Կ-217-14.12.2017,19.12.2017-ՊԻՄԻ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ գլխում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ».
2) լրացնել նոր 80.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 80.1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման կարգ
1. Սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով` «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
2. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
3. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով:
4. էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը` նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացվելուց հետո:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի, ինչպես նաեւ կատարողական թերթի ներկայացման կարգ` համապատասխան փոփոխություն կատարելով դատարանների գործավարության կանոններում: