Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ գլխում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ: ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ (ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ԿԱՐԳԸ».
2) լրացնել նոր 64.1-ին հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 64.1. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման կարգ
1. Սույն օրենսգրքով նախատեսված փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն եւ այլն), որոնք ներկայացվում են գրավոր` անձի ստորագրությամբ, կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:
2. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում պետական տուրքը վճարվում է պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով:
3. Հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը կամ բողոքը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` կից փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` սկանավորված տարբերակով:
4. էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերին հասարակ լիազորագիրը կցվում է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված, իսկ նոտարական վավերացմամբ լիազորագիրը՝ պատճենի տեսքով՝ առցանց եղանակով դատարանին դրա իսկությունը ստուգելու հնարավորություն տվող գաղտնագրի արտացոլմամբ»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման կարգ՝ համապատասխան փոփոխություն կատարելով դատարանների գործավարության կանոններում: