առնչվում են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ գործող օրենքի տարբեր հոդվածներին, նպատակահարմար ենք համարել գործող օրենքն ամբողջությամբ շարադրել նոր խմբագրությամբ, ինչը թույլ կտա խուսափել կցկտուր կարգավորումներից եւ կհեշտացնի օրենքի դրույթների ընմբռնումն այն կիրառողի կողմից:

«Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը
 

Նախագծով, հիմք ընդունելով միջազգային փորձը, առաջարկվում է «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում կատարել  հետեւյալ հիմնական փոփոխությունները`
 
 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները:

Նախագծի մշակման աշխատանքներում, միջազգային լավագույն փորձն արտացոլելու նպատակով, ներգրավվել է Գերմանիայի Դաշնության KFW բանկի միջազգային փորձագետը:

Նախագիծը ներկայացվել է նաեւ ՀՀ պետական մարմինների կարծիքի եւ կարգավորման ազդեցության գնահատմանը:

Վերը նշված սուբյեկտների կողմից Նախագծի վերաբերյալ տրված առաջարկություններն ու դիտողությունները քննարկվել են եւ ներառվել են Նախագծում:

4.Ակնկալվող արդյունքը

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման եւ շրջանառության հետ կապված հարաբերությունների առավել արդյունավետ կարգավորումը` միջազգային փորձին համահունչ:


 
Տեղեկանք

Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:  



Եզրակացություն

Օրենքների նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

Օրենքների նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական  նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ
 

7 դեկտեմբերի 2017 թվականի  N 1581 - Ա    
 

«ԱՊԱՀՈՎՎԱԾ  ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հավանություն տալ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան  

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N 1581-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել  Հայաստանի Հանրապետության  կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը (համաձայնությամբ):

Հարգանքով`  ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ