Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-217-14.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ գլխում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ».

2) լրացնել նոր 80.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 80.1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման կարգ

1. Սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

2. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:

3. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով:

4. էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը՝ պատճենի տեսքով՝ առցանց եղանակով դատարանին դրա իսկությունը ստուգելու հնարավորություն տվող գաղտնագրի արտացոլմամբ:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի, ինչպես նաեւ կատարողական թերթի ներկայացման կարգ՝ համապատասխան փոփոխություն կատարելով դատարանների գործավարության կանոններում: